ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2011 թվականի հոկտեմբերի 3-ին
«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքի (այսուհետ` Օրենք) 22-րդ հոդվածում`
1) երկրորդ պարբերությունը լրացնել «- ախտաբանաանատոմիական» բառով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Ախտաբանաանատոմիական փորձաքննությունն իրականացվում է համապատասխան որակավորում ունեցող մասնագետի և այլ բժշկական մասնագետների մասնակցությամբ ախտաբանական հետազոտությունների արդյունքների և կլինիկական տվյալների համադրման և վերջնական ախտորոշման հաստատման նպատակով` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի:»:
Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 24. | Ախտաբանաանատոմիական գործունեությունը |
1. Ախտաբանաանատոմիական գործունեությունը բժշկական օգնության և սպասարկման տեսակ է, որն իրականացվում է ախտաբանաանատոմիական հետազոտությունների, ախտաբանաանատոմիական հերձումների և ախտաբանաանատոմիական փորձաքննության միջոցով:
2. Ախտաբանաանատոմիական հետազոտությունները հիվանդությունների ախտորոշման նպատակով համապատասխան լիցենզիա ունեցող բժշկական հաստատություններում իրականացնում են որակավորում ունեցող մասնագետ-բժիշկները: Ախտաբանաանատոմիական հետազոտությունների ցանկը և անցկացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Ախտաբանաանատոմիական հերձումները մահացած անձի մահվան պատճառը որոշելու և նրա հիվանդության ախտորոշումը ճշգրտելու նպատակով համապատասխան լիցենզիա ունեցող բժշկական հաստատություններում իրականացնում են որակավորում ունեցող մասնագետ-բժիշկները: Ախտաբանաանատոմիական հերձումը կարող է իրականացվել, եթե մահվան դեպքը օրենսդրությամբ սահմանված դատաբժշկական փորձաքննության առարկա չէ: Ախտաբանաանատոմիական հերձումների իրականացման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
4. Ախտաբանաանատոմիական հերձումները կարող են չիրականացվել` հիմք ընդունելով մահացածի կյանքի օրոք հայտնած կամքը կամ նրա հարազատների կամ օրինական ներկայացուցչի գրավոր դիմումը, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
5. Ախտաբանաանատոմիական հերձումները պարտադիր կարգով իրականացվում են`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած` շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկում ընդգրկված որևիցե հիվանդության հետևանքով անձի մահվան դեպքում.
2) վարակիչ հիվանդությունների կամ դրանց առկայության հիմնավորված կասկածի դեպքում.
3) նորագոյացություններից մահվան դեպքերում, երբ բացակայում է ախտորոշման հյուսվածքաբանական հաստատումը (վերիֆիկացիան).
4) շուրջծննդյան (պերինատալ) մահացության դեպքում.
5) հղիների, ծննդականների և ծննդաբերների մահվան (մայրական մահացության) դեպքում.
6) այն դեպքում, երբ հիվանդը մահացել է բուժհաստատություն ընդունվելուց հետո` առաջին 24 ժամվա ընթացքում:
Պարտադիր կարգով իրականացվող ախտաբանաանատոմիական հերձումների անցկացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
6. Մահվան կամ հիվանդության ախտորոշման վերաբերյալ ախտաբանաանատոմիական հետազոտության եզրակացությունը կցվում է մահացած անձի բժշկական փաստաթղթերին, իսկ դրա պահանջի դեպքում տրվում է նաև հարազատներին, օրինական ներկայացուցչին, ոստիկանությանը, դատախազությանը, ազգային անվտանգության ծառայությանը կամ դատարանին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
Երևան ՀՕ-258-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|