ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2014 թվականի հունիսի 21-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 107-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով.
«7) այն հանգամանքները, որոնք հիմնավորում են, որ գույքը ստացվել է հանցագործության կատարման արդյունքում կամ այդ գույքի օգտագործումից կամ օգտագործվել է կամ նախատեսվել է օգտագործել որպես հանցագործության գործիք կամ միջոց կամ ուղղվել է ահաբեկչության ֆինանսավորմանը կամ հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածով նախատեսված մաքսանենգության առարկա:»:
Հոդված 2. Օրենսգրքի 172-րդ հոդվածի 3.2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3.2. Քրեական հետապնդում իրականացնող մարմինները քրեական գործով կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավված անձանց վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից արժեթղթերի հետ կատարված գործարքների վերաբերյալ ծառայողական տեղեկությունները, ինչպես նաև ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկությունները կարող են ստանալ խուզարկության կամ առգրավման վերաբերյալ դատարանի որոշման հիման վրա:»:
Հոդված 3. Օրենսգրքի 228-րդ հոդվածի 1-ին մասը «նոտարական» բառից հետո լրացնել «, ինչպես նաև ապահովագրական» բառերով:
Հոդված 4. Օրենսգրքի 232-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը «բռնագրավումը» բառից հետո լրացնել «, բռնագանձումը» բառով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
«2.1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 103.1-ին հոդվածի համաձայն` բռնագանձման ենթակա գույքի վրա կալանքը դրվում է անկախ հանցանք կատարած անձի կամ որևէ երրորդ անձի սեփականությունը հանդիսանալու կամ նրանց կողմից տիրապետելու հանգամանքից:»:
Հոդված 5. Օրենսգրքի 233-րդ հոդվածի 1.1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1.1. Քրեական վարույթն իրականացնող մարմինն անհապաղ կալանք է դնում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 103.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված բռնագանձման ենթակա գույքի վրա:»:
Հոդված 6. Օրենսգրքի 279-րդ հոդվածը «գործողությունները» բառից հետո լրացնել «, ինչպես նաև բանկային, ապահովագրական, նոտարական գաղտնիք կազմող տեղեկությունների ստացման համար խուզարկությունները և առգրավումները» բառերով:
Հոդված 7. Օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 16-րդ կետով.
«16) ապացուցված է արդյոք, որ բռնագանձման ենթակա գույքը ստացվել է հանցագործության կատարման արդյունքում կամ այդ գույքի օգտագործումից կամ օգտագործվել է կամ նախատեսվել է օգտագործվել որպես հանցագործության գործիք կամ միջոց կամ ուղղվել է ահաբեկչության ֆինանսավորմանը կամ հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածով նախատեսված մաքսանենգության առարկա:»:
Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող իննսուներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2014 թ. հուլիսի 22 Երևան ՀՕ-115-Ն |