Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (14.01.2025-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.03.31-2025.04.13 Պաշտոնական հրապարակման օրը 11.04.2025
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
14.01.2025
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
14.01.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.01.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԱՐԴ1/4572/02/21

2025 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԱՐԴ1/4572/02/21

Նախագահող դատավոր`

 Ն. Բարսեղյան

Դատավորներ`

 Ա. Մխիթարյան

 Լ. Գրիգորյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Գ. Հակոբյան

զեկուցող

Ս․ ՄԵՂՐՅԱՆ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ա ՄԿՐՏՉՅԱՆ

Է. Սեդրակյան

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

2025 թվականի հունվարի 14-ին

գրավոր ընթացակարգով քննելով Հասմիկ Խաչատրյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30052023 թվականի որոշման դեմ՝ ըստ Հասմիկ Խաչատրյանի դիմումի` Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Հասմիկ Խաչատրյանը պահանջել է Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից 29.11.2019 թվականին կայացված և 12.12.2019 թվականին կողմերի համար պարտադիր դարձած թիվ 15-7417/19 որոշման հարկադիր կատարման համար տալ կատարողական թերթ։

Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 26122022 թվականի որոշմամբ դիմումը բավարարվել է։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 30052023 թվականի որոշմամբ «Յունիբանկ» ԲԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ) բերած վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 26.12.2022 թվականի որոշումը վերացվել է և կայացվել է նոր որոշում՝ Հասմիկ Խաչատրյանի միջնորդությունը՝ Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից 29112019 թվականին Երևան քաղաքում կայացված և 12122019 թվականին կողմերի համար պարտադիր դարձած թիվ 15-7417/19 որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ ստանալու համար դիմում ներկայացնելու բաց թողած ժամկետը վերականգնելու և հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու պահանջի մասին, մերժվել է։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հասմիկ Խաչատրյանը (ներկայացուցիչ Ալեքսանդր Ծատինյան)։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ ու 13-րդ հոդվածները, «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը և 24-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 343-րդ հոդվածի 6-րդ մասն ու 345-րդ հոդվածի 2-րդ մասը։

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ այն պարագայում, երբ քննվում է հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու պահանջ, դատարաններն օրենքի ուժով առանց քննության են թողնում հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տրամադրելու վերաբերյալ դիմումը, այսինքն՝ եթե անգամ հաճախորդը ցանկանա, չի կարող կատարողական թերթ ստանալ հաշտարարի որոշման կատարման համար, քանի դեռ այն վիճարկվում է դատական կարգով։ Հետևաբար Վերաքննիչ դատարանի հետևություններն առ այն, որ անկախ հաշտարարի որոշման վիճարկման փաստից, ինքը պարտավոր էր մեկ տարվա ընթացքում ներկայացնել կատարողական թերթ ստանալու մասին դիմում, առարկայազուրկ է և իր հիմքում չունի որևէ իրավաչափ նպատակ։

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 345-րդ հոդվածի 2-րդ մասի վերլուծությունից հետևում է, որ Ֆինանսական համակարգի հաշտարարի՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը կարող է մերժվել այն դեպքում, երբ առկա է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու՝ օրենքով նախատեսված հիմք։ Կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը դատարան ներկայացնելու ժամկետը ենթադրաբար բաց թողնելու հանգամանքը չի հանդիսանում Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու հիմք, ուստի Վերաքննիչ դատարանը չէր կարող այդ հիմքով մերժել որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը։

Վերաքննիչ դատարանի կողմից կատարված վերլուծության պայմաններում իմաստազրկվում է նաև հաշտարարի ինստիտուտի նպատակը, քանի որ նշված վերլուծությամբ դատական պրակտիկա ձևավորվելու դեպքում հաճախորդները կարող են փաստացի զրկվել հաշտարարի որոշման հիման վրա հարկադիր կատարում ստանալու իրավունքից։ Նման պայմաններում կսահմանափակվի նաև հաճախորդների դատական պաշտպանության իրավունքը, ինչպես նաև իրավունքի պաշտպանության արդյունավետ միջոց ունենալու իրավունքը, քանի որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ հարկադիր կատարումը հանդիսանում է դատական պաշտպանության իրավունքի մաս։

Բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 343-րդ հոդվածի 6‑րդ մասի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր՝ պայմանավորված նրանով, որ անհրաժեշտ է ՀՀ վճռաբեկ դատարանի դիրքորոշումը Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տրամադրելու վերաբերյալ դիմում ներկայացնելու ժամկետների հաշվարկման առանձնահատկությունների վերաբերյալ։ Բացի այդ, Վերաքննիչ դատարանի 30052023 թվականի որոշմամբ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 23‑րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, 24-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 343-րդ հոդվածի 6-րդ մասի վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումները հակասում են թիվ ԼԴ2/1925/02/21 քաղաքացիական գործով Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 30.11.2021 թվականի օրինական ուժի մեջ մտած դատական ակտում նույն նորմերի վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումներին։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 30052023 թվականի որոշումը և փոփոխել այն՝ դիմումը բավարարել։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) 29.11.2019 թվականին Ֆինանսական համակարգի հաշտարարը կայացրել է թիվ 15‑7417/19 որոշումը (այսուհետ նաև՝ Որոշում)՝ 300.000 ՀՀ դրամի չափով Բանկի դեմ ուղղված Հասմիկ Խաչատրյանի պահանջը բավարարելու մասին (հատոր 1-ին, գթ 48‑61).

2) Որոշումը կողմերի համար պարտադիր է դարձել 12.12.2019 թվականին (հատոր 1‑ին, գթ 10).

3) 14012020 թվականին Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է Բանկի դիմումն ընդդեմ Հասմիկ Խաչատրյանի և Ֆինանսական համակարգի հաշտարարի՝ Որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին, որը 22.04.2020 թվականին ըստ տարածքային ընդդատության հանձնվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին (քաղաքացիական գործ՝ ԱՐԴ/0053/02/20)

Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 14.04.2021 թվականի որոշմամբ Բանկի դիմումը մերժվել է։ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.06.2021 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը վերադարձվել է: Նշված որոշումը վճռաբեկության կարգով չի բողոքարկվել (հիմք՝ «https://court.am» պաշտոնական կայք).

4) Հասմիկ Խաչատրյանը Որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը Դատարան է ներկայացրել 02.08.2021 թվականին՝ միաժամանակ միջնորդելով վերականգնել կատարողական թերթ ստանալու վերաբերյալ դիմումը դատարան ներկայացնելու համար բաց թողնված դատավարական ժամկետը (հատոր 1-ին, գթ 6-25).

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394‑րդ հոդվածի 1‑ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 1‑ին կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ թիվ ԼԴ2/1925/02/21 քաղաքացիական գործով Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 343‑րդ հոդվածի 6-րդ մասը կիրառվել է Վերաքննիչ դատարանի կողմից նույն նորմին տրված մեկնաբանությանը հակասող մեկնաբանությամբ։

Վերոգրյալով պայմանավորված՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տրամադրելու դիմումն օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ ներկայացված լինելու դեպքում դատարանների կողմից բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը քննելիս պարզման և գնահատման ենթակա հարցերի շրջանակին՝ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումը։

 

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի առաջին պարբերության համաձայն՝ նույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության դատարանների դատական ակտերի, ինչպես նաև արբիտրաժային տրիբունալների վճիռների և Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումների հարկադիր կատարումն ապահովելու պայմանները և կարգը:

Նույն օրենքի 2-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ հարկադիր կատարման ենթակա են Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները։

Նույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ կատարողական թերթ ստանալու համար դիմումը ներկայացվում է մեկ տարվա ընթացքում, եթե օրենքով այլ բան սահմանված չէ` սկսած այն օրվանից, երբ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը պարտադիր է դարձել կողմերի համար:

Նույն օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պահանջատիրոջ կողմից կատարողական թերթ ստանալու համար դիմում ներկայացնելու ժամկետը հարգելի ճանաչված պատճառներով բաց թողնելու դեպքում դատարանը կարող է այն վերականգնել:

«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պահանջի քննության արդյունքներով Ֆինանսական համակարգի հաշտարարը որոշում է կայացնում պահանջը բավարարելու կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու մասին և ոչ ուշ, քան հաջորդ օրը ծանուցում որոշման մասին՝ համապատասխան ծանուցման եղանակով ներկայացնելով որոշումը։

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ այն դեպքում, երբ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը ծանուցելու պահից 30 աշխատանքային օրվա ընթացքում հաճախորդն անվերապահորեն և գրավոր ձևով համաձայնվում է որոշման հետ, վերջինս կողմերի համար դառնում է պարտադիր: (…):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 341-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ֆինանսական համակարգի հաշտարարի՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմում կարող է ներկայացնել հաճախորդը՝ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում:

«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ այն դեպքում, երբ հաճախորդը նույն օրենքով սահմանված կարգով համաձայնվում է որոշման հետ, իսկ Կազմակերպությունը սահմանված կարգով և ժամկետում չի կատարում Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը, հաճախորդն իրավունք է ստանում կատարողական թերթ ստանալու նպատակով դիմելու իրավասու դատարան, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով կայացնում է հետևյալ որոշումներից մեկը.

1) Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը ճանաչելու և կատարողական թերթ տալու մասին.

2) Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու և կատարողական թերթ տալը մերժելու մասին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դիմումի քննության արդյունքով դատարանը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը.

1) դիմումը բավարարելու, ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը ճանաչելու և դրա հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու մասին.

2) դիմումը մերժելու, ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու և դրա հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալը մերժելու մասին:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացված որոշմամբ անդրադառնալով Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումն օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ ներկայացված լինելու և բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդություն ներկայացված չլինելու դեպքին, արձանագրել է, որ այն դեպքում, երբ հաճախորդը «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով համաձայնվում է որոշման հետ, իսկ Կազմակերպությունը սահմանված կարգով և ժամկետում չի կատարում ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը, հաճախորդն իրավունք է ձեռք բերում կատարողական թերթ ստանալու նպատակով դիմելու իրավասու դատարան: Միևնույն ժամանակ, օրենսդիրը որոշակի ժամկետ է սահմանել Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման նպատակով կատարողական թերթ ստանալու վերաբերյալ դիմումը դատարան ներկայացնելու համար՝ նախատեսելով, որ հաճախորդն այդ դիմումը ներկայացնում է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը կողմերի համար պարտադիր դառնալու պահից սկսած մեկ տարվա ընթացքում: Ընդ որում, Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը կողմերի համար դառնում է պարտադիր, այն ծանուցելու պահից 30 աշխատանքային օրվա ընթացքում հաճախորդն անվերապահորեն և գրավոր ձևով համաձայնվում է որոշման հետ:

Օրենսդիրը դատարանին իրավունք է վերապահել ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումի քննության արդյունքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով կայացնելու հետևյալ որոշումներից մեկը.

1) դիմումը բավարարելու, ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը ճանաչելու և դրա հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու մասին.

2) դիմումը մերժելու, ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու և դրա հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալը մերժելու մասին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը (345-րդ հոդվածի 2-րդ մաս) որպես ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը մերժելու հիմք նախատեսել է բացառապես այն դեպքը, երբ դիմումի քննության արդյունքում պարզվում է, որ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը ենթակա է չեղյալ ճանաչման։ Նշված դիմումը մերժելու այլ հիմք, այդ թվում, երբ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու դիմումը ներկայացվել է օրենքի պահանջի խախտմամբ, և բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է, օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով չի նախատեսել: Միևնույն ժամանակ նշված դեպքը նույն օրենսգրքով չի նախատեսվել նաև որպես այդ դիմումն առանց քննության թողնելու հիմք: Նշված դեպքը որպես դիմումը մերժելու ինքնուրույն հիմք օրենսդիրը նախատեսել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետով՝ սահմանելով, որ դատարանը մերժում է կատարողական թերթ տալու դիմումը, եթե լրացել է կատարողական թերթ ստանալու համար դիմում ներկայացնելու ժամկետը, և բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է:

Այսինքն՝ բոլոր այն դեպքերում, երբ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը ներկայացվում է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը կողմերի համար պարտադիր դառնալու պահից սկսած մեկամյա ժամկետը լրանալուց հետո, և այդ ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվում է, դատարանը պետք է կայացնի այդ դիմումը մերժելու մասին որոշում՝ ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետով (տե՛ս ըստ Նաիրա Աբգարյանի դիմումի՝ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու պահանջի մասին, թիվ ԼԴ2/1719/02/20 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.02.2022 թվականի որոշումը):

Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով այն հարցին, թե Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացված լինելու պայմաններում արդյո՞ք առկա է նույն որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ հաճախորդի կողմից դիմում ներկայացվելու հնարավորություն, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 343‑րդ հոդվածի 6-րդ մասի վկայակոչմամբ արձանագրել է, որ բոլոր այն դեպքերում, երբ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը քննելիս պարզվում է, որ դատարանի վարույթում առկա է Ֆինանսական համակարգի հաշտարարի նույն որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում, ապա դատարանը պետք է ներկայացված դիմումը թողնի առանց քննության:

ՀՀ վճռաբեկ դատարանը նաև արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 343-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջն անմիջականորեն ուղղված է դատարանին, և հաճախորդին չի ազատում ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումն օրենքով սահմանված ժամկետում ներկայացնելու պարտականությունից, քանի որ գործող իրավակարգավորումների պայմաններում ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելը չի կասեցնում նույն որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը դատարան ներկայացնելու՝ օրենքով սահմանված ժամկետի հոսքը: Հաճախորդը պարտավոր է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը ներկայացնել օրենքով սահմանված վերը նշված ժամկետում անգամ այն ժամանակ, երբ առկա է ֆինանսական համակարգի հաշտարարի նույն որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում:

 Միևնույն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը դիրքորոշում է հայտնել նաև այն մասին, որ՝

1) Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումն օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ ներկայացնելու դեպքում դիմողը պետք է բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնի, որպիսի պահանջը բխեցրել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված ընդհանուր կանոնից,

2) դատարանը, քննության առարկա դարձնելով միջնորդությամբ ներկայացված հանգամանքները և պարզելով, որ գործին մասնակցող անձը դատավարական ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով, պետք է որոշում կայացնի միջնորդությունը բավարարելու և բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին, ինչը հետապնդում է իրավաչափ նպատակ։

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, վերահաստատելով և զարգացնելով վերը նշված նորմերի վերաբերյալ արտահայտված իրավական դիրքորոշումները, արձանագրել է, որ թեկուզև այդ դիրքորոշումների համաձայն՝ հաճախորդը պարտավոր է համապատասխան դիմումը դատարան ներկայացնել օրենքով սահմանված ժամկետում անգամ այն դեպքում, երբ առկա է Ֆինանսական համակարգի հաշտարարի նույն որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում, այնուամենայնիվ, ՀՀ վճռաբեկ դատարանը նույն որոշմամբ չի բացառել նաև այնպիսի դեպքերը, երբ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը կարող է ներկայացվել նաև օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ՝ ներկայացնելով բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն, որի պարագայում դատարանը, պարզելով, որ գործին մասնակցող անձը դատավարական ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով, պետք է որոշում կայացնի միջնորդությունը բավարարելու և բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին։ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է նաև, որ դատարանը պարտավոր է բավարարել բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունն այն դեպքում, երբ գործին մասնակցող անձը դատավարական ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով, ինչը ենթադրում է կոնկրետ իրավիճակում ներկայացված միջնորդության ըստ էության քննություն: Հետևաբար, դատարանը յուրաքանչյուր դեպքում ունի պարտականություն քննարկման առարկա դարձնելու միջնորդության քննության համար էական նշանակություն ունեցող յուրաքանչյուր փաստական հանգամանք և միայն վերջինիս գնահատման ու համադրման արդյունքում կայացնելու միջնորդությունը բավարարելու կամ մերժելու մասին որոշում: Ընդ որում, բոլոր դեպքերում բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու համար ընդհանուր կանոնն այն է, որ նախ միջնորդություն ներկայացրած անձը պետք է ապացուցի, որ օրենքով սահմանված դատավարական ժամկետի ընթացքում ձեռնարկել է իրենից կախված ողջամիտ և բավարար միջոցներ դատարան դիմելու, դատավարական գործողություններ իրականացնելու ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ պատճառներով բաց է թողել օրենքով սահմանված դատավարական ժամկետները։ Միևնույն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հնարավոր են այնպիսի իրավիճակներ, երբ վերը նշված գործողություններն իրականացնելը կարող է լինել աննպատակահարմար, իմաստազուրկ կամ ոչ անհրաժեշտ՝ պայմանավորված որոշակի հանգամանքներով, որպիսի «անգործությունը» չի կարող բացասական ազդեցություն ունենալ դատավարական ժամկետի բաց թողնումը հարգելի համարելու համար (տե՛ս ըստ Անդրանիկ Քոչարյանի դիմումի՝ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու պահանջի մասին, թիվ ԼԴ2/1953/02/21 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 23072023 թվականի որոշումը):

Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումն օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ ներկայացված լինելու կապակցությամբ բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն քննելիս դատարանների կողմից պարզման ենթակա հարցերի շրջանակին, արձանագրել է, որ դատարանները բոլոր դեպքերում պետք է պարզեն հետևյալ հարցերը՝

1) ե՞րբ է կողմերի համար պարտադիր դարձել Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը,

2) ե՞րբ է ներկայացվել Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումը,

3) ե՞րբ է օրինական ուժի մեջ մտել Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումի վերաբերյալ կայացված վերջնական դատական ակտը,

4) ե՞րբ է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմում ներկայացրած անձն ստացել (երբ է հասանելի դարձել) Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումի կապակցությամբ կայացված վերջնական դատական ակտը,

5) ե՞րբ է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը ներկայացվել դատարան։

Այսինքն՝ ենթակա է պարզման նաև այն հարցը, թե Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ պահանջը մերժելու մասին դատական ակտն ստանալուց (նրան հասանելի դառնալուց) հետո դիմողի կողմից ինչպիսի միջոցներ են ձեռնարկվել համապատասխան կատարողական թերթ ստանալու համար, առանց որի դատարանը չի կարող հստակ եզրահանգումներ կատարել բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու կապակցությամբ:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ գործող կարգավորումների պարագայում Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու դիմումի քննության ընթացքում հաճախորդի կողմից կատարողական թերթ ստանալու վերաբերյալ դիմում ներկայացնելը կարող է գործնական և արդյունավետ չլինել՝ հիմք ընդունելով դրա առանց քննության թողնվելու իրավական հետևանքը։ Ուստի, նման պայմաններում դատարանները պետք է առաջնորդվեն ողջամիտ այն կանխավարկածով, որ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու դիմումի քննության ընթացքում հաճախորդը զրկված է կատարողական թերթ ստանալու վերաբերյալ դիմում ներկայացնելիս իր կողմից ենթադրվող դրական արդյունքին հասնելու իրավական հնարավորությունից, որպիսի փաստական հանգամանքը յուրաքանչյուր դեպքում պետք է քննարկման առարկա դառնա Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումն օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ ներկայացված լինելու կապակցությամբ բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն քննելիս։

 

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Սույն գործի փաստերի համաձայն՝ 29.11.2019 թվականին Ֆինանսական համակարգի հաշտարարը կայացրել է թիվ 15‑7417/19 որոշումը՝ 300.000 ՀՀ դրամի չափով Բանկի դեմ ուղղված Հասմիկ Խաչատրյանի պահանջը բավարարելու մասին: Որոշումը կողմերի համար պարտադիր է դարձել 12.12.2019 թվականին:

14012020 թվականին Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է Բանկի դիմումը՝ Որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին, ինչի կապակցությամբ հարուցվել է թիվ ԱՐԴ/0053/02/20 քաղաքացիական գործը։ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 14.04.2021 թվականի որոշմամբ Բանկի դիմումը մերժվել է։ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.06.2021 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը վերադարձվել է, և սահմանվել է որոշումն ստանալու պահից տասնհինգօրյա ժամկետ այն վճռաբեկության կարգով բողոքարկելու համար: Նշված որոշումը վճռաբեկության կարգով չի բողոքարկվել, իսկ գործում բացակայում է այն գործին մասնակցող անձանց կողմից ստանալու փաստը հավաստող ապացույցները։

Հասմիկ Խաչատրյանը 02.08.2021 թվականին, այսինքն՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված մեկ տարվա ժամկետի խախտմամբ, Դատարան է ներկայացրել Որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմում՝ միաժամանակ ներկայացնելով բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն:

Դատարանը 26.12.2022 թվականի «Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը ճանաչելու և դրա հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումի քննությունը պարզեցված կարգով քննելու մասին» որոշմամբ Հասմիկ Խաչատրյանի դիմումը բավարարել է՝ արձանագրելով, որ «Տվյալ դեպքում թիվ ԱՐԴ/0053/02/20 քաղաքացիական գործով ըստ դիմումի «Յունիբանկ» ԲԲԸ-ի՝ ֆինանսական համակարգի հաշտարարի 29.11.2019 թվականի թիվ 15-7417/19 որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին, Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումը մերժելու մասին 14.04.2021 թվականի որոշումն ուժի մեջ է մտել 01.07.2021 թվականին, հետևաբար առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 344-րդ հոդվածի 1‑ին մասի 2-րդ կետով սահմանված իրավակարգավորումը»։

Վերաքննիչ դատարանի 30.05.2023 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 26.12.2022 թվականի «Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը ճանաչելու և դրա հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումի քննությունը պարզեցված կարգով քննելու մասին» որոշումը վերացվել է ու կայացվել է նոր որոշում՝ Հասմիկ Խաչատրյանի միջնորդությունը՝ Որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումի ներկայացման բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին, և դիմումը՝ հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու պահանջի մասին, մերժվել են՝ այն պատճառաբանությամբ, որ «(․․․) Ֆինանսական համակարգի հաշտարարի 29.11.2019 թվականին կայացրած թիվ 15‑7417/19 որոշման հիման վրա կատարողական թերթ տալու, կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմում ներկայացնելու բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և այն վերականգնելու մասին դիմումը Հասմիկ Խաչատրյանի կողմից Դատարան է ներկայացվել 02.08.2021թ.-ին, այսինքն, որոշումը կողմերի համար պարտադիր դառնալու պահից 12.12.2019 թվականից հետո օրենքով սահմանված մեկամյա ժամկետի ավարտից հետո: Մինչդեռ օրենսդրական վերը նշված կարգավորումների համատեքստում հաճախորդը պարտավոր է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը ներկայացնել օրենքով սահմանված մեկ տարվա ժամկետում որոշումը կողմերի համար պարտադիր դառնալու պահից: Ինչ վերաբերում է կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմում ներկայացնելու բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և այն վերականգնելու միջնորդությանը, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Դատարանն այն պետք է քննարկման առարկա դարձներ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասի ընդհանուր կանոնի համատեքստում: (…) Ընդհանուր իրավասության դատարանի հետևությունն առ այն, որ Ֆինանսական համակարգի հաշտարարի 29.11.2019թ. թիվ 15‑7417/19 որոշումը չեղյալ ճանաչելու մասին դիմումը մերժելու վերաբերյալ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 14.04.2021թ. որոշումն ուժի մեջ է մտել 01.07.2021թ.‑ին, ուստի առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 344‑րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի իրավակարգավորումը, դիտում է անհիմն, հաշվի առնելով, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 343-րդ հոդվածի 6-րդ մասը հաճախորդին չի ազատում ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումն օրենքով սահմանված ժամկետում ներկայացնելու պարտականությունից: (…) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ դիմող Հասմիկ Խաչատրյանի կողմից չի հիմնավորվել ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը պարտադիր դառնալու պահից սկսած մեկ տարվա ընթացքում կատարողական թերթ ստանալու համար դատարան դիմելու ժամկետը հարգելի պատճառով բաց թողնելու հանգամանքը, իսկ նշված ժամանակահատվածում ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը վիճարկվելու փաստը, ինչպես վերը արձանագրվել է, որևէ կերպ խոչընդոտ չէր հանդիսանում որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմում ներկայացնելու համար»։

Վկայակոչված նորմատիվ իրավական ակտերի և վերոնշյալ իրավական դիրքորոշումների համատեքստում գնահատելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանք չէին կարող բավարար հիմք հանդիսանալ վերաքննիչ բողոքը բավարարելու՝ Դատարանի 26.12.2022 թվականի «Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը ճանաչելու և դրա հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումի քննությունը պարզեցված կարգով քննելու մասին» որոշումը վերացնելու ու Հասմիկ Խաչատրյանի դիմումը մերժելու համար՝ հետևյալ պատճառաբանությամբ։

Ինչպես արդեն իսկ նշվեց վերը, Ֆինանսական համակարգի հաշտարարի թիվ 15‑7417/19 որոշումը կողմերի համար պարտադիր է դարձել 12.12.2019 թվականին, Բանկը Որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին դիմումը դատարան է ներկայացրել 14.01.2020 թվականին, որի վերաբերյալ որոշումը Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը կայացրել է 14.04.2021 թվականին, իսկ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.06.2021 թվականի որոշմամբ Դատարանի որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձվել է։ Հասմիկ Խաչատրյանը Ֆինանսական համակարգի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը Դատարան է ներկայացրել 02.08.2021 թվականին, այսինքն՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված՝ կատարողական թերթ ստանալու համար դիմումը դատարան ներկայացնելու մեկ տարվա ժամկետի խախտմամբ՝ միաժամանակ միջնորդել է վերականգնել բաց թողնված դատավարական ժամկետը՝ պատճառաբանելով, որ թիվ ԱՐԴ/0053/02/20 քաղաքացիական գործով «Յունիբանկ» ԲԲԸ-ի դիմումի քննությունն ուղղակի արգելք է հանդիսացել նույն Որոշման կապակցությամբ կատարողական թերթ ստանալու վերաբերյալ դիմում ներկայացնելու համար, քանի որ նման պայմաններում դիմումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 343-րդ հոդվածի 6-րդ մասի հիմքով դատարանի կողմից կթողնվեր առանց քննության։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև վկայակոչված իրավական նորմերի և հայտնված իրավական դիրքորոշումների համատեքստում դիմող Հասմիկ Խաչատրյանն ամեն դեպքում ունեցել է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումն օրենքով սահմանված ժամկետում դատարան ներկայացնելու պարտականություն՝ անկախ այդ որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին դիմումի առկայությունից, սակայն Վերաքննիչ դատարանը, իր հերթին, պարտավոր էր սույն գործով դիմումն օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ ներկայացված լինելու պայմաններում բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը քննելիս ուշադրության արժանի համարել ինչպես միջնորդության մեջ նշված, այնպես էլ այն բոլոր հանգամանքները, որոնք կարող էին էական նշանակություն ունենալ միջնորդությունը քննելու և լուծելու համար, ու միայն դրանց գնահատման և համադրման արդյունքում որոշում կայացնել միջնորդությունը բավարարելու կամ մերժելու մասին: Մասնավորապես՝ պետք է գնահատման առարկա դառնար Որոշումը չեղյալ ճանաչելու վարույթի առկայության պայմաններում Հասմիկ Խաչատրյանի կողմից նույն Որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ ստանալու վերաբերյալ դիմում ներկայացնելու գործնականում արդյունավետությունը։ Մասնավորապես՝ Վերաքննիչ դատարանը պետք է հաշվի առներ, որ Որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի քննության ընթացքում Հասմիկ Խաչատրյանի կողմից կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումի ներկայացումը եղել է աննպատակահարմար և իմաստազուրկ, քանի որ սույն գործով դիմումն ավելի վաղ ներկայացվելու պայմաններում Դատարանը, պարզելով, որ մեկ այլ դատարանի վարույթում առկա է Ֆինանսական համակարգի հաշտարարի նույն որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 343-րդ հոդվածի 6-րդ մասով, որոշում կկայացներ սույն գործով դիմումն առանց քննության թողնելու մասին:

Ընդ որում, Վերաքննիչ դատարանի կողմից պետք է հաշվի առնվեր նաև այն հանգամանքը, թե Որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի քննության արդյունքում թիվ ԱՐԴ/0053/02/20 քաղաքացիական գործով ե՞րբ է կայացվել եզրափակիչ դատական ակտը, ե՞րբ է այն հասանելի դարձել Հասմիկ Խաչատրյանին և այդ պահից սկսած ե՞րբ է Հասմիկ Խաչատրյանը ներկայացրել Որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմում՝ քննարկման առարկա դարձնելով այն ողջամիտ ժամանակահատվածը, որն անհրաժեշտ էր Հասմիկ Խաչատրյանին նման դիմում ներկայացնելու համար։

Այսպես, թիվ ԱՐԴ/0053/02/20 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.06.2021 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը վերադարձվել է, այդ որոշմամբ սահմանվել է տասնհինգօրյա ժամկետ որոշումը վճռաբեկության կարգով բողոքարկելու համար։ Բանկի կողմից սահմանված ժամկետում վճռաբեկ բողոք չի ներկայացվել, իսկ սույն քաղաքացիական գործում բացակայում է այդ որոշումը Բանկի կամ Հասմիկ Խաաչատրյանի կողմից ստանալու վերաբերյալ ապացույցը։ Հասմիկ Խաչատրյանը Ֆինանսական համակարգի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը Դատարան է ներկայացրել 02.08.2021 թվականին։ Ընդ որում՝ պետք է նաև հաշվի առնել, որ Բանկն ուներ տասնհինգօրյա ժամկետ որոշումն ստանալու պահից այն վճռաբեկության կարգով բողոքարկելու համար, որպիսի դատավարական իրավունքի իրացման կամ չիրացման իրողությունը Հասմիկ Խաչատրյանի համար կանխատեսելի չէր կարող լիներ։ Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Հասմիկ Խաչատրյանի կողմից ողջամիտ ժամկետում ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ թիվ ԱՐԴ/0053/02/20 քաղաքացիական գործով եզրափակիչ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը դատարան ներկայացնելու կապակցությամբ։

Վերոգրյալի հիման վրա՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պարզելու համար՝ արդյո՞ք Հասմիկ Խաչատրյանը դատավարական ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով, Վերաքննիչ դատարանը պետք է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը քննության առներ նաև սույն որոշմամբ մատնանշված փաստերի գնահատման համատեքստում:

Անդրադառնալով վճռաբեկ բողոք բերած անձի կողմից մատնանշված վճռաբեկ բողոքի վարույթի ընդունելիության պայմանի առկայությանը՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալին.

Վերաքննիչ դատարանը բողոքարկվող դատական ակտում, մեկնաբանելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 343-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված իրավակարգավորումը, մասնավորապես նշել է. «Վերաքննիչ դատարանը գտնում է, որ դիմող Հասմիկ Խաչատրյանի կողմից չի հիմնավորվել ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը պարտադիր դառնալու պահից սկսած մեկ տարվա ընթացքում կատարողական թերթ ստանալու համար դատարան դիմելու ժամկետը հարգելի պատճառով բաց թողնելու հանգամանքը, իսկ նշված ժամանակահատվածում ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը վիճարկվելու փաստը, ինչպես վերը արձանագրվել է, որևէ կերպ խոչընդոտ չէր հանդիսանում որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմում ներկայացնելու համար»։ Միևնույն ժամանակ, բողոք բերող անձի կողմից վկայակոչվել է թիվ ԼԴ2/1925/02/21 քաղաքացիական գործով Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 30.11.2021 թվականի օրինական ուժի մեջ մտած դատական ակտը, հիմնավորելով, որ այդ դատական ակտում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 343-րդ հոդվածի 6-րդ մասը կիրառվել է Վերաքննիչ դատարանի 30052023 թվականի որոշմամբ նույն նորմին տրված մեկնաբանությանը հակասող մեկնաբանությամբ։ Թիվ ԼԴ2/1925/02/21 քաղաքացիական գործով 30.11.2021 թվականի «Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը ճանաչելու և հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը քննելու մասին» որոշմամբ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, մասնավորապես, արձանագրել է. «Ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանի կողմից 16.04.2020թ.-ին Երևան քաղաքում կայացված և 14.05.2020թ. կողմերի համար պարտադիր դարձած թիվ 15-3254/20 որոշումը «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի կողմից վիճարկվել է դատարանում, որի պատճառով դիմողը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 343-րդ հոդվածի 6-րդ մասի իրավակարգավորումներով պայմանավորված հնարավորություն չի ունեցել կատարողական թերթ ստանալու պահանջով դիմելու դատարան, որի պատճառով նա օբյեկտիվ պատճառով բաց է թողել կատարողական թերթ ստանալու համար դիմելու օրենքով նախատեսված ժամկետը: Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները դատարանը գտնում է, որ դիմող Արթուր Կոստանդյանի ներկայացուցիչ Ա. Ծատինյանի միջնորդությունը՝ ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանի կողմից 16.04.2020 թվականին Երևան քաղաքում կայացված և 14.05.2020թ. կողմերի համար պարտադիր դարձած թիվ 15-3254/20 որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու ժամկետի բացթողումը պետք է համարել հարգելի և վերականգնել»։

Վճռաբեկ դատարանը, համեմատական վերլուծության ենթարկելով ինչպես Վերաքննիչ դատարանի բողոքարկվող որոշմամբ, այնպես էլ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 30.11.2021 թվականի որոշմամբ արտահայտած վերը նշված դիրքորոշումները, արձանագրում է, որ բողոքի հիմքը հիմնավոր է, քանի որ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 343‑րդ հոդվածի 6-րդ մասը կիրառել է Վերաքննիչ դատարանի կողմից նույն նորմին տրված մեկնաբանությանը հակասող մեկնաբանությամբ։

Վերը նշված փաստերից ելնելով՝ Վճռաբեկ դատարանը, ապահովելով օրենքի միատեսակ կիրառելիության երաշխավորման իր սահմանադրաիրավական առաքելությունը, փաստում է, որ նմանատիպ փաստական հանգամանքներով գործերի քննության դեպքում վերը նշված իրավական նորմերն անհրաժեշտ է կիրառել սույն որոշմամբ տրված մեկնաբանություններով:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3‑րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 30.05.2023 թվականի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7‑րդ կետով սահմանված` վերաքննիչ դատարանի դատական ակտն ամբողջությամբ բեկանելու և առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ։

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելը և Դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։

Դատարանի 26.12.2022 թվականի որոշմանն օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ գործին մասնակցող անձը, որի դեմ կայացվել է եզրափակիչ դատական ակտ, կրում է (…) դատարանի և գործին մասնակցող անձանց կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար։

Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ հատուկ վարույթներով, ինչպես նաև նույն օրենսգրքի 44-52-րդ գլուխներով նախատեսված դիմումների քննության հետ կապված դատական ծախսերի հատուցման պարտականությունը դրվում է դիմողների վրա:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 6-րդ մասի կարգավորումները՝ անդրադառնալով պետական տուրքը գործին մասնակցող անձանց միջև բաշխելու հարցին, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Հասմիկ Խաչատրյանի կողմից վճռաբեկ բողոքի համար նախատեսված պետական տուրքը վճարված լինելու պայմաններում դատական ծախսերի բաշխման հարցը պետք է համարել լուծված:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական այլ ծախսերի վերաբերյալ պահանջ ներկայացված չլինելու պայմաններում այդ ծախսերի հարցը ևս պետք է համարել լուծված։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30052023 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 26122022 թվականի «Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը ճանաչելու և դրա հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումի քննությունը պարզեցված կարգով քննելու մասին» որոշմանը:

2. Դատական ծախսերի բաշխման հարցը համարել լուծված։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Գ. հակոբյան 

Զեկուցող

Ս. Մեղրյան

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ա. Մկրտչյան

Է. Սեդրակյան

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 ապրիլի 2025 թվական: