Գլխավոր տեղեկություն
Համար
N 416-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (12.04.2025-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.03.31-2025.04.13 Պաշտոնական հրապարակման օրը 11.04.2025
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.04.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.04.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.04.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 ապրիլի 2025 թվականի N 416-Ն

 

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԿՐԿՆԱԿԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 6.5-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել մշակութային արժեքների կրկնակի փորձաքննության կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

11.04.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2025 թվականի

ապրիլի 10-ի N 416-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԿՐԿՆԱԿԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է մշակութային արժեքների կրկնակի փորձաքննության (այսուհետ՝ կրկնակի փորձաքննություն) կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (այսուհետ՝ լիազորված պետական մարմին) արտահանման նպատակով հայտագրված մշակութային արժեքը կամ առարկան ենթակա է կրկնակի փորձաքննության, եթե առկա է մշակութային արժեքի կամ առարկայի կեղծ և լիազորված պետական մարմին ներկայացված սկզբնական փորձաքննության (այսուհետ՝ սկզբնական փորձաքննություն) խեղաթյուրված լինելու վերաբերյալ հիմնավոր կասկած:

3. Կրկնակի փորձաքննությունն իրականացնում են լիազորված պետական մարմնի կողմից հավատարմագրված մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող մասնագետները (այսուհետ` փորձագետ) և մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող կազմակերպությունները (այսուհետ` կազմակերպություն):

4. Կրկնակի փորձաքննությունն իրականացվում է համալիր (ֆիզիկաքիմիական) փորձաքննության եղանակով՝ տեխնիկական միջոցների կիրառմամբ (նյութակազմը վերլուծող սարքավորում, շարժական ֆլուորեսցենտ-ռենտգենային սարք, ինֆրակարմիր ռենտգենային օպտիկական սարք, բինոկուլյար միկրոսկոպ, բևեռացնող միկրոսկոպ):

5. Լիազորված պետական մարմինն արժեքի սեփականատիրոջը կամ նրա կողմից լիազորված անձին գրավոր տեղեկացնում է արժեքի կրկնակի փորձաքննության նշանակման մասին:

6. Լիազորված պետական մարմինը կազմակերպում է կրկնակի փորձաքննություն անցկացնելու գործընթացն իր միջոցների հաշվին:

7. Կրկնակի փորձաքննության առավելագույն ժամկետ է սահմանվում 15 աշխատանքային օրը՝ կրկնակի փորձաքննություն նշանակելու հաջորդող աշխատանքային օրվանից սկսած:

8. Կրկնակի փորձագիտական եզրակացությունը ներառում է`

1) հերթական համարը (հնգանիշ).

2) կազմակերպության անվանումը.

3) արժեքի անվանումը.

4) արժեքի գիտական նկարագրությունը.

5) արժեքի ստեղծման տարեթիվը (թվագրումը), հրատարակման տարեթիվը.

6) արժեքի ստեղծման վայրը՝ երկիրը, հրատարակության վայրը, հրատարակչությունը.

7) արժեքի նյութը.

8) արժեքի ֆիզիկական չափսերը (երկարություն, լայնություն, բարձրություն, տրամագիծ), քաշը, հարգը, էջերի թիվը, տպաքանակը և այլն.

9) արժեքի պահպանվածությունը (ամբողջական, մասնակի, վերականգնված՝ մանրամասն նկարագրությամբ).

10) արժեքի պատրաստման տեխնիկան, տեխնիկական-տեխնոլոգիական բնութագիրը (ֆիզիկաքիմիական փորձաքննության արդյունքները).

11) հեղինակը (ստեղծողը).

12) արձանագրության, ստորագրության, դրոշմի, կնիքի վերծանությունը, հատուկ նշաններ.

13) ժողովուրդը, էթնիկական խումբը, դպրոցը.

14) արժեքի՝ իր տեսակի կամ տիպի մեջ առանձնահատուկ լինելը.

15) արժեքի` պատմական, հնագիտական, ազգագրական, գեղարվեստական, կրոնական, մշակութաբանական, արվեստաբանական կամ գիտական հատուկ հետաքրքրություն ներկայացնելը.

16) արժեքի` պատմամշակութային զարգացման վկայագիր-վավերագրի նշանակություն ունենալը.

17) արժեքի` ազգային պատմամշակութային ժառանգության համար կարևոր նշանակություն ունենալը.

18) համաշխարհային մշակութային ժառանգության համար հետաքրքրություն ներկայացնելը.

19) գինը (Հայաստանի Հանրապետության արժույթով).

20) կազմակերպության կնիքը և ստորագրությունները (կազմակերպության տնօրեն, փորձագետ).

21) տալու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը։

9. Կրկնակի փորձաքննություն չի կարող իրականացնել մշակութային արժեքի կամ առարկայի սկզբնական փորձաքննությունը կատարած կազմակերպությունն ու փորձագետը:

10. Լիազորված պետական մարմինն արժեքի սեփականատիրոջը կամ նրա կողմից լիազորված անձին գրավոր տեղեկացնում է արժեքի կրկնակի փորձաքննության արդյունքների մասին:

11. Կրկնակի փորձաքննության արդյունքները կարող են բողոքարկվել դատական կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի տեղակալ

Ա. Խաչատրյան

 

11.04.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 ապրիլի 2025 թվական: