Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-95
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (12.03.2011-09.08.2014)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1994/8
Ընդունող մարմին
ՀՀ Գերագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
22.04.1994
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.04.1994
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.05.1994
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.08.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի
կողմից «29» մարտի 1994թ. Հ.Ն-1027-I

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետությանը, հասարակայնությանը մատուցած ակնառու և բացառիկ ծառայությունները նշելու համար հիմնվում են պետական պարգևներ` Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչում, Հայաստանի Հանրապետության շքանշաններ և մեդալներ:

 

Հոդված 2. Հայաստանի Հանրապետության պետական պարգևները հիմնում հիմնվում են օրենքով:

(2-րդ հոդվածը փոփ. 08.02.11 ՀՕ-33-Ն)

 

Հոդված 3. Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչումը շնորհում, Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով պարգևատրում է Հայաստանի Հանրապետության նախագահը` դրանց վերաբերյալ հրապարակելով հրամանագրեր:

 

Հոդված 4. Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչման, շքանշանների և մեդալների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ընդունում է օրենքներ, որոնք սահմանում են պարգևատրման կարգը, պետական պարգևները կրելու կանոնները:

Հայաստանի Հանրապետության շքանշանների, մեդալների նկարագրությունները և նմուշները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` ըստ իր կողմից անցկացված մրցույթի արդյունքների:

Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, ստեղծագործական միությունների, գիտական ընկերությունների հասարակական կազմակերպությունների և այլ հաստատությունների հիմնած շքանշանների և մեդալների նմուշները չպետք է արտաքին նմանություն ունենան Հայաստանի Հանրապետության պետական պարգևների հետ:

(4-րդ հոդվածը փոփ. 08.02.11 ՀՕ-33-Ն)

 

Հոդված 5. Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչումը շնորհվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց, Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով պարգևատրվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զորամասերը (այսուհետ` անձինք):

(5-րդ հոդվածը փոփ. 20.05.02 ՀՕ-353-Ն, խմբ. 22.10.03 ՀՕ-20-Ն, լրաց. 02.05.06 ՀՕ-53-Ն)

 

Հոդված 6. Հայաստանի Հանրապետության Նախագահը չի կարող պարգևատրվել Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով:

(6-րդ հոդվածը խմբ. 06.07.00 ՀՕ-75)

 

Հոդված 7. Հայաստանի Հանրապետության պետական պարգևի տեսակը որոշվում է պարգևատրվողի անձի ծառայությունների բնույթին ու կարևորությանը համապատասխան:

Պարգևատրված անձանց նոր ծառայությունները կարող են կրկին նշվել պետական պարգևով: Նույնանուն պետական պարգևով մեկից ավելի պարգևատրում չի կատարվում, բացառությամբ այն շքանշանների, որոնք ունեն աստիճաններ:

Շքանշանի նույն աստիճանը մեկից ավելի անգամ չի տրվում:

 

Հոդված 8. Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրումը կատարվում է նաև հետմահու:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՈՉՈՒՄԸ

 

Հոդված 9. Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչումը «Հայաստանի ազգային հերոս» կոչումն է:

«Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած անձանց հանձնվում է Հայրենիքի շքանշան:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՔԱՆՇԱՆՆԵՐԸ

 

Հոդված 10. Հայաստանի Հանրապետության շքանշաններն են`

Հայրենիքի շքանշանը (հանձնվում է միայն «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած անձանց),

Մարտական խաչ շքանշանը` 1-ին աստիճանի և 2-րդ աստիճանի,

Փառքի շքանշանը,

Պատվո շքանշանը,

Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանը,

«Տիգրան Մեծ» շքանշանը,

«Վարդան Մամիկոնյան» շքանշանը:

(10-րդ հոդվածը լրաց. 06.07.00 ՀՕ-75, 20.05.02 ՀՕ-353-Ն, 08.02.11 ՀՕ-33-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՆԵՐԸ

 

Հոդված 11. Հայաստանի Հանրապետության մեդալներն են`

Հայրենիքին մատուցած ծառայությունների համար մեդալը,

Արիության մեդալը,

Մարտական ծառայության մեդալը,

Հասարակական կարգի գերազանց պահպանման համար մեդալը,

Մխիթար Գոշի մեդալը,

Մխիթար Հերացու մեդալը,

Անանիա Շիրակացու մեդալը,

Մովսես Խորենացու մեդալը:

(11-րդ հոդվածը լրաց. 20.05.05 ՀՕ-113-Ն) 

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

Հոդված 12. Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրման միջնորդությունը հարուցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների կողմից:

Նշված մարմիններում միջնորդություն հարուցելու մասին ստացված առաջարկությունների քննարկման և ամփոփման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(12-րդ հոդվածը փոփ. 08.02.11 ՀՕ-33-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԿԱՐԳԸ

 

 Հոդված 13. Հայաստանի Հանրապետության պետական պարգևները հանձնում են Հայաստանի Հանրապետության նախագահը կամ նրա հանձնարարությամբ` Հայաստանի Հանրապետության վարչապետը, նախարարները և գերատեսչությունների ղեկավարները:

Զինծառայողներին Հայաստանի Հանրապետության պետական պարգևները, որպես կանոն, հանձնվում են զորամասերում:

(13-րդ հոդվածը փոփ. 08.02.11 ՀՕ-33-Ն)

 

Հոդված 14. Պարգևատրված անձին Հայաստանի Հանրապետության պետական պարգևի հետ միասին հանձնվում է համապատասխան վկայական: Պետական պարգևների վկայականների նմուշները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 15. Հետմահու պարգևատրման դեպքում պետական պարգևը վկայականի հետ միասին հանձնվում է պարգևատրվածի ընտանիքին:

 

Գ Լ ՈՒ Խ 7

 

ՊԱՐԳԵՎԱՏՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 16. Հայաստանի Հանրապետության պետական պարգևների արժանացած անձինք ունեն դրանք մշտապես կրելու իրավունք և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օգտվում են արտոնություններից:

Պարգևատրված անձինք պարտավոր են խնամքով պահպանել Հայաստանի Հանրապետության պետական պարգևները:

 

Հոդված 17. Պարգևատրված անձի մահվան դեպքում պետական պարգևները և դրանց վկայականները կարող են որպես հիշատակ պահվել նրա ժառանգների մոտ կամ վերջիններիս համաձայնությամբ` հանձնվել թանգարաններին: Պետական պարգևները թանգարաններին են հանձնվում Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի գիտությամբ:

Եթե պարգևատրված անձը չունի ժառանգներ, նրա մահվանից հետո պետական պարգևները և դրանց վկայականները վերադարձվում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմ:

 

Հոդված 18. Հայաստանի Հանրապետության պետական պարգևները, դրանց վկայականները կորցնելու դեպքում պարգևատրված անձինք պահպանում են իրենց իրավունքները:

Հայաստանի Հանրապետության շքանշանների, մեդալների կորստի դեպքում, որպես կանոն, կրկնօրինակներ չեն տրվում:

Հայաստանի Հանրապետության շքանշանների և մեդալների կրկնօրինակները տրվում են այն դեպքում, եթե դրանք կորցվել են մարտական պայմաններում, տարերային աղետի հետևանքով կամ այլ հանգամանքներում, երբ պետական պարգևները պահպանելու համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու հնարավորություն չի եղել:

Պետական պարգևների կրկնօրինակներ տալու միջնորդությունը հարուցվում է տեղական ինքնակառավարման մարմինների կողմից, որոնք ուսումնասիրություններից հետո իրենց միջնորդությունը պարգևատրված անձի դիմումի, պետական պարգևների կորստի մասին համապատասխան տեղեկանքի հետ միասին ներկայացնում են Հայաստանի Հանրապետության նախագահին:

Կորցրած պետական պարգևների և դրանց վկայականների կրկնօրինակները պարգևատրված անձանց հանձնում է Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարը:

(18-րդ հոդվածը փոփ. 08.02.11 ՀՕ-33-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  8

 

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՊՕՐԻՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

 

Հոդված 19. Արգելվում է այնպիսի նշանների, հուշադրամների և կրծքանշանների պատրաստումը, որոնք ունեն արտաքին նմանություններ Հայաստանի Հանրապետության շքանշանների ու մեդալների հետ:

 

Հոդված 20. Հայաստանի Հանրապետության պետական պարգևների նկատմամբ ապօրինի գործողությունները առաջացնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան

22 ապրիլի 1994 թ.

ՀՕ-95