Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-187-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (25.06.2011-31.12.2023)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.06.24/39(842) Հոդ.921
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
25.05.2011
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.06.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.06.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
31.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2011 թվականի մայիսի 25-ին

 

«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի սեպտեմբերի 30-ի ՀՕ-155 օրենքի (այսուհետ` Օրենք) 12-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափանիշների համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կողմից որպես կոնցեսիայի պայմանագրեր որակված` ծառայությունների մատուցման կոնցեսիոն համաձայնությունների շրջանակներում կոնցեդենտից (շնորհատուից) հանրային ծառայությունների ենթակառուցվածքների (այդ թվում` կոնցեսիոների (օպերատորի) կողմից կոնցեդենտին պատկանող ենթակառուցվածքային ակտիվների, դրանց առանձին տարրերի վրա կատարված բարելավման արդյունքի կամ գնված կամ կառուցված ու սեփականության իրավունքով կոնցեդենտին հանձնված ենթակառուցվածքային ակտիվների (նյութական կամ ոչ նյութական), դրանց կազմում առանձին տարրերի) շահագործման իրավունքը կոնցեսիոների մոտ շահութահարկով հարկման նպատակով հաշվառվում է որպես ոչ նյութական ակտիվ, որի գծով ամորտիզացիոն մասհանումները, սույն օրենքով այլ բան նախատեսված չլինելու դեպքում, կատարվում են օրենքով սահմանված ընդհանուր կարգով:»:

 

Հոդված 2. Օրենքի 74-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-7-րդ մասերով.

 

«4. 2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ ծառայությունների մատուցման գործող կոնցեսիոն համաձայնությունների շրջանակներում մինչև 2011 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակաշրջաններում կոնցեդենտից (շնորհատուից) հանրային ծառայությունների ենթակառուցվածքների (այդ թվում` կոնցեսիոների (օպերատորի) կողմից կոնցեդենտին (շնորհատուին) պատկանող ենթակառուցվածքային ակտիվների, դրանց առանձին տարրերի վրա կատարված բարելավման արդյունքի կամ գնված կամ կառուցված ու սեփականության իրավունքով կոնցեդենտին (շնորհատուին) հանձնված ենթակառուցվածքային ակտիվների (նյութական կամ ոչ նյութական), դրանց կազմում առանձին տարրերի) շահագործման իրավունքի ձեռքբերման գծով առաջացած ոչ նյութական ակտիվի գծով ամորտիզացիոն մասհանումները կատարվում են 2011 թվականի հունվարի 1-ից հետո ընկած ժամանակաշրջանների համար` դրա հաշվեկշռային արժեքից` մնացորդային ամորտիզացիոն ժամկետում: Այդ նպատակով հարկ վճարողները պարտավոր են որոշել ոչ նյութական ակտիվի հաշվեկշռային արժեքը և մնացորդային ամորտիզացիոն ժամկետը` 2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ: Մինչև 2011 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակաշրջաններին վերաբերող ամորտիզացիոն մասհանումները ենթակա չեն նվազեցման համախառն եկամտից:

5. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված ամորտիզացիոն մասհանումները կատարվում են միայն այն դեպքում, եթե այդ համաձայնությունները կոնցեսիոների (օպերատորի) և կոնցեդենտի (շնորհատուի) կողմից սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո` 90-օրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափանիշների համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կողմից որակվեն որպես կոնցեսիայի պայմանագրեր:

6. Սույն օրենքի իմաստով`

ա) կոնցեդենտ (շնորհատու) է համարվում պետական կամ համայնքային մարմինը, որը որոշակի ժամանակահատվածով կոնցեսիոներին (օպերատորին) է տրամադրում հանրային ծառայությունների ենթակառուցվածքներ` դրանք շահագործելու և (կամ) սպասարկելու նպատակով.

բ) կոնցեսիոներ (օպերատոր) է համարվում իրավաբանական անձ հանդիսացող ռեզիդենտ կազմակերպությունը, որին կոնցեդենտի (շնորհատուի) կողմից տրամադրվում են հանրային ծառայությունների ենթակառուցվածքներ` հանրային ծառայություն մատուցելու և (կամ) այն բարելավելու նպատակով, և որը շահագործում և (կամ) սպասարկում է այդ ենթակառուցվածքները սահմանված ժամանակաշրջանի ընթացքում:

7. Կոնցեսիոների (օպերատորի) կողմից բարելավված կամ գնված կամ կառուցված, սակայն կոնցեդենտին (շնորհատուին) սեփականության իրավունքով չհանձնված ակտիվների գծով մինչև 2011 թվականի հունվարի 1-ը կատարված ամորտիզացիոն մասհանումների գծով վերահաշվարկներ չեն կատարվում:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2011 թ. հունիսի 16

Երևան

ՀՕ-187-Ն