Գլխավոր տեղեկություն
Համար
N 2
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Ակտի տիպ
Base act (-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.10.13-2025.10.26 Պաշտոնական հրապարակման օրը 20.10.2025
Ընդունող մարմին
Ներքին գործերի նախարար
Ընդունման ամսաթիվ
15.10.2025
Ստորագրող մարմին
Ներքին գործերի նախարար
Ստորագրման ամսաթիվ
15.10.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

15 հոկտեմբերի 2025 թ․

ք. Երևան

N 2

 

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՕ-259-Ն ՕՐԵՆՔԻ ԴՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ՆԵՐԱԾԱԿԱՆ ՄԱՍ

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունում ստացվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի Երվանդ Այվազյանի (այսուհետ՝ Դիմումատու) դիմումը՝ 2025 թվականի հուլիսի 3-ի «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-259-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) որոշ կարգավորումների կիրառության ժամանակ ի հայտ եկած տարընկալումների կապակցությամբ պաշտոնական պարզաբանում ստանալու համար: Դիմումատուն խնդրել է պաշտոնապես պարզաբանել, թե արդյոք Օրենքի 2-րդ հոդվածով «Պետական տուրքի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող 1․2-րդ կետի համաձայն՝ 2025 թվականի սեպտեմբերի 1-ից սկսած լրացուցիչ վճարի դիմաց վարորդական իրավունքի վկայական ստանալու համար տեսական կամ գործնական քննություններին արտահերթ մասնակցելու իրավունքը ծագում է՝ անկախ այն հանգամանքից, որ տեսական կամ գործնական քննությանը մասնակցելը և դրական չհանձնելը տեղի է ունեցել 2025 թվականի սեպտեմբերի 1-ից առաջ, թե այդ իրավունքը տարածվում է 2025 թվականի սեպտեմբերի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա։

Դիմումատուն դիմումում նշել է, որ ինքը և Հայաստանի Հանրապետության բազմաթիվ քաղաքացիներ Օրենքի 2-րդ հոդվածի 1․2-րդ կետի կարգավորումներն ընկալում են այնպես, որ իրավունք ունեն՝ լրացուցիչ վճարի դիմաց վարորդական իրավունքի վկայական ստանալու համար տեսական կամ գործնական քննություններին արտահերթ մասնակցելու՝ անկախ այն հանգամանքից, որ տեսական կամ գործնական քննությունները դրական չեն հանձնել 2025 թվականի սեպտեմբերի 1-ից առաջ։

 

ՆԿԱՐԱԳՐԱԿԱՆ ՄԱՍ

Օրենքի 2-րդ հոդվածով «Պետական տուրքի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող 1․2-րդ կետի համաձայն՝ վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական կամ գործնական քննությունն առաջին անգամ դրական չհանձնելու դեպքում քննության հաջորդ աշխատանքային օրը կրկին քննությանը մասնակցելու համար նախատեսված է պետական տուրք՝ բազային տուրքի քառասունհինգապատիկի չափով, 3-րդ աշխատանքային օրը մասնակցելու համար՝ բազային տուրքի երեսնապատիկի չափով, երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ բացասական հանձնված քննության դեպքում քննությանը հաջորդող 7-րդ աշխատանքային օրը քննությանը մասնակցելու համար՝ բազային տուրքի քառասունհինգապատիկի չափով, իսկ 14-րդ աշխատանքային օրը մասնակցելու համար՝ բազային տուրքի երեսնապատիկի չափով։

 

ՊԱՏՃԱՌԱԲԱՆԱԿԱՆ ՄԱՍ

Օրենքի 2-րդ հոդվածով «Պետական տուրքի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող 1․2-րդ կետով նախատեսվել է վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական կամ գործնական քննությունն առաջին անգամ դրական չհանձնելու դեպքում քննություններին արտահերթ մասնակցելու հնարավորություն՝ պետական տուրքի վճարմամբ։

Օրենքն ընդունվել է, որպեսզի հանրային պահանջարկին համահունչ, գործող կարգավորումներին զուգահեռ, ներդրվի վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական կամ գործնական քննությունն առաջին անգամ դրական չհանձնելու դեպքում քննություններին արտահերթ մասնակցելու լրացուցիչ գործիքակազմ` դրա առանձնահատկությունները հաշվի առնող լուծումներով: Քանի որ այն նոր, ինքնուրույն և լրացուցիչ գործիքակազմ է, ապա այն կարող է գործել միայն նոր ներդրված և իրեն բնորոշ լուծումներով, այդ թվում՝ ծրագրատեխնիկական։

Վերոգրյալով պայմանավորված՝ Օրենքն ուժի մեջ մտնելու, այսինքն՝ ներդրված գործիքակազմի միասնական կիրառման մեկնարկի ժամկետ է նախատեսվել 2025 թվականի սեպտեմբերի 1-ը։

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերը, ինչպես նաև՝ Օրենքի վկայակոչված նորմերի կարգավորման նպատակը՝ պաշտոնապես պարզաբանում ենք․

Օրենքի 2-րդ հոդվածով «Պետական տուրքի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող 1․2-րդ կետով նախատեսված՝ վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական կամ գործնական քննությունն առաջին անգամ դրական չհանձնելու դեպքում քննություններին արտահերթ մասնակցելու իրավունքը, պետական տուրքի վճարմամբ, տարածվում է 2025 թվականի սեպտեմբերի 1-ից վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական կամ գործնական քննությունը դրական չհանձնած անձանց վրա։

 

Հայաստանի Հանրապետության
ներքին գործերի նախարար

Ա Սարգսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 հոկտեմբերի 2025 թվական: