Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-250
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (27.06.2011-21.04.2012)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.10.16/26(59)
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
16.09.1998
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
14.10.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.10.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
16.12.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից

16 սեպտեմբերի 1998 թ.

 

ԶԻՆԱՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  I

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիների զինվորական հաշվառումը, զինվորական ծառայության նախապատրաստությունը, զորակոչը, զինվորական ծառայությունը, պահեստազորում պատրաստությունը կազմակերպելու և անցկացնելու հետ կապված հարաբերությունները:

 

Հոդված 2. Զինապարտության մասին օրենսդրությունը

 

Զինապարտության մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից, սույն օրենքից, այլ օրենքներից և իրավական ակտերից:

 

Հոդված 3. Զինապարտությունը

 

1. Զինապարտությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելու` քաղաքացիների սահմանադրական պարտականությունն է:

Զինապարտներ են համարվում նախազորակոչային, զորակոչային տարիքի և պահեստազորում հաշվառված արական, ինչպես նաև զինվորական մասնագիտություն ունեցող կամ զինվորական ծառայություն անցած իգական սեռի քաղաքացիները:

2. Քաղաքացիների զինապարտությունն ընդգրկում է`

զինվորական հաշվառումը.

զինվորական ծառայության նախապատրաստությունը.

զորակոչը և զինվորական ծառայությունը.

պահեստազորում գտնվելը:

 

Հոդված 31. Երկքաղաքացիների զինապարտությունը

 

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ընդունած այլ պետության քաղաքացին ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից, եթե մինչև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ընդունելը ոչ պակաս, քան 12 ամիս ծառայել է այլ պետության զինված ուժերում կամ այլ պետությունում ոչ պակաս, քան 18 ամիս անցել է այլընտրանքային զինվորական ծառայություն, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պետությունների:

2. Այլ պետության քաղաքացիություն ընդունած Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի ազատվում պարտադիր զինվորական ծառայությունից, անկախ այն հանգամանքից` ծառայել է նա այլ պետությունում, թե ոչ:

3. Երկքաղաքացին չի ազատվում զորահավաքից և վարժական հավաքից:

(31-րդ հոդվածը լրաց. 26.02.07 ՀՕ-76-Ն)

 

 

Հոդված 4. Զինապարտության կատարման ապահովումը

 

1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, անկախ կազմակերպական-իրավական ձևից գործատու կազմակերպությունների և ուսումնական հաստատությունների պաշտոնատար անձինք պարտավոր են`

ա) ժամանակին և սահմանված ձևով վարել զինապարտների գրանցամատյանը, զինվորական հաշվառման ենթակա անձանց ցուցակները ներկայացնել նրանց հաշվառման (հաշվառում չունեցողներինը` փաստացի բնակության վայրի) զինվորական կոմիսարիատներ, ինչպես նաև տրամադրել հաշվառումից հանվելու, աշխատանքի (ուսումնական հաստատություն) ընդունվելու, տեղափոխվելու, ազատվելու (հեռացվելու) վերաբերյալ տվյալները.

բ) համապատասխան զինվորական կոմիսարիատի պահանջով զինապարտներին ծանուցել զինվորական կոմիսարիատ կանչվելու մասին.

գ) զինապարտներին ազատել աշխատանքից կամ արձակել ուսումից` զինվորական ծառայության կամ զինվորական կոմիսարիատի ծանուցագրում նշված անհրաժեշտ ժամանակով:

2. Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարմինները պարտավոր են`

ա) զինապարտներին անձնագիր տալու կամ փոխանակելու (բացառությամբ արտերկրում գտնվող պահեստազորայինների), ըստ բնակության վայրի հաշվառելու կամ հաշվառումից հանելու գործողությունները կատարել նրանց զինվորական փաստաթղթերում համապատասխան զինվորական կոմիսարիատի կողմից զինվորական հաշվառման վերաբերյալ նշումների առկայության դեպքում: Նախազորակոչային տարիքի զինապարտների անձնագրերն օտարերկրյա պետություններում վավերական լինելու մասին նշումը կատարել մինչև նրանց զորակոչային տարիքը լրանալը, իսկ զորակոչային տարիքը լրանալու դեպքում` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ստացած տարկետման ժամանակով.

բ) զինվորական կոմիսարիատներին աջակցել զինապարտներին զորակոչելու, վարժական հավաքի կանչելու և հաշվառելու գործում:

3. Բժշկական-աշխատանքային փորձաքննական հանձնաժողովները մեկշաբաթյա ժամկետում պարտավոր են համապատասխան զինվորական կոմիսարիատ հայտնել հաշմանդամ ճանաչված բոլոր զինապարտների մասին` անկախ հաշմանդամության խմբից:

4. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինները պարտավոր են մեկշաբաթյա ժամկետում համապատասխան զինվորական կոմիսարիատ հայտնել քաղաքացիական կացության ակտերում զինապարտների կողմից իրենց ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը փոխելու, ինչպես նաև նրանց մահվան գրանցման մասին տվյալները:

5. Հետաքննության և նախաքննության մարմինները պարտավոր են մեկշաբաթյա ժամկետում համապատասխան զինվորական կոմիսարիատ հայտնել այն զորակոչիկների մասին, որոնց մեղադրանք է առաջադրվել, իսկ դատարանները` նշված անձանց վերաբերյալ` օրինական ուժի մեջ մտած դատավճիռների և վերջնական որոշումների մասին:

Ազատազրկման, կալանքի և ազատության սահմանափակման դատապարտված զորակոչիկների հաշվառման վկայականները, զինծառայողների և պահեստազորայինների զինվորական գրքույկներն ու դատավճռի պատճենները դատարաններն ուղարկում են համապատասխան զինվորական կոմիսարիատ` դատավճիռներն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում:

Քրեակատարողական հիմնարկները պարտավոր են ազատազրկման դատապարտված կամ ազատազրկման վայրից արձակված զինապարտների մասին մեկշաբաթյա ժամկետում հայտնել նրանց հաշվառման (հաշվառում չունեցողներինը` փաստացի բնակության վայրի) զինվորական կոմիսարիատներ:

6. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական և հյուպատոսական մարմինները պարտավոր են`

ա) Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատից ստացված իրազեկման հիման վրա դիվանագիտական մարմնում կամ հյուպատոսական հիմնարկում հաշվառման կանգնած զորակոչիկին ծանուցել դիվանագիտական մարմին կամ հյուպատոսական հիմնարկ ներկայանալու համար և ներկայացած անձանց ստորագրությամբ ծանուցագիր հանձնել պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու մասին.

բ) դիվանագիտական մարմնում կամ հյուպատոսական հիմնարկում հաշվառման կանգնած զինապարտի վերաբերյալ տվյալները հաշվառման կանգնելուց հետո երկշաբաթյա ժամկետում հայտնել Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատ.

գ) իրենց իրավասությունների շրջանակներում աջակցել նախազորակոչիկների և զորակոչիկների վերադարձին Հայաստանի Հանրապետություն:

7. Պաշտոնատար անձանց կողմից զինապարտության կատարման ապահովմանը խոչընդոտելն առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

(4-րդ հոդվածը խմբ., փոփ., լրաց. 01.06.06 ՀՕ-128-Ն, խմբ. 30.04.09 ՀՕ-102-Ն, փոփ., լրաց., խմբ. 18.11.09 ՀՕ-215-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  II

 

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

Հոդված 5. Քաղաքացիների զինվորական հաշվառումը

 

1. Զինվորական հաշվառումը նախազորակոչիկների (16-18 տարեկան), զորակոչիկների (18-27 տարեկան) և պահեստազորում գտնվող քաղաքացիների հաշվառման ու հանրապետության զորակոչային, վարժահավաքային և զորահավաքային ռեսուրսների վերլուծության պետական համակարգն է:

Զինվորական հաշվառման կարգը սահմանում է կառավարությունը:

2. Զինապարտների զինվորական հաշվառումը կատարում են նրանց բնակության վայրի զինվորական կոմիսարիատները:

Արտասահմանում բնակվող (մեկ ամսից ավելի) զինապարտների զինվորական հաշվառումը կատարում են դիվանագիտական և հյուպատոսական մարմինները:

Աշխատող և սովորող զինապարտների զինվորական հաշվառումը կատարվում է նաև ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում և ուսումնական հաստատություններում:

3. Նախազորակոչիկների զինվորական հաշվառումը համարվում է կցագրում: Կցագրման ենթակա են 16 տարին լրացած արական սեռի քաղաքացիները:

Կցագրումը կատարում են զինվորական կոմիսարիատների հանձնաժողովները` ընթացիկ տարվա հունվար-մայիս ամիսներին:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած 16-27 տարեկան արական սեռի զինապարտների կցագրումը կատարվում է սույն կետով սահմանված կարգով:

(Ծանուցում_01.06.06 ՀՕ-128-Ն, 28.11.07 ՀՕ-272-Ն, 18.11.09 ՀՕ-215-Ն օրենքներով սույն օրենքի 5-րդ հոդվածում կատարվող փոփոխությունները և լրացումները ի սկզբանե օրենսդրի կողմից հղվել են հոդվածի 2-րդ կետին, մինչդեռ պետք է կատարվեին 3-րդ կետում, որի պատճառով 5-րդ հոդվածի ինկորպորացիան չի բերվում:)

 

Հոդված 6. Զինվորական հաշվառման և պարտադիր զինվորական ծառայության զորակոչի իրականացման գործընթացում քաղաքացիների պարտականությունները

(վերնագիրը խմբ. 18.11.09 ՀՕ-215-Ն)

 

1. Քաղաքացիները պարտավոր են զինվորական հաշվառման, ինչպես նաև պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու համար ներկայանալ իրենց հաշվառման (հաշվառում չունեցողները՝ փաստացի բնակության) վայրի զինվորական կոմիսարիատ (դիվանագիտական, հյուպատոսական մարմիններ):

2. Զինվորական ծառայությունից պահեստ արձակված քաղաքացիները պարտավոր են յոթնօրյա ժամկետում ներկայանալ հաշվառման (հաշվառում չունեցողները՝ փաստացի բնակության) վայրի զինվորական կոմիսարիատ` զինվորական հաշվառման համար:

3. Հաշվառման (հաշվառում չունեցողները՝ փաստացի բնակության) վայրը փոխելու դեպքում զինապարտները զինվորական հաշվառման կանգնելու համար պարտավոր են ներկայանալ համապատասխան զինվորական կոմիսարիատ (դիվանագիտական, հյուպատոսական մարմիններ)` հաշվառման (հաշվառում չունեցողները՝ փաստացի բնակության) նոր վայր ժամանելուց հետո` յոթնօրյա ժամկետում:

Զինվորական ծառայության ընթացքում դատապարտված և ազատազրկման ձևով պատիժ կրած անձինք պարտավոր են պատժի կրումից ազատվելու պահից յոթնօրյա ժամկետում ներկայանալ հաշվառման (հաշվառում չունեցողները՝ փաստացի բնակության) վայրի զինվորական կոմիսարիատ: Օտարերկրյա պետություն մշտական բնակության մեկնող Հայաստանի Հանրապետության քաղաքացին հաշվառման (հաշվառում չունեցողը` փաստացի բնակության) վայրի զինվորական կոմիսարիատում պարտավորագիր է ստորագրում սույն մասով նախատեսված դեպքում և ժամկետում օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական մարմնում կամ հյուպատոսական հիմնարկում հաշվառման կանգնելու վերաբերյալ:

4. Զինապարտներն իրենց ընտանեկան դրության, հաշվառման (հաշվառում չունեցողները՝ փաստացի բնակության) վայրի, կրթության, աշխատավայրի և պաշտոնի փոփոխությունների մասին պարտավոր են յոթնօրյա ժամկետում հայտնել հաշվառման (հաշվառում չունեցողները՝ փաստացի բնակության) վայրի զինվորական կոմիսարիատ (դիվանագիտական, հյուպատոսական մարմիններ):

(6-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-128-Ն, լրաց. 28.11.07 ՀՕ-272-Ն, խմբ., լրաց., փոփ. 18.11.09 ՀՕ-215-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  III

 

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 7. Բժշկական քննությունը և հետազոտումը

 

1. Բժշկական քննությունը պարտադիր անցկացնում են զինվորական կոմիսարիատների հանձնաժողովների բժիշկ մասնագետները` զինապարտների կցագրման, զորակոչի, զինվորական ծառայության անցնելու և վարժական հավաքի կանչվելու ժամանակ: Եթե տեղում հնարավոր չէ ստանալ քաղաքացու` զինվորական ծառայությանը պիտանի լինելու մասին բժշկական եզրակացություն, ապա տեղական զորակոչային հանձնաժողովը պարտավոր է նրան ուղարկել համապատասխան բժշկական հիմնարկ` բուժհետազոտում անցկացնելու, իսկ անհրաժեշտության դեպքում նաև բուժում իրականացնելու  համար: Այդ բժշկական հիմնարկների ցանկը հաստատում է կառավարությունը:

2. Սույն հոդվածում նշված դեպքերում զինապարտների բժշկական քննությունը և հետազոտումը կատարվում է առաջնահերթ և անվճար:

(7-րդ հոդվածը լրաց. 18.11.09 ՀՕ-215-Ն)

 

Հոդված 8. Նախազորակոչային պատրաստությունը

 

Հանրակրթական դպրոցներում և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում կազմակերպվում և անցկացվում է նախազորակոչային պատրաստություն` կառավարության սահմանած կարգով:

 

Հոդված 9. Ուսուցումը պաշտպանական բնույթի մարզատեխնիկական կազմակերպություններում

 

Նախազորակոչիկները զինվորական մասնագիտությունների ծրագրով զինվորական ծառայության նախնական պատրաստություն են անցնում պաշտպանական բնույթի մարզատեխնիկական կազմակերպություններում` զինվորական կոմիսարիատի ընտրությամբ և ուղեգրով:

 

Հոդված 10. Ուսուցումը ռազմաուսումնական հաստատություններում

 

1. Ռազմաուսումնական հաստատությունների ընդունելության կարգը հաստատում է կառավարությունը:

Ժամկետային զինվորական ծառայություն անցած կամ անցնող քաղաքացիները ռազմաուսումնական հաստատություններ կարող են ընդունվել մինչև 23 տարին լրանալը:

2. Ռազմական ուսումնական հաստատություններ ընդունված քաղաքացիները համարվում են պարտադիր զինվորական ծառայության զինծառայողներ, օգտվում են օրենսդրությամբ նրանց համար սահմանված իրավունքներից ու արտոնություններից և կրում պարտականություններ` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Այդ հաստատություններից ազատված և հեռացված անձինք փոխհատուցում են իրենց ուսման հետ կապված ծախսերը և զորակոչվում (ուղարկվում) են պարտադիր զինվորական ծառայության` ընդհանուր հիմունքներով: Զինվորական ծառայության ժամկետում տվյալ դեպքում հաշվարկվում է միայն առողջական վիճակի, ինչպես նաև ռազմական ավիացիոն ուսումնական հաստատություններում սովորելու դեպքում՝ թռիչքային անհամապատասխանության պատճառով ազատված անձանց ուսման և զինվորական ծառայության ընթացքում ռազմաուսումնական հաստատություններ ընդունված քաղաքացիների նախկինում ծառայած ժամանակաշրջանը:

(10-րդ հոդվածը լրաց. 25.10.00 ՀՕ-104, 18.11.09 ՀՕ-215-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  IV

 

ԶՈՐԱԿՈՉԸ

 

Հոդված 11. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչը

 

1. Պարտադիր զինվորական ծառայության են զորակոչվում 18-ից մինչև 27 տարեկան (բացառությամբ սույն օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքի) արական սեռի զորակոչիկները և մինչև 35 տարեկան առաջին խմբի պահեստազորի սպաները, ովքեր առողջական վիճակի պատճառով ճանաչվել են զինծառայության համար պիտանի` խաղաղ պայմաններում:

2. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու ենթակա չեն այն անձինք, որոնց նկատմամբ կատարվում է հետաքննություն (նախաքննություն, դատաքննություն) կամ ովքեր նախկինում դատապարտվել են ազատազրկման` ծանր կամ առնվազն երկու անգամ դիտավորյալ հանցագործություն կատարելու համար և ազատազրկման վայրում պատիժը կրել են 3 տարուց ոչ պակաս, ինչպես նաև, եթե կատարել են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության դատախազության հաստատած ցանկում նշված հանցագործություն:

Նախկինում ազատազրկման դատապարտված և ազատազրկման վայրում երեք տարուց պակաս ժամկետով պատիժ կրած անձանց պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու կամ պահեստազորում հաշվառելու կարգը սահմանում է պաշտպանության նախարարը:

3. Շարքային կազմի զորակոչը և զորացրումը կատարվում է Հանրապետության Նախագահի հրամանագրով` տարին երկու անգամ` ապրիլ-հունիս և հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին:

4. Պահեստազորի սպաների զորակոչը և զորացրումը կատարվում է Հանրապետության Նախագահի հրամանագրով սահմանված ժամկետներում: Զորակոչից տարկետում ստացող սպաների կատեգորիաների ցանկը հաստատում է կառավարությունը:

5. Զորակոչի ենթակա շարքային կազմի և պահեստազորի սպաների թվաքանակը սահմանում է կառավարությունը:

6. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչը հայտարարվելուց հետո բոլոր զորակոչիկները, ինչպես նաև 27 տարեկանից բարձր տարիքի զորակոչիկները` սույն օրենքի 14 հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում, պարտավոր են ծանուցագրում նշված ժամկետում ներկայանալ այն զինվորական կոմիսարիատ, որտեղ նրանք հաշվառված են:

7. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ժամանակ բնակության վայրին մոտ գտնվող զորամասում ծառայելու արտոնությունից օգտվում են`

ա) միայնակ և տարիքային կենսաթոշակի անցած կամ երրորդ խմբի հաշմանդամ հոր կամ մոր միակ զավակը.

բ) Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության, զինված ուժերում և այլ զորքերում ծառայության ընթացքում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետությունում տեղակայված օտարերկրյա պետությունների զինվորական ստորաբաժանումներում ծառայողական պարտականություններ կատարելիս զոհված (մահացած) հայր (մայր) կամ եղբայր (քույր) ունեցող զորակոչիկները.

գ) ամուսնացած և մեկ երեխա ունեցող զորակոչիկները.

դ) երկկողմ և միակողմ ծնողազուրկ զորակոչիկները.

ե) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով՝ այլ զորակոչիկները:

Բնակության վայրին մոտ գտնվող զորամաս է համարվում զորակոչիկի հաշվառման (հաշվառում չունեցողները՝ փաստացի բնակության) վայրից մինչև 100 կմ տեղակայված զորամասը:

8. Զինված ուժեր կամ այլ զորքեր միաժամանակ զորակոչվող եղբայրները, իրենց ցանկությամբ, ծառայության են զորակոչվում միևնույն զորամաս:

(11-րդ հոդվածը լրաց. 03.05.00 ՀՕ-57, 25.10.00 ՀՕ-104, 25.10.00 ՀՕ-106, փոփ., լրաց., խմբ. 01.06.06 ՀՕ-128-Ն, լրաց. 28.11.07 ՀՕ-272-Ն)

 

Հոդված 12. Պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելը

 

1. Պարտադիր զինվորական ծառայությունից ազատվում է`

ա) հանրապետական զորակոչային հանձնաժողովի կողմից առողջական վիճակի պատճառով զինծառայության համար ոչ պիտանի ճանաչված քաղաքացին` հանվելով զինվորական հաշվառումից.

բ) այն քաղաքացին, ում հայրը (մայրը) կամ հարազատ եղբայրը (քույրը) զոհվել (մահացել) է Հայաստանի Հանրապետության պաշտպանության կամ զինված ուժերում և այլ զորքերում ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ, և նա այդ ընտանիքի միակ արու զավակն է.

գ) քաղաքացին` կառավարության որոշմամբ.

դ) մինչև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունն ընդունելն օտարերկրյա պետությունների զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայություն անցած քաղաքացին.

ե) գիտական աստիճան (գիտության թեկնածու կամ գիտության դոկտոր) ունեցող քաղաքացին, եթե նա զբաղվում է մասնագիտական, գիտական կամ մանկավարժական գործունեությամբ:

2. Պահեստազորի սպաները պարտադիր զինվորական ծառայությունից ազատվում են սույն հոդվածի 1-ին մասի «ա» և «գ» ենթակետերի հիմքերով:

(12-րդ հոդվածը լրաց. 11.10.00 ՀՕ-93, փոփ. 01.06.06 ՀՕ-128-Ն)

 

Հոդված 13. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ընտանեկան դրության բերումով տարկետում ստանալը

 

1. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ընտանեկան դրության բերումով տարկետում տրվում է այն զորակոչիկին, որն ունի`

ա) անաշխատունակ հայր և մայր կամ միայնակ անաշխատունակ հայր կամ մայր, եթե նրանք չունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի համարվող աշխատունակ, պարտադիր զինվորական ծառայության մեջ չգտնվող այլ զավակ:

Անաշխատունակ ծնողներ են`

- ծերության կենսաթոշակի իրավունք տվող տարիքի հասած հայրը և մայրը,

- առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ հայրը և մայրը,

- դատարանի վճռով անգործունակ ճանաչված հայրը և մայրը.

բ) առանց մոր մեծացող երեխա.

գ) երկու և ավելի երեխա.

դ) առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ կին.

ե) մինչև 18 տարեկան կամ 18 տարեկանից բարձր, բայց առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ կամ դատարանի վճռով անգործունակ ճանաչված հարազատ քույր կամ եղբայր, եթե չկա նրա հետ բնակվող ընտանիքի անդամ համարվող աշխատունակ այլ անձ:

Զորակոչիկին տարկետում տրվում է նաև վերջինիս կնոջ` 2-րդ երեխայով կամ զույգ երեխայով վեցամսյա հղիության դեպքում:

2. Եթե քաղաքացին մինչև զորակոչային տարիքի հասնելն առնվազն 5 տարի եղել է որդեգրված, կամ ծնողներն ամուսնալուծվել են առնվազն 5 տարի առաջ, և կա սույն հոդվածով նախատեսված պայմաններից որևէ մեկը, ապա նա օգտվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու իրավունքից:

3. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից սույն օրենքով չնախատեսված դեպքերում ընտանեկան դրության բերումով տարկետում տալու մասին որոշումն ընդունում է պաշտպանության նախարարը` հանրապետական զորակոչային հանձնաժողովի եզրակացության առկայության դեպքում:

4. Սույն հոդվածով նախատեսված դեպքերում զորակոչիկին տարկետում տրվում է մինչև նրա 27 տարեկան դառնալը: Եթե մինչև 27 տարեկան դառնալը նա չի կորցնում տարկետում ստանալու իրավունքը, ապա խաղաղ ժամանակ ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից և հաշվառվում պահեստազորում:

(13-րդ հոդվածը լրաց. 03.05.00 ՀՕ-57, 02.05.01 ՀՕ-180, փոփ. 01.06.06 ՀՕ-128-Ն, 28.11.07 ՀՕ-272-Ն)

 

Հոդված 14. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումը շարունակելու համար տարկետում ստանալը

 

1. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումը շարունակելու համար տարկետում տրվում է`

ա) պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների (այդ թվում` օրդինատուրա, ինտերնատուրա և մագիստրատուրա) ցերեկային ուսուցման ուսանողներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ցանկում ընդգրկված միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների ցերեկային ուսուցման ուսանողներին.

բ) պետական գիտակրթական համակարգի ասպիրանտուրայում պետական պատվերով առկա ուսուցմամբ սովորողներին.

գ) պետական պատվերով, միջպետական և միջգերատեսչական համաձայնագրերով օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին, օրդինատուրայում, ինտերնատուրայում, մագիստրատուրայում կամ ասպիրանտուրայում սովորողներին.

դ) դատական դպրոցի ունկնդիրներին.

ե) հանրակրթական, ինչպես նաև հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրերով սովորողներին` մինչև նրանց 19 տարին լրանալը, եթե համապատասխան զինվորական կոմիսարիատ են ներկայացնում ուսումնական հաստատության պաշտոնատար անձի տված տեղեկանք` տվյալ ուսումնական հաստատությունում ուսումնառության վերաբերյալ:

2. Ասպիրանտուրա և մագիստրատուրա ընդունվելու կարգն ու պայմանները հաստատվում են կառավարության որոշմամբ:

Ատենախոսությունը պաշտպանած, բայց ԲՈՀ-ի հաստատումը դեռ չստացած և ասպիրանտուրան ավարտած ու ատենախոսության պաշտպանության օրը պաշտոնապես նշանակված անձանց պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Ուսումը շարունակելու համար տարկետում ստացած և սույն հոդվածի 1-ին մասում նշված ուսումնական հաստատություններից հեռացված կամ ազատված (բացառությամբ ուսման վարձը չվճարելու պատճառով ուսումնական հաստատությունից հեռացված և մինչև պարտադիր զինվորական ծառայության զորակոչի հայտարարվելն ուսման վարձը վճարելու հիման վրա ուսումնառությունը վերականգնած) կամ անբավարար առաջադիմության պատճառով նույն կուրսում մնացած 18 տարին լրացած քաղաքացիները կորցնում են տարկետման իրավունքը և ենթակա են զորակոչի, եթե չեն օգտվում սույն օրենքով նախատեսված պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից այլ հիմքով տարկետում ստանալու իրավունքից:

4. Կրթությունը շարունակելու համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած անձինք պարտադիր զինվորական ծառայության են կանչվում մինչև 27 տարեկան դառնալը, բացառությամբ պետական պատվերով պետական գիտակրթական համակարգի, միջպետական և միջգերատեսչական համաձայնագրերով օտարերկրյա պետությունների կամ սույն օրենքի 16 հոդվածի երկրորդ մասով նախատեսված դեպքում ասպիրանտուրայում սովորողների, ինչպես նաև դատական դպրոցի ունկնդիրների, որոնց տարկետում տրվում է մինչև ուսման ավարտը: Եթե նշված անձինք ուսումն ավարտում են 27 տարեկանից բարձր տարիքում, ապա պարտադիր զինվորական ծառայության են կանչվում ասպիրանտուրան ավարտելուն հաջորդող զորակոչի ընթացքում:

Սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա պահեստազորի առաջին խմբի սպաները, որոնք ավարտել են ասպիրանտուրան կամ ունեն գիտական աստիճան, պարտադիր զինվորական ծառայության են կանչվում ըստ իրենց մասնագիտացումների:

(14-րդ հոդվածը խմբ. 06.03.00 ՀՕ-42, լրաց. 03.05.00 ՀՕ-57, 16.04.02 ՀՕ-325, 20.05.02 ՀՕ-345-Ն, խմբ. 01.06.06 ՀՕ-128-Ն, լրաց., խմբ. 21.02.07 ՀՕ-136-Ն, խմբ. 28.11.07 ՀՕ-272-Ն, 18.11.09 ՀՕ-215-Ն, լրաց. 25.05.11 ՀՕ-177-Ն)

 

Հոդված 15. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից առողջական վիճակի պատճառով տարկետում ստանալը

 

1. Առողջական վիճակի պատճառով բուժման կարիք ունեցող զորակոչիկներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է 3 անգամ` մինչև 1 տարի ժամանակով: Երրորդ անգամ տրված տարկետման ժամկետը լրանալուց հետո զորակոչիկը բժշկական քննության արդյունքներով կամ ճանաչվում է պիտանի զինվորական ծառայության համար և զորակոչվում է զինվորական ծառայության, կամ ճանաչվում է խաղաղ պայմաններում զինվորական ծառայության համար ոչ պիտանի և հաշվառվում պահեստազորում, կամ ճանաչվում է զինվորական ծառայության համար ոչ պիտանի և հանվում զինվորական հաշվառումից:

2. Առողջական վիճակի պատճառով պարտադիր զինվորական ծառայության համար ժամանակավորապես ոչ պիտանի զորակոչիկներին զորակոչից տարկետում տրվում է 1 անգամ` 3 տարի ժամանակով: Տարկետման ժամկետը լրանալուց հետո զորակոչիկը բժշկական քննության արդյունքներով կամ ճանաչվում է պիտանի զինվորական ծառայության համար և զորակոչվում է զինվորական ծառայության, կամ ճանաչվում է խաղաղ պայմաններում զինվորական ծառայության համար ոչ պիտանի և հաշվառվում պահեստազորում, կամ ճանաչվում է զինվորական ծառայության համար ոչ պիտանի և հանվում զինվորական հաշվառումից:

Սույն օրենքի 14 հոդվածի չորրորդ մասով նախատեսված ասպիրանտուրայում կամ դատական դպրոցում սովորելու կապակցությամբ տարկետում ստացած և 27 տարեկանից բարձր տարիքում ուսումն ավարտած զորակոչիկներին առողջական վիճակի պատճառով բուժման նպատակով տարկետում կարող է տրվել 1 անգամ՝ մինչև 6 ամիս ժամկետով, իսկ պարտադիր զինվորական ծառայության համար ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչելու դեպքում՝ մինչև 1 տարի ժամկետով: Տարկետման ժամկետը լրանալուց հետո զորակոչիկը բժշկական քննության արդյունքներով կամ ճանաչվում է պիտանի զինվորական ծառայության համար և զորակոչվում զինվորական ծառայության, կամ ճանաչվում է խաղաղ պայմաններում զինվորական ծառայության համար ոչ պիտանի և հաշվառվում պահեստազորում, կամ ճանաչվում է զինվորական ծառայության համար ոչ պիտանի և հանվում զինվորական հաշվառումից:

3. Սույն հոդվածի առաջին և երկրորդ մասերով նախատեսված տարկետումներ տալու մասին որոշումներն ընդունում է հանրապետական զորակոչային հանձնաժողովը` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ստեղծված կենտրոնական բժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա:

4. Սույն հոդվածի հիման վրա պահեստազորում հաշվառված քաղաքացիները ենթակա են բժշկական վերափորձաքննության` 5 տարին մեկ անգամ: Մինչև 27 տարին լրանալը բժշկական վերափորձաքննության արդյունքներով պարտադիր զինվորական ծառայության համար պիտանի ճանաչված քաղաքացիները ենթակա են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի` ընդհանուր հիմունքներով:

(15-րդ հոդվածը խմբ. 01.06.06 ՀՕ-128-Ն, լրաց. 28.11.07 ՀՕ-272-Ն)

 

Հոդված 16. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից այլ հիմքերով տարկետում ստանալը

 

1. Ազգային ժողովի պատգամավորներին, իրենց լիազորությունների ողջ ժամկետում, տրվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու իրավունք:

2. Առանձին դեպքերում կառավարությունը որոշում է քաղաքացիների կատեգորիաները և առանձին քաղաքացիներին, որոնց տարկետում է տրվում պարտադիր զինվորական ծառայության զորակոչից:

 

Հոդված 17. Տեղական և մարզային զորակոչային հանձնաժողովները

 

1. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչն անցկացնելու համար կառավարության սահմանած կարգով ստեղծվում են զորակոչային հանձնաժողովներ` ըստ զինվորական կոմիսարիատների կողմից սպասարկվող տարածքների` տեղական, և ըստ մարզերի` մարզային (Երևանի քաղաքային):

2. Տեղական զորակոչային հանձնաժողովների կազմը հաստատում է մարզպետը (Երևանի քաղաքապետը)` համապատասխան զինվորական կոմիսարի ներկայացմամբ:

Հանձնաժողովի նախագահ է համարվում զինվորական կոմիսարը:

Տեղական զորակոչային հանձնաժողովները`

- կազմակերպում են զորակոչիկների բժշկական քննությունը,

- որոշումներ են ընդունում զորակոչի և զորակոչիկներին` ըստ զորատեսակների զինված ուժերում և այլ զորքերում զինվորական ծառայության ուղարկելու մասին, որոշում են ընդունում և մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովի հաստատմանն են ներկայացնում զորակոչիկներին` ընտանեկան դրության բերումով և ուսումը շարունակելու համար տարկետում տալու վերաբերյալ փաստաթղթերը,

- կայացնում են նախնական եզրակացություն և մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողով են ներկայացնում սույն օրենքով չնախատեսված դեպքերում զորակոչիկներին ընտանեկան դրության բերումով տարկետում տալու վերաբերյալ փաստաթղթերը,

- կայացնում են նախնական եզրակացություն և կենտրոնական բժշկական հանձնաժողով են ներկայացնում զորակոչիկներին բժշկական քննության արդյունքներով տարկետում տալու և պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու վերաբերյալ փաստաթղթերը` եզրակացության համար,

- քննարկում են ռազմաուսումնական հաստատություններ ընդունվելու մասին դիմումները և կայացնում որոշում:

3. Մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովները կազմում է կառավարությունը: Հանձնաժողովի նախագահ է համարվում համապատասխան մարզպետը (Երևանի քաղաքապետը):

Մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովները`

- համակարգում են տեղական զորակոչային հանձնաժողովների գործունեությունը,

- հաստատում են զորակոչիկներին ընտանեկան դրության բերումով և ուսումը շարունակելու համար տարկետում տալու մասին տեղական զորակոչային հանձնաժողովների որոշումները,

- որոշում են ընդունում զորակոչիկներին ընտանեկան դրության բերումով սույն օրենքով չնախատեսված դեպքերում տարկետում տալու վերաբերյալ և դա ներկայացնում հանրապետական զորակոչային հանձնաժողով:

4. Տեղական և մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովների որոշումներն ընդունվում են հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

(17-րդ հոդվածը փոփ. 18.11.09 ՀՕ-215-Ն)

 

Հոդված 18. Հանրապետական զորակոչային հանձնաժողովը

 

1. Զորակոչի ժամանակաշրջանում տեղական և մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովների աշխատանքը ղեկավարելու և գործունեությունը վերահսկելու համար կառավարությունն ստեղծում է հանրապետական զորակոչային հանձնաժողով:

2. Հանրապետական զորակոչային հանձնաժողովը`

- քննարկում է տեղական կամ մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովների որոշումների վերաբերյալ գանգատները,

- որոշում է ընդունում առողջական վիճակի պատճառով պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու, բուժման կամ պարտադիր զինվորական ծառայության համար ժամանակավորապես ոչ պիտանիության կապակցությամբ տարկետում տալու մասին,

- եզրակացություն է տալիս ընտանեկան դրության բերումով` սույն օրենքով չնախատեսված դեպքերում տարկետում տալու մասին մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովների որոշումների վերաբերյալ և ներկայացնում պաշտպանության նախարարին:

3. Տեղական կամ մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովի որոշման վերաբերյալ զորակոչիկի կամ այլ անձանց գանգատը, մինչև դրա վերանայումը, չի կասեցնում որոշման կատարումը:

Գանգատների վերաբերյալ որոշումները հանրապետական զորակոչային հանձնաժողովն ընդունում է մեկամսյա ժամկետում` ձայների պարզ մեծամասնությամբ:

Հանրապետական զորակոչային հանձնաժողովի որոշումները, դրանց ընդունման օրվանից մեկամսյա ժամկետում, կարող են գանգատարկվել դատարան` օրենքով սահմանված կարգով:

(18-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-128-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  V

 

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 19. Զինվորական ծառայությունը

 

(19-րդ հոդվածն ուժը կորցրել է 03.07.02 ՀՕ-383-Ն)

 

Հոդված 20. Զինվորական ծառայության տեսակները

 

(20-րդ հոդվածն ուժը կորցրել է 03.07.02 ՀՕ-383-Ն)

 

Հոդված 21. Զինվորական ծառայության ժամկետները

 

(21-րդ հոդվածն ուժը կորցրել է 03.07.02 ՀՕ-383-Ն)

 

Հոդված 22. Զինվորական ծառայության անցնելը

 

(22-րդ հոդվածն ուժը կորցրել է 03.07.02 ՀՕ-383-Ն)

 

 

Հոդված 23. Զինված ուժերի և այլ զորքերի շարքերից արձակելը

 

1. Զինծառայողներին զինված ուժերի և այլ զորքերի շարքերից արձակում է զորամասի հրամանատարը` «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածում նշված ժամկետներում և պաշտպանության նախարարի հրամանով սահմանված կարգով:

2. Ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողները ժամկետից շուտ արձակվում են, եթե նրանք կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից հետագա զինվորական ծառայության համար ճանաչվում են ոչ պիտանի` առողջական վիճակի պատճառով:

Այն զինծառայողները, ովքեր ծառայության ժամանակաշրջանում սույն օրենքի 12 հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի և 13 հոդվածի առաջին մասի «ա-ե» ենթակետերի ու երրորդ մասի հիմքերով ձեռք են բերել զինվորական ծառայությունից ազատվելու և զորակոչից տարկետում ստանալու իրավունք, արձակվում և հաշվառվում են որպես պահեստազորայիններ` մեկամսյա ժամկետում:

3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված զինծառայողներին արձակելու կարգը սահմանում է պաշտպանության նախարարը:

4. Սույն օրենքի 13 հոդվածի հիմքերով պահեստ արձակված անձինք կարող են ժամկետային զինծառայության զորակոչվել մինչև 27 տարեկան դառնալը, եթե տարկետում ստանալու հիմքերը վերացել են, և նրանց չծառայած ժամկետը գերազանցում է 16 ամիսը:

5. Կարգապահական գումարտակում և ազատազրկման վայրերում պատիժը կրած անձինք (բացառությամբ սույն օրենքի 11 հոդվածի 2-րդ մասում նշված դեպքերի) ուղարկվում են պարտադիր զինվորական ծառայության չծառայած ժամկետը շարունակելու` օրենսդրությամբ սահմանված կարգով:

6. Բարձրագույն կամ միջնակարգ մասնագիտական կրթություն ունեցող, վարժական հավաքներ անցած և սահմանված ստուգարքները հաջող հանձնած զինվորներին և սերժանտներին ժամկետային զինվորական ծառայության ավարտից առաջ պահեստազոր տեղափոխելիս շնորհվում է սպայի կամ ենթասպայի կոչում: Պահեստազոր տեղափոխվելիս սպայի կամ ենթասպայի կոչում չստացած անձինք կարող են ներգրավվել պահեստազորի սպաների և ենթասպաների պատրաստման համար կազմակերպվող զինապարտների վարժական հավաքներին:

Ստուգարքների հանձնման ժամկետները և կարգը սահմանում է պաշտպանության նախարարը:

(23-րդ հոդվածը խմբ. 25.10.00 ՀՕ-104, փոփ. 03.07.02 ՀՕ-383-Ն, փոփ., լրաց. 01.06.06 ՀՕ-128-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  VI

 

ՊԱՀԵՍՏԱԶՈՐԸ

 

Հոդված 24. Պահեստազորը

 

1. Պահեստազորում ընդգրկվում և հաշվառվում են`

- ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայություն անցած և պահեստ արձակված քաղաքացիները,

- (պարբերությունն ուժը կորցրել է 18.11.09 ՀՕ-215-Ն)

- սույն օրենքով սահմանված դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատված քաղաքացիները,

- իգական սեռի զինապարտները,

- Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած և 27 տարեկանը լրացած զինապարտները,

- սույն օրենքի 11 հոդվածի երկրորդ մասում թվարկված զորակոչային տարիքի անձինք

- սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու դիմաց օրենքով սահմանված կարգով վճարներ կատարած քաղաքացիները:

2. Պահեստազորում հաշվառված քաղաքացիները կոչվում են պահեստազորայիններ և բաժանվում են պահեստազորի շարքային, ենթասպայական և սպայական կազմերի:

(24-րդ հոդվածը լրաց. 01.06.06 ՀՕ-128-Ն, 28.11.07 ՀՕ-272-Ն, փոփ., խմբ., լրաց. 18.11.09 ՀՕ-215-Ն)

 

Հոդված 25. Պահեստազորի շարքային կազմը

 

1. Պահեստազորի շարքային կազմը բաժանվում է երկու խմբի՝ ըստ տարիքային սահմանափակման: Առաջին խմբում հաշվառվում են մինչև 45 տարեկան, իսկ երկրորդ խմբում՝ մինչև 50 տարեկան պահեստազորայինները:

2. Առաջին և երկրորդ խմբի պահեստազորը, ըստ զինվորական պատրաստության աստիճանի, բաժանվում է երկու կարգի:

Առաջին կարգի պահեստազորում հաշվառվում են անկախ ծառայության տևողությունից պարտադիր զինվորական ծառայություն անցած, բացառությամբ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու հետևանքով վաղաժամկետ զորացրված քաղաքացիները, ինչպես նաև պատերազմի կամ մարտական գործողությունների մասնակիցները` անկախ զինվորական ծառայություն անցնելու հանգամանքից:

Երկրորդ կարգի պահեստազորում հաշվառվում են պարտադիր զինվորական ծառայություն չանցած, ինչպես նաև առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու հետևանքով վաղաժամկետ զորացրված արական սեռի և զինվորական հաշվառման մեջ գտնվող իգական սեռի քաղաքացիները:

3. Առաջին և երկրորդ խմբերի պահեստազորի երկրորդ կարգում հաշվառված քաղաքացիները երեք ամսից ոչ պակաս ընդհանուր տևողությամբ վարժական հավաքներ անցնելու դեպքում հաշվառվում են առաջին կարգի պահեստազորում:

(25-րդ հոդվածը խմբ. 28.11.07 ՀՕ-272-Ն, 18.11.09 ՀՕ-215-Ն)

 

Հոդված 26. Պահեստազորի շարքային կազմի վարժական հավաքներ անցնելը և զինվորական վարժանքներ ու զորավարժություններ կանչելը

(վերնագիրը լրաց. 18.11.09 ՀՕ-215-Ն)

 

1. Առաջին խմբի պահեստազորի առաջին կարգում հաշվառված պահեստազորայինները ռազմական ունակությունները կատարելագործելու և վերապատրաստելու նպատակով խաղաղ ժամանակ կարող են կանչվել վարժական հավաքների մինչև չորս անգամ, յուրաքանչյուր դեպքում` մինչև երեք ամիս ժամկետով, բայց ոչ ավելի, քան երեք ամիս` մեկ տարվա ընթացքում: Ընդ որում, նշված պահեստազորայինները կարող են վարժական հավաքի կանչվել պահեստ արձակվելուց հետո` մեկ տարուց ոչ շուտ:

2. Առաջին խմբի պահեստազորի երկրորդ կարգում հաշվառված պահեստազորայինները ռազմական ունակություններ ստանալու նպատակով խաղաղ ժամանակ կարող են կանչվել վարժական հավաքների մինչև վեց անգամ, յուրաքանչյուր դեպքում` մինչև երեք ամիս ժամկետով, բայց ոչ ավելի, քան երեք ամիս` մեկ տարվա ընթացքում:

3. Առաջին և երկրորդ խմբերի պահեստազորի առաջին կարգում հաշվառված զինվորները, սերժանտները և ենթասպաները, որոնք պատրաստվում են սպայական պաշտոնի համար, վարժական հավաքների են կանչվում երեք ամիս ժամկետով:

4. Երկրորդ խմբի պահեստազորում հաշվառված անձինք վարժական հավաքների կարող են կանչվել 1-2 անգամ, յուրաքանչյուր դեպքում` մինչև երկու ամիս ժամկետով:

5. (մասն ուժը կորցրել է 28.11.07 ՀՕ-272-Ն)

6. Վարժական հավաքների անցկացման ժամկետները որոշում է պաշտպանության նախարարը: Նա իրավունք ունի անհրաժեշտության դեպքում պահեստազորի շարքային կազմին պահել վարժական հավաքներում՝ սույն հոդվածով սահմանված ժամկետներից մինչև երկու ամիս ավելի, ինչպես նաև ավելացնել հավաքների քանակը` չգերազանցելով հավաքներում գտնվելու` սույն հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված ընդհանուր ժամկետները:

7. Առաջին խմբի պահեստազորում հաշվառված քաղաքացիները զինված ուժերի զորահավաքային պատրաստականության ստուգման նպատակով խաղաղ ժամանակ կարող են կանչվել զինվորական վարժանքների (հրամանատարաշտաբային կամ շտաբային)՝ մինչև 10 օր ժամկետով, կամ զորավարժությունների (զորախաղերի)՝ դրանց ամբողջ տևողության ժամկետով:

(26-րդ հոդվածը փոփ., լրաց. 01.06.06 ՀՕ-128-Ն, փոփ. 28.11.07 ՀՕ-272-Ն, լրաց., փոփ., խմբ. 18.11.09 ՀՕ-215-Ն)

 

Հոդված 27. Պահեստազորի ենթասպայական կազմը

 

1. Զինված ուժերում և այլ զորքերում` որպես ենթասպաներ, զինվորական ծառայության են անցնում սպայական կոչում չունեցող պահեստազորայինները:

2. Զինված ուժերի և այլ զորքերի ենթասպաների կողմից զինվորական ծառայության անցնելու կարգը սահմանվում է օրենսդրությամբ:

3. Ենթասպաները կարող են գտնվել զինվորական ծառայության մեջ մինչև 45 տարեկան դառնալը: Նրանց համաձայնությամբ` այդ ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 5 տարով:

Զինվորական ծառայությունից արձակված ենթասպաները զինված ուժերի և այլ զորքերի պահեստազորում գտնվում են մինչև 55 տարեկան դառնալը:

 

Հոդված 28. Պահեստազորի սպայական կազմը

 

1. Պահեստազորի սպայական կազմը բաղկացած է`

- ժամկետային զինվորական ծառայությունից արձակված և պահեստազորում հաշվառված սպաներից, գեներալներից,

- բարձրագույն կամ միջնակարգ մասնագիտական կրթություն ունեցող սերժանտներից և ենթասպաներից, որոնք անցել են ժամկետային զինվորական ծառայություն և սահմանված կարգով ստացել են սպայական կոչում,

- բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու ընթացքում ռազմական պատրաստություն անցած և սահմանված կարգով սպայական կոչում շնորհված քաղաքացիներից,

- զինվորներից, սերժանտներից և ենթասպաներից, որոնց սպայական կոչում է շնորհվել բարձրագույն և միջնակարգ մասնագիտական քաղաքացիական կրթության հիման վրա,

- Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության, ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության համակարգերից արձակվածներից՝ նրանց շնորհված հատուկ կոչումները հաշվի առնելով, բացառությամբ այդ համակարգերում զինվորական ծառայություն անցած և զինվորական կոչում ունեցողների,

- Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած և սպայական կոչում ունեցող անձանցից՝ սպայական կոչումները հաշվի առնելով:

2. (կետն ուժը կորցրել է 03.07.02 ՀՕ-383-Ն)

3. Զինվորական հաշվառման մեջ գտնվող սպա կանայք, իրենց մասնագիտությանը համապատասխան, անկախ զինվորական կոչումից, հաշվառվում են երրորդ խմբի պահեստազորում, և նրանց սահմանային տարիք է համարվում 50 տարեկանը:

4. Պահեստազորում սահմանային տարիքի հասած կամ առողջական վիճակի պատճառով խաղաղ և պատերազմի ժամանակ զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչված սպաները հանվում են զինվորական հաշվառումից:

(28-րդ հոդվածը փոփ. 03.07.02 ՀՕ-383-Ն, լրաց. 01.06.06 ՀՕ-128-Ն, խմբ., լրաց., փոփ. 18.11.09 ՀՕ-215-Ն)

 

Հոդված 29. Պահեստազորի սպայական և ենթասպայական կազմերի վարժական հավաքներ անցնելը և զինվորական ծառայության կանչելու կարգը

(վերնագիրը փոփ. 01.06.06 ՀՕ-128-Ն)

 

1. Առաջին խմբի պահեստազորայինները կարող են կանչվել վարժական հավաքների` մինչև երեք ամիս, երկրորդ խմբի պահեստազորայինները՝ մինչև երկու ամիս, իսկ երրորդ խմբի պահեստազորայինները՝ մինչև մեկ ամիս ժամկետով: Խաղաղ ժամանակ առաջին խմբի սպայական ու ենթասպայական կազմերը ռազմական հմտությունների կատարելագործման և վերապատրաստման նպատակով կարող են կանչվել վարժական հավաքների՝ մինչև 30 օր, իսկ հրամանատարաշտաբային կամ շտաբային վարժանքների ու զորախաղերի դեպքում՝ մինչև 10 օր տևողությամբ:

Առաջին խմբի պահեստազորի օդաչուական անձնակազմը, բացի սույն մասով նախատեսված վարժական հավաքն անցնելուց, առաջին խմբի պահեստազորում գտնվելիս կանչվում է նաև վարժական հավաքների` թռիչքային վարժություններ կատարելու համար, մինչև հինգ անգամ` յուրաքանչյուր դեպքում երկու ամիս ժամկետով, բայց ոչ ավելի, քան երկու ամիս` մեկ տարվա ընթացքում:

2. Պաշտպանության նախարարն իրավունք ունի անհրաժեշտության դեպքում մինչև երկու ամսով երկարաձգել պահեստազորի սպաների և ենթասպաների վարժական հավաքների ժամկետները, ինչպես նաև քանակը` չգերազանցելով սույն հոդվածի առաջին մասում սահմանված ընդհանուր ժամկետները:

3. Պահեստազորի սպաները խաղաղ ժամանակ կարող են կանչվել`

ա) զորակոչի միջոցով մինչև 3 տարի ժամկետով պարտադիր զինվորական ծառայության` կառավարության կողմից որոշվող մասնագիտությունների գծով և քանակով.

բ) պայմանագրային զինվորական ծառայության` անձնական ցանկությամբ և օրենսդրությամբ սահմանված կարգով:

(29-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 01.06.06 ՀՕ-128-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  VII

 

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ԶԻՆԱՊԱՐՏՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 30. Զինծառայողների և զինապարտների իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը

 

1. Զինծառայողների և զինապարտների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են սույն օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով:

2. Զինվորական հաշվառման պարտականություններ կատարելու, զորակոչային տեղամասերին կցագրվելու և վարժական հավաքների կանչվելու ընթացքում մշտական աշխատանքի վայրում (անկախ կազմակերպական-իրավական ձևից) պահպանվում է քաղաքացիների աշխատատեղը (պաշտոնը) և միջին աշխատավարձը:

Մշտական աշխատանք չունեցող պահեստազորայինները վարժական հավաքների ավարտից հետո միանվագ ձևով վարձատրվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պայմանագրային զինծառայողների համար սահմանված դրամական բավարարմանը համարժեք չափով և կարգով:

3. Ժամկետային զինվորական ծառայության զորակոչից, վարժական հավաքից, զորահավաքից և զինվորական հաշվառումից խուսափելու, ինչպես նաև զինվորական հանցագործություններ, զինվորական հաշվառման բնագավառում իրավախախտումներ կատարելու համար զինծառայողները և զինապարտները պատասխանատվության են ենթարկվում օրենսդրությամբ սահմանված կարգով:

4. Սույն օրենքով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու իրավունք ձեռք չբերած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները չեն կարող նշանակվել հանրային ծառայության մեջ ընդգրկված պաշտոններում:

(30-րդ հոդվածը փոփ., լրաց. 01.06.06 ՀՕ-128-Ն, խմբ. 18.11.09 ՀՕ-215-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  VIII

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 31. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1991 թվականի դեկտեմբերի 9-ին ընդունված «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` հետագա փոփոխություններով և լրացումներով: 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան
   

Երևան
14 հոկտեմբերի 1998 թ.
ՀՕ-250