ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 հունիսի 2025 թվականի N 728-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԶԵՆՔԸ ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 45.4-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին հատկացված զենքը պահելու և կրելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
06.06.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2025 թվականի հունիսի 5-ի N 728-Ն որոշման |
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԶԵՆՔԸ ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԿՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի (այսուհետ՝ կոմիտե) ծառայողներին պահելու և կրելու իրավունքով հատկացված զենքը պահելու և կրելու հետ կապված հարաբերությունները:
2. Պահելու և կրելու իրավունքով զենք ստացած ծառայողը պարտավոր է սարքին, անվտանգ և մաքուր պահել ստացած զենքը:
3. Զենքի կորուստը բացառելու նպատակով այն պետք է համապատասխան ամրակապով հուսալիորեն ամրացված լինի ծառայողի հագուստին:
4. Արգելվում է ծառայողի կողմից զենք կրելն առանց համապատասխան հարմարանքների (ատրճանակի պատյան, ամրակապ, ինքնաձիգի գոտի և այլն):
5. Զենքը ծառայողի բնակության վայրում պետք է պահվի հուսալի փական ունեցող մետաղյա պահարանում` միջոցներ ձեռնարկելով զենքին այլ անձանց հասանելիությունը բացառելու համար:
6. Քաղաքացիական հագուստ կրող ծառայողը զենքը կրում է քողարկված:
7. Ծառայողին արգելվում է մերկացնել զենքը, փոխանցել այլ անձանց կամ թողնել առանց հսկողության` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի:
8. Ծառայողի` զենքով ծառայողական գործուղման մեկնելու դեպքում գործուղման վկայականում նշվում են զենքի տեսակը, համարը, արտադրության տարեթիվը, փամփուշտների թիվը և հաստատվում տվյալ ստորաբաժանման պետի կնիքով:
9. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ծառայողը զենքով գործուղվում է միջազգային պայմանագրերով սահմանված դեպքերում և կարգով:
10. Հայաստանի Հանրապետության տարածքում գործուղման դեպքում` գործուղման վայրում սույն կարգի 2-7-րդ կետերով սահմանված պայմաններն ապահովելու անհնարինության դեպքում գործուղված ծառայողը զենքն ի պահ է հանձնում մոտակա ոստիկանության տարածքային ստորաբաժանման հերթապահ մաս:
11. Ծառայողին հատկացված զենքի, դրա տեխնիկական վիճակի, ինչպես նաև զենքի լրակազմի, օժանդակ միջոցների առկայության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է`
ա) անմիջական ղեկավարի կողմից` յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ.
բ) սպառազինության համար պատասխանատու ստորաբաժանման (ծառայողի) կողմից` 6 (վեց) ամիսը մեկ անգամ։
12. Ծառայողը պարտավոր է զենքը հանձնել սպառազինության hամար պատասխանատու ստորաբաժանում, եթե
ա) օրենքով սահմանված կարգով կասեցվել են նրա լիազորությունները.
բ) ծառայողն ազատվել է պաշտոնից.
գ) առկա է բժշկական եզրակացությամբ հաստատված զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդություններ և վիճակներ:
13. Ծառայողը ստացիոնար բուժման կամ արձակուրդ մեկնելիս, ինչպես նաև սույն կարգի 2-7-րդ կետերով սահմանված պայմաններն ապահովելու անհնարինության դեպքում զենքը ժամանակավորապես ի պահ է հանձնում զինանոց կամ զինապահեստ:
14. Ծառայողը, անմիջական ղեկավարի կարգադրությամբ, պարտավոր է զենքը հանձնել, եթե ծառայողի կողմից խախտվել են սույն կարգով նախատեսված զենքը պահելու և կրելու պայմանները:
15. Սպառազինության համար պատասխանատու ստորաբաժանում հանձնած զենքի վերաբերյալ համապատասխան գրառում է կատարվում զենքի հանձնման և ընդունման մատյանում:
16. Զենքը գործադրելու և օգտագործելու, ինչպես նաև զենքը կորցնելու կամ վնասելու դեպքերում ծառայողն անմիջապես հայտնում է վերադասության կարգով, ներկայացնում զեկուցագիր և ձեռնարկում միջոցներ` կորած զենքը որոնելու համար։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
06.06.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հունիսի 2025 թվական: