Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-23-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (03.07.2014-04.02.2017)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.11.26/58(293) Հոդ.1080
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
21.10.2003
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
15.11.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
04.02.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2003 թվականի հոկտեմբերի 21-ին

 

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Սույն օրենքը սահմանում է Մարդու իրավունքների պաշտպանին պաշտոնում ընտրելու և պաշտոնից ազատելու կարգը, լիազորությունները, գործունեության պայմանները և երաշխիքները:

(1-ին հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-112-Ն)

 

Հոդված 2. ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ

 

Մարդու իրավունքների պաշտպանը (այսուհետ՝ Պաշտպան) անկախ և անփոփոխելի պաշտոնատար անձ է, որն իրականացնում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից մարդու խախտված իրավունքների և ազատությունների պաշտպանությունը` ղեկավարվելով օրինականության, հասարակական համակեցության և սոցիալական արդարության հիմնարար սկզբունքներով:

(2-րդ հոդվածը խմբ. 01.06.06 ՀՕ-112-Ն, լրաց. 07.12.10 ՀՕ-200-Ն)

 

Հոդված 3. ՊԱՇՏՊԱՆԻ ընտրությունը

(վերնագիրը խմբ. 01.06.06 ՀՕ-112-Ն)

 

1. Պաշտպանի պաշտոնում կարող է ընտրվել 25 տարին լրացած, հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելող, վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:

2. Պաշտպանին ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով` վեց տարի ժամկետով` Ազգային ժողովի պատգամավորների առնվազն 1/5-ի կողմից առաջադրված թեկնածուներից:

Պաշտոնը ստանձնելիս Պաշտպանը տալիս է հետևյալ երդումը.

«Ստանձնելով մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը՝ երդվում եմ` հավատարիմ լինելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենքներին, հասարակական համակեցության և արդարության սկզբունքներին` պաշտպանել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները:

Երդվում եմ, որ լիազորություններս կկատարեմ անաչառ, առավելագույն բարեխղճությամբ և ջանասիրությամբ:»:

3. Պաշտպանն իր պաշտոնը ստանձնում է նախորդ Պաշտպանի պաշտոնավարման ժամկետի ավարտման օրը: Եթե Պաշտպանի ընտրվելու պահին Պաշտպանի պաշտոնը թափուր է, ապա իր ընտրության հաջորդ օրը:

4. Պաշտպանի հերթական ընտրություններն անցկացվում են Պաշտպանի լիազորությունների ավարտին նախորդող 40 օրվա ընթացքում:

(3-րդ հոդվածը խմբ. 01.06.06 ՀՕ-112-Ն)

 

Հոդված 4.

ՊԱՇՏՊԱՆԻ` ԱՅԼ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԸ

 

1. Պաշտպանը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առևտրային կազմակերպություններում, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:

2. Պաշտպանը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ ընտրություններում առաջադրել իր թեկնածությունը, մասնակցել նախընտրական քարոզչությանը:

3. Պաշտպանը պարտավոր է սույն օրենքի պահանջներին չհամապատասխանող գործունեությունն ընդհատել պաշտոնավարության անցնելուց հետո` ոչ ուշ, քան 14 օրվա ընթացքում:

(4-րդ հոդվածը խմբ. 07.12.10 ՀՕ-200-Ն)

 

Հոդված 5. ՊԱՇՏՊԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Պաշտպանն իր լիազորություններն իրականացնելիս անկախ է, ենթարկվում է միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին, ինչպես նաև միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին ու նորմերին: Պաշտպանը չի ենթարկվում պետական կամ տեղական ինքնակառավարման որևէ մարմնի կամ պաշտոնատար անձի:

2. Պաշտպանը պարտավոր չէ բացատրություններ տալ, այդ թվում` նաև որպես վկա, իր մոտ գտնվող բողոքի կամ փաստաթղթի էության վերաբերյալ կամ դրանք տրամադրել ծանոթացման այլ կերպ, քան օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:

3. Պաշտպանի որոշումները վարչական ակտ չեն հանդիսանում և բողոքարկման ենթակա չեն:

(5-րդ հոդվածը լրաց. 01.06.06 ՀՕ-112-Ն)

 

Հոդված 6. ՊԱՇՏՊԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

1. Պաշտպանի լիազորությունների ժամկետը լրանում է նրա երդմանը հաջորդող վեցերորդ տարվա նույն օրը:

2. Պաշտպանի լիազորությունները վաղաժամկետ դադարում են միայն, եթե՝

1) Պաշտպանի նկատմամբ դատարանի մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ է մտել.

2) նա հրաժարվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից կամ ձեռք է բերել այլ երկրի քաղաքացիություն.

3) նա Ազգային ժողովին հրաժարական ներկայացնելուց ոչ ուշ, քան 10 օր հետո կրկնում է իր հրաժարականը.

4) Պաշտպանը դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ճանաչվել է անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած.

5) նա մահացել է։

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերի առկայության դեպքում Ազգային ժողովի նախագահն առաջիկա նիստում տեղեկացնում է պատգամավորներին Պաշտպանի լիազորությունների վաղաժամկետ դադարման մասին:

4. Պաշտպանի լիազորությունների վաղաժամկետ դադարման դեպքում Պաշտպանի ընտրություններն անցկացվում են պաշտոնը թափուր մնալուց հետո՝ 1 ամսվա ընթացքում:

(6-րդ հոդվածը խմբ. 01.06.06 ՀՕ-112-Ն)

 

Հոդված 6.1. Պաշտպանը միջազգային իրավունքի բնագավառում

 

Պաշտպանը հանդիսանում է «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիայի» կամընտիր արձանագրությամբ սահմանված կանխարգելման անկախ ազգային մեխանիզմ:

(6.1-րդ հոդվածը լրաց. 08.04.08 ՀՕ-14-Ն)

 

Հոդված 7.

ՊԱՇՏՊԱՆԻ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ ԵՆԹԱԿԱ ԲՈՂՈՔՆԵՐԸ

 

1. Պաշտպանը քննարկում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց կողմից Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, ինչպես նաև միջազգային իրավունքի սկզբունքներով ու նորմերով նախատեսված` մարդու (այդ թվում` նաև քաղաքացու) իրավունքների և հիմնարար ազատությունների խախտման վերաբերյալ բողոքները:

Պաշտպանն իրավասու չէ միջամտել դատական վարույթին: Նա կարող է տեղեկություններ պահանջել դատարաններից` կապված սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին կետի, 12-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետի և 17-րդ հոդվածի 1-ին կետի դրույթների կիրառելիության ապահովման հետ: Պաշտպանն իրավասու է դիմողին տալ առաջարկություններ կամ խորհրդատվություն` դատարանի որոշման, վճռի կամ դատավճռի հիմնավորվածությունը բողոքարկելու վերաբերյալ:

2. Պաշտպանը չի քննարկում ոչ պետական մարմինների և կազմակերպությունների ու դրանց պաշտոնատար անձանց գործողությունների վերաբերյալ բողոքները:

3. Պաշտպանն իրավունք ունի ներկա լինել Հայաստանի Հանրապետության կառավարության, ինչպես նաև պետական այլ մարմինների նիստերին և ելույթ ունենալ, եթե քննարկվում են մարդու իրավունքներին և հիմնարար ազատություններին վերաբերող հարցեր, ինչպես նաև այդ նիստերի քննարկմանը ներկայացնել այդ կամ դրանց ենթակա մարմինների կամ պաշտոնատար անձանց կողմից մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, ինչպես նաև սույն օրենքի պահանջների խախտման վերաբերյալ հարցեր:

4. Պաշտպանն իրավունք ունի ներկա լինել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նիստերին, ելույթ ունենալ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, երբ քննարկվում են մարդու իրավունքներին և հիմնարար ազատություններին վերաբերող հարցեր:

(7-րդ հոդվածը խմբ. 01.06.06 ՀՕ-112-Ն)

 

Հոդված 8. ՊԱՇՏՊԱՆԻՆ ԴԻՄԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

1. Պաշտպանին կարող է դիմել ցանկացած ֆիզիկական անձ` անկախ ազգությունից, քաղաքացիությունից, բնակության վայրից, սեռից, ռասայից, տարիքից, քաղաքական և այլ հայացքներից ու գործունակությունից:

Պաշտպանը կամ նրա ներկայացուցիչն իրավունք ունի իր նախաձեռնությամբ անարգել այցելել զորամիավորումներ, ձերբակալման վայրեր, նախնական կալանք կամ քրեական պատիժ իրականացնող հիմնարկներ, ինչպես նաև հարկադրական պահման այլ վայրեր` դրանցում գտնվող անձանց դիմումներն ընդունելու համար:

Պաշտպանին իրավունք ունի դիմել ձերբակալում, նախնական կալանք կամ քրեական պատիժ իրականացնող հիմնարկներում պատիժը կրող, ինչպես նաև հարկադրական պահման այլ վայրերում գտնվող անձը:

Պաշտպանը կամ նրա ներկայացուցիչը պետք է երաշխավորվի զորամիավորումներում, ձերբակալման վայրերում, նախնական կալանք կամ քրեական պատիժ իրականացնող հիմնարկներում, ինչպես նաև հարկադրական պահման այլ վայրերում գտնվող անձանց հետ առանձին, անարգել, մեկուսի հաղորդակցվելու հնարավորությամբ: Պաշտպանի կամ նրա ներկայացուցիչների` այդ անձանց հետ խոսակցությունները ենթակա չեն միջամտության և գաղտնալսման:

Պաշտպանին բողոք ներկայացնելը կամ նրա միջամտությունը չպետք է հանգեցնի բողոքողի նկատմամբ քրեական, վարչական կամ այլ պատժամիջոցի կիրառման կամ որևէ խտրականության:

2. Պաշտպանին կարող են դիմել նաև իրավաբանական անձինք:

Իրավաբանական անձի անունից տրված բողոքը վերաբերում է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտմանը, եթե իրավաբանական անձի իրավունքների խախտման հետևանքով խախտվել են նաև նրա մասնակից ֆիզիկական անձանց (բաժնետերերի, փայատերերի, անդամների և այլն), ինչպես նաև նրա պաշտոնատար անձանց իրավունքներն ու հիմնարար ազատությունները, կամ այդ անձինք իրավաբանական անձի իրավունքների խախտման հետևանքով վնաս են կրել, կամ առկա է այդ անձանց վնաս կրելու հնարավորությունը:

3. Ուրիշի իրավունքների պաշտպանության նպատակով Պաշտպանին կարող են դիմել միայն այդ անձանց ներկայացուցիչները, ինչպես նաև մահացած անձանց ընտանիքների անդամներն ու ժառանգները:

4. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, բացառությամբ խնամակալության և հոգաբարձության մարմինների, չեն կարող Պաշտպանին բողոքներ ներկայացնել:

5. Պաշտոնատար անձինք իրավունք ունեն Պաշտպանին դիմել միայն իրենց` որպես ֆիզիկական անձանց խախտված իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության նպատակով:

 

Հոդված 9. ՊԱՇՏՊԱՆԻՆ ՏՐՎՈՂ ԲՈՂՈՔԸ

 

1. Բողոքը պետք է Պաշտպանին տրվի մեկ տարվա ընթացքում այն օրվանից, երբ դիմողն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքների և հիմնարար ազատությունների խախտման մասին:

2. Սույն օրենքի գործողության առաջին տարում Պաշտպանին կարող են տրվել բողոքներ վերջին երեք տարվա ընթացքում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտման վերաբերյալ: Բողոքի համար որևէ հատուկ ձև չպետք է սահմանվի, սակայն բողոքում պետք է նշված լինեն դիմող ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության վայրը (հասցեն) կամ իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը: Բողոքում պետք է նշվեն նաև մարդու խախտված կամ խախտվող իրավունքների և հիմնարար ազատությունների մասին տեղեկությունները:

Եթե դիմողն ունի գործի պարզաբանման և լուծման համար անհրաժեշտ փաստաթղթեր, ինչպես նաև բողոքի հետ կապված դատական կամ վարչական կարգով ընդունված ակտեր, ապա դրանք կարող են կցվել բողոքին:

3. Բողոքը ներկայացվում է գրավոր կամ բանավոր: Բանավոր բողոքների բովանդակությունը և սույն հոդվածի 2-րդ մասում նախատեսված տվյալները պետք է արձանագրի պաշտպանը կամ նրա աշխատակազմը:

4. Ձերբակալված, նախնական կալանք կամ քրեական պատիժն իրականացնող հիմնարկներում պատիժը կրող, ինչպես նաև այլ հարկադրական պահման վայրերում գտնվող անձի կողմից Պաշտպանին ուղղված բողոքները և այլ փաստաթղթեր ենթակա չեն ստուգման ու որևէ գրաքննության: Դրանք այդ հիմնարկների վարչակազմերի կողմից 24 ժամվա ընթացքում պետք է ուղարկվեն Պաշտպանին:

5. Պաշտպանին ուղղված բողոքներն ընդունող մարմինը պարտավոր է դիմողի պահանջով վերջինին տրամադրել հավաստագիր (ստացական)` բողոքի ստացման մասին:

6. Պաշտպանին ուղղված բողոքների համար պետական տուրք չի գանձվում:

 

Հոդված 10. ՊԱՇՏՊԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ԲՈՂՈՔՆԵՐԸ

 

1. Պաշտպանը չի քննարկում այն բողոքները, որոնք պետք է լուծվեն միայն դատական կարգով, ինչպես նաև դադարեցնում է բողոքի քննարկումը, եթե քննարկումն սկսելուց հետո շահագրգիռ անձը հայց կամ բողոք է ներկայացրել դատարան:

2. Պաշտպանը կարող է չքննարկել անանուն բողոքները և այն բողոքները, որոնք տրվել են մեկ տարուց ավելի ուշ այն օրվանից, երբ դիմողն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքների և ազատությունների խախտման մասին, ինչպես նաև այն բողոքները, որոնք իր կարծիքով մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտման մասին չեն վկայում կամ պահանջ չեն ներկայացնում:

3. Եթե բողոքում բարձրացված հարցն իր բնույթով կարող է լուծել նաև պետական այլ մարմինը կամ պաշտոնատար անձը, և եթե այդ անձը նախապես չի քննարկել տվյալ գործը, Պաշտպանը բողոքը ներկայացնողի համաձայնությամբ կարող է բողոքը քննարկման նպատակով փոխանցել նրան` վերահսկողություն սահմանելով դրա քննարկման նկատմամբ:

Այս դեպքում դիմողը տեղեկացվում է, որ բողոքն այլ պաշտոնատար անձի է փոխանցվել:

(10-րդ հոդվածը խմբ. 01.06.06 ՀՕ-112-Ն)

 

Հոդված 11. ԲՈՂՈՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

 

1. Բողոքը ստանալով` Պաշտպանը որոշում է ընդունում`

1) բողոքը քննարկման ընդունելու մասին.

2) դիմողին իր իրավունքների և ազատությունների պաշտպանության հնարավորությունները ներկայացնելու մասին.

3) բողոքը ներկայացնողի համաձայնությամբ բողոքը այն պետական մարմիններ, տեղական ինքնակառավարման մարմին կամ դրա պաշտոնատար այն անձին փոխանցելու մասին, որի իրավասությանն է պատկանում բողոքի ըստ էության լուծումը.

4) բողոքը չքննարկելու մասին:

2. Բողոքի քննարկման մերժումը պետք է հիմնավորվի սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն: Բողոքը չքննարկելու մասին որոշում ընդունելիս Պաշտպանը պարտավոր է դիմողին բացատրել այդ բողոքի քննարկման` օրենքով նախատեսված կարգը:

3. Պաշտպանն ընդունված որոշման պատճենն ուղարկում է դիմողին հնարավորինս շուտ, բայց ոչ ուշ, քան բողոքն ստանալու օրվանից 30 օրվա ընթացքում:

4. Պաշտպանն իրավասու է սեփական նախաձեռնությամբ սկսել հարցի քննարկումը, հատկապես այն դեպքերում, երբ տեղեկություն կա մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների զանգվածային խախտումների մասին, կամ դա ունի բացառիկ հասարակական նշանակություն կամ կապված է այնպիսի անձանց շահերի պաշտպանության անհրաժեշտության հետ, որոնք ի վիճակի չեն ինքնուրույն օգտագործել իրենց պաշտպանության իրավական միջոցները:

5. Բողոքը քննարկման ընդունելու մասին որոշում կայացնելուց հետո Պաշտպանն իրավասու է դիմելու համապատասխան պետական մարմիններ կամ դրանց պաշտոնատար անձանց, որպեսզի նրանք նպաստեն բացահայտման ենթակա հանգամանքների ուսումնասիրմանը:

6. Բողոքում նշված հարցերի ուսումնասիրումը չի կարող կատարել այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը կամ դրա պաշտոնատար այն անձը, որի որոշումները կամ գործողությունները (անգործությունը) բողոքարկվում են:

 

Հոդված 12. ԲՈՂՈՔՈՒՄ ԲԱՐՁՐԱՑՎԱԾ ՀԱՐՑԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄԸ

 

1. Պաշտպանն իրավասու է՝

1) անարգել այցելել ցանկացած պետական հիմնարկ կամ կազմակերպություն, ներառյալ` զորամիավորումներ, անձանց հարկադրական պահման վայրեր, այդ թվում` նաև նախնական կալանքի և ազատազրկման վայրեր.

2) ցանկացած պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից կամ դրանց պաշտոնատար անձանցից պահանջել և ստանալ բողոքին առնչվող անհրաժեշտ նյութեր ու փաստաթղթեր.

3) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններից կամ դրանց պաշտոնատար անձանցից և պետական ծառայողներից, բացառությամբ դատարանների ու դատավորների, ստանալ բողոքի ուսումնասիրման ընթացքում առաջացած հարցերի վերաբերյալ պարզաբանումներ.

4) իրավասու պետական մարմիններին հանձնարարել բողոքի ուսումնասիրության ընթացքում պարզելու ենթակա հարցերի վերաբերյալ անցկացնել փորձագիտական հետազոտություններ և պատրաստել եզրակացություններ.

5) ծանոթանալ քրեական, քաղաքացիական, վարչական, կարգապահական, տնտեսական և այլ իրավախախտումների վերաբերյալ այն գործերին, որոնց վերաբերյալ դատավճիռները, վճիռները, որոշումներն օրինական ուժի մեջ են մտել, ինչպես նաև այն նյութերին, որոնց կապակցությամբ մերժվել է գործերի հարուցումը.

6) ծանոթանալ բողոքին առնչվող ցանկացած նյութի և փաստաթղթի.

7) դիմել Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդ` դատական պրակտիկայում առաջացող իրավական հարցերի վերաբերյալ խորհրդատվական բնույթի պարզաբանումներ ստանալու նպատակով.

8) հանդես գալ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հաղորդմամբ։ Հաղորդումն ստացած վարույթ հարուցելու իրավասություն ունեցող անձը պարտավոր է հաղորդման քննարկման արդյունքների մասին տեղեկացնել Պաշտպանին որոշումը կայացնելուց հետո` եռօրյա ժամկետում:

Պաշտպանի գրավոր որոշմամբ սույն մասի 1-ին, 2-րդ, 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված լիազորությունները կարող են իրականացնել նաև Պաշտպանի աշխատակազմի աշխատակիցները կամ փորձագետների խորհրդի անդամները:

2. Պետական, առևտրային կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկություններին Պաշտպանը կարող է ծանոթանալ օրենքով սահմանված կարգով:

3. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձինք պարտավոր են իրենց իրավասությանը վերաբերող պահանջվող նյութեր և փաստաթղթեր, ինչպես նաև բողոքը քննարկելու համար անհրաժեշտ ցանկացած տեղեկություն ներկայացնել Պաշտպանին անվճար և անարգել:

4. Պաշտպանի պահանջած նյութերը, փաստաթղթերը կամ տեղեկությունները պետք է ուղարկվեն Պաշտպանին հնարավորինս արագ, հարցումն ստանալուց հետո` ոչ ուշ, քան երեսուն օրվա ընթացքում, եթե հարցման մեջ այլ ժամկետ նշված չէ:

5. Իր լիազորությունների շրջանակում Պաշտպանն օգտվում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, ինչպես նաև կազմակերպությունների ղեկավարների և այլ պաշտոնատար անձանց, հարկադրական պահման վայրերի վարչակազմի մոտ անհետաձգելի ընդունելության իրավունքից:

(12-րդ հոդվածը խմբ. 01.06.06 ՀՕ-112-Ն, լրաց. 07.12.10 ՀՕ-200-Ն, խմբ. 10.06.14 ՀՕ-53-Ն)

 

Հոդված 13. ԲՈՂՈՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐԸ

 

1. Բողոքներն ուսումնասիրելիս Պաշտպանը պարտավոր է հնարավորություն տալ այն պետական մարմնին, տեղական ինքնակառավարման մարմնին կամ դրա պաշտոնատար այն անձին, որի որոշումը կամ գործողությունները (անգործությունը) բողոքարկվում են, պարզաբանումներ տալ բողոքի և կատարված ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ, ինչպես նաև հիմնավորել իրենց դիրքորոշումն ամբողջությամբ:

2. Բողոքի վերաբերյալ քննարկման արդյունքները, քննարկման ավարտից հետո` տասնօրյա ժամկետում, հանձնվում են այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին կամ դրա պաշտոնատար այն անձին, որի որոշումը կամ գործողությունները (անգործությունը) բողոքարկվում են: Վերջինս պարտավոր է իր դիրքորոշումն ու պարզաբանումները Պաշտպանին ուղարկել ուսումնասիրության արդյունքներն ստանալուց հետո` ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում: Նշված ժամկետը կարող է երկարաձգել Պաշտպանը:

 

Հոդված 14.  ԲՈՂՈՔՆԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

 

1. Մինչև բողոքի վերաբերյալ Պաշտպանի կողմից վերջնական որոշման ընդունումը, քննարկման ենթակա բողոքները կամ դրանց բովանդակությունը հրապարակման ենթակա չեն:

2. Պաշտպանն իրավունք չունի բողոքի ուսումնասիրման ընթացքում իրեն հայտնի դարձած դիմողի կամ այլ անձանց մասին տվյալներ հրապարակել` առանց նրանց գրավոր համաձայնության:

 

Հոդված 15.  ՊԱՇՏՊԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԸՆԴՈՒՆՎՈՂ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ

 

1. Քննարկված բողոքի արդյունքների հիման վրա Պաշտպանը պարտավոր է ընդունել հետևյալ որոշումներից մեկը.

1) առաջարկել այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին կամ դրա պաշտոնատար այն անձին, որի որոշումների կամ գործողությունների (անգործության) մեջ նա տեսնում է մարդու իրավունքների և ազատությունների խախտում, վերացնելու թույլ տրված խախտումները` նշելով մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վերականգնման համար անհրաժեշտ և կատարման ենթակա հնարավոր միջոցառումները.

2) մարդու իրավունքների և ազատությունների խախտման բացակայության մասին, եթե բողոքի քննարկման ընթացքում չի բացահայտվել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի կողմից մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտում.

3) օրենքով նախատեսված հիմքերով բողոքի քննարկումը դադարեցնելու մասին, եթե բողոքի քննարկման ընթացքում բացահայտվել են բողոքը չքննարկելու կամ քննարկումը դադարեցնելու վերաբերյալ հիմքեր.

4) մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները խախտող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի և դրա պաշտոնատար անձի` օրենքին և այլ իրավական ակտերին հակասող նորմատիվ իրավական ակտերն ամբողջովին կամ մասնակիորեն անվավեր ճանաչելու վերաբերյալ դատարան հայց ներկայացնելու մասին, եթե խախտում թույլ տված պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը կամ դրա պաշտոնատար անձը սահմանված ժամկետում ամբողջովին կամ մասնակիորեն անվավեր չի ճանաչում իր համապատասխան իրավական ակտը.

5) առաջարկել իրավասու պետական մարմիններին` կարգապահական կամ վարչական տույժի ենթարկել կամ քրեական պատասխանատվության կանչել պաշտոնատար այն անձին, որի որոշումներով կամ գործողություններով (անգործությամբ) խախտվել են մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, և (կամ) որը խախտել է սույն օրենքի պահանջները:

2. Պաշտպանը պարտավոր է բողոքի վերաբերյալ սույն հոդվածի 1-ին մասում նշված որոշման պատճենը, որոշումն ընդունելու օրվանից հինգ օրվա ընթացքում, ուղարկել այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին կամ դրա պաշտոնատար այն անձին, որի որոշումը կամ գործողությունները (անգործությունը) բողոքարկվել են:

3. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը կամ դրա պաշտոնատար այն անձը, որն ստացել է Պաշտպանի` սույն հոդվածի 1-ին մասում նշված միջնորդությունը, պարտավոր է դա ստանալու օրվանից քսանօրյա ժամկետում ձեռնարկված միջոցառումների մասին գրավոր հայտնել Պաշտպանին: Անհրաժեշտության դեպքում Պաշտպանի համաձայնությամբ այս ժամկետը կարող է երկարաձգվել:

4. Պաշտպանը, բողոքի վերաբերյալ սույն հոդվածի 1-ին մասում նշված իր որոշման պատճենը, որոշումն ընդունելու օրվանից հինգ օրվա ընթացքում, պարտավոր է ուղարկել բողոքն ուղարկած անձին: Պաշտպանի որոշումը չի կարող խոչընդոտ դառնալ անձի կողմից իր իրավունքները և հիմնարար ազատություններն օրենքով չարգելված այլ միջոցներով պաշտպանելու համար:

5. Պաշտպանը կարող է անհրաժեշտության դեպքում հատուկ զեկույցներ ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահին և Ազգային ժողով:

6. Պաշտպանը կարող է զանգվածային լրատվության միջոցներով հրապարակել իր միջնորդությանը չպատասխանած կամ միջնորդության պահանջները չկատարած կամ անբավարար կատարած պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վերաբերյալ հատուկ տեղեկություն` Պաշտպանի որոշման և միջնորդության վերաբերյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձանց պատասխանների հետ միասին, եթե սպառվել են պետական մարմիններում հարցը լուծելու համար Պաշտպանի բոլոր հնարավորությունները:

(15-րդ հոդվածը խմբ. 01.06.06 ՀՕ-112-Ն)

 

Հոդված 16.  ՊԱՇՏՊԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՏՐՎՈՂ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐԸ

 

Պաշտպանն իրավասու է մարդու իրավունքների և ազատությունների մասին տեղեկատվության ուսումնասիրության և վերլուծության արդյունքների հիման վրա, ուսումնասիրության արդյունքների ամփոփման նպատակով պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու դրանց պաշտոնատար անձանց ուղարկել խորհրդատվական բնույթի պարզաբանումներ և առաջարկություններ:

 

Հոդված 17. ՊԱՇՏՊԱՆԻ ԶԵԿՈՒՅՑԸ

 

1. Յուրաքանչյուր տարվա առաջին եռամսյակի ընթացքում Պաշտպանը Հայաստանի Հանրապետության Նախագահին, օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմիններ է ներկայացնում նախորդ տարվա ընթացքում իր գործունեության և երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին զեկույց, իսկ Ազգային ժողովի գարնանային նստաշրջանի ընթացքում դա ներկայացնում է Ազգային ժողովի նիստում: Պաշտպանը զեկույցը ներկայացնում է նաև զանգվածային լրատվամիջոցներին և համապատասխան հասարակական կազմակերպություններին:

2. Հասարակական հնչեղություն ունեցող առանձին հարցերի կամ մարդու իրավունքների կոպիտ խախտումների, ինչպես նաև խախտումները զանգվածաբար չվերացնելու դեպքերում Պաշտպանը կարող է հանդես գալ արտահերթ հրապարակային զեկույցներով:

 

Հոդված 18. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԵՆՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

 

Պաշտպանի որոշումների վրա ազդելու նպատակով նրա գործունեությանը միջամտելը կամ պաշտոնատար անձանց կողմից սույն օրենքով սահմանված Պաշտպանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը կամ սահմանված ժամկետներում նյութեր կամ փաստաթղթեր չներկայացնելը կամ Պաշտպանին սպառնալը կամ նրան վիրավորանք հասցնելն առաջացնում է պատասխանատվություն` դատավորի կամ դատարանի հանդեպ համանման խախտումների համար նախատեսված կարգով և չափով:

 

Հոդված 19. ՊԱՇՏՊԱՆԻ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

 

Պաշտպանն իր լիազորությունների ողջ ժամկետի ընթացքում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել Պաշտպանի` իր կարգավիճակից բխող գործողությունների, այդ թվում` Ազգային ժողովում հայտնած կարծիքի համար, եթե այն զրպարտություն կամ վիրավորանք չի պարունակում: Պաշտպանին չի կարելի որպես մեղադրյալ ներգրավել, կալանավորել կամ նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցել առանց Ազգային ժողովի համաձայնության: Պաշտպանին չի կարելի ձերբակալել առանց Ազգային ժողովի համաձայնության, բացառությամբ այն դեպքերի, երբ ձերբակալությունն իրագործվում է հանցագործության կատարման պահին: Այս դեպքում անհապաղ տեղեկացվում է Ազգային ժողովի նախագահը:

(19-րդ հոդվածը խմբ. 01.06.06 ՀՕ-112-Ն)

 

Հոդված 20. ՊԱՇՏՊԱՆԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

 

1.  Պաշտպանի վարձատրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

2. Պաշտպանն ունի 30 աշխատանքային օր տևողությամբ ամենամյա վճարովի արձակուրդի իրավունք:

3. Պաշտպանն իր լիազորությունների իրականացման ողջ ժամանակահատվածում ազատվում է ժամկետային զինվորական ծառայությունից, զորահավաքներից և վարժական հավաքներից:

4. (մասն ուժը կորցրել է 12.12.13 ՀՕ-199-Ն)

(20-րդ հոդվածը խմբ., լրաց. 07.12.10 ՀՕ-200-Ն, խմբ. 12.12.13 ՀՕ-179-Ն, փոփ. 12.12.13 ՀՕ-199-Ն)

 

Հոդված 21. ՊԱՇՏՊԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

 

Պաշտպանը և նրա ընտանիքի անդամները գտնվում են պետության պաշտպանության ներքո: Իրավասու պետական մարմինները Պաշտպանի դիմումի հիման վրա պարտավոր են ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ` Պաշտպանի և նրա ընտանիքի անդամների անվտանգությունն ապահովելու նպատակով:

 

Հոդված 22. ՊԱՇՏՊԱՆԻ ՏԵՂԱԿԱԼԸ

(հոդվածն ուժը կորցրել է 01.06.06 ՀՕ-112-Ն)

 

Հոդված 23. ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

 

1. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը (այսուհետ նաև` Պաշտպանի աշխատակազմ) իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որում իրականացվում է պետական ծառայություն` Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պետական ծառայությունը (այսուհետ նաև` Պաշտպանի աշխատակազմում պետական ծառայություն) անվանմամբ։

2. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պետական ծառայությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և սույն օրենքով Պաշտպանին վերապահված լիազորությունների իրականացումն ապահովելու նպատակով իրականացվող մասնագիտական գործունեությունն է, որն իրականացվում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում։

3. Մարզերում կարող են ստեղծվել Պաշտպանի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումներ։

4. Հիմնարկի հիմնադրին և կառավարման մարմնին վերապահված լիազորություններն իրականացնում է Պաշտպանը:

5. Այն անձինք, ովքեր որևէ պաշտոն են զբաղեցնում Պաշտպանի աշխատակազմում, չեն կարող մեղադրվել, հետաքննության ենթարկվել, ձերբակալվել, կալանքի ենթարկվել կամ դատի տրվել Պաշտպանի հանձնարարականի համաձայն իրենց պարտականությունները կատարելիս, որևէ գործողության, կարծիքի կամ ընդունած որոշման համար: Եթե աշխատակազմում որևէ պաշտոն զբաղեցնող անձը ձերբակալվում է, կալանքի է ենթարկվում կամ դատի է տրվում այլ հանգամանքի պատճառով, ապա մեղադրող մարմինը պետք է սահմանված կարգով և ժամկետում այդ մասին տեղեկացնի Պաշտպանին:

(23-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-112-Ն, խմբ. 07.12.10 ՀՕ-200-Ն)

 

Հոդված 23.1. Պաշտպանի աշխատակազմում պետական ծառայությունը կարգավորող իրավական ակտերը

 

1. Պաշտպանի աշխատակազմում մասնագիտական գործունեությունը, բացառությամբ տեխնիկական սպասարկման գործառույթների հետ կապված աշխատանքային գործունեության, պետական ծառայություն է, իսկ աշխատակազմում համապատասխան հաստիքներ զբաղեցնող աշխատողները պետական ծառայողներ են։

2. Պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության հետ կապված հարաբերությունների վրա տարածվում են «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներն այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են Պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության նկատմամբ և չեն հակասում սույն օրենքին։

3. «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները Պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության հետ կապված հարաբերությունների նկատմամբ տարածելիս`

1) դատական ծառայություն` ենթադրում է Պաշտպանի աշխատակազմում պետական ծառայություն.

2) դատական դեպարտամենտի ղեկավարին վերապահված լիազորություններն իրականացնում է Պաշտպանի աշխատակազմի ղեկավարը.

3) Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդին և Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահին վերապահված լիազորություններն իրականացնում է Պաշտպանը.

4) այն լիազորությունները, որոնք իրականացնում է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահը` Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի եզրակացության հիման վրա, իրականացնում է Պաշտպանը միանձնյա։

(23.1-րդ հոդվածը լրաց. 07.12.10 ՀՕ-200-Ն)

 

Հոդված 24. ՊԱՇՏՊԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

1. Պաշտպանի և նրա աշխատակազմի ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին, որը պետք է ապահովի նրանց բնականոն գործունեությունը:

2. Պաշտպանի և նրա աշխատակազմի բյուջեն պետական բյուջեի մաս է, որը ֆինանսավորվում է առանձին տողով:

2.1. Պաշտպանի աշխատավարձը հաշվարկվում է սույն օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով:

2.2. Պաշտպանի աշխատակազմի վարձատրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

3. Պաշտպանը օրենսդրությամբ սահմանված կարգով և «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում Պաշտպանի և աշխատակազմի առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը (նախահաշիվը) ներկայացնում է պետական լիազորված մարմին` պետական բյուջեի նախագծում ընդգրկելու համար:

4. Պաշտպանի և նրա աշխատակազմի առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը (նախահաշիվը) կառավարության կողմից ընդունվելու դեպքում ընդգրկվում է պետական բյուջեի նախագծում, իսկ առարկության դեպքում` պետական բյուջեի նախագծի հետ միասին ներկայացվում է Ազգային ժողով:

Կառավարությունն Ազգային ժողով և Պաշտպանին է ներկայացնում բյուջետային ֆինանսավորման վերաբերյալ առարկության հիմնավորումը:

5. Պաշտպանն ինքնուրույն է տնօրինում իր ֆինանսական միջոցները:

6. Ֆինանսական և բյուջետային հաշվետվությունները Պաշտպանը ներկայացնում է համապատասխանաբար սույն օրենքի 17-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության բյուջետային օրենսդրությամբ սահմանված կարգերին համապատասխան:

(24-րդ հոդվածը խմբ. 01.06.06 ՀՕ-112-Ն, լրաց. 07.12.10 ՀՕ-200-Ն, փոփ. 13.11.12 ՀՕ-191-Ն, խմբ. 12.12.13 ՀՕ-179-Ն)

 

Հոդված 25. ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

(հոդվածն ուժը կորցրել է  07.12.10 ՀՕ-200-Ն)

 

Հոդված 26. ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

 

1. Պաշտպանը, խորհրդատվական օգնություն ստանալու նպատակով, կարող է ստեղծել փորձագիտական խորհուրդներ` կազմված մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների բնագավառում անհրաժեշտ գիտելիքներ ունեցող անձանցից:

2. Փորձագիտական խորհրդի անդամներին հրավիրում է Պաշտպանը:

3. Փորձագիտական խորհրդի կազմը չի կարող գերազանցել 20 անդամը:

4. Փորձագիտական խորհրդի անդամները ներգրավվում են կամավորական հիմունքներով և իրենց գործունեությունն իրականացնում են հասարակական կարգով:

(26-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-112-Ն)

 

Հոդված 27. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասը, 6-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը և 3-րդ մասը, 15-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետն ուժի մեջ են մտնում Պաշտպանի նշանակման և Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան դիմելու իրավունքի մասին դրույթները Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանելուց հետո:

2. Մինչև սահմանադրական փոփոխությունները, Հայաստանի Հանրապետության Նախագահը`

1) Ազգային ժողովի խմբերի և խմբակցությունների հետ խորհրդակցելուց հետո նշանակում է Պաշտպանին.

2) տալիս է 6-րդ հոդվածով, 19-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով պահանջվող համաձայնությունները:

Առաջին Պաշտպանի պաշտոնավարման ժամկետը լրանում է սույն հոդվածի առաջին մասով սահմանված սահմանադրական փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո` երեսուներորդ օրը:

Առաջին Պաշտպանը նշանակվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` երկու ամսվա ընթացքում:

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2004 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2003 թ. նոյեմբերի 15
Երևան
ՀՕ-23-Ն

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան