Գլխավոր տեղեկություն
Համար
N 542-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (21.08.2025-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.08.18-2025.08.31 Պաշտոնական հրապարակման օրը 20.08.2025
Ընդունող մարմին
Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
15.08.2025
Ստորագրող մարմին
Նախագահին ժամանակավոր փոխարինող
Ստորագրման ամսաթիվ
15.08.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.08.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

15 օգոստոսի 2025 թվականի

N 542-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱԿԱՄՐՑԱԿՑԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏԻ` ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԻ ԿԻՐԱՌՈՒՄԻՑ ԱԶԱՏՄԱՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ, ՀԱԿԱՄՐՑԱԿՑԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՏՈՒԳԱՆՔԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 380-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Տնտեսական մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 23-րդ կետերը և 2‑րդ մասը, 96-րդ հոդվածի 5-րդ մասը, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 36-րդ և 37‑րդ հոդվածների 1-ին մասերը` Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Սահմանել հակամրցակցային համաձայնության մասնակից տնտեսավարող սուբյեկտի՝ պատասխանատվության միջոցի կիրառումից ազատման դիմումների ներկայացման և քննարկման, հակամրցակցային համաձայնության մասնակից տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ կիրառվող տուգանքի նվազեցման կարգը՝ համաձայն հավելվածի։

2. Ուժը կորցրած ճանաչել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 23-ի «Հակամրցակցային համաձայնության մասնակից տնտեսավարող սուբյեկտի` պատասխանատվության միջոցի կիրառումից ազատման դիմումների ներկայացման և քննարկման, հակամրցակցային համաձայնության մասնակից տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ կիրառվող տուգանքի նվազեցման կարգը սահմանելու մասին» թիվ 380‑Ն որոշումը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

4. Մինչև 2025 թվականի օգոստոսի 1-ը հարուցված և իրականացվող վարույթների շրջանակում հակամրցակցային համաձայնության մասնակից տնտեսավարող սուբյեկտի՝ պատասխանատվության միջոցի կիրառումից ազատման դիմումների ներկայացումը և քննարկումը, հակամրցակցային համաձայնության մասնակից տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ կիրառվող տուգանքի նվազեցումը իրականացվում է մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը գործող կարգով, իսկ 2025 թվականի օգոստոսի 1-ից հետո հարուցված և իրականացվող վարույթների շրջանակում հակամրցակցային համաձայնության մասնակից տնտեսավարող սուբյեկտի՝ պատասխանատվության միջոցի կիրառումից ազատման դիմումների ներկայացումը և քննարկումը, հակամրցակցային համաձայնության մասնակից տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ կիրառվող տուգանքի նվազեցումը իրականացվում է սույն որոշմամբ սահմանված կարգով։

 

Նախագահին
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՓՈԽԱՐԻՆՈՂ

Տ. Մարկոսյան

 

2025 թ. օգոստոսի 15

Երևան

 

Հավելված

Մրցակցության և սպառողների շահերի

պաշտպանության հանձնաժողովի

2025 թվականի օգոստոսի 15-ի

N 542-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱԿԱՄՐՑԱԿՑԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԻ ԿԻՐԱՌՈՒՄԻՑ ԱԶԱՏՄԱՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ, ՀԱԿԱՄՐՑԱԿՑԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՏՈՒԳԱՆՔԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ

 

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով (այսուհետ նաև՝ Կարգ) կարգավորվում են հակամրցակցային համաձայնության մասնակից տնտեսավարող սուբյեկտի՝ պատասխանատվության միջոցի կիրառումից ազատման դիմումների ներկայացման և քննարկման, ինչպես նաև հակամրցակցային համաձայնության մասնակից տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ կիրառվող տուգանքի նվազեցման հետ կապված հարաբերությունները։

2. Կարգում օգտագործվող հասկացությունները և տերմինները կիրառվում են «Տնտեսական մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության մասին» օրենքով (այսուհետ նաև՝ Օրենք) սահմանված իմաստով:

 

ԳԼՈՒԽ 2

ՀԱԿԱՄՐՑԱԿՑԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏԻ՝ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԻ ԿԻՐԱՌՈՒՄԻՑ ԱԶԱՏՄԱՆ ԵՎ ՀԱԿԱՄՐՑԱԿՑԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՏՈՒԳԱՆՔԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ

 

3. Հակամրցակցային համաձայնության մասնակից տնտեսավարող սուբյեկտը պատասխանատվության միջոցի կիրառումից ազատման և Հակամրցակցային համաձայնության մասնակից տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ կիրառվող տուգանքի նվազեցման համար տնտեսավարող սուբյեկտները Հանձնաժողով են ներկայացնում դիմում (երկուսը միասին այսուհետ նաև՝ Դիմումներ)։

4. Դիմումները ներկայացվում են թղթային եղանակով՝ փակ ծրարով և «Գաղտնի» նշումով։

5. Վարույթի ընթացքում Օրենքի 96-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պայմաններին չբավարարելու դեպքում Հանձնաժողովը տնտեսավարող սուբյեկտի՝ պատասխանատվությունից ազատման դիմումը դիտարկում է որպես հակամրցակցային համաձայնության մասնակից տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ կիրառվելիք տուգանքի չափը նվազեցնելու մասին դիմում։

 

ԳԼՈՒԽ 3

ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՆՑ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԹՈՂՆԵԼԸ

 

6. Տնտեսավարող սուբյեկտի՝ պատասխանատվությունից ազատման դիմումը թողնվում է առանց քննության, եթե.

1) դիմում են ներկայացրել միաժամանակ երկու և (կամ) ավելի մասնակից տնտեսավարող սուբյեկտներ.

2) դիմումը ներկայացվել է Օրենքով սահմանված պահանջների խախտմամբ։

7. Տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ կիրառվող տուգանքի նվազեցման դիմումը թողնվում է առանց քննության, եթե դիմումը ներկայացվել է Օրենքով սահմանված պահանջների խախտմամբ։

8. Տնտեսավարող սուբյեկտները մեկամսյա ժամկետում Հանձնաժողովի նախագահի գրությամբ կամ ձայնագրման ապահովմամբ բանավոր եղանակով տեղեկացվում են Դիմումներն առանց քննության թողնելու մասին։

 

ԳԼՈՒԽ 4

ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

 

9. Հանձնաժողովը Դիմումները քննարկում է հակամրցակցային համաձայնության մասնակից տնտեսավարող սուբյեկտի՝ պատասխանատվության միջոցի կիրառումից ազատելու հարցի, ինչպես նաև հակամրցակցային համաձայնության մասնակից տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ կիրառվող տուգանքի նվազեցման հարցի մասին որոշմամբ, որը կայացնում է հակամրցակցային համաձայնության համար պատասխանատվության միջոցի կիրառման որոշման ընդունմանը զուգահեռ՝ նույն օրը։

10. Տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ կիրառվող տուգանքի չափը նվազեցնելու դիմումի շրջանակում ներկայացվող ապացույցի էական նշանակությունը գնահատվում է հետևյալ չափանիշների հիման վրա.

1) արդյոք հնարավոր էր ապացուցել հակամրցակցային համաձայնության առկայության փաստը Հանձնաժողովի տիրապետության տակ արդեն իսկ գտնվող ապացույցների հիման վրա.

2) արդյոք տնտեսավարող սուբյեկտի կողմից ներկայացված ապացույցները իրավախախտման հետ ունեն ուղղակի առնչություն կամ դրանք հիմք են հանդիսացել վարույթի համար էական նշանակություն ունեցող այլ ապացույցներ ձեռք բերելու համար.

3) արդյոք տնտեսավարող սուբյեկտի կողմից ներկայացված ապացույցները հավաստի են և չկա անհրաժեշտություն ստանալ հաստատում այլ աղբյուրներից:

11. Պատասխանատվությունից ազատվելու մասին որոշում կայացնելու դեպքում տնտեսավարող սուբյեկտը ազատվում է հակամրցակցային համաձայնության համար պատասխանատվության միջոցի կիրառման մասին որոշմամբ սահմանված պատասխանատվությունից, իսկ նվազեցման մասին որոշման դեպքում նվազեցվում է հակամրցակցային համաձայնության համար պատասխանատվության միջոցի կիրառման մասին որոշմամբ սահմանված տուգանքի չափը։

12. Հակամրցակցային համաձայնության մասնակից տնտեսավարող սուբյեկտի՝ պատասխանատվության միջոցի կիրառումից ազատելու հարցի, ինչպես նաև հակամրցակցային համաձայնության մասնակից տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ կիրառվող տուգանքի նվազեցման հարցի մասին որոշումները չեն հրապարակվում, այդ թվում՝ Հանձնաժողովի պաշտոնական կայքում և չեն տրամադրվում այլ անձի։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 օգոստոսի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան