Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-74-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (02.05.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.04.22/23(826) Հոդ.454
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
14.04.2011
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.04.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.05.2011

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 Օ Ր Ե Ն Ք Ը

 

 Ընդունված է 2011 թվականի ապրիլի 14-ին

 

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀO-5-Ն oրենքի (այսուհետ` Օրենք) 61-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում և 69-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում «զանգվածային» բառը փոխարինել «հանրային» բառով:

 

Հոդված 2. Օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում «ժողովների, հանրահավաքների, երթերի, ցույցերի» բառերը փոխարինել «հավաքների» բառով, իսկ «այլ զանգվածային» բառերը` «հանրային» բառով:

 

Հոդված 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 56.1-ին հոդվածով.

 

 «Հոդված 56.1. Համայնքի ղեկավարի գործառույթները հանրային միջոցառումների կանոնակարգման բնագավառում

 

1. Հանրային է հավաք չհամարվող այն միջոցառումը (տոնակատարություններ, մշակութային և մարզական միջոցառումներ և այլն), որը տեղի է ունենում բացօթյա վայրում (փողոց, մայթ, հրապարակ, այգի, պուրակ և այլն), կամ որին կարող են մասնակցել անձինք, որոնց շրջանակը անհատապես որոշված չէ հանրային միջոցառման կազմակերպչի կողմից:

2. Ծիսակատարությունների կազմակերպման և անցկացման կարգը սահմանվում է «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով սահմանված կարգով:

3. Եթե ակնկալվում է, որ հանրային միջոցառման մասնակիցների թիվը գերազանցելու է երեք հարյուրը, ապա այդ հանրային միջոցառումն անցկացվում է համայնքի ղեկավարի տեղեկացմամբ: Տեղեկացումն իրականացնում է հանրային միջոցառման կազմակերպիչը հանրային միջոցառման անցկացման օրվանից ոչ ուշ, քան 3 օր առաջ, կազմակերպչի նախընտրած հետևյալ եղանակներից որևէ մեկով` անձամբ, հեռախոսով կամ փոստի միջոցով:

4. Եթե ակնկալվում է, որ հանրային միջոցառման մասնակիցների թիվը չի գերազանցելու երեք հարյուրը, ապա տեղեկացում չի պահանջվում, սակայն հանրային միջոցառման կազմակերպիչը հանրային միջոցառման անվտանգությունն ու բնականոն ընթացքն ապահովելու նպատակով կարող է հանրային միջոցառման անցկացման մասին տեղեկացնել համայնքի ղեկավարին:

5. Տեղեկացումը պետք է ներառի հետևյալ տեղեկությունները.

1) հանրային միջոցառման վայրը,

2) հանրային միջոցառման սկզբի և ավարտի մոտավոր ժամանակը,

3) մասնակիցների սպասվող թիվը,

4) հանրային միջոցառման անցկացման համար օգտագործվելիք առարկաները կամ տեխնիկական միջոցները,

5) հանրային միջոցառման կազմակերպչի անունը, ազգանունը և առկայության դեպքում` հեռախոսահամարները։

6. Համայնքի ղեկավարը հանրային միջոցառումն անցկացնելու մասին տեղեկացումը քննարկում է հանրային միջոցառման մասին տեղեկացումը ստանալու պահից 24 ժամվա ընթացքում: Եթե պատասխանի ժամկետի վերջին օրը ոչ աշխատանքային օր է, ապա պատասխանը ներկայացվում է դրան հաջորդող աշխատանքային օրը:

7. Եթե համայնքի ղեկավարին ներկայացված տեղեկացումից կամ նրա տրամադրության տակ գտնվող այլ տեղեկություններից պարզ է դառնում, որ նախատեսված հանրային միջոցառման ժամանակը, վայրը կամ եղանակը անմիջականորեն կարող են հանգեցնել սույն հոդվածի 12-րդ մասում նշված վտանգների առաջացմանը, ապա լիազոր մարմինը հանրային միջոցառման անցկացման համար կարող է առաջադրել պայմաններ։ Դրանք կարող են վերաբերել բացառապես հանրային միջոցառման անցկացման ժամանակին, վայրին կամ եղանակին։

8. Պայմանների վերաբերյալ համաձայնություն ձեռք բերվելու դեպքում դրանք արձանագրվում են և կցվում գործին։ Պայմանների վերաբերյալ համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում լիազոր մարմինը որոշում է կայացնում հանրային միջոցառման ժամանակի, վայրի կամ եղանակի նկատմամբ սահմանափակումներ սահմանելու մասին։

9. Հանրային միջոցառման անցկացման համար սահմանվող սահմանափակումները չեն կարող աղավաղել հանրային միջոցառման նպատակը կամ հանրային միջոցառման մասնակիցների տարածքային մեկուսացման, ինչպես նաև հանրային միջոցառման անցկացման ժամանակի փոփոխության միջոցով էականորեն նվազեցնել դրա պոտենցիալ ներգործությունը կազմակերպիչների նախընտրած հանրային լսարանի վրա կամ որևէ այլ ձևով հանգեցնել հանրային միջոցառման փաստացի արգելմանը։

10. Այլ վայր առաջարկվելու դեպքում մասնավորապես պետք է ապահովվի տեղեկացման մեջ նշված՝ մասնակիցների սպասվող թվով մասնակցության հնարավորությունը, չպետք է առաջարկվեն կազմակերպիչների ընտրած համայնքի տարածքից դուրս վայրեր, իսկ առաջարկվող վայրը հնարավորինս պետք է մոտ լինի տեղեկացման մեջ նշված վայրին։

11. Հանրային միջոցառման մասին տեղեկացման մեջ հիշատակված ժամանակում և վայրում այլ հանրային միջոցառման անցկացումն ինքնին հիմք չէ հանրային միջոցառման նկատմամբ սահմանափակումներ սահմանելու համար, եթե չկա դրանց մասնակիցների բախման անմիջական վտանգ։ Հակառակ դեպքում տեղեկացումն ավելի ուշ ներկայացրած հանրային միջոցառման հանդեպ կիրառվում են սույն հոդվածով սահմանված սահմանափակումները:

12. Եթե ներկայացվել են միևնույն օրը միևնույն վայրում հանրային հավաք և հանրային միջոցառում անցկացնելու դիմումներ, ապա նախապատվությունը տրվում է հանրային հավաքին:

13. Եթե միևնույն օրը միևնույն վայրում հանրային հավաք անցկացնելու վերաբերյալ դիմումը ներկայացվել է ավելի ուշ, քան հանրային միջոցառում անցկացնելու վերաբերյալ դիմումը, նախապատվությունը տրվում է հանրային հավաքին, բացառությամբ այն դեպքերի, երբ`

1) հանրային միջոցառումն ակնկալվող մասնակիցների թվով էականորեն գերազանցելու է հանրային հավաքի մասնակիցների թիվը, կամ

2) հանրային միջոցառումը նախօրոք պլանավորված է եղել, և դրա տեղափոխումն այլ վայր կառաջացնի անհամարժեք բարդություններ կամ ծախսեր, և հանրային հավաքի անցկացման համար հնարավոր է առաջարկվել այլընտրանքային վայր, որը չի հանգեցնի հավաքի նպատակի աղավաղման կամ հավաքի մասնակիցների տարածքային մեկուսացման, ինչպես նաև հավաքի անցկացման ժամանակի կամ վայրի փոփոխության միջոցով էականորեն չի նվազեցնի դրա պոտենցիալ ներգործությունը կազմակերպիչների նախընտրած հանրային լսարանի վրա կամ որևէ այլ ձևով չի հանգեցնի հավաքի փաստացի արգելմանը։

14. Համայնքի ղեկավարը կարող է արգելել հանրային միջոցառման անցկացումը, եթե դա անհրաժեշտ է`

1) անձանց կյանքի, առողջության կամ սեփականության պաշտպանության համար.

2) հանրության համար առաջացող էական անհարմարությունները կանխելու համար.

3) շրջակա միջավայրին անմիջականորեն սպառնացող էական վտանգը կանխելու համար:

15. Համայնքի ղեկավարը չի կարող արգելել հանրային միջոցառման անցկացումը, եթե միջոցառման անցկացման սահմանափակումների միջոցով հնարավոր է կանխել սույն հոդվածի 14-րդ մասում նշված վտանգները:

16. Եթե չեն առաջանում սույն հոդվածով սահմանված հանրային միջոցառումն արգելելու հիմքերը, ապա տեղեկացումը համարվում է ի գիտություն ընդունված: Տեղեկացումն ի գիտություն ընդունելու մասին համայնքի ղեկավարն անհապաղ տեղեկացնում է կազմակերպիչներին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը, ինչպես նաև դրա մասին գրություն է փակցնում տեղական ինքնակառավարման մարմնի վարչական շենքում` բոլորի համար մատչելի ու տեսանելի տեղում։

17. Հանրային միջոցառման կազմակերպիչը`

1) որոշում է հանրային միջոցառման ընթացքը,

2) պարտավոր է ներկա լինել հանրային միջոցառմանը և հասանելի լինել ոստիկանության ներկայացուցչի համար,

3) հանրային միջոցառման ընթացքում պարտավոր է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել հանրային միջոցառման բնականոն ընթացքն ապահովելու համար, մասնավորապես հանրային միջոցառման մասնակիցների կողմից բռնի գործողությունները կանխելու, բռնությունից զերծ մնալու և ուժի կիրառմանը պատրաստ մասնակիցներից սահմանազատվելու կոչերի միջոցով,

4) իրավունք ունի դիմելու ոստիկանության ծառայողներին` հանրային միջոցառման անցկացման վայրից հարկադիր դուրս բերելու այն անձանց, ովքեր կոպտորեն խախտում են հանրային միջոցառման բնականոն ընթացքը,

5) պարտավոր է հավաքի մասնակիցներին անմիջապես տեղեկացնել հանրային միջոցառման բնականոն ընթացքն ապահովելու վերաբերյալ ոստիկանության ծառայողների պահանջների մասին։»:

 

Հոդված 4. Սույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող տասներորդ oրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2011 թ. ապրիլի 22

Երևան

ՀՕ-74-Ն