Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-199-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (01.01.2015-16.12.2017)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.12.22/72(1085) Հոդ.1234
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
01.12.2014
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.12.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
16.12.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2014 թվականի դեկտեմբերի 1-ին

 

«ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հոկտեմբերի 27-ի ՀՕ-258 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 34.1-ին հոդվածում՝

1) 1-ին մասի 2-րդ կետի «աշխատանքային կենսաթոշակ (բացառությամբ կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակի)» բառերը փոխարինել «տարիքային աշխատանքային կենսաթոշակ կամ հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ» բառերով.

2) 1-ին մասի 3-րդ կետի «աշխատանքային կենսաթոշակ (բացառությամբ կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակի)» բառերը փոխարինել «տարիքային աշխատանքային կենսաթոշակ կամ հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ» բառերով, իսկ «և չեն աշխատում» բառերը հանել:

 

Հոդված 2. Օրենքի 38-րդ հոդվածի վերնագրից հանել «և կենսաթոշակները վերահաշվարկելը» բառերը:

 

Հոդված 3.

Անցումային դրույթներ

1. 2015 թվականի հունվարի 1-ից, անկախ կենսաթոշակառուի դիմելուց, զոհված կամ մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին մինչև 2011 թվականի հունվարի 1-ը նշանակված՝ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի փոխարեն նշանակվում և վճարվում է Օրենքի 34.1-ին հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված պարգևավճար, եթե զոհված կամ մահացած զինծառայողի ընտանիքի անդամն ունի նաև տարիքային աշխատանքային կենսաթոշակ կամ հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ կամ ծերության նպաստ կամ հաշմանդամության նպաստ ստանալու իրավունք:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված դեպքում, եթե պարգևավճարի չափը ցածր է կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափից, ապա պարգևավճարը վճարվում է կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափով:

3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված դեպքում մահացած զինծառայողի ընտանիքի անդամին նշանակված պարգևավճարի իրավունքը չի վերանայվում, իսկ պարգևավճար ստանալու իրավունք ունենալու ժամանակահատվածում անձը պահպանում է զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի` կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անդամի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված երաշխիքներն ու արտոնությունները:

4. Սույն հոդվածի 1-ին մասում նշված դեպքում` եթե զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամի պարգևավճար (կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ) ստանալու իրավունքը դադարեցվել է աշխատելու պատճառով, ապա պարգևավճար ստանալու իրավունքը վերականգնվում է`

1) եթե անձի` պարգևավճար ստանալու իրավունքը դադարեցվել է 2014 թվականի հունվարի 1-ից հետո, և սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ անձի տարիքային աշխատանքային կենսաթոշակ կամ հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ կամ ծերության նպաստ կամ հաշմանդամության նպաստ ստանալու իրավունքը դադարեցված չէ` 2015 թվականի հունվարի 1-ից, անկախ դիմելու հանգամանքից.

2) եթե անձի` պարգևավճար ստանալու իրավունքը դադարել է մինչև 2014 թվականի հունվարի 1-ը` կենսաթոշակառուի դիմումի հիման վրա, դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

 

Հոդված 4.

Սույն օրենքն ուժի մեջ մտնելը

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2014 թ. դեկտեմբերի 20

Երևան

ՀՕ-199-Ն