Գլխավոր տեղեկություն
Համար
N 735-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (07.06.2025-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.05.26-2025.06.08 Պաշտոնական հրապարակման օրը 06.06.2025
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.06.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.06.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.06.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 հունիսի 2025 թվականի N 735-Ն

 

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ԵՎ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՎՃԱՐՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Արդյունաբերական քաղաքականության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 8-րդ և 15-րդ կետերը, 2-րդ մասը և 6-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Արտադրանքի սերտիֆիկացման և լաբորատոր փորձարկումների վճարների փոխհատուցման ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով հաստատված արտադրանքի սերտիֆիկացման և լաբորատոր փորձարկումների վճարների փոխհատուցման ծրագրի իրականացման լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունն է։

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝

1) մեկամսյա ժամկետում հաստատել արտադրանքի սերտիֆիկացման և լաբորատոր փորձարկումների վճարների փոխհատուցման տրամադրման մասին պայմանագրի օրինակելի ձևը.

2) երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և լրացում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2060-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:

4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և գործում է մինչև 2027 թվականի նոյեմբերի 10-ը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

06.06.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2025 թվականի

հունիսի 5-ի N 735-Ն որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ԵՎ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՎՃԱՐՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Արտադրանքի սերտիֆիկացման և լաբորատոր փորձարկումների վճարների փոխհատուցման ծրագրով (այսուհետ՝ ծրագիր) կարգավորվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն» գրասենյակում գրանցված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց (այսուհետ՝ կազմակերպություններ) կամ անհատ ձեռնարկատերերին փոխհատուցում տրամադրելու հետ կապված հարաբերությունները:

 

2. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԿԻՐԱՌՎՈՂ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2. Ծրագրի նպատակն է հայկական արտադրանքի արտադրության խթանումը, արտաքին շուկաների որակական ու քանակական պահանջներին բավարարող հայկական արտադրանքի (հումք չհանդիսացող արտադրանքի) մրցունակության բարձրացումը, որը կարևոր նախապայման է առևտրային շուկաների դիվերսիֆիկացման և ազգային ապրանքանիշով նոր շուկաների մուտքի համար: Ծրագրի իրականացումը կնպաստի տեղական արտադրանքի ճանաչելիության մակարդակի բարձրացմանը, բիզնեսի ընդլայնմանը և արտադրության նոր տեսակների ստեղծմանը՝ մասնակի փոխհատուցելով պետական ռեգիստրում գրանցված կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից արտադրված արտադրանքի համար արտահանվող երկրի հավատարմագրման մարմնի կողմից հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմնի (այսուհետ՝ ՀԳՄ) կողմից ներմուծման և իրացման համար անհրաժեշտ համապատասխանության գնահատման փաստաթղթի (սերտիֆիկատի կամ համապատասխանության հայտարարագրի կամ այլ համարժեք փաստաթղթի, այսուհետ` սերտիֆիկատ) կամ լաբորատոր փորձարկման (արձանագրության ստացման) համար կատարված ծախսերը։

3. Ծրագրի իմաստով՝

1) արտահանում՝ Հայաստանի Հանրապետությունում արտադրված արտադրանքի՝ «արտահանում» մաքսային ընթացակարգով սահմանված գործընթացը դեպի N 1 աղյուսակով սահմանված արտահանման երկրներ (այսուհետ՝ արտահանման երկրներ).

2) սերտիֆիկատին համարժեք համապատասխանության գնահատման փաստաթուղթ՝ համապատասխանության գնահատման այն փաստաթուղթը, որը ներմուծման երկրում սերտիֆիկատի փոխարեն կարող է հիմք հանդիսանալ արտադրանքի ներմուծման համար։

4. Ծրագրի շրջանակներում փոխհատուցման ենթակա ծախսերը ներառում են`

1) փորձարկման դրական արդյունքներ (փորձարկման բոլոր արդյունքները պետք է լինեն դրական) պարունակող արձանագրության տրամադրման համար կատարված ծախսերը.

2) սերտիֆիկատի տրամադրման համար սերտիֆիկացման սխեմայով (մոդուլով) նախատեսված գործընթացների իրականացման համար կատարված ծախսերը։

5. Ծրագրի իմաստով կիրառվող հասկացություններն ունեն տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման ոլորտում գործող օրենսդրությամբ սահմանված հասկացությունների իմաստը, բացառությամբ՝

1) շահառու՝ պետական ռեգիստրում գրանցված և փաստացի գործունեություն իրականացնող կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր, բացառությամբ դիմում-հայտը ներկայացնելու կամ նախորդող օրացուցային տարվա ընթացքում միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող տնտեսավարողների, որը՝

ա. դիմում-հայտի ներկայացման տարվա և նախորդող տարվա ընթացքում, իսկ իրավաբանական անձի տվյալ տարվա ընթացքում գրանցված լինելու կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից տվյալ տարվա ընթացքում հաշվառված լինելու դեպքում՝ միայն տվյալ տարվա ընթացքում հանդիսանում է հարկման ընդհանուր համակարգում և շրջանառության հարկի համակարգում գործունեություն իրականացրած հարկ վճարող, ինչպես նաև ընթացիկ տարում պետական գրանցում (հաշվառում) ստացած կամ գործունեությունը վերսկսած տնտեսավարող.

բ. ծրագրով սահմանված դիմում-հայտի ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում իր նկատմամբ չունի հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով մեկ միլիոն դրամ և ավելի հարկային պարտավորությունների մասով գանձման որոշում, և հայտի ներկայացման օրվան նախորդող օրվա դրությամբ չունի հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով ժամկետանց պարտավորություններ․

գ․ չի գտնվում սնանկության կամ լուծարման գործընթացում.

դ․ դիմում-հայտի ներկայացման օրվան նախորդող և ընթացիկ տարվա, իսկ իրավաբանական անձի տվյալ տարվա ընթացքում գրանցված լինելու կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից տվյալ տարվա ընթացքում հաշվառված լինելու դեպքում՝ միայն տվյալ տարվա, ավարտված յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված ԱԱՀ և ակցիզային հարկի միասնական հաշվարկներով ու շրջանառության հարկի հաշվարկներով գործունեության առնվազն 80%-ը ձևավորել և իրականացրել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» «A (ԷՅ) Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն» բաժնի 01.1 (Ոչ բազմամյա մշակաբույսերի աճեցում), 01.2 (Բազմամյա մշակաբույսերի աճեցում), 01.3 (Տնկիների և այլ տնկանյութերի աճեցում), 01.4 (Անասնաբուծություն) և 03.2 (Ձկնաբուծություն) խմբերում, «C (ՍԻ) Մշակող արդյունաբերություն» բաժնի դասերում ներառված գործունեություն (բացառությամբ՝ 18 «Պոլիգրաֆիական գործունեություն, գրառված կրիչների բազմացում», 33 «Մեքենաների և սարքավորանքի նորոգում և տեղադրում» հատվածների).

2) արտահանման երկրների հավատարմագրման մարմնի կողմից հավատարմագրված ՀԳՄ-ի կողմից տրամադրված կամ գրանցված համապատասխանության գնահատման փաստաթուղթ`

ա․ սերտիֆիկատ՝ փաստաթուղթ, որով սերտիֆիկացման մարմինը հավաստում է շրջանառության մեջ դրվող արտադրանքի համապատասխանությունը սահմանված պահանջներին,

բ․ լաբորատոր փորձարկման արձանագրություն՝ արտադրանքի (համապատասխանության գնահատման ենթակա օբյեկտի) մեկ կամ մի քանի բնութագրերը հավաստող փաստաթուղթը, որը տրամադրվել է փորձարկման լաբորատորիայի գնահատման ընթացակարգի համաձայն.

3) սերտիֆիկացման կամ լաբորատոր փորձարկման ծախսը` արտահանման երկրների հավատարմագրման մարմնի կողմից հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմնի (այսուհետ՝ ՀԳՄ) կողմից սերտիֆիկատի կամ փորձարկման արձանագրության տրամադրման ծառայությունների համար կատարված վճարում (հավաստող փաստաթղթերի համաձայն)։

6. Ծրագրի 5-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերությամբ սահմանված պահանջը բավարարված համարվելու հիմք է ընդունվում հարկատուի կողմից միջոցառման պայմաններով սահմանված ժամանակահատվածների համար ներկայացված ավելացված արժեքի հարկի կամ շրջանառության հարկի հարկային հաշվարկներում արտացոլված շրջանառությունը:

 

3. ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

7. Ծրագրով նախատեսվում է փոխհատուցել շահառուի՝

1) սերտիֆիկատի տրամադրման համար կատարված ծախսը՝ սերտիֆիկատի տրամադրման ծախսի 50%-ի չափով, բայց ոչ ավելի, քան 100 000 (հարյուր հազար) դրամ.

2) մեկ տեսակի արտադրանքի (ներառյալ N 2 աղյուսակում նշված արտադրանքի) լաբորատոր փորձարկման համար կատարված ծախսը՝ յուրաքանչյուր ցուցանիշի համար արժեքի 50 %-ը, բայց ոչ ավելի, քան 50 000 (հիսուն հազար) դրամ:

8. Շահառուն իր ընտրությամբ կարող է դիմել միաժամանակ սերտիֆիկացման և լաբորատոր փորձարկման, ինչպես նաև միայն սերտիֆիկացման կամ միայն լաբորատոր փորձարկման ծախսի փոխհատուցման համար: Ընդ որում, մեկ շահառուի համար ծրագրի շահառու դիտարկվելուց հետո մեկ տարվա ընթացքում արտահանված արտադրանքի համար տրամադրվող աջակցությունը չի կարող գերազանցել 5.000.000 (հինգ միլիոն) դրամ չափաքանակը:

 

4. ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

9. Լաբորատոր փորձարկման համար ծախսի փոխհատուցում ստանալու նախապայման է հանդիսանում լաբորատոր փորձարկման հիման վրա տվյալ արտադրատեսակի սերտիֆիկատի գրանցումը/տրամադրումը։

10. Աջակցությունը տրամադրվում է, եթե՝

1) շահառուն բավարարում է ծրագրի 5-րդ կետով սահմանված պայմանները.

2) շահառուի կողմից ներկայացվում է մաքսային հայտարարագիր, որով հավաստվում է, որ սերտիֆիկատի կամ փորձարկման արձանագրության ստացմանը հաջորդած քառասունօրյա ժամանակահատվածում կազմակերպությունն արտահանել է այն արտադրանքը, որի համար ստացվել է ներկայացված սերտիֆիկատը կամ փորձարկման արձանագրությունը:

11. Ծրագրով նախատեսված փոխհատուցման ենթակա ծախսերն ստանալու նպատակով շահառուն պետք է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության (այսուհետ՝ լիազոր մարմին) secretariat@mineconomy.am էլեկտրոնային փոստի հասցեին սահմանված կարգով ներկայացնի հետևյալ փաստաթղթերը`

1) դիմում-հայտ՝ համաձայն N 1 ձևի․

2) շահառուի՝ պետական ռեգիստրում գրանցված կազմակերպության գրանցման համարի կամ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման համարի պատճենը․

3) շահառուի կողմից տրված` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխանող գրավոր համաձայնությունը` ծրագրի շրջանակներում շահառուի վերաբերյալ պահանջվող տեղեկատվությունը ՊԵԿ-ի կողմից լիազոր մարմնին տրամադրելու համար․

4) շահառուի գրավոր համաձայնությունը 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում փոխհատուցվող ամբողջ գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձնելու մասին՝ կիրառելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2010 թվականի նոյեմբերի 9-ի N 283-Ն որոշմամբ սահմանված պահանջը, եթե աջակցությունը տրամադրելուց հետո պարզվի՝

ա․ այն ստանալու համար շահառուն տրամադրել է ոչ ամբողջական, խեղաթյուրված կամ կեղծ տեղեկատվություն, որոնց դեպքում շահառուն կենթարկվի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված պատասխանատվության,

բ․ այն ստանալուց հետո ծրագրի գործողության ընթացքում վերջինիս նկատմամբ հարուցվող հարկային պարտավորությունների գանձման վարչական վարույթի շրջանակներում ընդունվել է հարկային պարտավորությունների գանձման որոշում.

5) ծրագրի 5-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված սերտիֆիկատը կամ փորձարկման արձանագրությունը.

6) փորձարկման լաբորատորիայի կամ սերտիֆիկացման մարմնի միջև կնքված համապատասխանության գնահատման ծառայության մատուցման պայմանագրի պատճենը.

7) մաքսային հայտարարագրի պատճենը.

8) շահառուի բանկային հաշվեհամարը և շահառուի կողմից սերտիֆիկացման կամ լաբորատոր փորձարկումների մատուցման պայմանագրի հիման վրա կատարված վճարումը հաստատող բանկային հաշվի քաղվածքը:

12. Շահառուն սերտիֆիկատի կամ փորձարկման արձանագրության ստացման համար ՀԳՄ-ին պետք է դիմի ծրագրի ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրվանից սկսած (մինչև ծրագրի ուժի մեջ մտնելը շահառուի կողմից կատարված ծախսերը չեն փոխհատուցվում)։ Շահառուի կողմից դիմում-հայտը պետք է ներկայացվի սերտիֆիկատը կամ փորձարկման արձանագրությունն ստանալուց հետո, բայց ոչ ուշ, քան 4 ամսվա ընթացքում։

13. Դիմում-հայտում կամ դրան կից փաստաթղթերում թերությունների առկայության կամ ներկայացված տեղեկության ոչ ամբողջական լինելու դեպքում լիազոր մարմինը դիմում-հայտն ստանալու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում շահառուին էլեկտրոնային եղանակով (դիմում-հայտում նշված էլեկտրոնային փոստի հասցեին) ծանուցում է այդ մասին՝ առաջարկելով վերացնել թերությունները, ներկայացնել ծրագրի շրջանակներում պահանջվող ամբողջական տեղեկատվություն կամ ներկայացնել նոր դիմում-հայտ:

14. Շահառուին ծանուցելու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում շահառուն վերացնում է թերությունները և լիազոր մարմնին է ներկայացնում դիմում-հայտի և դրան կից փաստաթղթերի ուղղված տարբերակները կամ ներկայացնում է ծրագրի շրջանակներում պահանջվող ամբողջական տեղեկատվություն։

15. Շահառուն լիազոր մարմնին կարող է ներկայացնել նոր դիմում-հայտ՝

1) եթե ծրագրի 14-րդ կետով սահմանված ժամկետում համապատասխան տեղեկատվություն չի ներկայացրել․

2) եթե շահառուն լիազոր մարմին է ներկայացնում փաստաթղթավորված հիմնավորումներ առ այն, որ թերությունների շտկումը պայմանավորված է երրորդ անձանց կամ պետական մարմնի գործողությունների և դրանց տևողության ժամկետի հետ։

16. Շահառուի ներկայացրած դիմում-հայտում և դրան կից փաստաթղթերում թերություններ չհայտնաբերվելու դեպքում լիազոր մարմինը հարցում է կատարում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե` շահառուի հարկման համակարգերի, հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով ժամկետանց պարտավորությունների, ծրագրով սահմանված դիմում-հայտի ներկայացման օրվան նախորդող 365 օրվա ընթացքում հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով մեկ միլիոն դրամ և ավելի հարկային պարտավորությունների գանձման որոշման բացակայության, տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով: Հարցումն ստանալուց հետո Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից 5 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմին է ներկայացվում պահանջվող տեղեկատվությունը:

17. Ծրագրի 16-րդ կետում նշված հարցումների պատասխանն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում դիմում-հայտը հաստատվում կամ մերժվում է:

18. Դիմում-հայտը մերժվում է, եթե`

1) դիմողի կողմից ներկայացված փաստաթղթերով տրամադրված տեղեկությունները կամ տվյալները կեղծ են կամ ճշգրիտ չեն կամ չեն համապատասխանում ծրագրի պահանջներին.

2) խախտվել են ծրագրի 12-րդ կամ 14-րդ կետերով սահմանված ժամկետները կամ 15-րդ կետով սահմանված պահանջները․

3) օժանդակություն ստանալու նպատակով դիմում-հայտը լիազոր մարմնին ներկայացնելու օրվան նախորդող 365 օրերի ընթացքում դիմողի նկատմամբ առկա է հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով մեկ միլիոն դրամ և ավելի հարկային պարտավորությունների մասով գանձման որոշում կամ դիմումհայտի ներկայացման օրվան նախորդող օրվա դրությամբ ունի հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով ժամկետանց պարտավորություններ։

19. Եթե տնտեսավարողը բավարարում է ծրագրով սահմանված պահանջներին, ապա լիազոր մարմնի կողմից դիմում-հայտի հաստատման օրվան հաջորդող 7 աշխատանքային օրվա ընթացքում կազմվում է N 2 ձևին համապատասխան եզրակացություն:

20. Ծրագրի 19-րդ կետով սահմանված եզրակացության կազմման օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմնի և տնտեսավարողի միջև կնքվում է արտադրանքի սերտիֆիկացման և լաբորատոր փորձարկումների վճարների փոխհատուցման տրամադրման մասին պայմանագիր՝ լիազոր մարմնի կողմից հաստատված ձևին համապատասխան:

21. Ծրագրի 20-րդ կետով սահմանված պայմանագրի կնքման օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում փոխհատուցումն իրականացվում է շահառուի դիմում-հայտում նշված բանկային հաշվեհամարին գումարի փոխանցման ձևով։

22. Հայտի մերժման դեպքում լիազոր մարմինը շահառուին էլեկտրոնային եղանակով (դիմում-հայտում նշված էլեկտրոնային փոստի հասցեին) ծանուցում է ծրագրի 18-րդ կետով ստացված մերժման օրվան հաջորդող առավելագույնը 5 աշխատանքային օրվա ընթացքում։

 

5. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

23.Շահառուին ծրագրի շրջանակներում աջակցության ֆինանսավորում կտրամադրվի տվյալ տարվա «Պետական բյուջեի մասին» օրենքում և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին կառավարության որոշման մեջ ծրագրի ներառման օրվան հաջորդող 60 աշխատանքային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան ծրագրի 24-րդ կետով սահմանված ժամանակահատվածը։

24. Ծրագրի շրջանակներում աջակցությունը տրամադրվում է ծրագրի 23-րդ կետով սահմանված ժամանակահատվածից մինչև 2027 թվականի նոյեմբերի 1-ին տասնօրյակ ընկած ժամանակահատվածում ստացված դիմում-հայտերի համար։

 

Աղյուսակ N 1

 

NN

ը/կ

ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՑԱՆԿ

1.

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

2․

Ավստրալիա

3․

Արաբական Միացյալ Էմիրություններ

4․

Բրազիլիա

5․

Եվրոպական միության անդամ երկրներ

6․

Թունիսի Հանրապետություն

7․

Թուրքմենստան

8․

Իրանի Իսլամական Հանրապետություն

9․

Իրաքի Հանրապետություն

10․

Իսրայել

11․

Լիբանան

12․

Կորեայի Հանրապետություն

13․

Կատարի Պետություն

14․

Կանադա

15․

Հնդկաստան

16․

Հոնկոնգ

17․

Ճապոնիա

18․

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Թագավորություն

19․

Մոլդովայի Հանրապետություն

20․

Նորվեգիա

21․

Շվեյցարիա

22․

Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն

23․

Սերբիա

24․

Սինգապուր

25․

Սաուդյան Արաբիա

26․

Վրաստան

27․

Տաջիկստան

28․

Ուկրաինայի Հանրապետություն

29․

Ուզբեկստանի Հանրապետություն

30․

Քուվեյթ

 

Աղյուսակ N 2

 

NN

ը/կ

Արտադրանքի անվանում

Լաբորատոր փորձարկման արժեքը դրամով

(ներառյալ ԱԱՀ)

1.

գինի

50000

2.

բրենդի

60000

3.

թառափի խավիար

140000

4.

հունական ընկույզի միջուկ

165000

5.

մեղր

60000

6.

ծիրանի խյուս

60000

7.

պանիր

90000

8.

ջուր

25000

9.

վարսակ

100 000

10.

գարի

130 000

11.

հնդկաձավար

80000

12.

կտավատի սերմ

80400

13.

ցորեն

80000

14.

կարտոֆիլ

40000

15.

չիր

40000

16.

թեյ

70000

17.

պահածոներ

55000

18.

լավաշ, հաց

16000

19.

բալ, ծիրան, լոլիկ, կաղամբ, գազար, ծաղկակաղամբ

16000

20.

ձու

16000

21.

մարինադ

64000

22.

երշիկ, միս (խոզի, տավարի, հավի), ձուկ, պելմենի, խինկալի

32000

23.

վարսակի փաթիլներ և հնդկաձավարի շիլա, բրինձ, մակարոն

32000

24.

սև սուրճ

32000

25.

հանքային ջուր, գազավորված ըմպելիքներ

32000

26.

շոկոլադ, կրեկերներ և թխվածքաբլիթներ

32000

27.

թթվասեր, յոգուրտ, կաթ, կարագ, կաթնաշոռ

32000

28.

խաղողի պահածոյացված տերևներ

60000

29.

վարունգ

55000

30.

սմբուկի խավիար

60000

31.

ծիրանի ջեմ

60000

32.

իմամ բայալդի

71200

33.

լորի մսի պաշտետ

38000

34.

համակցված կերեր

25000

35.

պահածոյացված կանաչ ոլոռ

106000

36.

արևածաղկի սերմեր ձմերուկի սերմեր

79000

37.

պղպեղ

26000

38.

ալյուր (ցորենի հաճարի, ոսպի, սիսեռի, կանաչ ոլոռի, դեղին ոլոռի, հնդկացորենի, վարսակի)

7800

(յուրաքանչյուր տեսակը)

39.

էթիլային սպիրտ

178000

40.

անանուխ, ուրց

76000

41.

խորոված բանջարեղենի պահածո

64000

 

Ձև N 1

 

---------------------------------------------------------------------ից

Դիմողի տվյալները/անունը,ազգանունը,հայրանունը,

էլեկտրոնային փոստի հասցեն/

 

 

 

ՀՎՀՀ` ------------------------------

 

--------------------------------------------------

----------

Կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անուն, ազգանունը

 

---------------------------------------------------------------

Իրավաբանական հասցեն/Գտնվելու վայրը/

 

 

202_ թվականի_____________

 

 

ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏ

 

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ԵՎ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՎՃԱՐՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ

 

Սույն դիմում-հայտով խնդրում եմ տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության 20 թվականի N -Ն որոշմամբ հաստատված պետական ռեգիստրում գրանցված կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի արտադրանքի սերտիֆիկացման/լաբորատոր փորձարկման աջակցություն:

Աջակցությունը խնդրում եմ տրամադրել`

_______________________________________________________________________________

(ստանդարտի նշագիրը և անվանումը)

_______________________________________________________________________________

 

Հայտարարում եմ, որ համապատասխանում եմ ծրագրի 5-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված պայմաններին:

Պարտավորվում եմ 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձնելու աջակցության ամբողջ գումարը՝ կիրառելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական

բանկի խորհրդի 2010 թվականի նոյեմբերի 9-ի N 283-Ն որոշմամբ սահմանված պահանջը, եթե աջակցությունը տրամադրելուց հետո պարզվի՝

 այն ստանալու համար իմ կողմից տրամադրվել է ոչ ամբողջական, խեղաթյուրված կամ կեղծ տեղեկատվություն, որի համար պատրաստ եմ կրելու Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված պատասխանատվությունը․

● այն ստանալուց հետո ծրագրի գործողության ընթացքում իմ նկատմամբ հարուցվող հարկային պարտավորությունների գանձման վարչական վարույթի շրջանակներում ընդունվել է հարկային պարտավորությունների գանձման որոշում։

Սույնով տալիս եմ իմ համաձայնությունը, որպեսզի լիազոր մարմինը՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից ստանա ----------------- (նշել կազմակերպության անվանումը) կազմակերպության հարկման համակարգերի, հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով ժամկետանց պարտավորությունների, ծրագրով սահմանված դիմում-հայտի ներկայացման օրվան նախորդող 365 օրվա ընթացքում հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով մեկ միլիոն դրամ և ավելի հարկային պարտավորությունների գանձման որոշման բացակայության, տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչների վերաբերյալ տեղեկատվությունը:

 

Կից ներկայացնում եմ`

 

 

(կցվում են Արտադրանքի սերտիֆիկացման և լաբորատոր փորձարկումների վճարների փոխհատուցման ծրագրի 11-րդ կետով նշված փաստաթղթերը):

 

 

Դիմող ------------------------------

 

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն  N _ _

 

 

.......................................………………………… ....-ի կողմից 20... թվականի

(նշել կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը)

..................... ամսին Արտադրանքի սերտիֆիկացման և լաբորատոր փորձարկումների վճարների փոխհատուցման ծրագրի 7-րդ կետի հիման վրա հաշվարկված չափով աջակցություն տրամադրելու մասին

 

Էկոնոմիկայի նախարարություն ներկայացված 20 թվականի                                              -ի

(նշել ամիսը և օրը)

N ….…............ դիմումի համաձայն ...............................................................................-ի

(նշել մուտքի համարը)          (նշել կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)

(ՀՎՀՀ` ....................) կողմից սերտիֆիկատի տրամադրման և մեկ տեսակ արտադրանքի լաբորատոր փորձարկման համար 202... թվականի ............................. ամսվա ընթացքում ծրագրի 7-րդ կետով սահմանված պահանջների հիման վրա հաշվարկված

...................................(................................................) դրամ գումարը ենթակա է

(նշել գումարի չափը թվերով)                      (նշել գումարի չափը տառերով)

վճարման ...........................................................-ի .......................................................-ում

(նշել կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը) (նշել ֆինանսական կազմակերպության անվանումը)

գործող N ……………………………. հաշվեհամարին։

                                    (նշել հաշվեհամարը)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

 

-----------------------------------------------------------------

(ստորաբաժանման անվանումը) և ստորաբաժանման ղեկավարի անունը, ազգանունը

------------------------

(ստորագրությունը)

--------------------

(անունը, ազգանունը)

 

........ ......................... 202...թ.

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

06.06.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հունիսի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան