Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-252-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (07.01.2013-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.12.28/66(940) Հոդ.1415
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
19.12.2012
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.12.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.01.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2012 թվականի դեկտեմբերի 19-ին

 

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`

 

«դրոշմապիտակ` սահմանված չափեր, ձև և կեղծումից պաշտպանվածության աստիճան ունեցող ինքնասոսնձվող դրոշմանիշ, որի վրա նշված ապրանքի համառոտ անվանումը, սերիան և հերթական համարը հնարավորություն են տալիս նույնականացնել դրանով դրոշմավորված ապրանք արտադրողին կամ ներմուծողին:»:

 

Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-9.6-րդ հոդվածներով`

 

«Հոդված 9.1.

Ապրանքների դրոշմավորումը

 

1. Եթե սույն հոդվածով այլ բան սահմանված չէ, դրոշմապիտակներով պարտադիր դրոշմավորման ենթակա են Հայաստանի Հանրապետության տարածքում օտարման ենթակա (օտարվող)` սույն օրենքի 9.2-րդ հոդվածում նշված ապրանքները:

2. Եթե սույն հոդվածով այլ բան սահմանված չէ, դրոշմապիտակներով դրոշմավորման պարտավորություն են կրում Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք «ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ ներմուծող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` անձինք) և Հայաստանի Հանրապետությունում պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրող անձինք:

3. Պարտադիր դրոշմավորման ենթակա չեն ֆիզիկական անձանց կողմից որպես ուղեկցող բեռ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող՝ Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված արժեքային, բնաիրային և քանակական չափերը չգերազանցող՝ սույն օրենքի 9.2-րդ հոդվածով սահմանված ցանկում ներառված ապրանքները:

4. Սույն օրենքի 9.1-9.6-րդ հոդվածների կիրառման լիազոր մարմին է հանդիսանում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն:

 

Հոդված 9.2.

Դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա ապրանքները

 

Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրված կամ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված՝ շշալցված կամ ցանկացած այլ ձևով տարայավորված հետևյալ ապրանքների վրա օտարման ցանկացած փուլում դրոշմապիտակի առկայությունը պարտադիր է.

Ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ-ի

Ապրանքախմբի անվանումը

Ապրանքախմբի համառոտ անվանումը

2201

ջրեր` ներառյալ բնական կամ արհեստական հանքային ջրերը, գազավորված կամ չգազավորված, առանց շաքարի կամ այլ քաղցրացնող կամ բուրավետ նյութերի հավելման

ջուր

2202

ջրեր` ներառյալ հանքային և գազավորված ջրերը, շաքարի կամ այլ քաղցրացնող կամ բուրավետ նյութերի հավելմամբ և այլ ոչ ալկոհոլային խմիչքներ

ըմպելիք

2203

Գարեջուր

գարեջուր

2208

ապրանքային դիրքին դասվող` մինչև 9 % սպիրտայնությամբ խմիչքներ, ներառյալ` ալկոհոլային կոկտեյլներ

կոկտեյլ

2009

մրգահյութեր և բանջարեղենի հյութեր, չխմորված և սպիրտ չավելացված

հյութ

Հոդված 9.3.

 Դրոշմապիտակների տրամադրման կարգը

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքում պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրող անձինք դրոշմապիտակները ձեռք են բերում իրենց հաշվառման հարկային տեսչությունից, իսկ Հայաստանի Հանրապետության տարածք պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ ներմուծող անձինք` իրենց հաշվառման մաքսատնից` մինչև այդ ապրանքների օտարումը:

2. Դրոշմապիտակները տրամադրվում են միայն Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) սույն հոդվածի 1-ին մասում նշված անձանց` նրանց կողմից դրոշմապիտակների ձեռք բերման ամբողջ արժեքը նախապես պետական բյուջե վճարելու դեպքում:

3. Դրոշմապիտակները հարկային կամ մաքսային մարմնի կողմից տրամադրվում են դրոշմապիտակի ձեռք բերման հայտի (այսուհետ` հայտ) հիման վրա: Դրոշմապիտակները տրամադրվում են դրանց ձեռք բերման համար հայտ ներկայացրած անձի լիազորած ֆիզիկական անձին` սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված փաստաթղթերը ներկայացնելու դեպքում:

4. Դրոշմապիտակներ ձեռք բերելու համար սույն հոդվածի 1-ին մասում նշված անձինք իրենց հաշվառման վայրի հարկային կամ մաքսային մարմին են ներկայացնում`

1) դրոշմապիտակների ձեռք բերման հայտ.

2) դրոշմապիտակների ձեռք բերման համար վճարված գումարը հաստատող փաստաթղթի պատճեն.

3) նախկինում ձեռք բերված դրոշմապիտակների օգտագործման մասին հաշվետվություն, բացառությամբ առաջին անգամ դրոշմապիտակներ ձեռք բերելու դեպքի.

4) դրոշմապիտակ ստացողի անձի լիազորած անձի անձնագրի պատճենը:

Հայտի ընդունումը մերժվում է սույն մասում նշված փաստաթղթերը ոչ լիարժեք ներկայացված լինելու դեպքում, ինչը հայտ ներկայացրած անձին չի զրկում փաստաթղթերը լիարժեք դարձնելուց հետո կրկին դիմելու իրավունքից:

5. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված փաստաթղթերը ներկայացնելու դեպքում դրոշմապիտակները տրամադրվում են 5 աշխատանքային օրվա ընթացքում:

Դրոշմապիտակների ստացումը հաստատվում է ստացականով:

6. Հարկային տեսչությունները յուրաքանչյուր արտադրողի, իսկ մաքսատները յուրաքանչյուր ներմուծողի համար վարում են դրոշմապիտակների հաշվառման քարտեր՝ ըստ դրոշմապիտակների տեսակների: Քարտում նշվում են տրամադրված կամ հետ ընդունված դրոշմապիտակների քանակները, սերիաները և համարները:

7. Սույն հոդվածով նախատեսված հայտի և հաշվետվության ձևերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն:

 

Հոդված 9.4.

Դրոշմապիտակներով դրոշմավորման (վերադրոշմավորման) կանոնները

 

1. Պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրող կամ ներմուծող անձինք ապրանքների դրոշմավորումն իրականացնում են ինքնուրույն` սույն օրենքի 9.3-րդ հոդվածի համաձայն ձեռք բերված դրոշմապիտակները այդ ապրանքների վրա փակցնելու միջոցով:

2. Հայաստանի Հանրապետության տարածքում պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրող անձինք ապրանքների դրոշմավորումը կարող են իրականացնել ապրանքի արտադրության կամ իրացման նախապատրաստման ցանկացած փուլում` իրենց կողմից ընտրված տարածքում, բայց ոչ ուշ մինչև այդ ապրանքների օտարումը:

3. Հայաստանի Հանրապետության տարածք պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ ներմուծող անձինք ապրանքների դրոշմավորումը կարող են իրականացնել նախքան այդ ապրանքները Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծելը կամ ներմուծելուց հետո` ներմուծող անձի կողմից ընտրված տարածքում, բայց ոչ ուշ մինչև այդ ապրանքների օտարումը:

4. Դրոշմավորված ապրանքի վրա պետք է փակցված լինի չվնասված և ամբողջական դրոշմապիտակ:

5. Ապրանքների դրոշմավորման և վերադրոշմավորման կանոնները (այդ թվում` դրոշմավորման ենթակա յուրաքանչյուր ապրանքախմբի համար դրոշմապիտակի փակցման տեղը) սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

6. Արգելվում է դրոշմապիտակների օտարումը կամ փոխանցումը (տրամադրումը, հատկացումը) այլ անձանց, բացառությամբ «ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմով արտահանված դրոշմապիտակներն օտարերկրյա պայմանադիր կողմին փոխանցելը:

 

Հոդված 9.5.

Դրոշմապիտակների նմուշների, տեխնիկական պահանջների և արժեքի սահմանումը, դրոշմապիտակները կիրառության մեջ դնելը և կիրառությունից հանելը

 

1. Դրոշմապիտակների նմուշները (այդ թվում` ձևը, գույնը, ըստ պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքատեսակների և տարողության) և տեխնիկական պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն: Ներմուծվող և տեղական արտադրության ապրանքների դրոշմապիտակները պետք է տարբերվեն գույներով և համապատասխանաբար «ներմուծված» կամ «տեղական» մակագրություններով:

2. Դրոշմապիտակի դարձերեսը պետք է ծածկված լինի փակցնելուց հետո այն անվնաս պոկելու հնարավորությունը բացառող սոսնձով:

3. Դրոշմապիտակի արժեքը որոշվում է տվյալ նմուշի դրոշմապիտակի արտադրության, պահպանության, օգտագործումից հանելու հետ կապված ծախսերից: Յուրաքանչյուր օրացուցային տարում կիրառվող դրոշմապիտակների արժեքը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Դրոշմապիտակների սահմանված արժեքը հրապարակվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքում՝ յուրաքանչյուր տարվա սկզբից առնվազն մեկ ամիս առաջ: Սույն մասով սահմանված ժամկետում դրոշմապիտակների արժեքը չհրապարակվելու դեպքում տվյալ օրացուցային տարում կիրառվում է դրոշմապիտակի նախորդ տարվա արժեքը:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի սահմանած նմուշի դրոշմապիտակները կիրառության մեջ դրվում և կիրառությունից հանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

5. Կիրառությունից հանված դրոշմապիտակներով դրոշմավորված ապրանքների օտարումը թույլատրելի լինելու ժամկետից հետո կարող է իրականացվել անմիջական արտադրողի կամ անմիջական ներմուծողի կողմից ապրանքների` նոր նմուշի դրոշմապիտակներով դրոշմավորված (հերթական թվով նմուշի դրոշմապիտակով վերադրոշմավորված) լինելու դեպքում:

 

Հոդված 9.6.

Ձեռք բերված և չօգտագործված (այդ թվում` վնասված) դրոշմապիտակների վերադարձը

 

1. Օգտագործված դրոշմապիտակների ձեռք բերման համար վճարված գումարը (բացառությամբ այն դրոշմապիտակների ձեռք բերման համար վճարված գումարների, որոնք չեն օգտագործվել և չեն վերադարձվել) հարկ վճարողի կողմից հարկային մարմին ներկայացվող` վերադաս հարկային մարմնի կողմից սահմանված ձևով դիմումի հիման վրա հաշվանցվում է հարկային պարտավորությունների դիմաց:

2. Ձեռք բերված և չօգտագործված դրոշմապիտակները վերադարձվում են հարկային կամ մաքսային մարմին` համապատասխան արտադրությունը կամ ներմուծումը դադարեցնելու ամսվան հաջորդող եռամսյա ժամկետում:

3. Տվյալ նմուշի չօգտագործված դրոշմապիտակները վերադարձվում են կիրառությունից հանելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող եռամսյա ժամկետում:

4. Փակցնելու ընթացքում վնասված դրոշմապիտակները սույն հոդվածով սահմանված կարգով և դեպքերում վերադարձվում են հարկային կամ մաքսային մարմին` յուրաքանչյուր կիսամյակի արդյունքներով` մինչև կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:

5. Չօգտագործված կամ վնասված դրոշմապիտակների վերադարձը սույն հոդվածով սահմանված ժամկետներից ուշացնելու, սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված դեպքերում հարկային տեսչությունների կամ մաքսատների կողմից հետ չընդունվելու կամ դրոշմապիտակների կորստի դեպքերում համապատասխան փաստն արձանագրվելու օրվա դրությամբ հաշվարկվում են հարկային պարտավորություններ այն չափով, որ չափով հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով կհաշվարկվեին դրանք, եթե դրոշմապիտակների տեսակին, քանակությանը և տարողությանը համապատասխանող ապրանքները հարկ վճարողի կողմից իրացված լինեին:

6. Սույն օրենքի 9.2-րդ հոդվածում նշված` պիտանելիության (պահպանման) ժամկետ ունեցող ապրանքների վրա փակցված դրոշմապիտակների գծով հարկային պարտավորություններ չեն առաջանում, եթե համապատասխան հաշվարկային և այլ փաստաթղթերով հիմնավորվում է, որ տվյալ ապրանքները պիտանելիության (պահպանման) ժամկետի ընթացքում չեն իրացվել և այդ ժամկետի ավարտից հետո Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով դուրս են գրվել:

7. Չօգտագործված կամ վնասված դրոշմապիտակների վերադարձման համար տնտեսավարող սուբյեկտները հարկային կամ մաքսային մարմին են ներկայացնում դիմում` նշելով դրոշմապիտակների վերադարձման պատճառները:

Հարկային կամ մաքսային մարմինը դրոշմապիտակներ վերադարձնելու մասին դիմումը ստանալուց հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում, ստուգում է դրոշմապիտակների համապատասխանությունը սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված պահանջներին և ընդունում է որոշում օրենքի պահանջներին դրանց համապատասխանության մասին: Դրական որոշման դեպքում չօգտագործված և հետ ընդունված դրոշմապիտակների համար վճարված գումարը վերադարձվում է հարկ վճարողին: Վնասված և հետ ընդունված դրոշմապիտակների համար վճարված գումարը վերադարձման ենթակա չէ:

8. Հարկ վճարողի կողմից վերադարձվող դրոշմապիտակները հարկային կամ մաքսային մարմինների կողմից չեն ընդունվում, եթե չեն պահպանվել հետևյալ պայմանները`

1) դրոշմապիտակները պետք է փակցված լինեն առանձին էջերի վրա` առանց ծալքերի և անհարթությունների.

2) պետք է պարզ երևան դրոշմապիտակի սերիան և դրա կենտրոնական մասը.

3) դրոշմապիտակների պատռվածքի դեպքում պատռված մասերը պետք է միացված լինեն.

4) վերադարձվող յուրաքանչյուր դրոշմապիտակի մակերեսը (այդ թվում` հավաքված առանձին մասերից) պետք է կազմի իր սկզբնական չափի առնվազն 60 տոկոսը:»:

 

Հոդված 3. Օրենքի 18-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`

 

«Սույն օրենքով սահմանված դրույթները խախտելու համար կիրառվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված պատասխանատվության միջոցները:»:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է 2013 թվականի հուլիսի 1-ից հետո ծագող հարաբերությունների վրա:

 

2013 թվականի հուլիսի 1-ի դրությամբ պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ իրացնող անձանց մոտ առկա չդրոշմավորված ապրանքային մնացորդները կարող են իրացվել մինչև 2013 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2012 թ. դեկտեմբերի 28

Երևան

ՀՕ-252-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան