Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-232-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (30.07.2011-01.01.2013)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.07.20/44(847) Հոդ.1052
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
23.06.2011
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
14.07.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.07.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2011 թվականի հունիսի 23-ին

 

«ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-183 օրենքի 6-րդ հոդվածի «ժբ» կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

 

«Այն դեպքում, երբ գրավ դրված գույքը սեփականության իրավունքով անցել է գրավառու բանկին (վարկային կազմակերպությանը), ապա գրավատուի՝ գույքն օտարելուց ստացված եկամուտ է համարվում գրավ դրված գույքի իրացման գնի (առանց անուղղակի հարկերի, եթե դրանք կիրառելի են) և վարկային պարտավորության դրական տարբերությունը: Այն դեպքում, երբ բանկի (վարկային կազմակերպության) սեփականությանն անցած գրավադրված գույքը վերջինի կողմից այդ գույքն ի սեփականություն վերցնելուց հետո` 6 ամսվա ընթացքում, կրկին օտարվում է այդ գույքի նախկին սեփականատիրոջը (որի գույքի վրա տարածվել է բռնագանձումը) կամ նրա իրավահաջորդին, ապա համարվում է, որ գրավատուն սույն կետի իմաստով գույք չի օտարել (գույքի օտարումից եկամուտ չի ստացել):

Սույն կետի իմաստով գրավ դրված գույքի իրացման հետևանքով ֆիզիկական անձին եկամուտների վճարման օր և իրացման գին են համարվում`

1) բանկի (վարկային կազմակերպության) կողմից այդ գույքի հետագա օտարման օրը և օտարման գինը, եթե նման օտարումը տեղի է ունեցել գույքն ի սեփականություն վերցնելուց հետո` 6 ամսվա ընթացքում, ընդ որում, եթե գույքն օտարվել է օտարման օրվա դրությամբ այդ գույքի շուկայական գնից ողջամիտ չհամարվող ցածր գնով, ապա գույքի իրացման գին է համարվում օտարման օրվա դրությամբ այդ գույքի շուկայական գինը, կամ

2) գույքն ի սեփականություն վերցնելուն հաջորդող վեցամսյա ժամկետի վերջին օրը և այդ օրվա դրությամբ գույքի շուկայական գինը, եթե այդ վեցամսյա ժամկետում գույքը չի օտարվել, ընդ որում` բանկը (վարկային կազմակերպությունը) պարտավոր է իր հաշվին ապահովել գույքի շուկայական գնի որոշումն անկախ գնահատողի կողմից:

Բռնագանձված գույքի նախկին սեփականատիրոջ կամ նրա իրավահաջորդի մասնակցությամբ քաղաքացիական, քրեական, սնանկության կամ վարչական գործի շրջանակներում բանկին (վարկային կազմակերպությանը) ի սեփականություն անցած այդ գույքի վրա արգելանք դրվելու դեպքում սույն կետով նախատեսված վեցամսյա ժամկետի ընթացքը կասեցվում է արգելանքի տակ գտնվելու ամբողջ ժամկետով:

Բանկը (վարկային կազմակերպությունը) և ֆիզիկական անձ գրավատուն կարող են համաձայնվել, որ սույն կետի իմաստով գրավ դրված գույքի իրացման հետևանքով գրավատուին եկամուտների վճարման օր և իրացման գին համարվեն այն բանկին (վարկային կազմակերպությանը) ի սեփականություն անցնելու օրը և այդ օրվա դրությամբ անկախ գնահատողի կողմից որոշված շուկայական գինը: Սույն կետով նախատեսված համաձայնությունը կնքվում է հասարակ գրավոր ձևով:

Սույն կետի իմաստով վարկային պարտավորություն է համարվում գրավ դրված գույքը բանկին (վարկային կազմակերպությանը) ի սեփականություն անցնելու օրվա դրությամբ գրավով ապահովված պարտավորությունը, այդ թվում` տոկոսները, տուժանքը, կատարման ժամկետի կետանցով պատճառված վնասները, ինչպես նաև գրավ դրված գույքը պահելու, պահպանելու, դրա վրա բռնագանձում տարածելու և իրացնելու համար գրավառուի կատարած կամ կատարվելիք և գրավ դրված գույքի իրացման գնի 15 տոկոսը չգերազանցող ծախսերը:

Սույն կետի իմաստով գրավ դրված գույքի իրացման գնի որոշման համար «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22 հոդվածով նախատեսված դեպքերում հարկային մարմինն օգտվում է նույն հոդվածի երկրորդ պարբերությամբ նախատեսված իրավունքներից.»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Սույն օրենքը տարածվում է միայն այն գույքի հետ կապված հարաբերությունների վրա, որը գրավառու բանկին (վարկային կազմակերպությանը) սեփականության իրավունքով անցել է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2011 թ. հուլիսի 14
Երևան
ՀՕ-232-Ն