Գլխավոր տեղեկություն
Համար
N 608
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (-till now)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1993/11-12, նոյեմբեր, դեկտեմբեր 1993
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.12.1993
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 դեկտեմբերի 1993 թ. N 608

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՎ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՄՅՈՒՍ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության արտաքին տնտեսական գործունեության պետական կարգավորման, այդ բնագավառում հաշվառման և վերահսկողության կատարելագործման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունից արտադրական նշանակության սարքավորումների, մեքենաների և տեխնիկայի մյուս տեսակների արտահանման կարգը (կցվում է):

2. Երկակի նշանակության սարքավորումների, մեքենաների և տեխնիկայի մյուս տեսակների արտահանումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի սեպտեմբերի 27-ի «Միջուկային, քիմիական և զանգվածային ոչնչացման այլ զենքերի ստեղծման դեպքում կիրառվող հումքերի, նյութերի, սարքավորումների, տեխնոլոգիաների և ծառայությունների ցանկը հաստատելու մասին» N 487 որոշման համաձայն:

3. Սույն որոշման գործողությունը չի տարածվում Հայաստանի Հանրապետությունում թողարկված, Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանվող պատրաստի արտադրանք հանդիսացող արտադրական նշանակության սարքավորումների, մեքենաների և տեխնիկայի մյուս տեսակների (այսուհետև` արտադրական նշանակության տեխնիկայի) վրա, բացառությամբ սույն որոշման 7-րդ կետով նախատեսված դեպքերում տեխնիկայի այն տեսակների, որոնց արտահանումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրական այլ ակտերով նախատեսված կարգով:

4. Հաստատել Հայաստանի Հանրապետությունից արտադրական նշանակության տեխնիկայի արտահանման հարցերով զբաղվող հանձնաժողովի կազմը, համաձայն հավելվածի:

5. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին և գերատեսչություններին` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին, Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությանը, Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչությանը և Հայաստանի Հանրապետությունից արտադրական նշանակության տեխնիկայի արտահանման հարցերով զբաղվող հանձնաժողովին տեղեկատվություն ներկայացնել իրենց համակարգերի կողմից Հայաստանի Հանրապետությունից արտադրական նշանակության տեխնիկայի արտահանման նախկինում կնքված պայմանագրերի և համաձայնագրերի մասին:

6. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունից արտադրական նշանակության սարքավորումների, մեքենաների և տեխնիկայի մյուս տեսակների արտահանման կարգի համաձայն արտահանված արտադրական նշանակության տեխնիկան հանրապետություն չվերադարձնելու դեպքում արտահանված արտադրական տեխնիկայի համարժեք գույքի նկատմամբ իրականացվում է բռնագանձում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

7. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ երկշաբաթյա ժամկետում հաստատել արտադրական նշանակության տեխնիկայի (այդ թվում նաև հանրապետությունում թողարկվող) այն տեսակների ցանկը, որոնց արտահանման համար անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության գրավոր եզրակացությունը:

8. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` մեկշաբաթյա ժամկետում հաստատել արտադրական նշանակության տեխնիկայի արտահանման հարցերով զբաղվող հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգը:

9. Արտադրական նշանակության տեխնիկայի արտահանման հարցերով զբաղվող հանձնաժողովին` եռամսյա ժամկետում մշակել արտադրական նշանակության տեխնիկայի այն տեսակների ցանկը, որոնց վրա պետք է տարածվի սույն որոշման գործողությունը և այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

ՀաՍՏԱՏՎԱԾ է

ՀՀ կառավարության 1993 թ.

դեկտեմբերի 3-ի N 608 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՎ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՄՅՈՒՍ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ

 

1. Սույն կարգը տարածվում է Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և անհատ ձեռներեցների վրա (այսուհետև` արտահանող սուբյեկտներ), անկախ սեփականության ձևից, բացառությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող այլ պետությունների դիվանագիտական, հյուպատոսական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների և դրանց այլ մարմինների: Այն չի կիրառվում օտարերկրյա մասնակցությամբ ձեռնարկությունների տեխնիկայի այն մասի համար, որը Հայաստանի հանրապետության տարածք է ներմուծվել նրանց գործունեության իրականացման նպատակով:

2. Սույն կարգը չի տարածվում փոքրարժեք և արագամաշ առարկաների, մարդատար ավտոմեքենաների, ուղևորներ փոխադրող տրանսպորտային միջոցների (բացի մետրոյի և տրամվայի վագոններից, տրոլեյբուսներից և ավտոբուսներից) և կենցաղային նշանակության տեխնիկայի վրա (բացառությամբ համակարգիչների): Արտահանման տեսանկյունից կենցաղային նշանակության տեխնիկա է համարվում այն տեխնիկան, որի արտահանումը քաղաքացիների կողմից թույլատրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

3. Հայաստանի Հանրապետությունից արտադրական նշանակության տեխնիկայի արտահանման հարցերով զբաղվող հանձնաժողովի (այսուհետև` հանձնաժողով) եզրակացությունները, համաձայն սույն կարգի N 1 հավելվածի, տրվում են հետևյալ դեպքերում`

4. Երբ արտադրական նշանակության տեխնիկան Հայաստանի Հանրապետության տարածքից ժամանակավոր արտահանվում է աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման համար:

Այս դեպքում արտահանման թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է հանձնաժողովին ներկայացնել.

ա) համապատասխան աշխատանք կատարելու կամ ծառայություն մատուցելու մասին կնքված պայմանագիրը` կցելով պայմանագրում նախատեսված տեխնիկայի ցանկը.

բ) արտահանող սուբյեկտների կառավարման ղեկավար կամ հիմնադիր փաստաթղթերով սահմանված այլ մարմնի ղեկավար կամ հիմնադիր փաստաթղթերով սահմանված այլ մարմնի որոշումը նման գործարք կատարելու վերաբերյալ և դիմումը տեխնիկայի արտահանման մասին (կցելով արտահանվող տեխնիկայի ցանկը, նշելով դրանցից յուրաքանչյուրի հաշվեկշռային արժեքը, թողարկման կամ ձեռքբերման տարեթիվը, մաշվածությունը).

գ) տեղեկանք արտահանման արդյունքում արտահանող սուբյեկտի մոտ մնացող նույնատիպ տեխնիկայի արժեքի, դրա թողարկման ժամկետների, մաշվածության մասին.

դ) սույն որոշման 7-րդ կետով նախատեսված ցանկի մեջ մտնող արտադրական նշանակության տեխնիկայի արտահանման դեպքում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության գրավոր եզրակացությունը.

ե) արտահանող սուբյեկտի պարտավորագիրը արտահանված տեխնիկան հանրապետություն վերադարձնելու մասին, հաստատված ձեռնարկության ղեկավար մարմնի կողմից, որտեղ նշված են վերադարձման ժամկետները:

Ներկայացված փաստաթղթերի հիման վրա հանձնաժողովն արտադրական նշանակության տեխնիկայի արտահանման սույն կարգով նախատեսված բոլոր դեպքերում կայացնում է որոշում: Դրական որոշման դեպքում հանձնաժողովի որոշումը ձևակերպվում է արտադրական նշանակության տեխնիկայի արտահանման վերաբերյալ եզրակացության մեջ, համաձայն սույն կարգի N 1 հավելվածի: Դրական եզրակացությունը տրվում է 6 օրինակից, որից մեկ օրինակը պահվում է հանձնաժողովի մոտ, երկու օրինակը տրվում են արտահանող սուբյեկտին, մեկ օրինակը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններին, չորրորդը ներկայացվում է արտահանող սուբյեկտին սպասարկող բանկին, հինգերորդը` Հայաստանի Հանրապետության վիճպետվարչությանը, իսկ վեցերորդը` հարկային պետական տեսչության համապատասխան մարմնին:

Արտադրական նշանակության տեխնիկա արտահանող սուբյեկտները, ստանալով արտահանման վերաբերյալ հանձնաժողովի դրական եզրակացությունը, պարտավոր են վարել արտահանվող արտադրական նշանակության տեխնիկայի գծով առանձին հաշվառում.

զ) տեղեկանք սպասարկող բանկից այն մասին, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի թույլտվությամբ արտահանման վայրում բացվել է հաշվարկային հաշիվ, և այդ մասին տեղեկացվել է Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությանը:

5. Արտադրական նշանակության տեխնիկայի Հայաստանի Հանրապետությունից դուրս օտարման (վաճառքի) դեպքում արտահանող սուբյեկտը հանձնաժողովին է ներկայացնում.

ա) արտադրական տեխնիկայի առուծախի պայմանագրի պատճենը, կցելով պայմանագրում նախատեսված տեխնիկայի ցանկը:

Հայաստանի Հանրապետությունում գրանցված տնտեսավարող բոլոր սուբյեկտները (անկախ սեփականության ձևից) արտադրական նշանակության տեխնիկայի վաճառքի դեպքում արտահանումն իրականացնում են, եթե դրանց առուծախի պայմանագրով նախատեսված են (վաճառքի գնի 25 տոկոսից ոչ պակաս չափով) կանխավճարային կամ ակրեդիտիվային ձևեր.

բ) սույն կարգի 4-րդ կետի «բ», «գ», «դ» ենթակետերով նախատեսված փաստաթղթերը:

Հայաստանի Հանրապետության բոլոր տնտեսավարող սուբյեկտները (անկախ սեփականության ձևից) արտադրական նշանակության տեխնիկայի վաճառքի գործառնություններ կատարելիս լրացնում են համապատասխան հաշիվ-ապրանքագիր (ֆակտուրա)` 5 օրինակից, որը գրանցվում է Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության կողմից և հաստատվում սպասարկող բանկի բաժանմունքի կամ բանկի կողմից: Հաշիվ-ապրանքագրի մեկ օրինակը պահվում է հայտատուի մոտ, մյուսը` Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությունում, իսկ մնացած օրինակները Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությունն ուղարկում է համապատասխան սպասարկող բանկ, Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչություն և հանձնաժողովին:

Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության մարմինները պարտավոր են արտադրական նշանակության տեխնիկայի վաճառքի դեպքում հաշիվ-ապրանքագիրը և հանձնաժողովի եզրակացությունը, իսկ սույն կարգով նախատեսված արտադրական նշանակության տեխնիկայի արտահանման այլ դեպքերում` հանձնաժողովի եզրակացությունը համեմատել մաքսային հայտարարագրերի հետ, հաստատել առաջինի համապատասխանությունը երկրորդին` վաճառքի դեպքում հաշիվ-ապրանքագրի, իսկ այլ դեպքերում հանձնաժողովի եզրակացության վրա դնելով համապատասխան կնիք և նշելով վերջինիս համարը, և 3-օրյա ժամկետում հաշիվ-ապրանքագիրը կամ հանձնաժողովի եզրակացությունն ուղարկել արտահանող սուբյեկտին սպասարկող բանկ: Սպասարկող բանկը պարտավոր է մաքսային մարմնից ստացած հաշիվ-ապրանքագիրը կամ հանձնաժողովի եզրակացությունը համեմատել արտահանող սուբյեկտից ստացած հաշիվ-ապրանքագրի կամ հանձնաժողովի եզրակացության հետ, համապատասխանության դեպքում միմյանց կցել նշված երկու փաստաթղթերը ու պահել արտահանող սուբյեկտի քարտարանում` մինչև գնորդի կողմից պայմանագրային պարտավորությունների կատարումը կամ ժամանակավոր արտահանման ժամկետի ավարտն ըստ պայմանագրի: Եթե սպասարկող բանկը երկու հաշիվ-ապրանքագրերի կամ երկու եզրակացությունների միջև հայտնաբերում է տարբերությունը` արտահանվող արտադրական նշանակության տեխնիկայի քանակի և արժեքի առումով, ապա այդ մասին համապատասխան տեղեկատվություն է ներկայացնում արտահանող սուբյեկտի գտնվելու վայրի հարկային պետական տեսչության մարմնին, մաքսային մարմնին և հանձնաժողովին, իսկ պետական ձեռնարկությունների դեպքում` նաև համապատասխան նախարարությանը, պետական վարչությանը, գերատեսչությանը:

6. Արտադրական նշանակության տեխնիկայի Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս վարձակալության (լիզինգ) օգտագործման դեպքում արտահանող սուբյեկտը հանձնաժողովին է ներկայացնում`

ա) արտադրական նշանակության տեխնիկայի վարձակալության (լիզինգի) մասին պայմանագիրը` կցելով պայմանագրում նախատեսված տեխնիկայի ցանկը.

բ) սույն կարգի 4-րդ կետի «բ», «գ», «դ», «ե» ենթակետերով նախատեսված փաստաթղթերը:

7. Հանրապետություն ժամանակավորապես ներմուծված արտադրական նշանակության տեխնիկայի արտահանման դեպքում արտահանող սուբյեկտը հանձնաժողովին է ներկայացնում`

ա) արտադրական նշանակության տեխնիկայով աշխատանքներն իրականացնող արտահանող սուբյեկտի գործունեության վերաբերյալ տեղեկանք (երբ լրացել է դրա գործունեության ժամանակը կամ իրականացրել է իր կանոնադրական ֆունկցիաները).

բ) սույն կարգի 4-րդ կետի «բ», «գ», «դ» ենթակետերով նախատեսված փաստաթղթերը:

8. Միջպետական և միջկառավարական համաձայնագրերով նախատեսված դեպքերում արտահանող սուբյեկտը հանձնաժողովին է ներկայացնում ՀՀ կառավարության հանձնարարականն արտադրական նշանակության տեխնիկայի արտահանման վերաբերյալ և ինվեստիցիաների պաշտպանության մասին միջպետական համաձայնագիրը (վերջինիս առկայության դեպքում):

9. Հանրապետությունից դուրս համատեղ, դուստր և այլ կազմակերպա-իրավական տեսակի ձեռնարկությունների, ինչպես նաև ձեռնարկությունների բաժանմունքների, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների ստեղծման ժամանակ արտադրական նշանակության տեխնիկան, որպես կանոնադրական ֆոնդում ներդրում իրականացնելու դեպքում, արտահանող սուբյեկտը հանձնաժողովին է ներկայացնում`

ա) ստեղծվող ձեռնարկության կամ ձեռնարկության առանձնացված ստորաբաժանման փաստաթղթերը (նախագծերը).

բ) սույն կարգի 4-րդ կետի «բ», «գ», «դ», «ե» ենթակետերում նախատեսված փաստաթղթերը.

գ) տվյալ երկրի արտասահմանյան ինվեստիցիաների պաշտպանությանը վերաբերող օրենսդրական ակտերի մասին տեղեկանք:

10. Երբ արտադրական նշանակության տեխնիկան հանրապետությունից արտահանվում է այլ նպատակներով (օրինակ` վերանորոգման)` հետ վերադարձնելու պայմանով, արտահանող սուբյեկտը հանձնաժողովին է ներկայացնում կողմերի միջև կնքված պայմանագիրը:

11. Արտահանող սուբյեկտները (բացի վաճառքի, ժամանակավոր ներմուծված արտադրական տեխնիկայի արտահանման և այլ պետություններում ձեռնարկություններ ստեղծելու կամ դրանց անդամակցելու դեպքերից) իրավունք ունեն արտահանել արտադրական նշանակության տեխնիկա այնպիսի առավելագույն արժեքով, որը չի գերազանցում արտահանող սուբյեկտի հիմնական արտադրական միջոցների կամ արտահանողի ցանկությամբ դրան հավասարեցված այլ միջոցների հաշվեկշռային արժեքի 50 տոկոսը: Արտահանվող արտադրական նշանակության տեխնիկայի (բացի վաճառքի և ժամանակավոր ներմուծված արտադրական տեխնիկայի արտահանման և այլ պետություններում ձեռնարկություններ ստեղծելու կամ դրանց անդամակցելու դեպքերից) արտահանող սուբյեկտը պարտավորվում է այդ արժեքի չափով պարտավորություններ կրել Հայաստանի Հանրապետության առջև և այդ մասին կնքում համապատասխան պարտավորագիր Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ, համաձայն սույն կարգի N 2 հավելվածի:

12. Արտահանող սուբյեկտները պատասխանատվություն են կրում ներկայացված փաստաթղթերի և տեղեկությունների հավաստիության համար:

13. Արտահանող սուբյեկտներն արտադրական նշանակության սարքավորումների, մեքենաների և տեխնիկայի մյուս տեսակների արտահանումն իրականացնում են միայն սահմանված կարգով ձևակերպված հանձնաժողովի եզրակացություններն ստանալուց հետո:

14. Հանձնաժողովի եզրակացությունը տրվում է դիմելու օրվանից 10-օրյա ժամկետում:

15. Հանձնաժողովի կողմից եզրակացությունները տրվում են արտահանող սուբյեկտներին և ենթակա չեն փոխանցման այլ իրավաբանական անձանց:

16. Արտադրական նշանակության տեխնիկայի արտահանման վերաբերյալ եզրակացությունները տրվում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության բլանկի վրա:

17. Եզրակացություն տալու գրավոր մերժման և տրված եզրակացության գործողության կասեցման հիմք կարող են հանդիսանալ`

ա) պետական շահերի պաշտպանությունը` կապված միջազգային համաձայնագրերի ապահովման և հանրապետությունից կարևորագույն արտադրական նշանակության մեքենաների, սարքավորումների ու տեխնիկայի մյուս տեսակների անվերահսկելի արտահանման կանխումը.

բ) ներկայացված փաստաթղթերում սխալ տեղեկությունների առկայությունը.

գ) արտահանվող տեխնիկայի եզակիությունը, դրա պաշտպանական և տնտեսական խնդիրների լուծման գործում կարևորությունը.

դ) ՀՀ օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:

18. Եզրակացության տրման անհիմն մերժումը, ինչպես նաև դրա գործողության կասեցումը կամ անվավեր ճանաչումը դիմողի կողմից կարող է գանգատարկվել դատական կարգով, իսկ մեղավոր անձինք կրում են պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ՀաՎԵԼՎԱԾ N 1

Հայաստանի Հանրապետությունից արտադրական նշանակության սարքավորումների, մեքենաների և տեխնիկայի մյուս տեսակների արտահանման կարգի

 

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Գրանցման համարը ___________________

Տրման ժամկետը _____________________

Գործողության ժամկետը ______________

 

Տրվում է ___________________________________________

                        (արտահանող սուբյեկտի անվանումը)

Հասցեն ____________________________________________

Հեռախոսը _________________________________________

Ֆաքսը ____________________________________________

Հաշվարկային հաշվի համարը ________________________

Գրանցված է _________________________________________

                          (պետական գրանցող մարմինը և հասցեն)

Հայաստանի Հանրապետությունից արտադրական նշանակության տեխնիկայի արտահանման հարցերով զբաղվող հանձնաժողովի կարծիքը

______________________________________

                    (դրական, բացասական)

___________________________________________________

(բացասական եզրակացության դեպքում նշվում է մերժման հիմքը, հանձնաժողովի

___________________________________________________

կայացրած նիստի օրը և նիստի արձանագրության համարը)

___________________________________________________

Թույլատրել արտահանել _____________________________

                         (նշվում է արտահանվող տեխնիկայի արժեքը, քանակը,

___________________________________________________

արտահանման երկիրը և արտահանման ձևը)

Արտահանվող տեխնիկայի անվանացանկը __________ էջից կցվում է:

Հատուկ պահանջներ ________________________________

___________________________________________________

___________________________________________________

 

Հայաստանի Հանրապետությունից արտադրական

նշանակության տեխնիկային արտահանման

հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ`                     Կ. Տ.

________________________________

(ստորագրությունը, Ա. Հ. Ա.)

 

ՀաՎԵԼՎԱԾ N 2

Հայաստանի Հանրապետությունից արտադրական նշանակության սարքավորումների, մեքենաների և տեխնիկայի մյուս տեսակների արտահանման կարգի

 

Պ Ա Ր Տ Ա Վ Ո Ր Ա Գ Ի Ր

 

Քաղ. Երևան

«_____» _______________________ 1993թ.

____________________________________________________________________________ այսուհետև

(արտահանող սուբյեկտի անվանումը)

արտահանող սուբյեկտը ի դեմս

_____________________________________________________________

(արտահանող սուբյեկտի ղեկավարի Ա. Հ. Ա.)

 

արտահանող սուբյեկտի կանոնադրության և Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի դեկտեմբեր ___ -ի «Հայաստանի Հանրապետության տարածքից արտադրական նշանակության սարքավորումների, մեքենաների և տեխնիկայի մյուս տեսակների արտահանման կարգավորման մասին» N  ________ որոշման համաձայն, պարտավորվում է

 

I. Պարտավորագրի առարկան

 

1. Արտահանող սուբյեկտն արտադրական նշանակության տեխնիկայի արտահանման պայմանագրի դրույթներին համաձայն, որպես իր պարտավորությունների կատարման երաշխիք, պարտավորվում է իրեն սեփականության կամ լրիվ տնտեսավարման իրավունքով պատկանող գույքը

___________________________________________________

(գույքի անվանումը, հաշվեկշռային արժեքը, գտնվելու վայրը, հասցեն)

___________________________________________________

___________________________________________________

___________________________________________________

հանձնել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը:

2. Գնահատված գույքի վերաբերյալ կազմվում է արձանագրություն (նշելով արժեքը), որը հանդիսանում է սույն պարտավորագրի անբաժանելի մասը:

 

II. Արտահանող սուբյեկտի պարտավորությունները

 

3. Արտահանող սուբյեկտը պարտավորվում է.

ա) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը ներկայացնել համապատասխան փաստաթղթեր այն մասին, որ սույն պարտավորագրում նշված գույքը սեփականության կամ լրիվ տնտեսավարման իրավունքով պատկանում է իրեն.

բ) իրազեկ պահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը սույն պարտավորագրում նշված գույքի նկատմամբ երրորդ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց իրավունքների վերաբերյալ.

գ) սույն պարտավորագրի գործողության ընթացքում ապահովել վերոհիշյալ գույքի պահպանումն այն տեսքով և վիճակով, որով այն գնահատվել է.

դ) սույն պարտավորագրի գործողության ընթացքում նշված գույքի նկատմամբ չկատարել այնպիսի իրավական գործողություններ, որոնք կարող են տվյալ գույքի նկատմամբ սեփականության լրիվ տնտեսավարման իրավունքի փոփոխման հիմք հանդիսանալ:

4. Արտադրական նշանակության տեխնիկայի արտահանման պայմանագիրը ժամանակին և ամբողջությամբ չկատարելու դեպքում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ցուցումով Հայաստանի Հանրապետության համապատասխան կառավարման մարմնի տնօրինությանը հանձնել պարտավորագրում նշված գույքը, ինչպես նաև կատարել նոտարական ծառայությունների համար օրենսդրությամբ սահմանված վճարներ:

 

III. Արտահանող սուբյեկտի և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության իրավունքները

 

5. Արտահանող սուբյեկտն իրավասու է արտադրական նշանակության տեխնիկայի արտահանման պայմանագրով իր վրա դրված պարտավորությունները ժամանակին և ամբողջությամբ կատարելու դեպքում իր հայեցողությամբ տնօրինել պարտավորագրում նշված գույքը:

6. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը Հայաստանի Հանրապետության անունից արտադրական նշանակության տեխնիկայի արտահանման պայմանագիրն արտահանող սուբյեկտի կողմից ժամանակին չկատարելու դեպքում ձեռք է բերում պարտավորագրում նշված գույքի նկատմամբ սեփականության իրավունք:

7. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը սույն պարտավորագրի 6-րդ կետով սահմանված իր իրավունքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է զիջել այլ պետական մարմնին:

 

IV. Այլ պայմաններ

 

8. Պարտավորագրում նշված գույքի գումարը (վերագնահատված արժեքով) չպետք է ցածր լինի արտադրական նշանակության տեխնիկայի արտահանման պայմանագրով արտահանող սուբյեկտին հատկացված գումարից:

9. Եթե արտահանող սուբյեկտի պարտավորագրում նշված գույքի գումարը ցածր է արտադրական նշանակության տեխնիկայի արտահանման պայմանագրով նախատեսված գույքի արժեքից, արտահանող սուբյեկտը պարտավորվում է լրացնել պակասն իրեն պատկանող սեփական այլ գույքով, որը նույնպես պարտավորագրի առարկա է դառնում, որպես արտահանող սուբյեկտի պարտավորությունների կատարման երաշխիք: Այդ գույքի վրա տարածվում են սույն պարտավորագրով նախատեսված բոլոր նորմերը:

10. Պարտավորագրով նախատեսված գույքի նկատմամբ պարտավորության դադարեցումը կարող է տեղի ունենալ`

ա) ֆորս-մաժորի դեպքում.

բ) արտահանված տեխնիկայի այնպիսի մաշվածության պայմաններում, երբ տնտեսապես նպատակահարմար չէ դրա ներկրումը հանրապետություն.

գ) արտահանված տեխնիկայի վաճառքի դեպքում, եթե փաստաթղթերով հաստատվի դրա տնտեսական նպատակահարմարությունը:

Նշված դեպքերում կազմվում է առանձին արձանագրություն, որը համարվում է սույն պարտավորագրի անբաժան մասը:

 

V. Պարտավորագրի գործողության ժամկետը

 

11. Սույն պարտավորագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և գործում է մինչև արտադրական նշանակության տեխնիկայի արտահանման պայմանագրով նախատեսված պարտավորությունների լրիվ կատարումը:

 

VI. Վեճերի լուծումը

 

12. Սույն պարտավորագրի կատարման ընթացքում ծագած վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

VII. Կողմերի իրավաբանական հասցեները

 

 

Արտահանող սուբյեկտ`

Հայաստանի Հանրապետության

էկոնոմիկայի նախարարություն

 

ՀաՎԵԼՎԱԾ

ՀՀ կառավարության 1993 թ.

դեկտեմբերի 3-ի N 608 որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Ա. Եղիազարյան   - ՀՀ էկոնոմիկայի նախարար (նախագահ)
Ա. Ավետիսյան   - ՀՀ կառավարության գործերի կառավարչության տնտեսագիտական վարչության պետ (նախագահի տեղակալ)
Ե. Աբգարյան   - ՀՀ մաքսային վարչության պետ
Ռ. Դուրյան   - ՀՀ շինարարության նախարարի առաջին տեղակալ
Բ. Հարությունյան   - ՀՀ արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ
Պ. Ղալթաղչյան   - ՀՀ կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության պետ
Ս. Մուսոյան   - ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչության պետի տեղակալ
Գ. Մալխասյան   - ՀՀ արդարադատության նախարարության օրենսդրության վարչության պետ
Ս. Մելքոնյան   - ՀՀ ազգային անվտանգության պետական վարչության գլխավոր վարչության պետ
Ա. Մարկոսյան   - ՀՀ էկոնոմիկայի նախարարության ձեռնարկատիրական գործունեության կարգավորման բաժնի պետ (քարտուղար)
Ս. Սահակյան   - ՀՀ հարկային պետական տեսչության պետ
Է. Ստեփանյան   - ՀՀ կենտրոնական բանկի նախագահի առաջին տեղակալ
Ա. Սարգսյան   - ՀՀ կառավարության 10-րդ վարչության պետ
Հ. Քոչինյան   - ՀՀ տրանսպորտի և հաղորդակցության նախարար

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ