Գլխավոր տեղեկություն
Համար
N 557-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (09.05.2025-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.05.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.05.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.05.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 մայիսի 2025 թվականի N 557-Ա

 

«ՍՕՍ-ՄԱՆԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԵՐ» ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԵՏ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ԵՎ «ԳԱՎԱՌԻ ՄԱՆԿԱՏՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 67-րդ հոդվածով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» ու «է» կետերով և 25-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 18-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով 2025 թվականի մայիսի 26-ից լուծարել «Գավառի մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ կազմակերպություն) (պետական գրանցման ամսաթիվը՝ 2003 թվականի փետրվարի 28, համարը՝ 25․210․00914, հասցեն՝ Ռաֆիկ Թորգոմյանի փողոց 5, Գավառ 1201, Գեղարքունիք):

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշման 1-ին կետում նշված ժամկետից հետո 15-օրյա ժամկետում ապահովել կազմակերպության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով լուծարման հանձնաժողովի ստեղծումը՝ դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (երկու անդամ` հանձնաժողովի նախագահ և անդամ-քարտուղար), Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (մեկ անդամ) և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից (մեկական անդամ) ներկայացուցիչներին։

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝

1) պետական բյուջեում վերաբաշխում կատարելուց հետո երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել հուշագիր և դրամաշնորհի պայմանագիր «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի հետ՝ հինգ տարի ժամկետով՝ կազմակերպությունում խնամվող երեխաների խնամքն ու դաստիարակությունն ապահովելու նպատակով և ապահովել կազմակերպությունում խնամվող երեխաների վերաուղեգրումն ու տեղափոխումը «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի Կոտայքի մասնաճյուղ, երեխաների անձնական գործերի հանձնումը «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամին։ Դրամաշնորհի պայմանագրում անհրաժեշտ է սահմանել, որ պայմանագրի գումարը սահմանվում է յուրաքանչյուր տարի պետական բյուջեով նախատեսված ֆինանսական միջոցների չափով․

2) լուծարման հանձնաժողովի ստեղծումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել կազմակերպության համապատասխան փաստաթղթերի և գույքի, այդ թվում՝ դրամական միջոցների և գույքային իրավունքների հանձնումը լուծարման հանձնաժողովին․

3) հաստատել լուծարման հանձնաժողովի կողմից կազմված լուծարման հաշվեկշիռը․

4) լուծարման աշխատանքներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել կազմակերպության գործունեության դադարեցման պետական գրանցման համար անհրաժեշտ միջոցները։

4. Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ մինչև լուծարման գործընթացի ավարտը՝

1) լուծել կազմակերպության հետ կնքված 2019 թվականի նոյեմբերի 8-ի թիվ 130/0019 և 2024 թվականի հուլիսի 23-ին կնքված թիվ 29/0024 պայմանագրերով կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով անշարժ գույք ամրացնելու մասին պայմանագրերը․

2) «Օթևան» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել ՀՀ, Գեղարքունիքի մարզ, համայնք Գավառ, քաղ․ Գավառ, Ռ․ Թորգոմյան փողոց, թիվ 5 շենք հասցեում գտնվող՝ 2021.7 քառ. մ և 1115.0 քառ. մ մակերեսներով մասնաշենքերը, 193.6 քառ. մ մակերեսով պահեստը, 74.4 քառ. մ մակերեսով կաթսայատունը, 91 քառ. մ մակերեսով լվացքատունը, 6.4 քառ. մ մակերեսով պահակատունը և ՀՀ, Գեղարքունիքի մարզ, համայնք Գավառ, քաղ․ Գավառ, Գ․ Նարեկացու փողոց 3 հասցեում գտնվող՝ 0․431 հա մակերեսով հողամասը, 43․28 քառ. մ մակերեսով սրճարանը, 6․67 քառ. մ մակերեսով պահեստը, 77․49 քառ. մ մակերեսով սրճարանը, 10․41 քառ. մ մակերեսով պահեստը, 57․67 քառ. մ մակերեսով խոհանոցը, 40․3 քառ. մ մակերեսով պոմպակայանը, 63․6 քառ. մ մակերեսով ջրավազանը, 18 քառ. մ մակերեսով պահեստը, 61․15 քառ. մ ծածկը, 26 քառ. մ, 13 խոր․ մ մակերեսով պարիսպը, 32․2 քառ. մ մակերեսով հարթակը, 75․2 քառ. մ, 112․8 խոր․ մ մակերեսով պարիսպն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրման մասին պայմանագրեր՝ որպես սոցիալական բնակարանային ֆոնդ օգտագործելու նպատակով։

5. Լուծարման գործընթացի ավարտից հետո, պարտատերերի պահանջները բավարարելուց հետո, կազմակերպության մնացած շարժական գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը` խնամքի կամ կացարանով ապահովման ոլորտին ուղղված պետական ծրագրերի իրականացման ապահովման նպատակով։

6. Սահմանել, որ կազմակերպության պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքները վերապահվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը, իսկ մնացած դրամական միջոցները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

08.05.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան