Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-203-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (04.07.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.06.24/39(842) Հոդ.937
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
23.05.2011
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
18.06.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.07.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2011 թվականի մայիսի 23-ին

 

«ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի մայիսի 25-ի ՀՕ-80-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 6.

Հոգեկան խանգարումներով տառապող անձանց իրավունքները

 

1. Հոգեկան խանգարումներով տառապող անձանց հոգեբուժական օգնությունը երաշխավորվում է օրենքի, մարդասիրության և մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքների հիման վրա:

2. Հոգեկան խանգարումներ ունեցող անձինք ունեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բոլոր իրավունքները և ազատությունները, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

3. Հոգեբուժական կազմակերպությունում բուժվող հոգեկան խանգարումներ ունեցող անձինք մասնավորապես իրավունք ունեն`

1) հաստատելու նամակագրական կապ.

2) օգտվելու հեռախոսակապից.

3) հանդիպելու այցելուների հետ.

4) ունենալու և ձեռք բերելու առաջին անհրաժեշտության իրեր ու պարագաներ, օգտվելու անձնական հագուստից.

5) հաղորդակցվելու թերթերի և լրագրերի միջոցով.

6) կոչվելու իր անվամբ կամ ազգանվամբ.

7) օգտվելու սոցիալական ապահովության իրավունքից.

8) ստանալու իրավաբանական օգնություն.

9) օգտվելու անձնական անվտանգության ապահովման իրավունքից.

10) մայրենի կամ իրեն հասկանալի այլ լեզվով տեղեկություններ ստանալու իր իրավունքների, ազատությունների և պարտականությունների վերաբերյալ.

11) օգտվելու իր նկատմամբ բարեկիրթ, անձը չնվաստացնող վերաբերմունքից.

12) տալու համաձայնություն և ցանկացած փուլում հրաժարվելու բուժական մեթոդներից և միջոցներից, եթե դրանք կիրառվում են գիտական կամ փորձարարական նպատակներով, ուղեկցվում են լուսա-, տեսա- և կինոնկարահանումներով.

13) պահանջելու իր ընտրած հոգեբույժ մասնագետի մասնակցությունը սույն օրենքով նախատեսված հոգեբուժական հանձնաժողովի աշխատանքներին.

14) օգտվելու առողջության պահպանման իրավունքից, այդ թվում` ստանալու բավարար սնունդ, անհետաձգելի բժշկական օգնություն, ինչպես նաև զննության ենթարկվելու իր նախընտրած բժշկի կողմից սեփական միջոցների հաշվին.

15) հանգստի, ներառյալ` բացօթյա զբոսանքի կամ մարմնամարզության և ութժամյա գիշերային քնի իրավունքը, որի ընթացքում արգելվում է նրան ներգրավել բժշկական կամ այլ գործողություններում.

16) կնքելու քաղաքացիաիրավական գործարքներ, բացառությամբ քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված սահմանափակումների.

17) անձնական ընդունելության խնդրանքով դիմելու հոգեբուժական կազմակերպության ղեկավարին, դրա գործունեության նկատմամբ հսկողություն և վերահսկողություն իրականացնող մարմիններին.

18) հետազոտման, բուժման, դուրսգրման, օրենքով սահմանված իր իրավունքների պաշտպանության և ազատությունների խախտման վերաբերյալ դիմումներով, բողոքներով, անձամբ կամ պաշտպանի կամ օրինական ներկայացուցչի միջոցով դիմելու հոգեբուժական կազմակերպության ղեկավարին, նրա վերադաս մարմնին, դատարան, դատախազություն, մարդու իրավունքների պաշտպանին, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, հասարակական միավորումներին և կուսակցություններին, զանգվածային լրատվության միջոցներին, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության միջազգային մարմիններին կամ կազմակերպություններին:

4. Հոգեբուժական կազմակերպությունում բուժվող հոգեկան խանգարում ունեցող անձինք իրազեկվում են իրենց իրավունքների, հոգեբուժական հաստատությունում գտնվելու նպատակի և պատճառների մասին` դրանց վերաբերյալ նշում կատարելով բժշկական փաստաթղթերում: Հոգեկան խանգարումներով տառապող անձանց իրավունքների իրազեկման թերթիկի ձևը հաստատում է առողջապահության ոլորտում լիազոր պետական մարմինը:

 5. Հիվանդանոցային և արտահիվանդանոցային պայմաններում բուժվող հոգեկան խանգարումներով տառապող անձինք իրենց իրավունքներն իրականացնում են անձամբ կամ օրինական ներկայացուցչի միջոցով:

 6. Հոգեկան խանգարումներով տառապող անձինք իրավունք ունեն քննվելու և վերաքննվելու բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների կողմից:

 7. Սույն հոդվածի 3-րդ մասի 1-5-րդ, 15-րդ (բացառությամբ հանգստի և ութժամյա գիշերային քնի իրավունքի) և 16-րդ կետերով սահմանվող իրավունքները կարող են սահմանափակվել օրենքով կամ հետազոտող բժշկի կամ հոգեբուժական հանձնաժողովի կողմից, եթե դրանց իրականացումը վտանգ է ներկայացնում հիվանդի կամ հասարակության համար կամ խոչընդոտում է բժշկական հետազոտությանը կամ փորձաքննությանը: Հոգեբուժական հանձնաժողովի կամ հետազոտող բժշկի կայացրած որոշումները պետք է լինեն պատճառաբանված և պարտադիր ամրագրվեն բժշկական փաստաթղթերում: Նշված հիմքերով իրավունքների սահմանափակման մասին նույն օրը իրազեկվում է հոգեկան հիվանդությամբ տառապող անձը, և համապատասխան գրառում է կատարվում բժշկական փաստաթղթերում: Նշված հիմքերի վերացման դեպքում հոգեբուժական կազմակերպությունը պարտավոր է նույն օրը սահմանափակումների վերացման մասին տեղեկացնել հիվանդին` համապատասխան նշում կատարելով բժշկական փաստաթղթերում:

8. Հոգեբուժական կազմակերպությունում բուժվող հոգեկան խանգարումներով տառապող անձանց իրավունքների իրականացման ընթացակարգերը (այսուհետ` իրավունքների իրականացման ընթացակարգ) սահմանվում են սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելվածով:

9. Հոգեբուժական կազմակերպությունում բուժվող հոգեկան խանգարումներով տառապող երեխաները ունեն սույն հոդվածի 3-րդ մասի 1-18-րդ կետերով, ինչպես նաև «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված իրավունքները:

10. Բուժման, հետազոտման, դուրսգրման հարցերով հոգեբուժական կազմակերպությանը դիմելու, ինչպես նաև սույն հոդվածի 3-րդ մասի 12-13-րդ և 18-րդ կետերով նախատեսված իրավունքներն իրականացնում է հոգեկան խանգարումներ ունեցող երեխայի օրինական ներկայացուցիչը:

11. Ոչ հոժարակամ (հարկադիր) հոսպիտալացման կամ հոգեբուժական կազմակերպությունում գտնվելու ընթացքում հոգեբույժի որոշմամբ հոգեկան խանգարմամբ տառապող անձի նկատմամբ կարող են կիրառվել ֆիզիկական զսպման (գոտիներ, հատուկ հագուստներ) ու մեկուսացման միջոցներ, հանդարտեցման բժշկական մեթոդներ, որոնց կիրառման ու տևողության մասին բժշկական փաստաթղթերում կատարվում է պատճառաբանված գրառում:»:

 

Հոդված 2. Օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«2. Ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքում հոժարակամ (կամավոր) կարգով գտնվող հիվանդի դուրսգրումը կատարվում է հոգեբույժի եզրակացության հիման վրա կամ հիվանդի պահանջով, բացառությամբ սույն օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերի: Նշված դեպքերում հոգեբուժական կազմակերպության տնօրենը սույն օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով դիմում է դատարան: Դուրսգրումից առաջ հոգեբուժական կազմակերպության տնօրենը գրավոր ծանուցում է հիվանդի օրինական ներկայացուցչին` ծանուցագրում նշելով դուրսգրման օրը և ժամը:»:

 

Հոդված 3. Օրենքի 22-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 22.

Ոչ հոժարակամ (հարկադիր) հոսպիտալացման կարգը

 

1. Հոգեկան խանգարումներով տառապող անձն առանց իր կամ օրինական ներկայացուցչի համաձայնության կարող է հոսպիտալացվել հոգեբուժական հանձնաժողովի կողմից պարտադիր հետազոտվելուց հետո, եթե`

1) նա վտանգ է ներկայացնում իր կամ այլ անձանց համար, կամ

2) բուժում չիրականացնելը կամ բուժումը դադարեցնելը կարող է վատթարացնել հիվանդի առողջական վիճակը:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում հոգեբուժական հանձնաժողովի կողմից հոսպիտալացման մասնագիտական հիմնավորվածությունը հաստատելու դեպքում համապատասխան հոգեբուժական կազմակերպության տնօրենը հոգեկան խանգարումներով տառապող անձի կողմից բուժումից հրաժարվելու կամ բուժումը դադարեցնելու պահանջ ներկայացնելուց հետո` 72 ժամվա ընթացքում, դիմում է դատարան` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 30-րդ գլխով սահմանված կարգով անձին հոգեբուժական հիվանդանոցային ոչ հոժարակամ (հարկադիր) բուժման ենթարկելու համար:»:

 

Հոդված 4. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 23-րդ հոդվածը:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2011 թ. հունիսի 18
Երևան
ՀՕ-203-Ն