Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-210-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (04.07.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.06.24/39(842) Հոդ.944
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
25.05.2011
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
18.06.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.07.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2011 թվականի մայիսի 25-ին

 

«ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի սեպտեմբերի 25-ի ՀՕ-232 օրենքի (այսուհետ` Օրենք) 59-րդ հոդվածում`

 

1) 2-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «2. Գույքի շուկայական արժեքը սահմանվում է խորհրդի որոշմամբ, բացառությամբ`

 ա) Ընկերության բնականոն գործունեության հետ կապված այն դեպքերի, երբ գործարքը կնքվում է Ընկերության ծախսերի և եկամուտների նախահաշվի շրջանակներում.

 բ) սույն օրենքով սահմանված դեպքերի, երբ շուկայական արժեքը որոշվում է դատարանի, այլ մարմնի կամ անձի կողմից:».

2) 4-րդ մասը «հետգնման» բառից հետո լրացնել «, ինչպես նաև 64-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան գործարք կնքելու» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 62-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

  «Հոդված 62. Ընկերության գործարքներում շահագրգռվածությունը

 

1. Ընկերության գործարքներում շահագրգիռ անձ է համարվում Ընկերության փոխկապակցված անձը, որը`

ա) հանդիսանում է գործարքի կողմ կամ մասնակցում է գործարքին որպես միջնորդ կամ ներկայացուցիչ.

բ) գործարքի կողմ, միջնորդ կամ ներկայացուցիչ հանդիսացող անձին փոխկապակցված անձ է:

2. Սույն օրենքի իմաստով փոխկապակցված են համարվում Ընկերության խորհրդի անդամները, գործադիր մարմնի անդամները, գործադիր մարմնի իրավասություններ իրականացնող իրավաբանական անձը կամ դրա տնօրենը կամ դրա խորհրդի անդամները կամ դրա կանոնադրությամբ կամ պայմանագրով նախատեսված՝ ղեկավարման գործառույթներ իրականացնող այլ անձինք, վերստուգող հանձնաժողովի անդամները (վերստուգողը), Ընկերության անունից հանդես գալու իրավասություն ունեցող այլ անձինք և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով փոխկապակցված ճանաչվող այլ անձինք:»:

 

Հոդված 3. Օրենքի 63-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

  «Հոդված 63. Ընկերության գործարքներում շահագրգռվածության վերաբերյալ տեղեկատվությունը

 

1. Ընկերության փոխկապակցված անձինք պարտավոր են Ընկերության գործադիր մարմնին կամ կանոնադրությամբ սահմանված այլ մարմնի տրամադրել տեղեկատվություն`

ա) այն մասին, որ իրենք հանդիսանում են գործարքի կողմ, միջնորդ կամ ներկայացուցիչ` մինչև գործարքը կնքելը.

բ) կնքված կամ կնքման նախատեսված իրենց հայտնի գործարքների մասին, որոնցում իրենք կարող են համարվել շահագրգիռ անձ` սույն կետով նախատեսված տեղեկատվությունն իրենց հայտնի դառնալուց հետո` եռօրյա ժամկետում:

2. Շահագրգռվածության առկայությամբ Ընկերության ցանկացած գործարք ներկայացվում է Ընկերության տարեկան հաշվետվության մեջ` բացահայտելով ամբողջական և համապարփակ տեղեկատվություն գործարքի կողմերի, պայմանների, շահագրգռվածության բնույթի ու շրջանակների վերաբերյալ և կցելով անկախ գնահատողի եզրակացությունը շուկայական արժեքին գործարքի համապատասխանության վերաբերյալ:

3. Ընկերության գործադիր մարմինը կամ կանոնադրությամբ նախատեսված այլ մարմին պարտավոր է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկությունների հիման վրա վարել Ընկերության փոխկապակցված անձանց ռեեստր:»:

 

Հոդված 4. Օրենքի 64-րդ հոդվածում`

 

1) 3-րդ մասի «ա» կետում «2 տոկոսը» բառերը փոխարինել «10 տոկոսը» բառերով.

2) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված հատկանիշներին համապատասխանող գործարքը կարող է կնքվել խորհրդի որոշմամբ, եթե այդ գործարքն Ընկերությանը տրամադրվող փոխառություն է:»:

 

Հոդված 5. Օրենքի 65-րդ հոդվածում`

 

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Շահագրգռվածության առկայությամբ գործարքների հետևանքները».

2) 1-ին և 2-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Գործարքում շահագրգիռ ճանաչված անձն Ընկերության առջև պատասխանատվություն է կրում սույն օրենքի խախտմամբ կնքված շահագրգռվածության առկայությամբ գործարքի հետևանքով Ընկերությանը պատճառված վնասների չափով:

Գործարքում շահագրգիռ ճանաչված անձը պարտավոր է նաև Ընկերությանը վերադարձնել ցանկացած շահույթ, որ ստացել է սույն օրենքի խախտմամբ կնքված շահագրգռվածության առկայությամբ գործարքներից:

Սույն օրենքի 63-րդ հոդվածի պահանջները խախտող անձինք պատասխանատվություն են կրում խախտման հետևանքով Ընկերությանը կամ այլ անձանց պատճառված վնասի համար:

2. Եթե պատասխանատվության ենթակա է մի քանի անձ, ապա նրանք Ընկերության և այլ շահագրգիռ անձանց առջև կրում են համապարտ պատասխանատվություն:».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ և 7-րդ մասերով.

«6. Ընկերության բաժնետերերն իրավունք ունեն պահանջելու`

- անվավեր ճանաչել սույն օրենքի խախտմամբ կնքված շահագրգռվածության առկայությամբ գործարքը,

- գործարքում շահագրգիռ ճանաչված անձանց կողմից գործարքի հետևանքով պատճառված վնասի հատուցում,

- գործարքից ստացված շահույթի վերադարձ Ընկերությանը:

7. Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից շահագրգռվածության առկայությամբ կնքված գործարքի հաստատումը գործարքում խախտում կատարած անձին չի ազատում սույն օրենքի խախտմամբ կնքված գործարքի հետևանքով Ընկերությանը կամ բաժնետերերին պատճառված վնասը հատուցելու պարտականությունից:»:

 

Հոդված 6. Օրենքի 90-րդ հոդվածի 1-ին մասը «կերպով» բառից հետո լրացնել «, խուսափեն անձնական և Ընկերության շահերի միջև իրական և հնարավոր բախումներից» բառերով, ինչպես նաև լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

 

«Ընկերության կանոնադրական կապիտալում մասնակցության կամ այլ հանգամանքների ուժով Ընկերության որոշումների վրա էականորեն ազդելու հնարավություն ունեցող անձը չպետք է դրդի խորհրդի անդամներին, Ընկերության տնօրենին (գլխավոր տնօրենին), վարչության ու տնօրինության անդամներին, ինչպես նաև կառավարիչ կազմակերպությանը և կառավարչին` կայացնելու այնպիսի որոշումներ, որոնք հակասում են Ընկերության շահերին կամ այն բաժնետերերի օրինական շահերին, որոնք էական ազդեցություն չեն կարող ունենալ Ընկերության որոշումների վրա:»:

 

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2011 թ. հունիսի 18
Երևան
ՀՕ-210-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան