Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-184-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (27.10.2012-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.10.17/50(924) Հոդ.1097
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
11.09.2012
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
04.10.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.10.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2012 թվականի սեպտեմբերի 11-ին

 

«ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Սպառողական կոոպերացիայի մասին» Հայաստանի Հանրապետության 1993 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-91 օրենքի (այսուհետ` Օրենք) նախաբանում «ընկերությունների և դրանց միությունների ստեղծման և» բառերը փոխարինել «կոոպերացիայի ձևավորման (ստեղծման)» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ հոդվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 1.

Սպառողական կոոպերատիվը

 

1. Հայաստանի Հանրապետությունում սպառողական կոոպերատիվը 5-ից ոչ պակաս անդամների (մասնակիցների) կարիքներն ապրանքներով և ծառայություններով բավարարելու, նրանց շահերը ներկայացնելու և դրանք պաշտպանելու նպատակով կամավոր հիմունքներով ձևավորված շահույթ ստանալու նպատակ չհետապնդող իրավաբանական անձ է:

2. Սպառողական կոոպերատիվի գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով և իրավական այլ ակտերով:

3. Սպառողական կոոպերատիվը, իր նպատակներից ելնելով, կարող է իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված ցանկացած գործունեություն:

 

Հոդված 2.

Սպառողական կոոպերատիվի մասնակիցները

 

1. Սպառողական կոոպերատիվի մասնակիցներ (անդամներ) կարող են լինել քաղաքացիները և (կամ) համատեղ գործունեության պայմանագիր կնքած անհատ ձեռնարկատերերն ու գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող քաղաքացիները:

 

Հոդված 3.

Սպառողական կոոպերատիվների միությունը

 

1. Սպառողական կոոպերատիվների միությունը (այսուհետ` միություն) իրավաբանական անձանց գույքային և (կամ) այլ մասնակցությամբ կազմավորված սպառողական կոոպերացիա է: Միությունն իրավաբանական անձ է, որի գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով իրավաբանական անձանց միությունների համար սահմանված դրույթներով` սույն օրենքով նախատեսված առանձնահատկություններով:

2. Միության մասնակիցն իրավունք ունի դուրս գալու միության կազմից` միության կանոնադրությամբ սահմանված կարգով դրամական կամ նյութական այլ արտահայտությամբ ստանալով միությանը պատկանող գույքի իր բաժինը:

3. Միության կառավարման բարձրագույն մարմինն իր մասնակիցների ներկայացուցիչների ընդհանուր ժողովն է, որը որոշում է միության անդամների փայավճարի չափը (եթե միությանը մասնակցելը պայմանավորված է փայավճարով), ընտրում է միության ղեկավար և վերահսկիչ մարմիններ, լսում նրանց հաշվետվությունները, սահմանում այդ մարմինների պահպանման ծախսերը, որոշում դուստր ընկերություններ հիմնադրելու, վերակազմակերպելու, լուծարելու հարցերը, ինչպես նաև սույն օրենքով և միության կանոնադրությամբ իրեն վերապահված իրավասության սահմաններում լուծում է այլ հարցեր:

4. Ներկայացուցիչների ընդհանուր ժողովում միության մասնակիցները, անկախ փայավճարի չափից, առաջադրում են հավասար թվով ներկայացուցիչներ:

5. Ներկայացուցիչների ընդհանուր ժողովի որոշումը համարվում է ընդունված, եթե դրա օգտին քվեարկել է միության կազմի մեջ մտած բոլոր մասնակիցների ներկայացուցիչների 50 տոկոսից ավելին:

6. Միության գործունեությունը դադարում է ներկայացուցիչների ընդհանուր ժողովի որոշմամբ` գաղտնի քվեարկությամբ, եթե դրա օգտին քվեարկել է միության կազմի մեջ մտած բոլոր մասնակիցների ներկայացուցիչների ընդհանուր թվի ոչ պակաս, քան երկու երրորդը:

7. Միության գործադիր մարմինը վարչությունն է, իսկ վերահսկիչ մարմինը` վերստուգիչ հանձնաժողովը: Միության վարչության և վերստուգիչ հանձնաժողովի գործունեությունը կարգավորվում է միության կանոնադրությամբ:

8. Միության գործունեության դադարման դեպքում հարկերը վճարելուց, պարտադիր մյուս վճարումներն իրականացնելուց, պարտատերերի հանդեպ պարտավորությունները կատարելուց հետո մնացած գույքի բաշխման կամ հետագա օգտագործման կարգը որոշվում է միության կանոնադրությամբ:

 

Հոդված 4.

Սպառողական կոոպերատիվների և սպառողական կոոպերատիվների միության ու պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների փոխհարաբերությունները

 

1. Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է սպառողական կոոպերատիվի և դրանց միությունների իրավունքները և պաշտպանում նրանց օրինական շահերը: Պետությունն աջակցում է սպառողական կոոպերատիվների զարգացմանը և տնտեսական ինքնուրույնության ամրապնդմանը:

2. Սպառողական կոոպերատիվն իր գործունեության մեջ անկախ է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններից, հասարակական, քաղաքական և այլ կազմակերպություններից:

3. Արգելվում է սպառողական կոոպերատիվի գործունեությանը պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտությունը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի:

4. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների անօրինական միջամտության հետևանքով սպառողական կոոպերատիվին հասցված նյութական վնասը ենթակա է փոխհատուցման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

5. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները սպառողական կոոպերատիվի պարտավորությունների համար պատասխանատվություն չեն կրում, իսկ վերջիններս պատասխանատվություն չեն կրում այդ մարմինների պարտավորությունների համար:

 

Հոդված 5.

Սպառողական կոոպերատիվի պետական գրանցումը

 

1. Սպառողական կոոպերատիվը համարվում է ստեղծված և կարող է գործել որպես իրավաբանական անձ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` պետական գրանցման օրվանից:»:

 

Հոդված 3. Օրենքի 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2012 թ. հոկտեմբերի 4
Երևան

ՀՕ-184-Ն