ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 օգոստոսի 2025 թվականի N 1188-Ն
ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԵՎ ՄԱՐԿՇԵՅԴԵՐԱԿԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ, ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ, ՉԱՓԱԳՐԱԿԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» օրենքի 16.1-ին հոդվածի 2-րդ մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման աշխատանքների իրականացմանը ներկայացվող պարտադիր պահանջները՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության աշխատանքների իրականացմանը ներկայացվող պարտադիր պահանջները սահմանելու մասին» N 1441-Ն որոշումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
Երևան |
22.08.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2025 թվականի օգոստոսի 21-ի N 1188-Ն որոշման |
ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԵՎ ՄԱՐԿՇԵՅԴԵՐԱԿԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ, ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ, ՉԱՓԱԳՐԱԿԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
1. Գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման աշխատանքների իրականացմանը ներկայացվող պարտադիր պահանջներն են՝
1) անհրաժեշտ և բավարար ճշտություն ապահովող, Կադաստրի կոմիտեի ղեկավարի հրամանով սահմանված կարգով հաշվառված գործիքների և սարքավորումների կիրառումը՝ համաձայն ազգային ստանդարտների, հաստատված նորմերի և կանոնների.
2) աշխատանքների կազմակերպման ընթացակարգերի պահպանումը՝ համաձայն հաստատված նորմերի և կանոնների պահանջների.
3) աշխատանքների ընթացքում անվտանգության տեխնիկական կանոնների պահպանումը՝ համաձայն հաստատված նորմերի, կանոնների և ստանդարտների.
4) միատեսակ պայմանական նշանների և ձևաչափերի կիրառումը՝ հաստատված նորմերի, կանոնների, ստանդարտների պահանջների համաձայն.
5) աշխատանքների իրականացումը տվյալների պաշտպանված և վերահսկելի միջավայրում՝ ապահովելով անձնական տվյալների անվտանգությունը.
6) տվյալների ճշգրտության, ամբողջականության, հստակության և արդիականության ապահովումը.
7) հողամասերի հանութագրման և հատակագծերի կազմման աշխատանքների իրականացումը Կադաստրի կոմիտեից օրենքով սահմանված կարգով ձեռք բերված ելակետային տվյալների (գեոդեզիական ցանցի կետեր, կադաստրային քարտեզից հատված և այլն) հիման վրա.
8) ելակետային նյութերի ճշտության գնահատումը.
9) աշխատանքներն իրականացնելիս տարբեր գործոններից առաջացող սխալները հաշվի առնելը.
10) իրենց կողմից կազմված փաստաթղթերում գործող իրավակարգավորումներից բխող լրացուցիչ համաձայնությունների և համաձայնեցումների անհրաժեշտության վերաբերյալ գրառումներ կատարելը.
11) պատվիրատուի պահանջի դեպքում կատարված աշխատանքների և կազմված հատակագծային նյութերի վերաբերյալ մասնագիտական եզրակացության տրամադրումը.
12) պատվիրատուի պահանջի դեպքում կատարված չափագրման փաթեթը և ելակետային նյութերը պատվիրատուին թղթային և թվային (էլեկտրոնային) տարբերակներով տրամադրելը.
13) պատվիրատուի պահանջի դեպքում որակավորման վկայականի բնօրինակը ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
22.08.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 օգոստոսի 2025 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|