Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-288-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (01.06.2012-03.08.2013)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.12.28/71(874) Հոդ.1700
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
30.11.2011
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
21.12.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.06.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2011 թվականի նոյեմբերի 30-ին

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐԱՆԻՇԻ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1.

Սույն օրենքի կարգավորման առարկան

 

1. Սույն օրենքը սահմանում է հանրային ծառայությունների համարանիշի հասկացությունը, օգտագործման նպատակը, ձևավորման և հատկացման կարգը:

 

Հոդված 2.

Հանրային ծառայությունների համարանիշը

 

1. Հանրային ծառայությունների համարանիշը թվային տասը նիշերի համակցություն է, որը ձևավորվում է օրենքով սահմանված կարգով բնակչության պետական ռեգիստր մուտքագրված անհատական տվյալների` սեռի, ծննդյան օրվա, ամսվա, տարեթվի հիման վրա, ինչպես նաև ներառում է օժանդակ հերթական եռանիշ համար և ճշգրտող մեկ նիշ:

2. Հանրային ծառայությունների համարանիշը եզակի է և չի կարող փոփոխվել սույն օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված տվյալների փոփոխման դեպքում:

 

Հոդված 3.

Հանրային ծառայությունների համարանիշի ամրագրումը և օգտագործման նպատակը

 

1. Հանրային ծառայությունների համարանիշը ամրագրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու նույնականացման քարտում, օտարերկրյա քաղաքացու` Հայաստանի Հանրապետությունում կացության քարտում, Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող` քաղաքացիություն չունեցող անձի, փախստականի ինքնությունը հավաստող փաստաթղթերում:

2. Հանրային ծառայությունների համարանիշն օգտագործվում է պետական մարմինների, պաշտոնատար անձանց, իրավասու այլ անձանց կողմից օրենքով նրանց վերապահված խնդիրների (գործառույթների) շրջանակներում ֆիզիկական անձանց ծառայություններ մատուցելիս` անհատական տվյալների տեղեկատվական բազաներում վերջիններիս նույնականացումն իրականացնելու նպատակով:

 

Հոդված 4.

Հանրային ծառայությունների համարանիշի ձևավորման կարգը

 

1. Հանրային ծառայությունների համարանիշը ձևավորվում է հետևյալ կերպ.

1) թվային նիշերի առաջին զույգն արտացոլում է անձի ծննդյան ամսաթիվն ու սեռը և կարող է լինել`

ա. 11-41 (11` ամսի 1-ին ծնված լինելու դեպքում, 41` ամսի 31-ին ծնված լինելու դեպքում)` արական սեռի համար,

բ. 51-81 (51` ամսի 1-ին ծնված լինելու դեպքում, 81` ամսի 31-ին ծնված լինելու դեպքում)` իգական սեռի համար.

2) թվային նիշերի երկրորդ զույգը (3-րդ և 4-րդ նիշեր) արտացոլում է քաղաքացու ծննդյան ամիսն ու դարը և կարող է լինել`

ա. 01-12 (01` հունվարին ծնված լինելու դեպքում, 12` դեկտեմբերին ծնված լինելու դեպքում)` 20-րդ դարի համար (հունիսին ծնված լինելու դեպքում` 14),

բ. 21-32 (21` հունվարին ծնված լինելու դեպքում, 32` դեկտեմբերին ծնված լինելու դեպքում)` 21-րդ դարի համար (հունիսին ծնված լինելու դեպքում` 34).

3) թվային նիշերի երրորդ զույգը (5-րդ և 6-րդ նիշեր) արտացոլում է քաղաքացու ծննդյան տարեթիվը և կարող է լինել 00-99.

4) թվային նիշերի երրորդ զույգին հաջորդող թվային նիշերի եռյակը (7-րդ, 8-րդ և 9-րդ նիշեր) արտացոլում է տվյալ օրը ծնված նույն սեռի անձանց` բնակչության պետական ռեգիստրում հաշվառման հերթական համարը և կարող է լինել 001-999:

2. Վերջին թվային նիշը ճշգրտող նիշն է: Ճշգրտող նիշի հաշվարկման կարգը սահմանում է բնակչության պետական ռեգիստրը վարող` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:

3. Հանրային ծառայությունների համարանիշը ձևավորելիս «6» թիվը չի կարող հաջորդաբար երեք անգամ կրկնվել:

 

Հոդված 5.

Հանրային ծառայությունների համարանիշը հատկացնելը

 

1. Հանրային ծառայությունների համարանիշը հատկացնում է բնակչության պետական ռեգիստրը վարող` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:

2. Ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի ցանկությամբ երեխայի բնակության վայրի տեղական ռեգիստրի կողմից 16 տարին չլրացած երեխային հատկացվում է հանրային ծառայությունների համարանիշ:

 

Հոդված 6.

Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունիսի 1-ից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Սոցիալական ապահովության քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:

3. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տրված սոցիալական ապահովության քարտերի համարները համարվում են հանրային ծառայությունների համարանիշեր և ամրագրվում են նույնականացման քարտերում դրանք քաղաքացիներին օրենքով սահմանված կարգով առաջին անգամ տրամադրելիս:

4. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տրված սոցիալական ապահովության քարտերը կարող են օգտագործվել սույն օրենքի 3-րդ հոդվածով նախատեսված նպատակներով:

5. Այն դեպքերում, երբ քաղաքացիների իրավունքների իրացման համար օրենսդրությամբ նախատեսվում է հանրային ծառայությունների համարանիշի (սոցիալական ապահովության քարտի) պարտադիր առկայություն, սակայն քաղաքացին հրաժարվել է ձեռք բերել հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական ապահովության քարտ) և չի ստացել նույնականացման քարտ, ապա բնակչության պետական ռեգիստր վարող մարմինը վերջինիս տրամադրում է հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք, որի հիման վրա պետական մարմինները կամ պաշտոնատար անձինք ապահովում են քաղաքացու իրավունքների իրացումը:

6. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված տեղեկանքի ձևը, տրամադրման կարգը, ինչպես նաև քաղաքացու ցանկությամբ հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

7. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով և 6-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքի ընդունումից հետո եռամսյա ժամկետում:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2011 թ. դեկտեմբերի 21
Երևան
ՀՕ-288-Ն