Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-516-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (21.05.2011-28.04.2012)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.02.12/9(244) Հոդ.155
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
26.12.2002
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
31.01.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.02.2003

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2002 թվականի դեկտեմբերի 26-ին

 

ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1.

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

1. Սույն օրենքը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին համապատասխան, սահմանում է հիմնադրամների իրավական կարգավիճակը, կարգավորում է դրանց ստեղծման, գործունեության իրականացման, վերակազմակերպման և լուծարման ընթացքում ծագող իրավահարաբերությունները:

2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետությունում ստեղծված և ստեղծվող հիմնադրամների վրա:

3. Հիմնադրամների առանձին տեսակների առանձնահատկություններն ու իրավական կարգավիճակը սահմանվում են այլ օրենքներով:

4. Ավանդների երաշխավորման հիմնադրամի իրավական կարգավիճակի, հիմնադրման, կառավարման մարմինների, կանոնադրության, հիմնադրամի և վերջինիս կառավարման մարմինների իրավունքների և պարտականությունների, հիմնադրամի լուծարման, հիմնադրամի միջոցների, այդ թվում` վարչակառավարչական ծախսերի առանձնահատկությունները սահմանվում են «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: Սույն օրենքի դրույթները տարածվում են Ավանդների հատուցման երաշխավորման հիմնադրամի վրա, եթե «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով այլ բան սահմանված չէ:

5. Արժեթղթավորման հիմնադրամի իրավական կարգավիճակի, գործունեության նպատակի, ստեղծման, կանոնադրության, կառավարման մարմինների, նրանց իրավասությունների, պատասխանատվության, արժեթղթավորման հիմնադրամի լուծարման առանձնահատկությունները սահմանվում են «Ակտիվների արժեթղթավորման և ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

6. Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ հիմնադրամի իրավական կարգավիճակի, հիմնադրման, ֆինանսավորման, կառավարման մարմինների, կանոնադրության, հիմնադրամի և վերջինիս կառավարման մարմինների լիազորությունների, լուծարման, ինչպես նաև գույքի օգտագործման առանձնահատկությունները սահմանվում են «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքով: Սույն oրենքի դրույթները տարածվում են Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ հիմնադրամի վրա, եթե «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքով այլ բան սահմանված չէ:

(1-ին հոդվածը լրաց. 24.11.04 ՀՕ-144-Ն, 26.05.08 ՀՕ-100-Ն, 17.06.08 ՀՕ-134-Ն)

 

Հոդված 2. Հիմնադրամների մասին օրենսդրությունը

 

Հիմնադրամների մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքից, սույն օրենքից, այլ օրենքներից և իրավական ակտերից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից:

 

Հոդված 3. Հիմնադրամի իրավական կարգավիճակը

 

1. Հիմնադրամ է համարվում քաղաքացիների և (կամ) իրավաբանական անձանց կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված և անդամություն չունեցող ոչ առևտրային կազմակերպությունը, որը հետապնդում է սոցիալական, բարեգործական, մշակութային, կրթական, գիտական, առողջապահական, բնապահպանական և (կամ) այլ հանրօգուտ նպատակներ:

2. Հիմնադրամը ստեղծված է համարվում օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից:

3. Հիմնադրամն իրավաբանական անձ է և ունի հիմնադրի գույքից առանձնացված գույք, որը հաշվառվում է ինքնուրույն հաշվեկշռում:

4. Հիմնադրամն իրավունք ունի իր անունից ձեռք բերել և իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

5. Հիմնադրամն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով բացել բանկային հաշիվներ Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների բանկերում՝ Հայաստանի Հանրապետության դրամով և (կամ) արտարժույթով:

 

Հոդված 4. Հիմնադրամի շահառուները

 

1. Հիմնադրամը կարող է ունենալ հնարավոր և փաստացի շահառուներ:

2. Հիմնադրամի շահառուներ են համարվում ֆիզիկական և իրավաբանական այն անձինք, որոնց օգտին, հիմնադրամի կանոնադրությանը համապատասխան, կարող են կատարվել կամ կատարվել են որոշակի վճարումներ, մատուցվել ծառայություններ կամ նրանց փոխանցվել հիմնադրամի գույքի որոշ մասը:

3. (մասն ուժը կորցրել է 26.02.07 ՀՕ-109-Ն)

4. (մասն ուժը կորցրել է 26.02.07 ՀՕ-109-Ն)

(4-րդ հոդվածը փոփ., լրաց. 26.02.07 ՀՕ-109-Ն)

 

Հոդված 5. Հիմնադրամի անվանումը և խորհրդանիշը

 

1. Հիմնադրամն ունի անվանում, որը պետք է ներառի «հիմնադրամ» բառը:

2. Հիմնադրամի անվանումը պետք է տարբերվի այլ հիմնադրամների անվանումից, ներառյալ՝ գրանցմանը նախորդող վերջին մեկ տարվա ընթացքում լուծարված հիմնադրամների:

3. Հիմնադրամն իր անվանման մեջ հանրահայտ ֆիզիկական անձի անունը կարող է օգտագործել միայն  այդ անձի, իսկ եթե ֆիզիկական անձը մահացած է՝ նրա ժառանգություն ստացած բոլոր ժառանգների գրավոր համաձայնության առկայության դեպքում: Ժառանգություն ստացած ժառանգներ չունենալու դեպքում անձի անունը թույլատրվում է հիմնադրամի անվանման մեջ օգտագործել, եթե այդ անձի համբավը ձեռք է բերվել այնպիսի ոլորտում, որը համընկնում է հիմնադրամի գործունեության հիմնական ոլորտին:

31. Հիմնադրամի անվանման մեջ «հայ» կամ «Հայաստան» բառերը, այդ բառերի հոլովաձևերը և դրանց թարգմանությունները, ինչպես նաև ժառանգ չունենալու դեպքում մահացած հանրահայտ անձի անունը կարող են օգտագործվել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

4. Հիմնադրամը կարող է ունենա իր անվանումը պարունակող կլոր կնիք: Վերջինս կարող է պարունակել նաև հիմնադրամի անվանումն այլ լեզուներով, ինչպես նաև դրա խորհրդանիշը:

5. Հիմնադրամը կարող է ունենալ խորհրդանիշ: Խորհրդանիշի պատկերը և նկարագրությունը կարող է ներառվել հիմնադրամի կանոնադրության մեջ:

6. Հիմնադրամի խորհրդանիշը չպետք է համընկնի Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշներին: Արգելվում է Հայաստանի Հանրապետության զինանշանի օգտագործումը որպես հիմնադրամի խորհրդանիշ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

7. Հիմնադրամը կարող է ունենալ իր անվանումը պարունակող դրոշմներ և ձևաթղթեր, ինչպես նաև անհատականացնող այլ միջոցներ:

(5-րդ հոդվածը փոփ., լրաց. 26.02.07 ՀՕ-109-Ն, փոփ. 13.04.11 ՀՕ-107-Ն)

 

Հոդված 6. Հիմնադրամի առանձնացված ստորաբաժանումները և հիմնարկները

 

(6-րդ հոդվածն ուժը կորցրել է 26.02.07 ՀՕ-109-Ն)

 

Հոդված 7. Հիմնադրամի գտնվելու վայրը

 

1. Հիմնադրամի գտնվելու վայրը նրա մշտական գործող մարմնի` կանոնադրությամբ սահմանված գործադիր մարմնի գտնվելու վայրն է:

2. (մասն ուժը կորցրել է 26.02.07 ՀՕ-109-Ն)

(7-րդ հոդվածը փոփ. 26.02.07 ՀՕ-109-Ն)

 

Հոդված 8. Հիմնադրամի գույքը

 

1. Հիմնադրամը՝ որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով:

2. Հիմնադրամի սկզբնական միջոցներն են հիմնադրի կողմից ստեղծման պահին փոխանցված նյութական և (կամ) ֆինանսական միջոցները:

3. Հիմնադրի կողմից հիմնադրամին հանձնված գույքը հիմնադրամի սեփականությունն է: Հիմնադրամն այդ գույքն օգտագործում է իր կանոնադրությամբ սահմանված նպատակով:

4. Հիմնադրամի գույքի ձևավորման աղբյուր կարող են լինել՝

1) հիմնադրի ներդրումը.

2) ֆիզիկական և իրավաբանական անձանց նվիրատվությունները և նվիրաբերությունները, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների, իրավաբանական անձանց, միջազգային կազմակերպությունների նվիրատվությունները և նվիրաբերությունները.

3) դրամական մուտքերը պետական բյուջեից.

4) դրամաշնորհները.

5) հիմնադրամի և իր ստեղծած կամ իր մասնակցությամբ տնտեսական ընկերությունների ձեռնարկատիրական գործունեությունից ստացված միջոցները.

6) հանգանակությունները՝ միջոցներ, որոնք ստացվում են դրանց կուտակմանն ուղղված գործունեությունից (մշակութային, սպորտային, զվարճալի և այլ միջոցառումների միջոցով գումարների հայթայթում).

7) օրենքով չարգելված այլ միջոցներ:

5. (մասն ուժը կորցրել է 26.02.07 ՀՕ-109-Ն)

6. Հիմնադրամի սեփականությունը չի կարող օգտագործվել ի շահ իր հիմնադիրների, հիմնադրամի մարմինների անդամների, ինչպես նաև հիմնադրամի աշխատողների, բացառությամբ աշխատողների աշխատավարձի և հիմնադրամի մարմինների անդամների պարտականությունների կատարմամբ պայմանավորված՝ փոխհատուցման ենթակա ծախսերի, ինչպես նաև այն դեպքերի, երբ հիմնադրամի հիմնադիրները, հիմնադրամի մարմինների անդամները, ինչպես նաև հիմնադրամի աշխատողները հանդիսանում են կանոնադրությամբ նախատեսված շահառուներ:

7. (մասն ուժը կորցրել է 26.02.07 ՀՕ-109-Ն)

8. (մասն ուժը կորցրել է 26.02.07 ՀՕ-109-Ն)

9. (մասն ուժը կորցրել է 26.02.07 ՀՕ-109-Ն)

10. (մասն ուժը կորցրել է 26.02.07 ՀՕ-109-Ն)

(8-րդ հոդվածը փոփ., խմբ. 26.02.07 ՀՕ-109-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  2.

 

ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ

 

Հոդված 9. Հիմնադրամի ստեղծումը

 

Հիմնադրամը կարող է ստեղծվել հիմնադիրների կողմից հիմնադրվելու կամ գոյություն ունեցող հիմնադրամի (հիմնադրամների)՝ սույն օրենքով սահմանված կարգով վերակազմակերպման միջոցով, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմավորման միջոցով:

 

Հոդված 10. Հիմնադրամի հիմնադրումը

 

1. Հիմնադրամի ստեղծումը հիմնադրման միջոցով իրականացվում է հիմնադիրների որոշմամբ: Հիմնադրամը կարող է ստեղծվել նաև մեկ անձի կողմից:

2. (մասն ուժը կորցրել է 26.02.07 ՀՕ-109-Ն)

3. (մասն ուժը կորցրել է 26.02.07 ՀՕ-109-Ն)

4. Հայաստանի Հանրապետության կամ համայնքի կողմից կամ դրանց մասնակցությամբ հիմնադրամի հիմնադրումն իրականացվում է համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կամ համայնքի ղեկավարի որոշմամբ՝ համայնքի ավագանու հաստատմամբ:

(10-րդ հոդվածը փոփ. 26.02.07 ՀՕ-109-Ն)

 

Հոդված 11. Հիմնադրամի հիմնադրումը կտակի հիման վրա

 

(11-րդ հոդվածն ուժը կորցրել է 26.02.07 ՀՕ-109-Ն) 

 

Հոդված 12. Հիմնադրամի հիմնադիրները

 

1. Հիմնադրամի հիմնադիրներ կարող են լինել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք, Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական անձինք, բացառությամբ այն անձանց, որոնց մասնակցությունը հիմնադրամի հիմնադրմանը օրենքով արգելված կամ սահմանափակված է:

2. (մասն ուժը կորցրել է 26.02.07 ՀՕ-109-Ն)

3. Հայաստանի Հանրապետությունը և համայնքները կարող են լինել հիմնադրամի հիմնադիր՝ քաղաքացիների և իրավաբանական անձանց հետ հավասար հիմունքներով:

4. Հիմնադրամի հիմնադիրներ չեն կարող լինել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները:

5. Հիմնադիրները (հիմնադիրը) պատասխանատվություն չեն (չի) կրում հիմնադրամի պարտավորությունների համար, իսկ հիմնադրամը պատասխանատվություն չի կրում իր հիմնադիրների (հիմնադրի) պարտավորությունների համար:

6. Հիմնադրամի հիմնադիրները համապարտ պատասխանատվություն են կրում մինչև հիմնադրամի պետական գրանցումը ծագած՝ նրա ստեղծման հետ կապված պարտավորությունների համար:

(պարբերությունն ուժը կորցրել է 26.02.07 ՀՕ-109-Ն)

(12-րդ հոդվածը փոփ. 26.02.07 ՀՕ-109-Ն)

 

Հոդված 13. Հիմնադրամը հիմնադրելու որոշումը

(վերնագիրը խմբ. 26.02.07 ՀՕ-109-Ն)

 

1. Հիմնադրամը հիմնադրելու մասին որոշում կայացնելիս հիմնադիրները պետք է միաձայն՝

1) հաստատեն հիմնադրամի կանոնադրությունը.

2) նշանակեն հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարին (այսուհետ՝ ժամանակավոր կառավարիչ):

Որոշումը պետք է բովանդակի տեղեկություններ հիմնադիրների մասին:

2. Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ հիմնադրամների հիմնադրման մասին կառավարության որոշումը պետք է պարունակի նաև դրույթներ հիմնադրի անունից հանդես եկող պետական կառավարման մարմնի (մարմինների) մասին:

3. Համայնքի մասնակցությամբ հիմնադրամների հիմնադրման մասին որոշումը պետք է պարունակի նաև դրույթներ հիմնադրի անունից հանդես եկող լիազորված անձանց վերաբերյալ:

4. Հիմնադրամի պետական գրանցումից հետո եռամսյա ժամկետում ձևավորվում է հոգաբարձուների խորհուրդը:

(13-րդ հոդվածը խմբ. 26.02.07 ՀՕ-109-Ն)

 

Հոդված 14. Չկայացած հիմնադրամը

 

Հիմնադրամը համարվում է չկայացած`

1) (կետն ուժը կորցրել է 26.02.07 ՀՕ-109-Ն)

2) եթե հիմնադրամ հիմնադրելու մասին որոշումն ընդունվելու պահից 2 ամսվա ընթացքում հիմնադրամը սահմանված կարգով չի դիմել պետական գրանցման.

3) հիմնադրամի պետական գրանցումը մերժելու դեպքում, եթե մերժումը 3 ամսվա ընթացքում չի վիճարկվել դատական կարգով, իսկ վիճարկելու դեպքում` դիմումը մերժվել է օրինական ուժի մեջ մտած վճռով:

(14-րդ հոդվածը փոփ., խմբ. 26.02.07 ՀՕ-109-Ն)

 

Հոդված 15. Հիմնադրամի կանոնադրությունը

 

1. Հիմնադրամի հիմնադիր փաստաթուղթը հիմնադրամի կանոնադրությունն է (այսուհետ՝ կանոնադրություն):

2. Կանոնադրությունը սահմանում է`

1) հիմնադրամի անվանումը.

2) հիմնադրամի գտնվելու վայրը.

3) հիմնադրամի նպատակները.

4) ձեռնարկատիրական գործունեության այն տեսակների ցանկը, որոնցով հիմնադրամը կարող է անձամբ զբաղվել.

5) տեղեկություններ հիմնադիրների (հիմնադրի) մասին՝

- ֆիզիկական անձանց համար՝ քաղաքացիությունը, անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, բնակության վայրի կամ հաշվառման հասցեն,

- իրավաբանական անձանց համար՝ պետությունը, որտեղ հիմնադրվել է, լրիվ անվանումը (ֆիրմային անվանումը), պետական գրանցման տվյալները, գտնվելու վայրի հասցեն,

- համայնքի համար՝ համայնքի լրիվ անվանումը,

- պետության համար՝ պետության լրիվ անվանումը, լիազորված մարմնի լրիվ անվանումը.

6) հիմնադրամի գույքի տնօրինման և կառավարման կարգը.

7) հիմնադրամի շահառուների խմբերը.

8) հիմնադրամի գործունեության ժամկետը, եթե հիմնադրամը ստեղծվել է որոշակի ժամկետով.

9) հիմնադրամի մարմինների կազմավորման կարգը, հոգաբարձուների խորհրդի քանակական կազմը, հիմնադրամի մարմինների իրավասությունները, նրանց կողմից որոշումներ ընդունելու կարգը, ներառյալ՝ այն հարցերով, որոնցով որոշումներն ընդունվում են միաձայն կամ ձայների որակյալ մեծամասնությամբ.

10) հիմնադրամի լուծարման կարգը.

11) օրենքին չհակասող այլ դրույթներ:

3. Եթե հիմնադրամի կանոնադրության դրույթները հակասում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, ապա կիրառվում են օրենսդրության դրույթները:

4. Հիմնադրամի հիմնադիրները կարող են միաձայն որոշմամբ փոփոխություններ մտցնել հիմնադրամի կանոնադրության մեջ: Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը կարող է կանոնադրությամբ սահմանված կարգով փոփոխություններ մտցնել հիմնադրամի կանոնադրության մեջ, եթե կանոնադրությամբ նախատեսված է նման փոփոխություններ կատարելու հնարավորություն: Կանոնադրության այդ փոփոխությունները չեն կարող վերաբերել հիմնադրամի նպատակներին կամ շահառուներին:

5. Եթե կանոնադրության պահպանումը անփոփոխ ձևով կարող է առաջացնել այնպիսի հետևանքներ, որոնք հնարավոր չէր կանխատեսել հիմնադրամն ստեղծելիս, իսկ կանոնադրությամբ նախատեսված չէ այն փոխելու հնարավորություն, կամ կանոնադրությունը չի փոփոխում դրա իրավասությունն ունեցող մարմինը, կամ փոփոխությունները պետք է վերաբերեն հիմնադրամի նպատակներին կամ շահառուներին, ապա փոփոխություններ կատարելու իրավունքն իրականացնում է դատարանը՝ հիմնադրամի մարմինների կամ հիմնադիրներից մեկի կամ սույն օրենքի համաձայն ստեղծված հոգաբարձուների ժամանակավոր խորհրդի դիմումի հիման վրա:

(15-րդ հոդվածը լրաց., խմբ., փոփ. 26.02.07 ՀՕ-109-Ն)

 

Հոդված 16. Հիմնադրամների պետական գրանցումը

 

1. Հիմնադրամները ենթակա են պետական գրանցման՝ օրենքով սահմանված կարգով:

2. Հիմնադրամը պետական գրանցման համար, հիմնադրամի հիմնադրման մասին որոշման կայացման օրվանից ոչ ուշ, քան 2 ամսվա ընթացքում, իրավաբանական անձանց պետական ռեգիստր է ներկայացնում`

1) դիմում պետական գրանցման մասին, ստորագրված՝ հիմնադրամի ժամանակավոր կառավարչի կողմից.

2) հիմնադրամի կանոնադրությունն առնվազն երկու օրինակից.

3) հիմնադրամի հիմնադրելու մասին որոշումը.

4) (կետն ուժը կորցրել է 26.02.07 ՀՕ-109-Ն) 

5) պետական տուրքի վճարման անդորրագիրը:

Եթե հիմնադրամի անվանումը պարունակում է հանրահայտ ֆիզիկական անձի անուն, ապա անհրաժեշտ է ներկայացնել սույն օրենքի 5-րդ հոդվածի երրորդ մասում նշված համաձայնությունը:

3. Կանոնադրության լրացումները և փոփոխությունները, ինչպես նաև նոր խմբագրությամբ հաստատված կանոնադրությունը ենթակա են պետական գրանցման՝ «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն օրենքով սահմանված կարգով:

(16-րդ հոդվածը խմբ., փոփ. 26.02.07 ՀՕ-109-Ն)

 

Հոդված 17. Հիմնադրամի գրանցման ժամկետները և մերժման հիմքերը

 

1. Իրավաբանական անձանց պետական ռեգիստր անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց և նույն օրը փաստաթղթերի ընդունման մատյանում գրառում կատարելուց հետո՝ ոչ ուշ, քան 15 օրվա ընթացքում, իրավաբանական անձանց պետական ռեգիստրը պետք է կատարի դրանց պետական գրանցում:

2. Հիմնադրամի պետական գրանցումը մերժվում է, եթե`

1) խախտված է հիմնադրամի կազմավորման` սույն օրենքով սահմանված կարգը.

2) հիմնադրամի կանոնադրությունը հակասում է օրենքին.

3) հիմնադրամի անվանումը համընկնում է նախկինում գրանցված այլ հիմնադրամի անվանմանը.

4) չեն ներկայացվել պետական գրանցման համար անհրաժեշտ՝ օրենքով սահմանված բոլոր փաստաթղթերը:

3. Հիմնադրամի պետական գրանցումը մերժելը կարող է բողոքարկվել դատարան:

4. Հիմնադրամի գրանցումը մերժելն այն ստեղծելու աննպատակահարմարության շարժառիթով չի թույլատրվում:

5. Հիմնադրամի գրանցման մերժումը արգելք չէ պետական գրանցման նպատակով նոր դիմում ներկայացնելու համար:

(17-րդ հոդվածը փոփ. 26.02.07 ՀՕ-109-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  3.

 

ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ:

ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 18. Հիմնադրամի իրավունքները

 

1. Հիմնադրամն իր կանոնադրության նպատակներին համապատասխան իրավունք ունի՝

1) (կետն ուժը կորցրել է 26.02.07 ՀՕ-109-Ն)

2) անարգել տարածել տեղեկություններ իր գործունեության մասին.

3) հիմնադրել մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներ.

4) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից օրենքով սահմանված կարգով ստանալ տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են իր կանոնադրական նպատակներն իրականացնելու համար.

5) ստեղծել առանձնացված ստորաբաժանումներ (մասնաճյուղեր,  ներկայացուցչություններ) և հիմնարկներ.

6) ստեղծել տնտեսական ընկերություններ կամ լինել նրանց մասնակից.

7) (կետն ուժը կորցրել է 26.02.07 ՀՕ-109-Ն)

8) (կետն ուժը կորցրել է 26.02.07 ՀՕ-109-Ն)

9) (կետն ուժը կորցրել է 26.02.07 ՀՕ-109-Ն)

10) իրականացնել օրենքով չարգելված այլ գործունեություն:

2. Հիմնադրամը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և իր կանոնադրությանը համապատասխան, կարող է անդամակցել միջազգային և օտարերկրյա ոչ պետական կազմակերպություններին:

(18-րդ հոդվածը փոփ. 26.02.07 ՀՕ-109-Ն)

 

Հոդված 19. Հիմնադրամի ձեռնարկատիրական գործունեությունը

 

1. Հիմնադրամը կարող է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնել միայն այն դեպքերում, երբ դա ծառայում է այն նպատակների իրականացմանը, որոնց համար նա ստեղծվել է և համապատասխանում է այդ նպատակներին: Հիմնադրամը  ձեռնարկատիրական գործունեություն կարող է իրականացնել անձամբ կամ այդ նպատակով ստեղծել տնտեսական ընկերություններ կամ լինել դրանց մասնակից:

2. Հիմնադրամն իրավունք ունի անձամբ զբաղվելու միայն իր կանոնադրությամբ նախատեսված ձեռնարկատիրական գործունեության տեսակներով:

(19-րդ հոդվածը խմբ. 26.02.07 ՀՕ-109-Ն)

 

Հոդված 20. Հիմնադրամի պարտականությունները և պատասխանատվությունը

 

1. Հիմնադրամը պարտավոր է՝

1) գործել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, սույն օրենքին և այլ օրենքներին ու իրավական ակտերին, ինչպես նաև հիմնադրամի կանոնադրությանը համապատասխան.

2) օրենքով սահմանված կարգով վարել գործավարություն և հաշվապահական հաշվառում.

3) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով տեղեկատվություն ու հաշվետվություններ ներկայացնել պետական մարմիններ.

4) իրականացնել սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված այլ պարտականություններ:

2. Սույն օրենքի 8-րդ հոդվածի չորրորդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված անձանց, ինչպես նաև օրենքով լիազորված իրավասու պետական մարմինների պահանջով հիմնադրամը պարտավոր է հնգօրյա ժամկետում նրան ընձեռել կանոնադրության, կանոնադրության լրացումների և փոփոխությունների հետ ծանոթանալու հնարավորություն: Հիմնադրամը պարտավոր է այդ անձի պահանջով տրամադրել նրան կանոնադրության պատճենը: Վճարը, որը գանձվում է կանոնադրության պատճենը տրամադրելու համար, չի կարող դրա պատրաստման ծախսերից ավելի մեծ լինել:

Օրենքով լիազորված իրավասու պետական մարմիններին նշված փաստաթղթերը տրամադրվում են անվճար:

3. (մասն ուժը կորցրել է 26.02.07 ՀՕ-109-Ն)

(20-րդ հոդվածը լրաց., փոփ. 26.02.07 ՀՕ-109-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  4.

 

ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

Հոդված 21. Հիմնադրամի մարմինները

 

1. Հիմնադրամն իր գործունեությունն իրականացնում է իր մարմինների միջոցով: Հիմնադրամի մարմիններն են՝

1) հոգաբարձուների խորհուրդը.

2) կառավարիչը (տնօրենը, գործադիր տնօրենը կամ գլխավոր տնօրենը):

2. Հիմնադրամի կանոնադրությամբ կարող են սահմանվել նաև այլ մարմիններ (այդ թվում՝ կոլեգիալ գործադիր մարմիններ):

(21-րդ հոդվածը լրաց., փոփ. 26.02.07 ՀՕ-109-Ն)

 

Հոդված 22. Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը

 

1. Հիմնադրամի կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինը հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն է:

2. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ կարող են լինել 18 տարին լրացած գործունակ ֆիզիկական անձինք, այդ թվում՝ հիմնադիրները: Հոգաբարձուների խորհրդի քանակական կազմը չի կարող պակաս լինել 3 անդամից:

3. Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը կազմավորվում է կանոնադրությամբ սահմանված կարգով, իսկ եթե կանոնադրությամբ նման կարգ սահմանված չէ, ապա յուրաքանչյուր հիմնադիր հոգաբարձուների խորհրդի մեկ անդամ սկզբունքով:

4. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները չեն կարող լինել հիմնադրամի այլ մարմնի անդամ:

5. Եթե կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ, ապա հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահին կամ համանախագահներին ընտրում են հոգաբարձուների խորհրդի անդամները խորհրդի անդամների կազմից՝ իրենց ընդհանուր թվի ձայների  մեծամասնությամբ, եթե կանոնադրությամբ ձայների ավելի մեծ քանակ նախատեսված չէ:

6. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներն իրենց պարտականությունները կատարում են առանց վարձատրության՝ հասարակական հիմունքներով: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների համար կարող է սահմանվել փոխհատուցում նրանց այն ծախսերի համար, որոնք կապված են հոգաբարձուների խորհրդի անդամի պարտականությունների կատարման հետ: Փոխհատուցման վճարման կարգը սահմանում է հոգաբարձուների խորհուրդը:

7. Հոգաբարձուների խորհրդի աշխատանքներին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել հոգաբարձուների խորհրդի պատվավոր անդամները: Հոգաբարձուների խորհրդի պատվավոր անդամի կոչում շնորհում է հոգաբարձուների խորհուրդը՝ կանոնադրությամբ սահմանված դեպքերում և կարգով:

8. Եթե հիմնադրամի կանոնադրությամբ նախատեսվել է, որ հոգաբարձուների խորհրդի անդամը կամ նախագահը (համանախագահները) նշանակվում են ի պաշտոնե, ապա այդ անձի լիազորությունները համարվում են դադարած նրա զբաղեցրած պաշտոնին այլ անձ նշանակելու կամ նրա զբաղեցրած պաշտոնի վերացման մասին լիազորված մարմնի որոշումն ուժի մեջ մտնելու պահից:

(22-րդ հոդվածը լրաց., խմբ., փոփ. 26.02.07 ՀՕ-109-Ն)

 

Հոդված 221.

Հոգաբարձուների խորհրդի անդամների իրավունքներն ու պարտականությունները

 

1. Հոգաբարձուների խորհրդի անդամներն իրավունք ունեն՝

1) առաջարկություններ ներկայացնելու հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստերի օրակարգի և քննարկվող հարցերի վերաբերյալ.

2) նախապատրաստելու և հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի քննարկմանը ներկայացնելու հարցեր, առաջարկություններ և որոշումների նախագծեր.

3) ստանալու տեղեկություններ հիմնադրամի գործունեությանը վերաբերող ցանկացած հարցի վերաբերյալ.

4) ստանալու իր պարտականությունների կատարմամբ պայմանավորված ծախսերի փոխհատուցում:

2. Հոգաբարձուների խորհրդի անդամները պարտավոր են՝

1) մասնակցել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստերին.

2) իրենց պարտականությունների կատարման ընթացքում գործել` ելնելով հիմնադրամի շահերից:

(221 -րդ հոդվածը լրաց. 26.02.07 ՀՕ-109-Ն)

 

Հոդված 23. Հոգաբարձուների խորհրդի անդամների լիազորությունների ժամկետը, նրանց ընտրության կարգը

 

1. Հոգաբարձուների խորհրդի անդամների լիազորությունների ժամկետը չի սահմանափակվում, եթե կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ:

Հոգաբարձուների խորհրդի առաջին կազմի անդամների լիազորություններն սկսվում են հիմնադրամի պետական գրանցումից հետո՝ եռամսյա ժամկետը լրանալու հաջորդ օրվանից, իսկ եթե նշանակվել են հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամները, ապա դրա հաջորդ օրվանից:

2. Հոգաբարձուների խորհրդի անդամի լիազորությունը դադարում է՝

1) հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահին տրված գրավոր դիմումի հիման վրա.

2) նրա կողմից իր պարտականությունները պատշաճ չկատարելու դեպքում՝ հոգաբարձուների խորհրդի մնացած անդամների ձայների առնվազն 3/4-ով, եթե նման հնարավորություն նախատեսված է հիմնադրամի կանոնադրությամբ.

3) լիազորությունների ժամկետի ավարտման դեպքում, եթե կանոնադրությամբ նման ժամկետ սահմանված է.

4) եթե դադարել են հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսի կամ կեսից ավելիի լիազորությունները.

5) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու դեպքում.

6) նրան առաջադրած անձի որոշմամբ, եթե նրան առաջադրել է Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը.

7) նրա մահվան դեպքում.

8) եթե նա նշանակվել է ի պաշտոնե՝ նրա զբաղեցրած պաշտոնին այլ անձ նշանակելու կամ նրա զբաղեցրած պաշտոնի վերացման դեպքում:

3. Հոգաբարձուների խորհրդի անդամի լիազորությունը դադարելու դեպքում նրա փոխարեն նոր անդամ նշանակվում է նախկին անդամի նշանակման կարգով, ոչ ուշ, քան հոգաբարձուների խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու մասին կառավարչի ծանուցումն ստանալու օրվանից հետո` 30 օրվա ընթացքում:

Հոգաբարձուների խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու մասին տեղեկացված լինելու օրվանից ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում հիմնադրամի կառավարիչը տեղեկացնում է հիմնադիրներին, հոգաբարձուների խորհրդի անդամներին նշանակած անձանց կամ մարմիններին, հիմնադրամի մարմիններին:

4. (մասն ուժը կորցրել է 26.02.07 ՀՕ-109-Ն)

5. (մասն ուժը կորցրել է 26.02.07 ՀՕ-109-Ն)

6. (մասն ուժը կորցրել է 26.02.07 ՀՕ-109-Ն)

7. Եթե հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամների լիազորությունների դադարման դեպքում երկամսյա ժամկետում հոգաբարձուների խորհրդի անդամների կեսից ավելին չի նշանակվում, ապա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը երկամսյա ժամկետում նշանակում է 3 անդամից կազմված ժամանակավոր խորհուրդ:

Ժամանակավոր խորհուրդը պարտավոր է քայլեր ձեռնարկել սույն օրենքով սահմանված կարգով հոգաբարձուների խորհրդի կազմի համալրման համար:

Ժամանակավոր խորհուրդն իրավասու է՝

1) իրականացնելու հիմնադրամի գործունեությունը շարունակելուն ուղղված` սույն օրենքով հոգաբարձուների խորհրդին վերապահված լիազորություններ.

2) դիմելու դատարան՝ հիմնադրամը լուծարելու համար:

Եթե ժամանակավոր խորհուրդ նշանակելուց հետո` վեցամսյա ժամկետում, հոգաբարձուների խորհրդի անդամների կեսից ավելին չի նշանակվում, ապա ժամանակավոր խորհուրդը պարտավոր է դիմել դատարան՝ հիմնադրամը լուծարելու համար:

(23-րդ հոդվածը լրաց., խմբ., փոփ. 26.02.07 ՀՕ-109-Ն)

 

Հոդված 24. Հոգաբարձուների խորհրդի որոշումները

 

1. Հոգաբարձուների խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով: Հոգաբարձուների  խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հոգաբարձուների խորհրդի անդամների կեսից ավելին: Քվեարկության ժամանակ խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայն: Հոգաբարձուների խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների մեծամասնությամբ, եթե սույն օրենքով և հիմնադրամի կանոնադրությամբ ձայների ավելի մեծ քանակ նախատեսված չէ:

2. Հոգաբարձուների խորհրդի նախագահի, հիմնադրամի կառավարչի ընտրության և պաշտոնից ազատման, ինչպես նաև հիմնադրամի անվանման փոփոխության, լուծարման և կանոնադրության փոփոխության կամ նոր խմբագրությամբ կանոնադրության հաստատման մասին որոշումներն ընդունվում են հոգաբարձուների խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, եթե հիմնադրամի կանոնադրությամբ ձայների ավելի մեծ քանակ նախատեսված չէ:

Եթե կանոնադրությամբ նախատեսված է նման հնարավորություն, ապա հոգաբարձուների խորհուրդը հիմնադրամի վերակազմակերպման մասին որոշումներն ընդունում է հոգաբարձուների խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների որակյալ (2/3) մեծամասնությամբ, եթե հիմնադրամի կանոնադրությամբ ձայների ավելի մեծ քանակ նախատեսված չէ:

3. Եթե հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվում է հիմնադրամի խորհրդի որևէ անդամի կամ  նրա հետ փոխկապակցված անձի (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր և քույր) գույքային կամ այլ շահերի վերաբերյալ հարց, ապա հոգաբարձուների խորհրդի տվյալ անդամը քվեարկությանը չի մասնակցում:

(24-րդ հոդվածը փոփ., լրաց., խմբ. 26.02.07 ՀՕ-109-Ն)

 

Հոդված 25. Հոգաբարձուների խորհրդի իրավասությունները

 

1. Հոգաբարձուների խորհրդի  իրավասությանն  են պատկանում`

1) հիմնադրամի ռազմավարական ծրագրի (ծրագրերի) հաստատումը.

11) հիմնադրամի կողմից իրականացվող (այդ թվում` անձամբ) ձեռնարկատիրական գործունեության տեսակների սահմանումը.

2) հիմնադրամի բյուջեի և նրա փոփոխությունների, տարեկան ֆինանսական հաշվետվությունների և հիմնադրամի գործունեության տարեկան հաշվետվությունների հաստատումը.

3) հիմնադրամի գույքի տնօրինման կարգի հաստատումը.

4) հիմնադրամի վերակազմակերպման մասին որոշման ընդունումը, եթե կանոնադրությամբ նախատեսված է վերակազմակերպման հնարավորություն.

41) հիմնադրամի լուծարման հարցով դատարան դիմելու մասին որոշման ընդունումը.

42) հիմնադրամի լուծարման հանձնաժողովի (լուծարողի) նշանակումը, լուծարման կարգի ու ժամկետների սահմանումը, լուծարման միջանկյալ հաշվեկշռի հաստատումը, լուծարման հաշվեկշռի հաստատումը.

5) հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումների ընդունումը.

6) հոգաբարձուների խորհրդի նախագահի, կառավարչի և կանոնադրությամբ սահմանված այլ մարմինների ընտրության և նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարման մասին որոշումների ընդունումը.

7) հիմնադրամի՝ կանոնադրությամբ նախատեսված այլ մարմինների ձևավորումը.

8) հիմնադրամի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, կանոնադրության փոփոխություն, նոր խմբագրությամբ կանոնադրություն հաստատելու մասին որոշումների ընդունումը, եթե կանոնադրությամբ նախատեսված է փոփոխություններ կատարելու հնարավորություն.

9) տնտեսական ընկերությունների ստեղծման կամ դրանցում մասնակցության, ինչպես նաև առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների ստեղծման ու դրանց կանոնադրությունների հաստատման մասին որոշումների ընդունումը.

10) հիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեության վերահսկումը.

11) կանոնադրությամբ սահմանված պարբերականությամբ կառավարչի հաշվետվությունների լսումը.

12) իր որոշումների կատարման ընթացքի վերահսկումը.

13) հիմնադրամի աուդիտ իրականացնող անձի (աուդիտորի) ընտրությունը.

131) հիմնադրամի կառուցվածքի հաստատումը.

132) հիմնադրամի հաստիքացուցակի հաստատումը.

14) սույն օրենքով, կանոնադրությամբ նախատեսված, ինչպես նաև հիմնադրամի այլ մարմիններին չվերապահված այլ լիազորությունների իրականացումը:

2. Հոգաբարձուների խորհրդի իրավասություն հանդիսացող հարցերը կանոնադրությամբ չեն կարող փոխանցվել այլ մարմնի:

3. Հոգաբարձուների խորհուրդն իրավունք ունի ծանոթանալու հիմնադրամի բոլոր փաստաթղթերին:

(25-րդ հոդվածը լրաց., փոփ., խմբ. 26.02.07 ՀՕ-109-Ն)

 

Հոդված 26. Հոգաբարձուների խորհրդի նախագահը

 

1. Հոգաբարձուների խորհրդի նախագահին ընտրում են խորհրդի անդամները՝ սույն օրենքով և կանոնադրությամբ սահմանված կարգով:

Հոգաբարձուների խորհուրդը կարող է ցանկացած ժամանակ վերընտրել նախագահին կամ ընտրել նոր նախագահ՝ իր անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

2.  Խորհրդի նախագահը`

1) կազմակերպում է հոգաբարձուների խորհրդի աշխատանքները, անհրաժեշտության դեպքում կարող է կազմավորել հոգաբարձուների խորհրդի ժամանակավոր հանձնախմբեր, սույն օրենքի 25-րդ հոդվածի առաջին մասի 10-րդ կետով նախատեսված, հիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեության վերահսկման (ստուգում, ուսումնասիրում և այլն) իրականացման և առաջին մասի 2-րդ, 3-րդ, 8-րդ և 9-րդ կետերով նախատեսված հարցերի նախնական քննարկման և դրանց վերաբերյալ հոգաբարձուների խորհրդին եզրակացություններ (տեղեկանքներ) ներկայացնելու համար.

2) գումարում է հոգաբարձուների խորհրդի նիստերը և նախագահում է դրանք.

3) կազմակերպում է նիստերի արձանագրության վարումը.

4) հոգաբարձուների խորհրդի քննարկմանն է ներկայացնում հոգաբարձուների խորհրդի անդամների լիազորությունների դադարեցման մասին որոշման նախագիծ, սույն օրենքի 23-րդ հոդվածի երկրորդ մասի 2-րդ կետով նախատեսված դեպքերում:

3. Հոգաբարձուների խորհրդի նախագահի բացակայության դեպքում նրա պարտականությունները, հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, կատարում է անդամներից մեկը:

4. Հոգաբարձուների խորհրդի նիստերը գումարվում են ոչ պակաս, քան տարին մեկ անգամ՝ հոգաբարձուների խորհրդի նախագահի կողմից:

Հոգաբարձուների խորհրդի նիստերը կարող են հրավիրվել նաև հոգաբարձուների խորհրդի անդամների 1/3-ի պահանջով՝ հոգաբարձուների խորհրդի նախագահի կողմից՝ համապատասխան պահանջը ներկայացնելուց 30 օրվա ընթացքում: Հոգաբարձուների խորհրդի նիստերը կարող են անցկացվել էլեկտրոնային փոստի կամ կապի այլ միջոցների կիրառմամբ, ինչպես նաև հարցման կարգով:

Եթե նշված ժամկետում հոգաբարձուների խորհրդի նախագահը նիստ չի հրավիրում, ապա նիստ կարող են հրավիրել նման պահանջ ներկայացրած անձինք:

5. Հոգաբարձուների խորհրդի նախագահի լիազորությունները կանոնադրությամբ սահմանված կարգով և պայմաններով կարող են իրականացնել ընտրված համանախագահները:

(26-րդ հոդվածը լրաց. 26.02.07 ՀՕ-109-Ն)

 

Հոդված 27. Հիմնադրամի կառավարիչը

 

1. Հիմնադրամի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է կառավարիչը:

2. Կառավարչի իրավասությանն են պատկանում հիմնադրամի ընթացիկ գործունեության կառավարման բոլոր հարցերը:

Կառավարիչը կազմակերպում է հոգաբարձուների խորհրդի  որոշումների կատարումը:

Կառավարչին ընտրում և պաշտոնից ազատում է հոգաբարձուների խորհուրդը: Նրա պաշտոնում առաջին անգամ նշանակում կարող է կատարել նաև հիմնադիրը:

Կառավարչի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են սույն օրենքով, հիմնադրամի կանոնադրությամբ և նրա հետ կնքված պայմանագրով: Հիմնադրամի անունից պայմանագիրը ստորագրում է  հոգաբարձուների խորհրդի  նախագահը կամ հոգաբարձուների խորհրդի  լիազորած այլ անձ:

3. Կառավարիչը`

1) տնօրինում է հիմնադրամի գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները, գործարքներ է կնքում հիմնադրամի անունից.

2) ներկայացնում է հիմնադրամը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում.

3) գործում է առանց լիազորագրի.

4) տալիս է լիազորագրեր.

5) սահմանված կարգով կնքում է պայմանագրեր, այդ թվում` աշխատանքային.

6) բանկերում բացում է հիմնադրամի հաշվարկային (այդ թվում` արտարժութային) և այլ հաշիվներ.

7) հոգաբարձուների խորհրդի հաստատմանն է ներկայացնում հիմնադրամի աշխատանքային ներքին կանոնակարգը, առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների ու հիմնադրամի կողմից հիմնադրվող տնտեսական ընկերությունների կանոնադրությունները, հիմնադրամի վարչակազմակերպական կառուցվածքը, հաստիքացուցակը.

8) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, կատարման համար տալիս է պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.

9) սահմանված կարգով աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում է հիմնադրամի աշխատողներին, այդ թվում՝ հիմնադրամի առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների ղեկավարներին ու աշխատողներին.

10) աշխատակիցների նկատմամբ կիրառում է խրախուսման և կարգապահական պատասխանատվության միջոցներ:

Կանոնադրությամբ կարող են սահմանվել կառավարչի նաև այլ իրավասություններ:

4. Կառավարիչն այլ կազմակերպություններում կարող է վճարովի պաշտոններ զբաղեցնել միայն հոգաբարձուների խորհրդի համաձայնությամբ:

5. Հոգաբարձուների խորհուրդն իրավունք ունի ցանկացած ժամանակ լուծել կառավարչի հետ կնքված պայմանագիրը՝ օրենքով, հիմնադրամի կանոնադրությամբ և տվյալ պայմանագրով սահմանված կարգով:

(27-րդ հոդվածը փոփ. 26.02.07 ՀՕ-109-Ն)

 

Հոդված 28. Հիմնադրամի մարմինների նիստերի արձանագրությունները

 

1. Հիմնադրամի մարմինների նիստերն արձանագրվում են: Արձանագրությունը ստորագրում են տվյալ նիստին մասնակցող հիմնադրամի մարմնի բոլոր անդամները:

2. Արձանագրության մեջ նշվում են`

1) նիստի գումարման տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը.

2) նիստին մասնակցելու իրավունք ունեցող անձանց (այդ թվում` կառավարման մարմնի անդամների) քանակը.

3) նիստին մասնակցած անձանց (այդ թվում` կառավարման մարմնի անդամների) քանակը, անունները՝ նշելով հիմնադրամում զբաղեցրած պաշտոնը.

4) նիստի օրակարգը:

Արձանագրությունը պետք է պարունակի նիստում կայացած ելույթների հիմնական դրույթները, քվեարկության դրված հարցերը, այդ հարցերի վերաբերյալ քվեարկության արդյունքները, նիստի ընդունած որոշումները:

3. Հիմնադրամի մարմինների նիստերի արձանագրությունները կազմվում են հայերենով: Դրանք կարող են կազմվել նաև օտար լեզվով: Տեքստերի միջև հակասության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տեքստին:

4. Հիմնադրամի մարմինների նիստերի արձանագրություններից քաղվածքները պետք է բովանդակեն սույն հոդվածի երկրորդ մասի 1-3-րդ կետերում նշված տեղեկությունները, իսկ 4-րդ կետում նշված և սույն հոդվածով սահմանված այլ տեղեկությունները, քաղվածքները կարող են բովանդակել մասամբ: Քաղվածքները պետք է բովանդակեն տեղեկություններ արձանագրությունը ստորագրած անձանց (այդ թվում՝ հատուկ կարծիք ներկայացրած անձանց) վերաբերյալ:

(28-րդ հոդվածը խմբ., լրաց. 26.02.07 ՀՕ-109-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  5.

 

ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

Հոդված 29. Հիմնադրամի վերակազմակերպումը

 

1. Հիմնադրամը կարող է վերակազմակերպվել միայն հիմնադրամի՝ այլ հիմնադրամին միացման կամ այլ հիմնադրամի հետ միաձուլման ձևով, եթե դա նախատեսված է կանոնադրությամբ:

2. Հիմնադրամի վերակազմակերպումը կատարվում է հիմնադիրների միաձայն որոշմամբ: Հիմնադրամի կանոնադրությամբ նախատեսված լինելու դեպքում հիմնադրամի վերակազմակերպումը կարող է կատարվել նաև հոգաբարձուների խորհրդի որոշմամբ:

3. Հիմնադրամը միաձուլման ձևով վերակազմակերպվելիս վերակազմակերպված է համարվում նոր ստեղծված հիմնադրամի պետական գրանցման պահից:

Հիմնադրամն այլ հիմնադրամի հետ միացման ձևով վերակազմակերպվելիս նրանք համարվում են վերակազմակերպված՝ միացած հիմնադրամի գործունեությունը դադարելու վերաբերյալ պետական գրանցման պահից:

4. Հիմնադրամի վերակազմակերպման մասին որոշումն ընդունելուց հետո՝ 30 օրվա ընթացքում, հիմնադրամը պարտավոր է այդ մասին գրավոր ծանուցել իր բոլոր պարտատերերին: Ծանուցումը պետք է պարունակի տեղեկություններ՝ վերակազմակերպման մասին որոշումն ընդունելու տարվա, ամսվա, ամսաթվի, վերակազմակերպման ձևի և մասնակիցների, ինչպես նաև հիմնադրամի պարտավորությունների իրավահաջորդության մասին:

5. Վերակազմակերպման մասին ծանուցման պահից 30 օրվա ընթացքում վերակազմակերպվող հիմնադրամի պարտատերն իրավունք ունի հիմնադրամից պահանջել պարտավորությունների կատարման լրացուցիչ երաշխիքներ, պարտավորությունների դադարեցում կամ վաղաժամկետ կատարում, ինչպես նաև վնասների հատուցում:

(29-րդ հոդվածը խմբ. 26.02.07 ՀՕ-109-Ն)

 

Հոդված 30. Հիմնադրամների միաձուլումը

 

1. Հիմնադրամների միաձուլում է համարվում նոր հիմնադրամի ստեղծումը` նրան երկու կամ ավելի միաձուլվող հիմնադրամների իրավունքների և պարտականությունների փոխանցմամբ և միաձուլվող հիմնադրամների դադարմամբ:

2. Միաձուլվող հիմնադրամները կնքում են միաձուլման մասին պայմանագիր: Միաձուլման ձևով վերակազմակերպման մասին որոշումը պետք է հաստատի նաև միաձուլման պայմանագիրը, փոխանցման ակտը, միաձուլման կարգն ու պայմանները:

3. Միաձուլման արդյունքում ստեղծվող հիմնադրամը հիմնադրելու որոշումը կայացնում են միաձուլվող հիմնադրամների բոլոր հիմնադիրները սույն օրենքով սահմանված կարգով՝ միաձուլման պայմանագրում նշված ժամկետներում: Որոշմամբ պետք է հաստատվեն նաև միաձուլման պայմանագիրը (պայմանագրերը) և փոխանցման ակտերը:

4. Հիմնադրամների միաձուլման դեպքում դրանցից յուրաքանչյուրի իրավունքները և պարտականությունները փոխանցվում են նոր ստեղծված հիմնադրամին՝ փոխանցման ակտին համապատասխան:

5. Միաձուլմամբ պայմանավորված պետական գրանցումների կատարման նպատակով միաձուլման պայմանագիրը, փոխանցման ակտերը և օրենքով սահմանված մյուս անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմին:

(30-րդ հոդվածը փոփ., խմբ. 26.02.07 ՀՕ-109-Ն)

 

Հոդված 31. Հիմնադրամների միացումը

 

1. Հիմնադրամների միացում է համարվում մեկ կամ մի քանի հիմնադրամների գործունեության դադարումը՝ դրանց իրավունքների և պարտականությունների փոխանցմամբ այլ հիմնադրամի:

2. Միացմանը մասնակցող հիմնադրամները կնքում են միացման մասին պայմանագիր: Միացման ձևով վերակազմակերպման մասին որոշումը պետք է հաստատի նաև միացման պայմանագիրը, փոխանցման ակտը, միացման կարգն ու պայմանները:

3. Միացման հետևանքով ընդլայնված հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը որոշումներ է ընդունում միացման հետևանքով ընդլայնված հիմնադրամի կանոնադրության մեջ անհրաժեշտ փոփոխություններ և լրացումներ կատարելու, միացման պայմանագիրը և փոխանցման ակտը հաստատելու մասին, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև այլ հարցերի մասին:

4. Հիմնադրամների միացման դեպքում միացած հիմնադրամներից յուրաքանչյուրի իրավունքները և պարտականությունները փոխանցվում են միացման հետևանքով ընդլայնված հիմնադրամին՝ փոխանցման ակտին համապատասխան:

5. Միացմամբ պայմանավորված պետական գրանցումների կատարման նպատակով միացման պայմանագիրը (պայմանագրերը), փոխանցման ակտը (ակտերը) և օրենքով սահմանված մյուս անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմին:

(31-րդ հոդվածը փոփ. 26.02.07 ՀՕ-109-Ն)

 

Հոդված 32. Միաձուլման (միացման) պայմանագիրը

 

1. Միաձուլման (միացման) պայմանագիրը կնքվում է միաձուլմանը (միացմանը) մասնակցող հիմնադրամների միջև, ստորագրում են կառավարիչները և ենթակա է հաստատման վերակազմակերպման մասին որոշմամբ:

2. Միաձուլման (միացման) պայմանագիրը պետք է բովանդակի`

1) մասնակից կողմերի անվանումը, գտնվելու վայրը, պետական գրանցման տվյալները.

2) միաձուլման (միացման) ժամկետները, կարգը և պայմանները.

3) միացման հետևանքով ընդլայնված հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի գումարման ժամկետը, հրավիրման և անցկացման կարգը կամ միաձուլման արդյունքում ստեղծվող հիմնադրամը հիմնադրելու որոշման կայացման ժամկետը.

4) (կետն ուժը կորցրել է 26.02.07 ՀՕ-109-Ն)

5) այլ տեղեկություններ՝ միաձուլմանը (միացմանը) մասնակցող կողմերի հայեցողությամբ:

(32-րդ հոդվածը փոփ., խմբ. 26.02.07 ՀՕ-109-Ն)

 

Հոդված 33. Փոխանցման ակտը

 

Փոխանցման ակտը պետք է դրույթներ պարունակի վերակազմակերպված հիմնադրամի (հիմնադրամների) գույքի և պարտատերերին ու պարտապաններին վերաբերող բոլոր պարտավորությունների իրավահաջորդության մասին, ներառյալ` վիճարկվող պարտավորությունները:

 

Հոդված 34. Հիմնադրամի լուծարումը

 

1. Լուծարումը հիմնադրամի գործունեության դադարումն է՝ առանց նրա իրավունքները և պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:

2. Հիմնադրամը լուծարելու մասին որոշում կարող է ընդունել միայն դատարանը` շահագրգիռ անձանց դիմումով:

3. Հիմնադրամը կարող է լուծարվել, եթե`

1) հիմնադրամի գույքը բավարար չէ նրա գործունեության իրականացման համար, և անհրաժեշտ գույք ստանալու հնարավորությունն իրական չէ.

2) իր գործունեությամբ հիմնադրամը շեղվել է կանոնադրությամբ նախատեսված նպատակներից.

3) հնարավոր չէ հասնել հիմնադրամի նպատակներին և կատարել այդ նպատակների փոփոխություններ.

4) հիմնադրամի գործունեությունը վտանգում է պետական և հասարակական անվտանգությունը, հասարակական կարգը, հանրության առողջությունն ու բարքերը, այլոց իրավունքներն ու ազատությունները.

5) հիմնադրամը թույլ է տվել օրենքի բազմակի կամ կոպիտ խախտումներ կամ պարբերաբար իրականացրել է իր կանոնադրական նպատակներին հակասող գործունեություն.

6) հիմնադրամն ստեղծելիս հիմնադիրը թույլ է տվել օրենքի էական խախտումներ կամ կեղծիքներ:

7. Հիմնադրամը կարող է լուծարվել նաև սույն օրենքով նախատեսված այլ դեպքերում:

(34-րդ հոդվածը լրաց. 26.02.07 ՀՕ-109-Ն)

 

Հոդված 35. Հիմնադրամի լուծարման կարգը

 

1.  Դատարանի կողմից հիմնադրամի լուծարման մասին որոշում ընդունելուց հետո հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը նշանակում է լուծարման հանձնաժողով (լուծարող) և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի և սույն օրենքի համաձայն` սահմանում է լուծարման կարգը և ժամկետները:

2. Լուծարման հանձնաժողովի նշանակման պահից նրան են անցնում հիմնադրամի գործերի կառավարման լիազորությունները: Լուծարվող հիմնադրամի անունից դատարանում հանդես է գալիս լուծարման հանձնաժողովը:

3. Լուծարման գործընթացում գտնվելու մասին տեղեկությունները (լուծարման գործընթացի սկիզբը և ավարտը, լուծարման հանձնաժողովի կազմը) գրառվում են իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում՝ լուծարման հանձնաժողովի դիմումի հիման վրա:

4. Լուծարման հանձնաժողովն իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում հայտարարություն է զետեղում հիմնադրամի լուծարման և պարտատերերի պահանջների ներկայացման կարգի ու ժամկետի մասին: Այդ ժամկետը չի կարող պակաս լինել երկու ամսից՝ սկսած լուծարման մասին հրապարակման պահից, որը համարվում է հիմնադրամի լուծարման գործընթացի սկիզբ:

5. Լուծարման հանձնաժողովն իրականացնում է գույքի վերագնահատումը, միջոցներ է ձեռնարկում պարտատերերի հայտնաբերման և դեբիտորական պարտքերի ստացման ուղղությամբ, ինչպես նաև տեղեկացնում է պարտատերերին հիմնադրամի լուծարման մասին:

6. Լուծարման ընթացքում հիմնադրամն իրավունք ունի կնքել նոր գործարքներ և ստանձնել նոր պարտավորություններ՝ միայն իր պարտավորությունները կատարելու համար անհրաժեշտ ընթացիկ գործունեությունն ավարտելու անհրաժեշտության դեպքում:

7. Պարտատերերի կողմից պահանջներ ներկայացնելու ժամկետն ավարտվելուց հետո լուծարման հանձնաժողովը կազմում է միջանկյալ լուծարման հաշվեկշիռ, որը տեղեկություններ է պարունակում լուծարվող հիմնադրամի գույքի կազմի, պարտատերերի ներկայացրած պահանջների ցանկի, ինչպես նաև պահանջների քննարկման արդյունքների մասին:

8. Միջանկյալ լուծարման հաշվեկշիռը հաստատում է հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը:

9. Միջանկյալ լուծարման հաշվեկշռի հաստատվելուց հետո, եթե լուծարվող հիմնադրամի ունեցած դրամական միջոցներն անբավարար են պարտատերերի պահանջները բավարարելու համար, լուծարման հանձնաժողովը, սույն օրենքով սահմանված կարգով, հրապարակային սակարկություններով իրականացնում է հիմնադրամի գույքի վաճառքը:

10. Լուծարման հանձնաժողովը լուծարվող հիմնադրամի պարտատերերին վճարումներ է կատարում  Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 70-րդ հոդվածով սահմանված հերթականությամբ և միջանկյալ լուծարման հաշվեկշռին համապատասխան՝ սկսած դրա հաստատման պահից:

11. Պարտատերերի պահանջները բավարարելուց հետո, ինչպես նաև այն դեպքում, երբ լուծարման միջանկյալ հաշվեկշիռը հաստատելու պահին հիմնադրամը չունի պարտավորություններ պարտատերերի նկատմամբ, գույքն ուղղվում է հիմնադրամի կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, իսկ դրա անհնարինության դեպքում փոխանցվում է պետական բյուջե:

12. Հիմնադրամի գույքի ամբողջական բաշխումն իրականացնելուց հետո լուծարման հանձնաժողովը կազմում է լուծարման հաշվեկշիռ և ներկայացնում հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հաստատմանը: Լուծարման հանձնաժողովը հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հաստատած լուծարման հաշվեկշիռը ներկայացնում է դատարանի հաստատմանը:

13. Լուծարման հանձնաժողովը հաստատված լուծարման հաշվեկշիռն օրենքով սահմանված մյուս փաստաթղթերի հետ ներկայացնում է իրավաբանական անձանց պետական ռեգիստր՝ հիմնադրամի լուծարման պետական գրանցում կատարելու համար:

14. Հիմնադրամի լուծարումը համարվում է ավարտված, իսկ նրա գոյությունը դադարած՝ պետական գրանցման պահից:

15. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից սույն հոդվածի առաջին, ութերորդ և տասներկուերորդ մասերով սահմանված իր լիազորությունները երկամսյա ժամկետում (համապատասխանաբար դատարանի կողմից որոշման ընդունման, լուծարման հանձնաժողովի կողմից լուծարման միջանկյալ հաշվեկշռի և լուծարման հաշվեկշռի ներկայացման պահից) չկատարելու դեպքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը հիմնադրամի լուծարման հետ կապված լիազորությունների իրականացման նպատակով երկամսյա ժամկետում նշանակում է ժամանակավոր խորհուրդ:

(35-րդ հոդվածը խմբ., փոփ., լրաց. 26.02.07 ՀՕ-109-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  6.

 

ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ:

ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 36. Հիմնադրամի փաստաթղթերի պահպանումը

 

(36-րդ հոդվածն ուժը կորցրել է 26.02.07 ՀՕ-109-Ն) 

 

Հոդված 37. Հաշվապահական հաշվառումը

 

1. Օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով հիմնադրամը վարում է հաշվապահական հաշվառում և ներկայացնում է ֆինանսական ու վիճակագրական հաշվետվություն:

(պարբերությունն ուժը կորցրել է 26.02.07 ՀՕ-109-Ն)

2. (մասն ուժը կորցրել է 26.02.07 ՀՕ-109-Ն)

(37-րդ հոդվածը փոփ. 26.02.07 ՀՕ-109-Ն)

 

Հոդված 38. Հիմնադրամի գործունեության վերահսկողությունը

 

1. Հիմնադրամի կողմից սույն օրենքի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, իսկ օրենքով սահմանված դեպքերում՝ նաև այլ իրավասու պետական մարմինները՝ իրենց իրավասություններին և ստուգումների ու ուսումնասիրությունների՝ օրենքով նախատեսված ընթացակարգերին համապատասխան:

2. Հիմնադրամի կողմից օրենքների պահանջների այնպիսի խախտումներ հայտնաբերելու դեպքում, որոնք կարող են վերացվել հիմնադրամի ձեռնարկած միջոցառումներով, վերահսկողություն իրականացնող կամ պետական լիազորված մարմինը հիմնադրամ է ուղարկում գրավոր նախազգուշացում՝ առաջարկելով խախտումների վերացման կարգն ու ժամկետները:

3. Հիմնադրամները սույն օրենքի 39-րդ հոդվածով սահմանված հաշվետվությունը հրապարակելուց հետո՝ 30 օրվա ընթացքում, այդ մասին գրավոր ծանուցում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը՝ գրությանը կից ներկայացնելով հաշվետվությունը հրապարակած մամուլի միջոցի օրինակը։ Սահմանված ժամկետում հաշվետվությունը չհրապարակելու, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանն այդ մասին չծանուցելու կամ հաշվետվությունը թերի հրապարակելու դեպքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը կիրառում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված պատասխանատվության միջոցներ։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված պատասխանատվության առավել խիստ միջոցը կիրառելուց հետո` մեկամսյա ժամկետում, հաշվետվության հրապարակման և ծանուցման պահանջը պատշաճ չկատարելու դեպքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը դիմում է դատարան` հիմնադրամը լուծարելու պահանջով:

(38-րդ հոդվածը խմբ. 26.02.07 ՀՕ-109-Ն, 10.04.08 ՀՕ-34-Ն)

 

Հոդված 39. Հիմնադրամի գործունեության հրապարակայնությունը

 

Յուրաքանչյուր տարի հաշվետու տարվան հաջորդող մարտի 25-ից ոչ ուշ հիմնադրամն իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տեղեկություններ հրապարակող մամուլում պարտավոր է հրապարակել՝

1) հաշվետվություն իր գործունեության մասին: Հաշվետվությունը պետք է պարունակի տեղեկություններ իրականացված ծրագրերի, ֆինանսավորման աղբյուրների, ֆինանսական տարում օգտագործված միջոցների ընդհանուր չափի և դրանցում կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերի չափի, հիմնադրի, հոգաբարձուների խորհրդի անդամների, կառավարչի և հիմնադրամի աշխատակազմում ընդգրկված անձանց անուններն ու ազգանունները, եթե նրանք օգտվել են հիմնադրամի միջոցներից և ծառայություններից հաշվետու տարվա ընթացքում.

2) (կետն ուժը կորցրել է 26.02.07 ՀՕ-109-Ն)

3) ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտն իրականացնող անձի (աուդիտորի) եզրակացությունը, եթե հիմնադրամի ակտիվների արժեքը գերազանցում է 10 միլիոն դրամը:

Հաշվետվության (որը բովանդակում է հիմնադրամի լրիվ անվանումը, գտնվելու վայրը, պետական գրանցման տվյալները և սույն հոդվածի 1-ին և 3-րդ կետերով սահմանված տեղեկությունները) ձևը, հրապարակման և ներկայացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը:

(39-րդ հոդվածը փոփ., լրաց. 26.02.07 ՀՕ-109-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  7.

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 40. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

2. Մինչև իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլի միջոցի ստեղծումը սույն օրենքի 39-րդ հոդվածով նախատեսված հայտարարությունը հրապարակվում է առնվազն 1000 տպաքանակ ունեցող մամուլի ցանկացած միջոցում:

3. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը ստեղծված հիմնադրամները վերագրանցման ենթակա չեն: Նրանց կանոնադրությունները (մինչև սահմանված կարգով համապատասխանեցումը) գործում են այնքանով, որքանով չեն հակասում սույն օրենքին: Այդ հիմնադրամների վրա չի տարածվում սույն օրենքի 15-րդ հոդվածի չորրորդ մասով սահմանված սահմանափակումը:

4. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը ստեղծված այն կազմակերպությունները, որոնց կազմակերպական-իրավական ձևը հիմնադրամ չէ, բայց իրենց անվանման մեջ պարունակում են «հիմնադրամ» բառը, մեկ տարվա ընթացքում պարտավոր են սահմանված կարգով փոփոխել իրենց անվանումը (ֆիրմային անվանումը)՝ դրանից հանելով «հիմնադրամ» բառը: Այդ պահանջը չկատարելու դեպքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դիմումով կազմակերպության անվանումը ենթակա է փոփոխման դատական կարգով:

5. Սույն հոդվածի չորրորդ մասի դրույթները չեն տարածվում մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը և սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ստեղծված այն առևտրային իրավաբանական անձանց վրա, որոնց ֆիրմային անվան մեջ «հիմնադրամ» բառի օգտագործումը նախատեսված է այլ օրենքներով:

(40-րդ հոդվածը լրաց. 26.02.07 ՀՕ-109-Ն)


Հայաստանի Հանրապետության
 Նախագահ 

Ռ. Քոչարյան


2003 թ. հունվարի 31
Երևան
ՀՕ-516-Ն