Գլխավոր տեղեկություն
Համար
ՆԿ-231-Ն
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Base act (19.01.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.01.09/2(876) Հոդ.24
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
29.12.2011
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.12.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.01.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 56-րդ հոդվածով և հիմք ընդունելով Ազգային անվտանգության խորհրդի 2011 թվականի նոյեմբերի 24-ի նիստի առաջարկությունը՝ որոշում եմ.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ռազմական արդյունաբերության համակարգի բարեփոխումների և զարգացման հայեցակարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` եռամսյա ժամկետում մշակել և հաստատել Հայաստանի Հանրապետության ռազմական արդյունաբերության համակարգի բարեփոխումների և զարգացման հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը:

3. Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմին` յուրաքանչյուր կիսամյակ Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնել ամփոփ տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության ռազմական արդյունաբերության համակարգի բարեփոխումների և զարգացման հայեցակարգի և դրա դրույթների իրականացման նպատակով ընդունված միջոցառումների ծրագրի իրականացման վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2011 թ. դեկտեմբերի 29

Երևան

ՆԿ-231-Ն

 

 

 

Հավելված

ՀՀ Նախագահի

2011 թ. դեկտեմբերի 29-ի

ՆԿ-231-Ն կարգադրության

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՌԱԶՄԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ

 

Նախաբան

 

Ռազմական անվտանգության ապահովումը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հիմնական առաջնահերթություններից է, որի իրականացման գործում վճռորոշ դեր ու նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության ռազմական արդյունաբերության համակարգը (այսուհետ` ռազմարդյունաբերություն): Ռազմարդյունաբերության զարգացման աստիճանով է նաև առավելապես պայմանավորված Հայաստանի Հանրապետության պաշտպանական ներուժն ու տարածաշրջանային և միջազգային զարգացումներում նրա կողմից իրականացվող քաղաքականության ազդեցիկությունն ու կշիռը:

Ռազմարդյունաբերության վերածումը տնտեսության կարևորագույն և առաջատար ոլորտներից մեկի՝ լայն հնարավորություններ կընձեռի գիտելիքահենք և ժամանակակից արտադրությունների ստեղծման, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային տնտեսական գործընթացներին ինտեգրման համար:

Հայաստանի Հանրապետության շուրջ առկա ռազմաքաղաքական իրողությունների պայմաններում, չթերագնահատելով միջազգային համագործակցության և ռազմավարական դաշինքների դերը, անհրաժեշտություն է առաջացել ստեղծելու այնպիսի ռազմարդյունաբերության համակարգ, որը կապահովի սեփական պաշտպանական կարիքները ոչ միայն կարճաժամկետ, այլև երկարաժամկետ հեռանկարում` ստեղծելով ռազմական անվտանգության ապահովման և տարածաշրջանային հավասարակշռության պահպանման իրական երաշխիքներ:

 

Գ Լ ՈՒ Խ  I

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հայեցակարգը (այսուհետ` Հայեցակարգ) նպատակաուղղված է Հայաստանի Հանրապետության ռազմական արդյունաբերության համակարգային բարեփոխումների իրականացմանը, զարգացման ուղղությունների նախանշմանն ու ապագա կառուցվածքի կատարելագործմանը:

2. Հայեցակարգը ռազմական անվտանգության ապահովման, զորահավաքային նախապատրաստության (խաղաղ ժամանակ) և զորահավաքի (ռազմական դրության ժամանակ) պահանջմունքների բավարարման ռազմարդյունաբերական հիմունքները ներառող պաշտոնական մոտեցումների համախումբ է:

3. Հայեցակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության և ռազմական դոկտրինին համապատասխան ռազմարդյունաբերական զարգացման քաղաքականության ուղղությունները և զորահավաքային առաջադրանք ունեցող կազմակերպությունների զորահավաքային նախապատրաստության ու զորահավաքի հիմնադրույթները և ուղեցույց է պետական կառավարման մարմինների համար` ռազմարդյունաբերության ապահովմանն ու զարգացմանն ուղղված գործունեության համակարգման գործում:

4. Հայեցակարգը նախանշում է ռազմարդյունաբերության համակարգի բարեփոխումների և զարգացման ուղղությունները` արդյունաբերական ոլորտի ընդհանուր բարեփոխումներին և զարգացմանը զուգընթաց` օգտագործելով նաև միջազգային ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական համագործակցության հնարավորությունները:

5. Հայեցակարգը համահունչ է ազգային անվտանգության և պաշտպանական քաղաքականության հիմնադրույթներին, պաշտպանության ռազմավարական վերանայման պահանջներին, պաշտպանության բնագավառի այլ ոլորտներում իրականացվող բարեփոխումներին և անվտանգության տարբեր համակարգերի շրջանակներում (ՀԱՊԿ, ԵԱՀԿ, ՆԱՏՕ և այլն), ինչպես նաև երկկողմ և բազմակողմ ձևաչափերով իրականացվող միջազգային համագործակցության ծրագրերին:

 

Գ Լ ՈՒ Խ  II

 

ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

 

6. Ռազմարդյունաբերությունը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության համակարգում ունի կարևորագույն դերակատարություն, քանի որ՝

1) խաղաղ պայմաններում աջակցում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի (այսուհետ՝ ՀՀ ԶՈՒ) մարտունակության բարձրացմանը, ինչպես նաև տնտեսության հարակից ճյուղերի համընթաց զարգացմանը,

2) Հայաստանի Հանրապետության շուրջ ստեղծված ցանկացած արտաքին անբարենպաստ պայմաններում ներպետական արտադրանքով ապահովում է ՀՀ ԶՈՒ համապատասխան պահանջարկը,

3) խթանում է գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական հետազոտությունները և դրանց ներդրումն ինչպես ռազմական արդյունաբերության, այնպես էլ տնտեսության այլ ոլորտներում:

7. Ռազմարդյունաբերությունը նպաստում է պետության վարկանիշի և միջազգային հեղինակության բարձրացմանը, քանի որ պետության վարկանիշը գնահատվում է նաև ռազմարդյունաբերության զարգացման, վերջինիս կառավարման համակարգում ժամանակակից մոդելների կիրառման մակարդակով, նախանշված նպատակներին հասնելու հնարավորություններով, ինչպես նաև երկրի համախառն ներքին արդյունքում ռազմարդյունաբերության արտադրանքի տեսակարար կշռով և ռազմարդյունաբերական ոլորտում ընդունված ծրագրերի իրականացման հնարավորություններով:

8. Ռազմարդյունաբերության զարգացումը կբերի արդյունաբերության ընդհանուր զարգացմանն ու տնտեսական անվտանգության ամրապնդմանը՝ ռազմական ոլորտում գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների, ժամանակակից տեխնոլոգիաների և համակարգերի նպատակային ձեռքբերումների, մշակումների ու ներդրման, ինչպես նաև քաղաքացիական նշանակության արտադրատեսակների արտադրության իրականացման միջոցով։

 

Գ Լ ՈՒ Խ  III

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԻՃԱԿԸ

 

9. Ռազմարդյունաբերության համակարգի գործունեության վերլուծությունը ցույց է տալիս, որ`

1) Հայաստանի Հանրապետության տնտեսության վերակազմավորումն իրականացվել է առանց ռազմարդյունաբերության քաղաքականության,

2) ռազմարդյունաբերության համակարգի կայացումն ընթացել է ռազմավարական մոտեցումների մշտապես ուղեկցվող փոփոխություններով,

3) պաշտպանական պետական պատվերներ կատարող կազմակերպությունները գոյատևել և պահպանել են իրենց ներուժը հիմնականում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից իջեցվող պատվերների իրականացման շնորհիվ, որոնց ընդհանուր ծավալում քաղաքացիական նշանակության արտադրությունը կրել է խորհրդանշական բնույթ,

4) ռազմարդյունաբերության համակարգի զարգացումն ընթացել է հեռամետ քաղաքականության և ռազմավարական մոտեցումների բացակայության, կառուցվածքային և գործառնական ռեսուրսների սղության պայմաններում։

10. Ընդհանուր առմամբ ռազմարդյունաբերական համակարգը բնութագրվել է հետևյալով՝

1) չեն ստեղծվել ռազմարդյունաբերական հանձնաժողով և նրան կից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում գործող գիտատեխնիկական խորհուրդներ և վերջինիս աշխատանքային գործառույթներն իրականացնող համապատասխան ստորաբաժանում (ռազմատեխնիկական բաժին),

2) չեն գործել պետական և մասնավոր սեկտորների միջև փոխհարաբերությունները կարգավորող արդյունավետ ընթացակարգեր, որոնք կապահովեին ռազմական անվտանգությունը և զուգահեռաբար նաև սոցիալական պաշտպանվածության խնդիրների իրականացումը,

3) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հանդես է եկել որպես պատվիրատու՝ միանվագ գնորդի կարգավիճակով, ինչը թույլ չի տվել հետևողական և հեռամետ քաղաքականություն ձևավորել և իրականացնել գնումների գործընթացում,

4) բավարար ծավալով և պահանջված ուղղություններով չեն իրականացվել հիմնարար գիտահետազոտական աշխատանքներ,

5) ռազմատեխնիկական համագործակցությունն այլ պետությունների հետ հիմնականում իրականացվել է միաբևեռ սկզբունքով,

6) սպառազինություն և ռազմական տեխնիկայի (ՍՌՏ) և ռազմական տեխնիկայի ունեցվածքի (ՌՏՈՒ) նոր նմուշների մշակման և ձեռքբերման ժամանակ չի իրականացվել վերջիններիս մշակման, արտադրության, շահագործման և օգտահանման ֆինանսական գնահատականը,

7) ռազմական ոլորտում գիտահետազոտական աշխատանքներ իրականացնող կառույցի բացակայության հետևանքով չեն իրականացվել ՍՌՏ-ի և ՌՏՈՒ-ի նոր նմուշների ստեղծման համար անհրաժեշտ համալիր մարտավարատեխնիկական առաջադրանքների և ելակետային տվյալների մշակումներ, ՍՌՏ-ի և ՌՏՈՒ-ի տեխնիկատնտեսական ցուցանիշների վերլուծություններ,

8) բավարար չավով չեն իրականացվել դասախոսական և ուսանողական գիտական ներուժի արդյունավետ օգտագործմանն ուղղված միջոցառումներ,

9) նախկինում զորահավաքային նախապատրաստության և զորահավաքային առաջադրանքները կատարող կազմակերպությունների մասնավորեցման ընթացքում փոփոխվել է դրանց գործունեության ուղղությունը, իսկ որոշ կազմակերպություններ ընդհանրապես լուծարվել են։ Գործող կազմակերպություններում զորահավաքային մարմիններ չեն ստեղծվել, իսկ ռազմական դրության աշխատանքային ռեժիմի բերման միջոցառումները, զորահավաքային նախապատրաստության և զորահավաքային առաջադրանքների պլանները կատարվել են ոչ բավարար։

 

Գ Լ ՈՒ Խ  IV

 

ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԸ

 

11. Ռազմարդյունաբերության համակարգի բարեփոխումների և զարգացման հայեցակարգի հիմնական նպատակն այնպիսի համակարգի ստեղծումն ու կայացումն է, որը կապահովի համապատասխան թվաքանակի և որակի սպառազինությունով և ռազմական տեխնիկայով, ինչպես նաև ռազմական տեխնիկայի ունեցվածքով ՀՀ ԶՈՒ և այլ զորքերի հագեցումը` երկրի ռազմական երաշխավորված անվտանգության ապահովման տեսանկյունից:

12. Հայեցակարգի իրականացումը կապահովի՝

1) ՍՌՏ-ի և ՌՏՈՒ-ի ստեղծման, արտադրության, արդիականացման և նորոգման նպատակով Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և գիտության ոլորտի կազմակերպությունների, գիտությունների ազգային ակադեմիայի, գիտաարտադրական և գիտաուսումնական հաստատությունների կարողությունների առավելագույն օգտագործումը՝ անկախ կազմակերպական-իրավական ձևից,

2) նյութատեխնիկական և մտավոր կարողությունների կենտրոնացումն ու դրանց արդյունավետ կառավարումը ռազմական անվտանգության ապահովման առանցքային խնդիրների լուծման հարցերում,

3) Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և օտարերկրյա պետություններից ձեռք բերվող ՍՌՏ-ի և ՌՏՈՒ-ի ծավալների հարաբերակցության օպտիմալացումը,

4) ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում միաբևեռականության հաղթահարումը և որևէ կոնկրետ երկրից կախվածության նվազեցումը,

5) պաշտպանական պետական պատվեր կատարող կազմակերպություններին պետական աջակցության մեծացումը՝ ռազմարդյունաբերության ռազմատեխնիկական և տեխնոլոգիական կայունության ու զարգացման ապահովման համար,

6) պաշտպանական պետական պատվեր կատարող կազմակերպությունների արտադրանքի ընդհանուր ծավալում քաղաքացիական նշանակության արտադրանքի նախատեսումը,

7) ՀՀ ԶՈՒ և այլ զորքերի մարտական և զորահավաքային պատրաստականության համար անհրաժեշտ նյութատեխնիկական բազայի ստեղծումն ու զարգացումը,

8) ՀՀ ԶՈՒ և այլ զորքերի առջև դրված խնդիրների կատարման համար անհրաժեշտ գիտատեխնիկական, տեխնոլոգիական և արտադրական կարողությունների ստեղծումն ու պահպանումը,

9) միասնական նորմատիվ-տեխնիկական բազայի ստեղծումը,

10) Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական համակարգի համար անհրաժեշտ գիտական, ինժեներատեխնիկական և տեխնիկական կադրերի պատրաստումը և վերապատրաստումը,

11) գիտականորեն հիմնավորված ծրագրերի մշակումն ու հիմնարար գիտական հետազոտությունների իրականացումը,

12) ռազմարդյունաբերության համակարգի կազմակերպություններում զորահավաքային նախապատրաստության և զորահավաքային պատրաստականության գործառույթներ իրականացնող համապատասխան մարմինների ստեղծումը:

 

Գ Լ ՈՒ Խ  V

 

ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻՆ ՈՒ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ ՆՊԱՏԱԿԱՈՒՂՂՎԱԾ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

13. Ռազմարդյունաբերության համակարգի բարեփոխումներին ու զարգացմանը նպատակաուղղված հիմնական գործառույթներն են`

1) ՀՀ ԶՈՒ սպառազինության զարգացման պետական ծրագրի ուսումնասիրումը, այդ ծրագրով նախատեսված սպառազինության ստեղծման և արտադրության կազմակերպման հնարավորությունների գնահատումը, համապատասխան ծրագրերի կազմումը և պետական պատվերի ձևավորումը,

2) համակարգի զարգացման պետական քաղաքականության ձևավորման և իրականացման աշխատանքների համակարգումը,

3) ոլորտում ներգրավված կազմակերպությունների տեխնոլոգիական զարգացմանն ու տեխնիկական վերազինմանն ուղղված առաջարկությունների մշակումը և իրականացումը,

4) օտար երկրների հետ բազմակողմանի ռազմատնտեսական և ռազմատեխնիկական համագործակցության կազմակերպումն ու իրականացումը,

5) օտարերկրյա պետություններից սպառազինության, ռազմական և հատուկ տեխնիկայի արտադրության կազմակերպման համար անհրաժեշտ համալրող մասերի և նյութական այլ պաշարների ձեռքբերման կազմակերպումն ու համակարգումը,

6) ռազմատեխնիկական և ռազմարդյունաբերական համագործակցության իրականացումը օտարերկրյա պետությունների՝ համանման գործառույթներ իրականացնող կառույցների հետ։

 

Գ Լ ՈՒ Խ  VI

 

ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳԵՐԱԿԱ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

14. Ռազմարդյունաբերության համակարգի զարգացման գերակա ուղղություններն են`

1) գոյություն ունեցող ՍՌՏ-ի և ՌՏՈՒ-ի նորոգման համար անհրաժեշտ հզորությունների ստեղծումը, պահպանումը և զարգացումը,

2) գոյություն ունեցող ՍՌՏ-ի և ՌՏՈՒ-ի արդիականացումը,

3) պայթուցիկ նյութերի արտադրության կազմակերպման նպատակով ռազմական քիմիայի արտադրական ներուժի վերականգնումն ու զարգացումը,

4) անհրաժեշտ որակի և քանակի զինամթերքի արտադրությունն ու նոր տեսակների ստեղծումը,

5) հրաձգային զենքերի, թեթև սպառազինության և հրետանային միջոցների մշակումը և արտադրության կազմակերպումը,

6) գծային, օպտիկամանրաթելային, ռադիո, ռադիոռելեային և արբանյակային կապի համակարգերի մշակումը, ստեղծումն ու կառավարման կազմակերպումը,

7) լազերային, օպտիկաէլեկտրոնային, ռադիոէլեկտրոնային և ռադիոլոկացիոն սպառազինության համակարգերի մշակումը և արտադրության կազմակերպումը,

8) ՀՀ ԶՈՒ միասնական ավտոմատացված կառավարման համակարգի և «մարդ-մեքենա» ծրագրային ապահովման մեքենայական ինտերֆեյսի ստեղծման կազմակերպումը:

 

Գ Լ ՈՒ Խ  VII

 

ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ

 

15. Ռազմարդյունաբերության կայացման և զարգացման ուղիներն են`

1) ՍՌՏ-ի և ՌՏՈՒ-ի նորոգման (վերականգնման) և արդիականացման, ստեղծման (մշակման) ու արտադրության համար արդյունաբերական և գիտական առկա հնարավորությունների (կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի, գիտաարտադրական և գիտաուսումնական հաստատությունների) առավելագույնս օգտագործումը (կիրառումը) և նոր հնարավորությունների ստեղծումը,

2) ռազմարդյունաբերության համակարգում օտարերկրյա ներդրողների ներգրավումն ու նրանց, ինչպես նաև տեղական ներդրողների նկատմամբ համապատասխան արտոնությունների և մեխանիզմների սահմանումը,

3) ռազմական նշանակության արտադրանքի ու տեխնոլոգիաների մշակման և արտադրության մեջ ներգրավված կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևից) տնտեսական գործունեության խթանման մեխանիզմների ընդունումն ու իրականացումը, հատկապես համապատասխան հարկաբյուջետային և վարկային քաղաքականության իրականացմամբ,

4) ռազմարդյունաբերության հիմնական ճյուղերի արդյունավետ կառավարման համակարգի ստեղծման և անհրաժեշտ ֆինանսական միջոցներով ու նյութատեխնիկական պաշարներով ապահովման, դրանց օգտագործման, մատակարարման արդյունավետ պլանավորման և կառավարման գործում ռազմարդյունաբերության ոլորտի կազմակերպությունների գործունեության կորպորատիվ կառավարման և քարտագրման համակարգերի ներդնումը,

5) Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և օտարերկրյա պետություններից ձեռք բերվող ՍՌՏ-ի և ՌՏՈՒ-ի ծավալների հարաբերակցության օպտիմալացումը` ազգային անվտանգության և տնտեսական արդյունավետության ապահովման տեսանկյունից,

6) ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական համագործակցության բազմազանեցման (դիվերսիֆիկացիայի) ապահովումը` օտարերկրյա պետությունների հետ ռազմատեխնիկական համագործակցության երկկողմանի և բազմակողմանի ծրագրերի իրականացմամբ,

7) ռազմական անվտանգության ապահովման առանցքային խնդիրների լուծման նպատակով գիտատեխնիկական և նյութական կարողությունների կենտրոնացումը և նպատակային գիտահետազոտական աշխատանքների իրականացումը,

8) ՀՀ ԶՈՒ և այլ զորքերի մարտական պատրաստականության ապահովման համար անհրաժեշտ նյութատեխնիկական բազայի ստեղծման և զարգացման ծրագրերի մշակումը ու իրականացումը,

9) ՀՀ ԶՈՒ և այլ զորքերի կարիքներին համապատասխան՝ գիտատեխնիկական, տեխնոլոգիական և արտադրական կարողությունների ստեղծման և պահպանման ծրագրերի մշակումն ու իրականացումը,

10) ռազմական դրության ժամանակ արդյունաբերության ոլորտի զորահավաքային ծավալման առաջադրանքների կատարումը,

11) ՍՌՏ-ի և ՌՏՈՒ-ի և այլ նյութական պաշարների ստեղծման, արտադրության, արդիականացման և նորոգման ծրագրերի մշակումը, ընդունումն ու իրականացումը,

12) ռազմարդյունաբերության համակարգի զարգացման արդի պահանջներին համապատասխան՝ գիտական ներդրումային ծրագրերի մշակումը, ընդունումն ու իրականացումը, ինչպես նաև գիտատեխնիկական կադրերի նախապատրաստման պետական պատվերի ձևավորումը,

13) պաշտպանական պետական պատվեր կատարող կազմակերպությունների արտադրանքի ընդհանուր ծավալում քաղաքացիական նշանակության արտադրանքի տեսակարար կշռի աստիճանական մեծացումը,

14) ռազմարդյունաբերության համակարգն ըստ ուղղությունների պատասխանատու մասնագետներով համալրելը:

 

Գ Լ ՈՒ Խ  VIII

 

ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ

 

16. Սույն հայեցակարգի դրույթներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունվող Ռազմարդյունաբերական համակարգի բարեփոխման և զարգացման ծրագրով։ Ծրագրում մասնավորապես ներառվում է՝

1) միջոցառումների իրականացման ժամանակացույցը (պատասխանատուները, ժամկետները, ակնկալվող արդյունքները, ֆինանսավորման աղբյուրները և ծավալները),

2) այլ միջոցառումներ։

 

Գ Լ ՈՒ Խ  IX

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

17. Հայեցակարգի դրույթներն արտացոլում են Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերության համակարգի բարեփոխումների և զարգացման նպատակները և դրանց հասնելու ուղիները: Հայեցակարգի դրույթների իրականացումն էապես կնպաստի Հայաստանի Հանրապետության տնտեսության կառավարման ոլորտում ժամանակակից նորարարական մոդելների ներդրմանը և կկատարի ավանգարդի դեր տնտեսության զարգացման համար:

 

ՀՀ Նախագահի աշխատակազմի

 ղեկավար

Վ. Սարգսյան