Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-182-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (17.03.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.12.17/69(1082) Հոդ.1176
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
20.11.2014
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.12.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.03.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2014 թվականի նոյեմբերի 20-ին

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 47.8-րդ հոդվածով.

 

«Հոդված 47.8.

Մանկական սննդի և հարակից ապրանքների շրջանառության կանոնները խախտելը

 

1. Մանկական սննդի և հարակից ապրանքների վաճառքը առողջապահական կազմակերպությունների կողմից՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

2. Մանկական սնունդ արտադրողների և (կամ) բաշխողների կողմից ցանկացած առաջարկի դեպքում (նմուշ, նվեր կամ այլ շնորհ) առողջապահական կազմակերպությունների կողմից լիազոր մարմնին չտեղեկացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

3. Մանկական և վաղ տարիքի երեխաների կաթնախառնուրդների, մինչև 6 ամսական մանուկների համար մանկական կաթնախառնուրդ չհանդիսացող ցանկացած սննդամթերքի և հարակից ապրանքների գովազդը և (կամ) խրախուսման այլ ձևերը՝

առաջացնում են տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

4. Մոր և մանկան առողջության պահպանման ոլորտում ընդգրկված բուժաշխատողի կողմից մանկական սննդի և հարակից ապրանքների վաճառքով, իրացման, գովազդի և (կամ) խրախուսման այլ ձևերով զբաղվելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

5. Մոր և մանկան առողջության պահպանման ոլորտում ընդգրկված բուժաշխատողի կողմից արտադրողից և (կամ) բաշխողից կամ նրանց անունից հանդես եկող այլ կազմակերպությունից որևէ նվեր, շնորհ կամ պարգև դրամական կամ որևէ այլ տեսքով ընդունելը, մանկական սննդի և հարակից ապրանքների նմուշներ ընդունելը կամ տրամադրելը՝

առաջացնում են տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

6. Մանկական սնունդ արտադրողների և (կամ) բաշխողների կողմից ցանկացած առաջարկի դեպքում (նմուշ, նվեր կամ այլ շնորհ), բուժաշխատողի կողմից առողջապահական կազմակերպության ղեկավարությանը չտեղեկացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

7. Մանուկների և վաղ տարիքի երեխաների սնուցման, մանկական սննդի և հարակից ապրանքների վերաբերյալ գրավոր, ձայնային կամ տեսողական տեղեկատվական և ուսուցողական նյութեր պատրաստելը և տարածելը օրենքի պահանջների խախտմամբ՝

առաջացնում են տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

8. «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները չպահպանելը`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

9. Սույն հոդվածի 1-8-րդ մասերով սահմանված արարքները վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սույն հոդվածի 1-8-րդ մասերով սահմանված տուգանքի կրկնապատիկի չափով:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 158-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 15-րդ և 16-րդ մասերով.

 

«Մինչև 6 ամսական մանուկների համար մանկական կաթնախառնուրդ չհանդիսացող ցանկացած սննդամթերքի վաճառքը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

Մանկական սննդի և հարակից ապրանքների պահպանման համապատասխան պայմաններ չունեցող առևտրի օբյեկտի, սպառողական ապրանքների շուկայի, շրջիկ առևտրի կետի և (կամ) առևտրի կենտրոնի կողմից դրանց վաճառքը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:»:

 

Հոդված 3. Օրենսգրքի 238.2-րդ հոդվածում «և քսանութերորդ» բառերը փոխարինել «, քսանութերորդ, քսանիններորդ և երեսուներորդ» բառերով:

 

Հոդված 4. Օրենսգրքի 244.14-րդ հոդվածի «և 47.7» բառերը փոխարինել «, 47.7 և 47.8» բառերով:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող իննսուներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2014 թ. դեկտեմբերի 12

Երևան

ՀՕ-182-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան