Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-114-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (30.12.2013-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.12.20/68(1008) Հոդ.1157
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
05.12.2013
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
17.12.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.12.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2013 թվականի դեկտեմբերի 5-ին

 

«ԻՆՏԵՐՆԵՏՈՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի ապրիլի 9-ի ՀՕ-172-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով.

 

«7) պաշտոնական էլեկտրոնային փոստ՝

ա. ֆիզիկական անձի դեպքում՝ անձին նույնականացման քարտի հետ մեկտեղ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տրված էլեկտրոնային փոստը,

բ. իրավաբանական անձի դեպքում՝ իրավաբանական անձանց պետական գրանցման գրանցամատյանում գրառված էլեկտրոնային փոստը,

գ. պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի դեպքում՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում մատնանշված էլեկտրոնային փոստը:»:

 

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 10. Անհատական ծանուցումը ինտերնետի միջոցով

 

1. Օրենքով կամ նորմատիվ իրավական այլ ակտով սահմանված այն դեպքերում, երբ նախատեսվում է անհատական ծանուցում, անձը համարվում է պատշաճ ծանուցված նաև այն դեպքում, երբ տեղեկատվությունն ուղարկվել է նրա պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով, և առկա է այն կարդալու մասին էլեկտրոնային հավաստում:

2. Եթե սույն հոդվածի 1-ին մասին համապատասխան ծանուցագիր ուղարկած անձը կամ մարմինը մեկշաբաթյա ժամկետում չի ստանում կարդալու մասին էլեկտրոնային հավաստումը, ապա ծանուցագիրն ուղարկվում է փոստային կապի միջոցով՝ հետադարձ ծանուցմամբ: Ծանուցագիրը փոստային կապի միջոցով ուղարկելուց հետո՝ տասնչորսերորդ օրը, հետադարձ ծանուցում չստանալու դեպքում այն ևս մեկ անգամ ուղարկվում է անձի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով՝ նույն ծանուցագիրը միաժամանակ հրապարակելով Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված հետադարձ ծանուցումը ստանալու պահից, իսկ դրա բացակայության դեպքում նույն մասի երկրորդ նախադասությամբ նախատեսված գործողությունները կատարելուց հետո՝ յոթերորդ օրը, անձը համարվում է պատշաճ ծանուցված:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2013 թ. դեկտեմբերի 17

Երևան

ՀՕ-114-Ն

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան