Գլխավոր տեղեկություն
Համար
Հ-2
Տիպ
Հայտարարություն
Ակտի տիպ
Base act (14.12.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.12.12-2022.12.25 Պաշտոնական հրապարակման օրը 14.12.2022
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
14.12.2022
Ստորագրող մարմին
ՀՀ ԱԺ նախագահ
Ստորագրման ամսաթիվ
14.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը

 

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՃԳՆԱԺԱՄ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

2022 թվականի դեկտեմբերի 12-ի առավոտյան Ադրբեջանը ապօրինի կերպով արգելափակել է Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող Լաչինի միջանցքը։

Հերթական անգամ կոպտորեն ոտնահարելով Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանական Հանրապետության նախագահի, Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները՝ Ադրբեջանը նպատակ է հետապնդում Լեռնային Ղարաբաղին զրկել արտաքին աշխարհի հետ կապից։

Սադրանքի նախապատրաստման համար Ադրբեջանը տևական ժամանակ ստեղծում էր քարոզչական կեղծ պատրվակներ։ Այս ծայրահեղ սադրիչ և պայթյունավտանգ գործողության հետևանքով ԼՂ բնակիչները զրկվել են ազատ տեղաշարժի իրավունքից, հազարավոր մարդիկ, այդ թվում՝ երեխաներ, ձմռան ցուրտ պայմաններում մնացել են ճանապարհներին, բազմաթիվ ընտանիքներ ակամա կիսվել են՝ հայտնվելով շրջափակման տարբեր կողմերում։ Առողջական ծանր խնդիրներ ունեցող քաղաքացիները զրկված են դեղորայքից և առողջապահական ծառայություններից։ Խափանվել են պարենի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումները։ 120 հազար մարդ շրջափակման մեջ փաստացի հայտնվել է պատանդի կարգավիճակում։

Ահագնացնելով սադրիչ և հակամարդկային գործողությունները՝ դեկտեմբերի 13-ի երեկոյան Ադրբեջանը փակել է Լեռնային Ղարաբաղը բնական գազով մատակարարող խողովակի փականը, որը տեղադրել էր 2022 թվականի մարտի 7-ին խողովակը պայթեցնելուց հետո։ Ստեղծված իրավիճակում գազով ջեռուցվող դպրոցներն ու մանկապարտեզները հարկադրված դադարեցրել են աշխատանքները, ինչի հետևանքով շուրջ 22 հազար երեխա զրկվել է կրթության իրավունքից։

Ադրբեջանի վերոնշյալ գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետ է սկսվում, կոպտորեն խախտվում են մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, ԼՂ հայերի անվտանգությունը հայտնվել է ուղիղ սպառնալիքի ներքո։

Այս ամենը հերթական ապացույցն է այն բանի, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ որդեգրել է ցեղասպանության քաղաքականություն։ Ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից ԼՂ շփման գծում հրադադարի ռեժիմի պարբերական խախտումներն ու սադրանքները ԼՂ հայության գոյաբանական վտանգը ավելի առարկայական են դարձնում։

Լաչինի միջանցքը փակելով՝ Ադրբեջանը ուղղակիորեն ոտնահարում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, որոնց համաձայն՝ Լաչինի միջանցքը գտնվում է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո, և Ադրբեջանական Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը։

Ելնելով ստեղծված իրավիճակից՝ Ռուսաստանի Դաշնությանը կոչ ենք անում իրականացնել անհրաժեշտ գործողություններ՝ ապահովելու 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված դրույթների լիակատար իրականացումը ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում։

Միջազգային հանրությանը կոչ ենք անում խստորեն և հասցեական կերպով դատապարտել Ադրբեջանի գործողությունները և միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետի ծավալումը կանխելու համար։ Ստեղծված իրավիճակում ծայրահեղ անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմների գործարկումը կամ վերագործարկումը։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող և անդամ երկրներին կոչ ենք անում հումանիտար իրավիճակի մոնիտորինգի նպատակով փաստահավաք առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ։

 

Ազգային ժողովի նախագահ

Ա. Սիմոնյան

 

2022 թվական, դեկտեմբերի 14

Երևան

Հ-2

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 դեկտեմբերի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան