Գլխավոր տեղեկություն
Համար
ՆԿ-50-Ն
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Base act (10.05.2014-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.04.30/22(1035) Հոդ.336
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
22.04.2014
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.04.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.05.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՒՄ «ՄԵԿ ԿԱՆԳԱՌ, ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆ» ՍԿԶԲՈՒՆՔԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 49-րդ հոդվածով` որոշում եմ.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում կիրառվող ընթացակարգերում «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրման հայեցակարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` եռամսյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում կիրառվող ընթացակարգերում «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրման հայեցակարգով նախատեսված միջոցառումների 2015-2017 թվականների ծրագրի մշակումն ու հաստատումը:

3. Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմին` յուրաքանչյուր կիսամյակ Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնել տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում կիրառվող ընթացակարգերում «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրման հայեցակարգով և միջոցառումների ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2014 թ. ապրիլի 22

Երևան

ՆԿ-50-Ն

 

 

 

Հավելված

ՀՀ Նախագահի

2014 թ. ապրիլի 22-ի

ՆԿ-50-Ն կարգադրության

 

Հ Ա Յ Ե Ց Ա Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՒՄ «ՄԵԿ ԿԱՆԳԱՌ, ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆ» ՍԿԶԲՈՒՆՔԻ ՆԵՐԴՐՄԱՆ

 

Ն Ա Խ Ա Բ Ա Ն

 

Սահմանային անվտանգությունն ապահովվում է պետական սահմանի ֆիզիկական անմատչելիությամբ և պետական սահմանի անցման կետերով տնտեսավարող սուբյեկտների և քաղաքացիների սահմանահատման սահուն և անխոչընդոտ իրականացմամբ, ինչում իրենց կարևորագույն դերն ունեն ժամանակակից սահմանային ենթակառուցվածքների հիմնումը, պետական սահմանի համալիր կառավարման գործում ներգրավված մարմինների փոխլրացված ու փոխհամաձայնեցված գործունեության կազմակերպումն ու ժամանակակից ընթացակարգերի ներդրումը` հաշվի առնելով միջազգային առաջավոր փորձը:

Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ միջազգային առևտրում ներգրավված կազմակերպությունները պետական սահմանի անցման կետերով անցնելիս պետական մարմիններին են տրամադրում մեծածավալ տեղեկատվություն և փաստաթղթեր` ներկրման, արտահանման և տարանցիկ փոխադրումների վերաբերյալ, որոնք որպես կանոն սահմանային անվտանգության ապահովման ոլորտում ներգրավված պետական մարմիններ են ուղարկվում վերջիններիս տեղեկատվական համակարգերի միջոցով (ավտոմատացված-էլեկտրոնային կամ փաստաթղթային ձևով), ինչն էլ իր հերթին լրացուցիչ խնդիրներ է առաջացնում պետական կառավարման մարմինների և գործարար շրջանակների համար՝ խոչընդոտելով միջազգային առևտրին և վերջին հաշվով երկրի տնտեսության զարգացմանը:

Հայաստանի Հանրապետությունն իրականացնում է պետական սահմանի անցման կետերի խոր և համապարփակ բարեփոխումներ, որոնք թույլ կտան ոչ միայն վերակառուցել և արդիականացնել պետական սահմանի անցման կետերը տեխնիկական առումով, այլև ներդնել միջազգային, այդ թվում` Եվրամիության երկրների առաջավոր փորձը` կապված անցման կետերում իրականացվող ընթացակարգերի հետ:

 

ԳԼՈՒԽ 1. ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ

 

1. Հայեցակարգի ընդունման նախադրյալներն են՝

1) Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգության ապահովման և պետական սահմանի համալիր կառավարման ռազմավարությունն ու դրանից բխող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 21-ի թիվ 482-Ն որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգության և պետական սահմանի համալիր կառավարման ապահովմանն ուղղված 2011-2015 թվականների միջոցառումների ծրագիրը, որոնցով նախատեսվում է միասնականացնել, դյուրացնել և պարզեցնել պետական սահմանի անցման կետերում գործող սահմանային վերահսկողության և մաքսային հսկողության ընթացակարգերը` բացառելու համար գործառույթների կրկնությունները, անհարկի վերահսկողության կամ հսկողության իրականացումը՝ նպատակ ունենալով խթանել միջազգային առևտուրն ու ապահովելու քաղաքացիների սահուն և անխոչընդոտ սահմանահատումը.

2) 2013 թվականի հունվարի 17-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև «Բագրատաշեն-Սադախլո», «Այրում-Սադախլո», «Գոգավան-Գուգուտի» և «Բավրա-Նինոծմինդա» ցամաքային մաքսային կետերի համատեղ օգտագործման մասին» համաձայնագիրը, որով նախատեսվում է պարզեցնել առևտրային բեռնափոխադրումների հետ կապված մաքսային ձևակերպումները, կատարելագործել մաքսային հսկողությունը, ինչպես նաև նպաստել երկու երկրների միջև մաքսային ձևակերպումների վերաբերյալ էլեկտրոնային տեղեկատվության նախնական փոխանակմանը, ինչը մաքսային մարմիններին հնարավորություն կտա կրճատել մաքսային հսկողության միջոցառումները, փոխանակել տարբեր տեսակի տվյալներ և բեռների նկատմամբ հսկողությունն իրականացնել ռիսկերի վերլուծության ժամանակակից մեթոդների կիրառմամբ.

3) 2012 թվականի սեպտեմբերին մեկնարկած «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցման կետերի արդիականացում» ծրագիրը, որի ընդհանուր արժեքը կազմում է 43.116 մլն եվրո (որից որպես վարկ` Եվրոպական ներդրումային բանկից` 30,316 մլն եվրո և Հարևանության ներդրումային գործիք հիմնադրամից` 12 մլն եվրո դրամաշնորհ, ինչպես նաև ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից հատկացվող 0.8 մլն եվրո դրամաշնորհ).

4) Հայաստանի Հանրապետության կառավարության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև ստորագրած 10.3 մլն եվրո փոխառության վարկային պայմանագիրը` «Բագրատաշեն» անցման կետը վրացական «Սադախլո» անցման կետին կապող նոր կամրջի շինարարության համար.

5) 2012 թվականի հոկտեմբերին մեկնարկած «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական սահմանի «Բավրա» և «Նինոծմինդա» անցման կետերի սահմանային կառավարման ոլորտի կարողությունների զարգացում» ծրագիրը, որով Եվրահանձնաժողովի կողմից Հայաստանի Հանրապետությանը հատկացվել է շուրջ 1.7 մլն եվրո դրամաշնորհ` պետական սահմանի «Բավրա» անցման կետի համար ինժեներական ենթակառուցվածքների (գազատար, օպտիկա-մանրաթելային կապ և էլեկտրական ցանցեր) տեղադրման, անհրաժեշտ տեղեկատվական համակարգերի ներդրման, սարքավորումների ձեռքբերման և սահմանային ծառայությունների անձնակազմի կարողությունների զարգացման, ինչպես նաև վրացական կողմի հետ իրականացվող սահմանահատման ընթացակարգերի ներդաշնակեցման և եվրոպական չափանիշներին համապատասխանեցման նպատակով.

6) 2014 թվականի փետրվարին մեկնարկած՝ Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական սահմանի «Բագրատաշեն» և «Սադախլո» անցման կետերում սահմանների կառավարման կարողությունների զարգացման ծրագիրը, որով Եվրահանձնաժողովի կողմից Հայաստանի Հանրապետությանը հատկացվել է շուրջ 2.3 մլն եվրո դրամաշնորհ, որը նախատեսվում է իրացնել «Բագրատաշեն» անցման կետի ինժեներական ենթակառուցվածքների տեղադրման, անհրաժեշտ տեղեկատվական համակարգերի ներդրման, սարքավորումների ձեռքբերման և սահմանային ծառայությունների անձնակազմի կարողությունների զարգացման համար:

2. Քննարկումների փուլում են գտնվում մի շարք ծրագրային առաջարկներ`

1) «Սահմանների և միգրացիայի կառավարումը Հայաստանի Հանրապետությունում» ծրագիրը, որը բաղկացած կլինի մի քանի բաղադրիչներից, այդ թվում`

ա. նպաստավոր պայմանների ստեղծում՝ ապահովելու սահմանների համալիր կառավարման պատասխանատու գերատեսչությունների կողմից թափանցիկ, հաշվետու և անաչառ ծառայությունների մատուցումը,

բ. Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան գերատեսչությունների կարողությունների զարգացում՝ ուղղված միգրացիայի կառավարմանը, Հայաստանի և Եվրամիության միջև վիզաների ազատականացման գործընթացի օժանդակմանը,

գ. սահմանների կառավարման կատարելագործումը, որպես առևտրի խթանման և տրանսպորտային միջանցքները տնտեսական արդյունավետ միջանցքներ դարձնելու գործիք, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի «Մեղրի» անցման կետի արդիականացման նպատակով ուսումնասիրությունների և հետազոտությունների իրականացում և համապատասխան նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում,

դ. տեղեկատվական տեխնոլոգիական համադրելի և համալիր լուծումների կիրառմամբ էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրում, որը կնպաստի Հայաստանի Հանրապետության սահմանների արդյունավետ կառավարմանը և կօժանդակի Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում գործարկելու «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքով ներդրված համակարգը.

2) «Այրում» երկաթուղային կայարանի՝ որպես պետական սահմանի անցման կետի, արդիականացման և վերակառուցման ծրագիրը:

3. Եվրամիության մի շարք անդամ երկրներում մաքսային հսկողություն իրականացնող մարմինների համապատասխան ստորաբաժանումները պետական սահմանի անցման կետերում իրենց գործառույթներն իրականացնում են «Մեկ պատուհան» սկզբունքով, ինչն առավել արագ, թափանցիկ և արդյունավետ է դարձնում բեռնափոխադրումները, հնարավորություն է ընձեռում արագացված ընթացակարգով մշակել ներկայացված տվյալներն ու փաստաթղթերը, պարզեցնել մաքսային ձևակերպումները, ապրանքների մատակարարման (ներմուծման և արտահանման) գործընթացները՝ կրճատելով փաստաթղթերի ձևակերպման ժամանակը, միաժամանակ ապահովելով մաքսային գործընթացների թափանցիկությունն ու կանխատեսելիությունը՝ բացառելով կրկնվող գործառույթները:

4. ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովն իր թիվ 33 առաջարկությամբ` բոլոր այն երկրներին, որոնք որոշում են կայացրել ներդնել «Մեկ պատուհան» սկզբունքը, ներկայացրել է դրա իրականացմանն ուղղված միջոցառումների ցանկը, իսկ Համաշխարհային մաքսային կազմակերպությունն իր հերթին մշակել է դրանց կիրառման ուղեցույցը, որը հնարավորություն է ընձեռում մաքսային ձևակերպումների ընթացքում առևտրային տեղեկատվությունը կամ փաստաթուղթը ներկայացնել միայն մեկ անգամ` օգտագործելով միասնական տեղեկատվական հոսքերի էլեկտրոնային համակարգը, ինչը`

1) բարելավում է տեղեկատվության մատչելիության մակարդակը, դյուրացնում փաստաթղթաշրջանառությունը և պարզեցնում դրանց մշակման ողջ գործընթացը.

2) արագացնում և պարզեցնում է պետական մարմինների և տնտեսավարող սուբյեկտների միջև տեղեկատվական հոսքերի կառավարումը.

3) ապահովում է գործուն մեխանիզմների ներդրումը` պետական կառավարման մարմինների միջև համաձայնեցված տեղեկատվության փոխանակման նպատակով:

5. «Մեկ պատուհան» սկզբունքի ներդրումը խրախուսվում է այնպիսի համաշխարհային կազմակերպությունների կողմից, ինչպիսիք են ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովը և վերջինիս՝ Առևտրի խթանման և էլեկտրոնային բիզնեսի կենտրոնը, Մաքսային համաշխարհային կազմակերպությունը և Հարավարևելյան Ասիայի ազգերի ընկերակցությունը, Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը և այլն:

6. Ելնելով սահմանային անվտանգության ապահովման գերակայություններից, համակցելով «Մեկ պատուհան» և «Մեկ կանգառ» սկզբունքները՝ ձևավորվում է «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքը, որը համադրում է միջազգային բեռնափոխադրումների դյուրացմանն ուղղված ընթացակարգերը քաղաքացիների համար անխոչընդոտ և սահուն սահմանահատմանն ուղղված ընթացակարգերի հետ:

 

ԳԼՈՒԽ 2. ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐՈՒՄ «ՄԵԿ ԿԱՆԳԱՌ, ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆ» ՍԿԶԲՈՒՆՔԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

7. Պետական սահմանի անցման կետերում կիրառվող ընթացակարգերի դյուրացման, կրկնվող գործառույթների բացառման ու պետական մարմինների գործունեության օպտիմալացմանն ուղղված քայլերը պետք է բխեն Հայաստանի Հանրապետության կողմից որդեգրված՝ սահմանների համալիր կառավարման սկզբունքների պահանջներից և նպաստեն ներգերատեսչական, միջգերատեսչական ու միջազգային համագործակցության զարգացմանը պետական մարմինների միջև, միջազգային առևտրում ներգրավված տնտեսավարող սուբյեկտների միջև կապերի ամրապնդմանն ու հարաբերությունների հետագա զարգացմանը` ապահովելով պետական սահմանի պատշաճ անվտանգությունն ու երկրի տնտեսության զարգացումը:

8. Պետական սահմանի անցման կետերում կիրառվող ընթացակարգերի դյուրացման և ծավալվող գործունեության օպտիմալացման կարևորագույն չափանիշներից է ստանձնած քաղաքական հանձնառության մեջ հետևողականության դրսևորումը և գործարար շրջանակների լայն ներգրավվածությունն ու աջակցությունը գործընթացին` հաշվի առնելով միջազգային կազմակերպությունների կողմից մշակված առաջարկություններն ու չափորոշիչները, ինչպես նաև ապահովելով արդեն իսկ գոյություն ունեցող համակարգերի և նոր ներդրված տեղեկատվական համակարգերի ներդաշնակեցումն ու դրանց միջև տեղեկատվության փոխանակումը:

 

ԳԼՈՒԽ 3. ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐՈՒՄ «ՄԵԿ ԿԱՆԳԱՌ, ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆ» ՍԿԶԲՈՒՆՔԻ ՆԵՐԴՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՔԱՅԼԵՐՆ ՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

9. Պետական սահմանի անցման կետերում «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրմանն ուղղված քայլերն են՝

1) պետական սահմանի անցման կետերում ներգրավված մարմինների գործունեության օպտիմալացումը.

2) տեղեկատվության հավաքման (մուտքագրման), տարածման և վերահսկողության միասնական էլեկտրոնային համակարգի ստեղծումը.

3) ավտոմատացված տեղեկատվական օպերացիոն համակարգի ստեղծումը:

10. Պետական սահմանի անցման կետերում ներգրավված մարմինների գործունեության օպտիմալացմամբ՝

1) պետական սահմանի անցման կետերում նախատեսվում է պահպանել սահմանապահ և մաքսային ծառայությունները, որոնց կպատվիրակվեն սահմանահատման հետ կապված պարտադիր իրականացման ենթակա գործառույթները, ինչպես նաև օպերատիվ ենթակայության կտրվեն ներկայումս պետական սահմանի անցման կետերում գործունեություն իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության, առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության տեսչության ու գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության համապատասխան ստորաբաժանումները, ինչը կապահովի՝

ա. տեղեկատվական փոխանակման և դրանց նկատմամբ հսկողության ժամանակակից մեխանիզմների կիրառումը,

բ. սահմանահատման ընթացքում անհարկի քաշքշուկների և կրկնությունների բացառումը,

գ. սահմանահատման ժամանակի նվազեցումն ու տնտեսավարող սուբյեկտների և քաղաքացիների սպասարկման բարձր արդյունավետությունը,

դ. սահմանային ծառայությունների միջև գործառույթների հստակեցումն ու տարանջատումը,

ե. սահմանահատման ընթացակարգերի հասանելիությունն ու պետական սահմանի անցման կետերում, իրականացվող գործունեության թափանցիկությունն ու հաշվետվողականությունը:

11. Տեղեկատվության հավաքման (մուտքագրման), տարածման և վերահսկողության միասնական էլեկտրոնային համակարգի ստեղծմամբ՝

1) համակարգը կհենվի պետական կառավարման մարմիններում գործող տեղեկատվական շտեմարանների վրա և անհրաժեշտության դեպքում կարող է ներառել նաև մասնավոր գործարար հատվածը: Համակարգում կինտեգրվեն անդրսահմանային առևտրի և սահմանահատման վերաբերյալ էլեկտրոնային տվյալների հավաքման, օգտագործման, տարածման ու պահպանման գործիքները, ինչը թույլ կտա տնտեսավարող սուբյեկտներին միայն մեկ անգամ տրամադրել ստանդարտ տվյալները, իսկ համակարգը կմշակի և շահագրգիռ մարմիններին կտրամադրի համապատասխան գործարքի վերաբերյալ սպառիչ տեղեկատվություն.

2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում (ՍԷԿՏ) և պետական եկամուտների կոմիտեի Թրեյդ Վորլդ Մենեջեր (Trade World Manager (Թի Դաբլյու Էմ (TWM) համակարգում տվյալների մուտքագրման, դրանց ստացման և վերլուծության նպատակով ձեռք կբերվի վերլուծական-հաշվողական սարքավորում և կապահովվի այդ սարքավորման համատեղելի աշխատանքը ՍԷԿՏ և Թի Դաբլյու Էմ համակարգերի հետ` դրանցում համապատասխան ծրագրային համալրման միջոցով՝ դրանով իսկ դյուրացնելով պետական սահմանի անցման կետերում կիրառվող ընթացակարգերը:

12. Ավտոմատացված տեղեկատվական օպերացիոն համակարգի ստեղծմամբ՝

տնտեսավարող սուբյեկտները էլեկտրոնային առևտրային հայտարարագրեր կներկայացնեն պետական տարբեր մարմիններին հետագա մշակման համար, որի վերաբերյալ կստանան համապատասխան էլեկտրոնային ծանուցումներ:

13. Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում կիրառվող ընթացակարգերում «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրմանն ուղղված միջոցառումներն են՝

1) օրենսդրական բարեփոխումները, որոնք ներառում են`

ա. «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրման նպատակով ներպետական և միջազգային իրավական դաշտի ուսումնասիրությունը, համակարգի ներդրմանն ուղղված միջոցառումների ծրագրի մշակումը` գործարար շրջանակների ներկայացուցիչների ներգրավմամբ,

բ. գործող իրավական ակտերի, այդ թվում`տվյալների գաղտնիության և անհատական տվյալների պաշտպանվածության հետ կապված օրենքների վերանայումը, որոնք առնչվում են «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սզբունքի ներդրմանը,

գ. կառուցվածքային բարեփոխումների իրականացումը.

2) պետական սահմանի հատման ընթացակարգերի միասնականացումը և պարզեցումը, որոնք ներառում են՝

ա. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրման համար պատասխանատու լիազոր մարմնի կամ մարմինների նշանակումը,

բ. նախնական մաքսային հայտարարագրերի լրացման և ներկայացման կարգի մշակումը և համապատասխան էլեկտրոնային համակարգի ստեղծումն ու ներդրումը` հաշվի առնելով ռիսկերի վերլուծության ու կառավարման սկզբունքները,

գ. սահմանահատման ստանդարտ գործառնական ընթացակարգերի մշակումը, կիրառումը և կատարելագործումը.

3) տեղեկատվական հոսքերի կանոնակարգումը և հստակեցումը, որոնք ներառում են՝

ա. մաքսային ձևակերպման նպատակով ներկայացվող փաստաթղթերի առկա փաթեթի վերանայումը և պարզեցումը,

բ. տվյալներն ու փաստաթղթերը համակարգ մուտքագրելու համար իրավասու մարմինների սահմանումը,

գ. տվյալների պահպանման և բաշխման կարգի մշակումն ու ընդունումը.

4) տեխնիկական ապահովման միջոցառումների իրականացումը, որը ներառում է`

ա. տվյալների ստացման, պահպանման և փոխանակման առկա համակարգերի ուսումնասիրումը և կատարելագործումը,

բ. ընդհանուր տեխնիկական պահանջների, այդ թվում նաև առկա համակարգերի հետ համակցելու նպատակով ինտերֆեյսային համակարգերի մշակումը,

գ. միջազգային լավագույն փորձի հիման վրա բիզնես գործընթացների վերակազմակերպման և ավտոմատացման ծրագրի նախագծումն ու իրականացումը,

դ. առկա համակարգերի զարգացումը` մեծածավալ տվյալների պահպանման և փոխանակման համար.

5) ծրագրի իրականացման համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծումը, որը ներառում է՝

ա. ներմուծվող, արտահանվող և տարանցիկ բեռների ու ապրանքների վերաբերյալ փաստաթղթերի ներկայացման կարգի կատարելագործումը,

բ. պետական մարմինների նույնականացումը, որոնք կարող են ներգրավվել համակարգում,

գ. սահմանահատման պահանջների, ընթացակարգերի, տեղեկատվական հոսքերի և փաստաթղթերի ցանկի ներդաշնակեցումը և պարզեցումը, այդ թվում` մեկանգամյա մուտքագրման դեպքում,

դ. «Վստահելի տնտեսական օպերատոր» ինստիտուտի ներդրումը՝ միջազգային լավագույն փորձի հիման վրա,

ե. «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրման արդյունքների գնահատումը,

զ. համակարգի պոտենցիալ օգտագործողների կարիքների ուսումնասիրումը, հատկապես դրա ներդրման համար պահանջվող ծրագրային ապահովման միջոցի նախագծման, հետագա սպասարկման և ինտերֆեյսների հետ կապված հարցերում (էլեկտրոնային կամ ֆիզիկական).

6) «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրման փորձնական ծրագրի իրականացումը պետական սահմանի ընտրված անցման կետում, որտեղ կներդրվի «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքը, որի արդյունքում ձեռք բերված փորձը և քաղված դասերը հաշվի կառնվեն այլ անցման կետերում.

7) «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի կայուն շարունակական գործունեության ապահովումը, որը ներառում է`

ա. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրման ֆինանսական լավագույն մոդելի ընտրությունը,

բ. «Մեկ կանգառ, մեկ պատուհան» համակարգից օգտվողների համար վճարման առանձին էլեկտրոնային համակարգի ստեղծումը, որը թույլ կտա ապահովել առևտրային կազմակերպությունների արդյունավետ սպասարկումը, ինչպես նաև հետագայում իրականացնել ներդրված համակարգի տեխնիկատնտեսական արդյունավետության գնահատումը,

գ. գործարար շրջանակների ընտրված ներկայացուցիչների հետ համատեղ «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրման աշխատանքներում նրանց հնարավոր մասնակցության վերաբերյալ առաջարկությունների մշակումը՝ համապատասխան խրախուսիչ նորմերի կիրառման առումով.

8) խթանման և իրազեկման մեխանիզմների մշակումը` «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի մշակման և գործարկման համար, որը թույլ կտա բոլոր շահագրգիռ կողմերին տեղեկացված լինել և մասնակցել նախագծի ողջ ընթացքում, մասնավորապես` մաքսային օրենսդրության շարունակական կատարելագործումն ու համապատասխանեցումը միջազգային չափանիշներին.

9) պետական սահմանի անցման կետերում ներգրավված պետական մարմինների կողմից մատուցվող ծառայությունների արդյունավետության և որակի բարձրացումը` ապահովելով հաշվետվողականություն, թափանցիկություն և միասնական մոտեցումներ, մասնավորապես`

ա. պետական սահմանի անցման կետերում ծառայություններ մատուցող համապատասխան գերատեսչություններին լրացուցիչ հաստիքների հատկացումը,

բ. պետական սահմանում գործող մարմինների աշխատակիցների համատեղ ուսուցման և կանոնավոր վերապատրաստման ուսումնական ծրագրերի մշակումը, որոնցում կընդգրկվեն համապատասխան թեմաներ «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի առանձնահատկությունների վերաբերյալ,

գ. «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրման միջազգային փորձի ուսումնասիրությունն ու երկրում դրա կիրառման նպատակով արտագնա այցերի կազմակերպումը,

դ. «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրման և արդյունավետ իրականացման ապահովումը, մասնավորապես` «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրման աշխատանքների նկատմամբ համակարգված դիտարկումների անցկացումը:

 

ԳԼՈՒԽ 4. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՊՏԻՄԱԼԱՑՈՒՄԸ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐՈՒՄ

 

14. «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրմամբ պետական սահմանի անցման կետերում գործառույթներ իրականացնող մարմինների միջև կիրականացվի իրավասությունների վերաբաշխում և օպտիմալացում` նվազեցնելով պետական մարմինների, տնտեսավարող սուբյեկտների և քաղաքացիների միջև անմիջական շփումներն ու արդյունքում` սահմանահատումը կդարձնի ավելի հարթ, անխոչընդոտ և սահուն:

 

ԳԼՈՒԽ 5. ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐՈՒՄ «ՄԵԿ ԿԱՆԳԱՌ, ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆ» ՍԿԶԲՈՒՆՔԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ

 

15. Սույն հայեցակարգի դրույթների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը կընդունի 2015-2017 թվականների միջոցառումների ծրագիր, որում կարտացոլվեն հայեցակարգի իրականացմանն ուղղված միջոցառումները, դրանց կատարման համար պատասխանատու մարմինները, ֆինանսավորման աղբյուրները, իրականացման ժամկետները և այլն:

 

ԳԼՈՒԽ 6. ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

16. Հայեցակարգի դրույթների և դրանցից բխող Հայաստանի Հանրապետության կառավարության 2015-2017 թվականների միջոցառումների ծրագրի իրականացման նկատմամբ դիտարկումներ անցկացնելու նպատակով կստեղծվի ԱԱԽ միջգերատեսչական հանձնաժողով, որի մեջ կներառվեն համապատասխան պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներ:

 

ԳԼՈՒԽ 7. ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐՈՒՄ «ՄԵԿ ԿԱՆԳԱՌ, ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆ» ՍԿԶԲՈՒՆՔԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

17. Պետական սահմանի անցման կետերում «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրումը կապահովի սահմանահատման միասնականացված ընթացակարգերի կիրառումը, ինչը հնարավորություն կտա ոչ միայն ապահովել պետության և գործարար շրջանակների միջև փոխշահավետ համագործակցությունը, այլև կնպաստի ռիսկերի կառավարման բարելավմանը, անվտանգության մակարդակի բարձրացմանն ու իրականացվող գործընթացների թափանցիկության և կանխատեսելիության ապահովմանը` երաշխավորելով նաև քաղաքացիների սահուն ու անխոչընդոտ սահմանահատումը:

18. «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքը մեխանիզմ է, որը թույլ կտա ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրումների ընթացքում ներկայացնել ստանդարտացված տեղեկատվություն և փաստաթղթեր` բարձրացնելով պետական մարմինների գործունեության հսկողության արդյունավետությունը, նվազեցնել պետական պաշտոնյաների հետ շփումներն ու կրճատել պետական մարմինների և տնտեսավարող սուբյեկտների կողմից իրականացվող ծախսերն ու ժամանակը` ապահովելով ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործումը:

19. «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրումը`

1) պետության համար`

ա. կբարձրացնի պետական մարմինների միջև տեղեկատվության փոխանակման և մշակման արդյունավետությունը,

բ. կբարելավի ռիսկերի կառավարման գործընթացը, որոնք կարող են ծագել վերահսկողական նպատակներով իրականացվող գործունեության արդյունքում,

գ. կապահովի պետական մարմինների կողմից գանձվող հարկերի, տուրքերի և այլ տեսակի վճարների արագ ու հստակ վճարումը,

դ. կնվազեցնի սխալների հավանականությունը, ինչպես նաև կբարձրացնի առևտրային գործակալների կողմից սահմանված պահանջների կատարման մակարդակը,

ե. կխնայի մարդկային և նյութական ռեսուրսները,

զ. կնվազեցնի պետական մարմինների և քաղաքացիների կամ տնտեսավարող սուբյեկտների միջև անմիջական շփումները.

2) տնտեսավարող սուբյեկտների համար`

ա. կկրճատի ծախսերը` ավելորդ հնարավոր քաշքշուկների վերացման շնորհիվ,

բ. կարագացնի և կդյուրացնի մաքսային ձևակերպման գործընթացը,

գ. սահմանված կանոնների կիրառման արդյունքում ընթացակարգերը կդառնան ավելի կանխատեսելի,

դ. գործընթացները կդառնան առավել թափանցիկ և վերահսկելի.

3) քաղաքացիների համար` կապահովի սահուն, արագ և անխոչընդոտ սահմանահատում:

 

ԳԼՈՒԽ 8. ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 

20. Պետական սահմանի անցման կետերում «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրմանն ուղղված հայեցակարգի ընդունումն ու վերջինիս դրույթներից բխող Հայաստանի Հանրապետության կառավարության 2015-2017 թվականների ծրագրի իրականացումը կնպաստեն սահմանային անվտանգության ամրապնդմանը, միջազգային առևտրի ծավալման միջոցով տնտեսական զարգացմանը, ինչպես նաև պետական սահմանի անցման կետերում կապահովեն գործառույթների իրականացումը միջազգայնորեն ընդունված չափանիշներին համահունչ:

 

ՀՀ Նախագահի աշխատակազմի

ղեկավար

Վ. Սարգսյան