Գլխավոր տեղեկություն
Համար
ՆԿ-12-Ն
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Base act (20.02.2010-28.07.2016)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.02.10/6(740) Հոդ.53
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
30.01.2010
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.01.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.02.2010
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.04.2018

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ  

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2009 թվականի սեպտեմբերի 25-ի ՆԿ-162-Ն կարգադրությունը` որոշում եմ.

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցերով միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը` համաձայն 1-ին հավելվածի:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության կարգը` համաձայն 2-րդ հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նախագահին` յուրաքանչյուր կիսամյակ Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնել տեղեկատվություն Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2010 թ. հունվարի 30

  Երևան

 ՆԿ-12-Ն

 

 

 

Հավելված 1

ՀՀ Նախագահի

2010թ. հունվարի 30-ի

ՆԿ-12-Ն կարգադրության

 

Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար (հանձնաժողովի նախագահ)

 

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի

տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ

Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ներքին անվտանգության վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)

 

ՀՀ Նախագահի աշխատակազմի

ղեկավար

Կ. Կարապետյան

 

 

Հավելված 2

ՀՀ Նախագահի

2010թ. հունվարի 30-ի

ՆԿ-12-Ն կարգադրության

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2009 թվականի սեպտեմբերի 25-ի ՆԿ-162-Ն կարգադրության 1-ին կետով հաստատված` 2009-2012 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ծրագրով (այսուհետ` Ծրագիր) նախատեսված` Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով կազմակերպում է դիտարկումներ, ամփոփում և մշակում արդյունքները և դրանց վերաբերյալ ստացված դիտողություններն ու առաջարկությունները:

2. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, օրենքներին, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերին, կարգադրություններին և սույն կարգին համապատասխան:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

3. Հանձնաժողովի խնդիրներն են` Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման արդյունքների ամփոփումը և գնահատումը, դրանց հիման վրա վերլուծական բնույթի տեղեկանքների կազմումը:

4. Հանձնաժողովն իր խնդիրների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն` կազմակերպում է Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման դիտարկում:

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

5. Հանձնաժողովի նախագահը Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն է:

6. Հանձնաժողովի նախագահը`

1) ղեկավարում է Հանձնաժողովի գործունեությունը,

2) կազմակերպում է քննարկումներ Հայաստանի Հանրապետության պետական մարմինների և հասարակական միավորումների ներկայացուցիչների մասնակցությամբ,

3) ամփոփում է Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության պետական մարմիններից և հասարակական միավորումներից ստացված առաջարկություններն ու դիտողությունները,

4) նշանակում է Հանձնաժողովի նիստի անցկացման վայրը, օրը և հաստատում օրակարգը,

5) հրավիրում է Հանձնաժողովի նիստերը, ներկայացնում Հանձնաժողովն այլ մարմիններում և կազմակերպություններում:

7. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է աշխատանքային պլանի հիման վրա, որը հաստատում է Հանձնաժողովի նախագահը:

8. Հանձնաժողովը հրավիրում է նիստեր, որոնք գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ:

9. Հանձնաժողովի նիստերը նախագահում է Հանձնաժողովի նախագահը:

10. Անհրաժեշտության դեպքում Հանձնաժողովը կարող է ստեղծել աշխատանքային խմբեր, հրավիրել փորձագետներ, այդ թվում` այլ պետական մարմիններից, այլ պետություններից, միջազգային և այլ կազմակերպություններից:

11. Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները ստորագրում են Հանձնաժողովի նախագահը և քարտուղարը:

12. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է Հանձնաժողովի անդամների առնազն 2/3-ը:

13. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ` նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Եթե Հանձնաժողովի որոշման վերաբերյալ որևէ անդամ ունի այլ կարծիք, ապա այն գրավոր կցվում է Հանձնաժողովի նիստի արձանագրությանը և հանդիսանում է վերջինիս անբաժանելի մասը:

 

ՀՀ Նախագահի աշխատակազմի

ղեկավար

Կ. Կարապետյան