Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-264-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (01.10.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.12.30/76(1089).1 Հոդ.1253.53
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
17.12.2014
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.12.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.10.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2014 թվականի դեկտեմբերի 17-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգիրքը (այսուհետ` Օրենսգիրք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 14.1-ին գլխով.

 

«ԳԼՈՒԽ 14.1

 

ԱՊԱՀՈՎՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

 

Հոդված 225.1.

Ապահովված իրավունքի հասկացությունը և առարկան

 

1. Ապահովված իրավունքը օրենքի կամ պայմանագրի ուժով, ի ապահովումն պարտավորության կատարման, գույքի կամ գույքային իրավունքի կամ պարտավորական իրավունքի նկատմամբ պարտատիրոջ իրավունքն է:

2. Անշարժ գույքի գրավի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենսգրքի 15 գլխով:

3. Ապահովված իրավունքի առարկան կարող է լինել ցանկացած գույք, այդ թվում` գույքային իրավունք, բացառությամբ շրջանառությունից հանված գույքի, պարտատիրոջ անձի հետ անխզելիորեն կապված պահանջների, ներառյալ՝ ալիմենտի, կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման պահանջների, պետական (գանձապետական) անվանական այն արժեթղթերի, որոնց թողարկման պայմաններով կնախատեսվեն, որ այդ արժեթղթերը գրավադրման ենթակա չեն, և այն իրավունքների, որոնց զիջելն այլ անձի արգելված է օրենքով:

4. Ապահովված իրավունքը տարածվում է նաև այն գույքի վրա, որն ուղղակի կամ անուղղակի առաջանում է ապահովված իրավունքի առարկայի օգտագործումից, տիրապետումից կամ տնօրինումից, ինչպես նաև ապահովված իրավունքի առարկայի ապահովագրական փոխհատուցումից, բացառությամբ օրենքով և պայմանագրով սահմանված դեպքերի։

5. Ապահովված իրավունքը ծագում և գործում է պարտավորության ծագման պահից մինչև պարտավորության պատշաճ կատարումը։

6. Ապահովման պայմանագրով ապահովված իրավունքի առարկայի նկարագրությունը լինում է ընդհանուր կամ որոշակի: Այն դեպքում, երբ ապահովված իրավունքի առարկան հնարավոր է որոշել որոշիչ կամ նկարագրական հատկանիշներով, ապա ապահովված իրավունքի առարկայի որոշակի նկարագրությունը պարտադիր է:

7. Ապահովված իրավունքի առարկայի վրա առանց դատարան դիմելու բռնագանձումն իրականացվում է սույն օրենսգրքի 249 հոդվածով սահմանված կարգով, եթե՝

1) դա նախատեսված է պայմանագրով, կամ

2) առկա է ապահովված անձի (պարտատիրոջ) և պարտապանի միջև կնքված գրավոր համաձայնություն, իսկ եթե պայմանագիր կնքելու համար պահանջվել է երրորդ անձի համաձայնություն կամ թույլտվություն, ապա նաև վերջինիս գրավոր համաձայնությունը` առանց դատարանի վճռի գրավ դրված գույքի իրացման մասին:

8. Ապահովված իրավունքի առարկայի վրա դատական կարգով բռնագանձումն իրականացվում է սույն օրենսգրքի 249.1 հոդվածի պահանջներին համապատասխան։

 

Հոդված 225.2.

Ապահովված իրավունքների նախապատվությունը

 

1. Ապահովված իրավունքի առարկայի արժեքից բավարարում ստանալու նախապատվության իրավունքը որոշվում է միասնական գրանցամատյանում գրանցված ապահովված իրավունքի գրանցման առաջնահերթությամբ, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով կամ ապահովված անձանց (պարտատերերի) միջև կնքված պայմանագրով:

2. Ապահովված իրավունքի գրանցումն առաջացնում է նախապատվության իրավունք նույն շարժական գույքի նկատմամբ չգրանցված ապահովված իրավունքի նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով կամ ապահովված անձանց (պարտատերերի) միջև կնքված պայմանագրով:

3. Ապագայում ձեռք բերվող շարժական գույքի կամ ապահովված իրավունքի առարկա շարժական գույքի նկարագիրն ընդհանուր լինելու դեպքերում շարժական գույքի նկատմամբ նախապատվության իրավունք ունի այն անձը, ում ֆինանսավորմամբ ձեռք է բերվում շարժական գույքը։

4. Պարտապանի կողմից ապահովված իրավունքի առարկա հանդիսացող շրջանառության մեջ գտնվող շարժական գույքն օտարելու ժամանակ գրանցված ապահովված իրավունքը տարածվում է այդ առարկայի օտարումից ստացված միջոցների վրա, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ։

5. Գրանցման եղանակով նախապատվության իրավունք ձեռք բերած անձի կողմից ապահովված իրավունքը զիջվելու դեպքում այն ձեռք բերած անձի համար նախապատվության իրավունքը շարունակվում է:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 226-րդ հոդվածի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Անշարժ գույքի գրավով ապահովված պարտավորության պարտատերը (գրավառուն) պարտապանի կողմից այդ պարտավորությունը չկատարվելու դեպքում գույքի տիրոջ (գրավատուի) մյուս պարտատերերի հանդեպ գրավ դրված գույքի արժեքից բավարարում ստանալու նախապատվության իրավունք ունի: Անշարժ գույքի գրավի պայմանագրից ծագող իրավունքը լիազորված մարմնի կողմից վարվող գրավի գրանցման մատյանում առավել վաղ գրանցած գրավառուն, մյուս` անշարժ գույքի գրավի պայմանագրերից ծագող իրենց իրավունքներն առավել ուշ գրանցած կամ չգրանցած գրավառուների հանդեպ գրավ դրված գույքի արժեքից բավարարում ստանալու նախապատվության իրավունք ունի:»:

 

Հոդված 3. Օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Գրավ դրված անշարժ գույքի իրացումից ստացված գումարից կամ գրավառուին կամ նրա նշած անձին ի սեփականություն անցած անշարժ գույքի արժեքից այդ գույքի վրա բռնագանձում տարածելու և իրացնելու համար ծախսերը վճարելու համար անհրաժեշտ գումարներ պահելուց հետո բավարարվում են գրավառուի` գրավով ապահովված պահանջները, իսկ մնացած գումարը տրվում է գրավատուին: Գրավառուի` անշարժ գույքի գրավով չապահովված պահանջները սույն կետով նախատեսված գումարից (արժեքից) բավարարվում են սույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված ընդհանուր կարգով:»:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հոկտեմբերի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2014 թ. դեկտեմբերի 30

Երևան

ՀՕ-264-Ն