Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-206-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (05.02.2011-01.01.2014)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.12.07/75(447) Հոդ.1427
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
24.10.2005
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
25.11.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2005 թվականի հոկտեմբերի 24-ին

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Գ Լ ՈՒ Խ  1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1.

 Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության բնակչության զբաղվածության իրավական հիմքերը, բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության ոլորտում պետական քաղաքականության սկզբունքները, աշխատանքի և զբաղվածության ազատ ընտրության և գործազուրկների սոցիալական պաշտպանության պետական երաշխիքները:

Հոդված 2.

 Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական
 պաշտպանության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը


1. Բնակչության զբաղվածությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով և այլ իրավական ակտերով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերում սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են պայմանագրերի նորմերը:

Հոդված 3.

 Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների
 և քաղաքացիություն չունեցող անձանց զբաղվածությունը

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների զբաղվածությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված, եկամտի ստացման նպատակ հետապնդող գործունեություն է, բացառությամբ սույն օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված գործունեության տեսակների:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, Հայաստանի Հանրապետությունում բնակվող օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք իրավունք ունեն ընտրություն կատարելու զբաղված և չզբաղված լինելու միջև, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի:

3. Հայաստանի Հանրապետությունում բնակվող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց զբաղվածությունը կարգավորվում է սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության օրենքներով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

Հոդված 4.

 Զբաղվածություն համարվող գործունեության տեսակները

 

Զբաղվածություն համարվող գործունեության տեսակներն են`

1) գործատուների մոտ վարձու աշխատանքային գործունեությունը (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված ծառայությունների կադրերի ռեզերվում գտնվելը, բացառությամբ վարձատրություն չնախատեսող դեպքերի).

2) (կետն ուժը կորցրել է 22.12.10. ՀՕ-23-Ն)

3) անհատ ձեռնարկատիրական և նոտարի գործունեությունը.

4) ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունը.

5) ուսումնական հաստատություններում, մասնագիտական ուսուցման դասընթացներում և ուսուցման այլ ձևերում առկա ուսուցումը:

(4-րդ հոդվածը փոփ., լրաց. 22.12.10. ՀՕ-23-Ն)
 

Հոդված 5.

 Զբաղված և չզբաղված անձինք


1. Զբաղված են համարվում այն գործունակ անձինք, ովքեր զբաղված են սույն օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված գործունեության որևէ տեսակով կամ հանդիսանում են գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր:

2. Չզբաղված են համարվում այն գործունակ անձինք, ովքեր զբաղված չեն սույն օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված գործունեության որևէ տեսակով կամ չեն հանդիսանում գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր:

(5-րդ հոդվածը լրաց. 22.12.10. ՀՕ-23-Ն)
 

Հոդված 6.

 Աշխատանք փնտրող անձինք

 

Աշխատանք փնտրող են համարվում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով աշխատանքային տարիքի հասած` 16 տարին լրացած այն գործունակ անձինք, ովքեր, անկախ զբաղված լինելու հանգամանքից, աշխատանքի տեղավորման նպատակով դիմել են զբաղվածության պետական ծառայություն:

Հոդված 7.  Գործազուրկները

1. Գործազուրկ են համարվում կենսաթոշակառու չհանդիսացող աշխատանք փնտրող այն չզբաղված անձինք, ովքեր աշխատանքի տեղավորման նպատակով հաշվառված են զբաղվածության պետական ծառայությունում, պատրաստակամ են անցնելու հարմար աշխատանքի և ստացել են գործազուրկի կարգավիճակ:

Գործազուրկի կարգավիճակը տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո` օրացուցային 7 օրվա ընթացքում:

(7-րդ հոդվածը խմբ. 22.12.10. ՀՕ-23-Ն)
 

Հոդված 8.  Աշխատանք փնտրող անձանց հաշվառումը, գործազուրկի կարգավիճակի
 կասեցումը, վերականգնումը, դադարեցումը և հաշվառումից հանումը

1. Աշխատանքի տեղավորման, ազատ աշխատատեղերի վերաբերյալ տեղեկությունների ստացման, մասնագիտական կողմնորոշման խորհրդատվության, մասնագիտական ուսուցման հարցերով զբաղվածության պետական ծառայություն դիմող անձանց կողմից ներկայացվող փաստաթղթերի ցանկը, անձանց հաշվառման և հաշվառումից հանելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Զբաղվածության պետական ծառայության կողմից կասեցվում է մասնագիտական ուսուցման դասընթացներում, ժամանակավոր կամ վարձատրվող հասարակական աշխատանքներում և գործատուի մոտ աշխատանքային պրակտիկայում ընդգրկված անձանց գործազուրկի կարգավիճակը` մասնագիտական ուսուցման դասընթացների, ժամանակավոր կամ վարձատրվող հասարակական աշխատանքների և գործատուի մոտ աշխատանքային պրակտիկայի տևողության ողջ ժամանակահատվածում:

3. Զբաղվածության պետական ծառայությունը վերականգնում է անձանց գործազուրկի կարգավիճակը մասնագիտական ուսուցման դասընթացները, աշխատանքային պրակտիկայի կազմակերպման ծրագիրը, ժամանակավոր կամ վարձատրվող հասարակական աշխատանքներն ավարտվելու կամ ժամկետից շուտ դադարեցվելու հաջորդ օրվանից:

4. Զբաղվածության պետական ծառայությունը դադարեցնում է անձի գործազուրկի կարգավիճակը, եթե նա՝

1) դարձել է զբաղված, բացառությամբ զբաղվածության պետական ծառայության կողմից իրականացվող մասնագիտական ուսուցման դասընթացներում, ժամանակավոր կամ վարձատրվող հասարակական աշխատանքներում ընդգրկման դեպքերի.

2)  դարձել է կենսաթոշակառու.

3) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

4) ներկայացված փաստաթղթերում հայտնաբերվել են ոչ հավաստի տվյալներ, որոնց հիման վրա տրվել է գործազուրկի կարգավիճակ.

5) անհարգելի պատճառով վեց ամսվա ընթացքում երեք անգամ զբաղվածության պետական ծառայության հրավերով չի ներկայացել աշխատանքի տեղավորման առաջարկություն ստանալու համար, ինչպես նաև երեք անգամ անընդմեջ հրաժարվել է հարմար աշխատանքի տեղավորման, մասնագիտական ուսուցման տարբեր առաջարկություններից, բացառությամբ մինչև երեք տարեկան երեխա խնամող գործազուրկ ծնողի.

5.1) օրինական ուժի մեջ մտած դատարանի դատավճռով ազատազրկման է դատապարտվել կամ ուղարկվել է հարկադիր բուժման.

6) մահացել է:

5. Գործազուրկի կարգավիճակը տրվում, կասեցվում, վերականգնվում և դադարեցվում է զբաղվածության պետական ծառայության որոշմամբ:

(8-րդ հոդվածը խմբ., փոփ., լրաց. 22.12.10. ՀՕ-23-Ն)

Հոդված 9.  Հարմար աշխատանքը
 

1. Հարմար է համարվում այն աշխատանքը, որը համապատասխանում է անձի մասնագիտական կրթությանը և որակավորմանը՝ հաշվի առնելով առաջարկվող աշխատանքի վարձատրության չափը և աշխատավայրի տրանսպորտային մատչելիությունը:

2. Մասնագիտական կրթություն և որակավորում ունեցող գործազուրկ անձանց համար, որոնց զբաղվածության պետական ծառայության կողմից հնարավոր չի եղել ապահովել սույն հոդվածի առաջին մասով նախատեսված հարմար աշխատանքով, հարմար կարող է համարվել այն աշխատանքը, որը պահանջում է որակավորման բարձրացում կամ վերամասնագիտացում:

3. Մասնագիտական կրթություն չունեցող գործազուրկ անձանց համար հարմար կարող է համարվել այն աշխատանքը, որը պահանջում է զբաղվածության պետական ծառայության կողմից մինչև վեց ամիս ժամկետով կազմակերպվող նախնական մասնագիտական պատրաստում և արհեստագործական ուսուցում:

4. Մասնագիտական կրթություն չունեցող գործազուրկ անձանց համար, որոնք հրաժարվել են սույն հոդվածի երրորդ մասով նախատեսված ուսուցումից, հարմար է համարվում որակավորում չպահանջող վարձատրվող ցանկացած աշխատանք:

5. Հարմար աշխատանքի վարձատրության չափը և առաջարկվող աշխատավայրի տրանսպորտային մատչելիության չափանիշները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 10.

 Բնակչության զբաղվածության պետական քաղաքականության նպատակը

1. Զբաղվածության պետական քաղաքականության նպատակը բնակչության լրիվ և արդյունավետ զբաղվածության ապահովման համար պայմանների ստեղծումն է:

2. Զբաղվածության պետական քաղաքականությունը մշակում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ՝ լիազորված մարմին) և իրականացնում իր կառուցվածքում գործող զբաղվածության պետական ծառայության միջոցով:

Հոդված 11.

 Բնակչության զբաղվածության պետական քաղաքականության հիմնական սկզբունքները

Զբաղվածության պետական քաղաքականության հիմնական սկզբունքներն են՝

1) աշխատանքի կամավորությունը և զբաղմունքի ազատ ընտրությունը.

2) անձանց զբաղվածության ապահովումը՝ անկախ ազգությունից, ռասայից, սեռից, տարիքից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից.

3) պետության պարտավորությունն անձանց զբաղվածության իրավունքի իրացման համար պայմանների ստեղծման հարցում.

4) մասնագիտական ուսուցման համակարգի կողմնորոշումը՝ աշխատաշուկայի պահանջներին համապատասխան.

5) աշխատուժի ազատ տեղաշարժի (ներքին և արտաքին) ապահովումը.

6) սոցիալական գործընկերությունը.

7) գործազրկության դեպքում բնակչության սոցիալական պաշտպանությունը:


 

Գ Լ ՈՒ Խ  3

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

 

Հոդված 12.

 Բնակչության զբաղվածության պետական կարգավորումը
 

1. Բնակչության զբաղվածության պետական կարգավորման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրականացնում է աշխատուժի առաջարկի և պահանջարկի հաշվեկշռության և կառուցվածքային համապատասխանության կարգավորում ֆինանսավարկային, ներդրումային, հարկային և ժողովրդագրական քաղաքականության միջոցով՝ հաշվի առնելով աշխատաշուկայի իրավիճակը և սպասվող կառուցվածքային փոփոխությունները:

2. Բնակչության զբաղվածության պետական կարգավորումն իրականացնում է լիազորված մարմինը` բնակչության զբաղվածության ամենամյա պետական ծրագրերին համապատասխան:

3. Բնակչության զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագիրը ներառում է աշխատաշուկայի վերլուծությունը, կանխատեսումը, ծրագրով նախատեսված միջոցառումները, իրականացման ժամանակացույցը, անհրաժեշտ ֆինանսական միջոցների աղբյուրները և ակնկալվող արդյունքները:

4. Բնակչության զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրերը մշակում է լիազորված մարմինը:

5. Լիազորված մարմինը բնակչության զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրերը և դրանց վերաբերյալ հանրապետական համաձայնեցման կոմիտեի եզրակացությունը սահմանված կարգով ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն` Հայաստանի Հանրապետության համախմբված բյուջեում ներառելու և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացնելու համար:

6. Բնակչության զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները նախատեսվում են օրենքով:

(12-րդ հոդվածը խմբ. 22.12.10. ՀՕ-23-Ն)

 

Հոդված 13.

 Բնակչության զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրերը


1.  Բնակչության զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրերն են`

1) գործազրկության նպաստի վճարումը.

2) գործազուրկների մասնագիտական ուսուցումը.

3) աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամների մասնագիտական ուսուցումը, աշխատանքային ունակությունների վերականգնումը.

4) գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր հանդիսացող աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցումը.

5) երկարամյա ծառայության, արտոնյալ պայմաններով և մասնակի կենսաթոշակ ստացող աշխատանք փնտրող չզբաղված անձանց վերամասնագիտացումը.

6) այլ վայր աշխատանքի գործուղման կապակցությամբ գործազուրկների և աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամների նյութական ծախսերի հատուցումը.

7) ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու նպատակով պետական գրանցման համար գործազուրկներին և աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամներին տրամադրվող ֆինանսական աջակցությունը.

8) աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի ընդունելիս աշխատավարձի մասնակի փոխհատուցումը գործատուին.

9) վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպումը.

10) աշխատանքի տոնավաճառի կազմակերպումը.

11) մասնագիտություն ունեցող, սակայն աշխատանքային փորձ չունեցող գործազուրկների և աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամների աշխատանքային պրակտիկայի կազմակերպումը գործատուի մոտ.

12) աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամների համար աշխատատեղերի հարմարեցումը գործատուի մոտ.

13) աշխատաշուկայի հետազոտման և կանխատեսման աշխատանքների կազմակերպումը.

14) թաղման նպաստի վճարումը:

(13-րդ հոդվածը խմբ. 24.10.07 ՀՕ-243-Ն, փոփ. 26.12.08 ՀՕ-37-Ն,  խմբ. 22.12.10. ՀՕ-23-Ն)

 

Հոդված 14.

 Աշխատուժի տեղաշարժը

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությունն ապահովում է աշխատուժի ներքին և արտաքին տեղաշարժի կարգավորման միասնական պետական քաղաքականության իրականացումը:

2. Լիազորված մարմինն աշխատուժի տեղաշարժը կարգավորելու նպատակով`

1) օրենքով սահմանված կարգով կնքում է միջազգային պայմանագրեր` արտագնա աշխատանքների կազմակերպման, ինչպես նաև աշխատանքային միգրանտների շահերի պաշտպանության հարցերով.

2) միջպետական հարաբերությունների վատթարացման, համաճարակային իրավիճակի, տարերային աղետի և այլ անբարենպաստ պայմանների դեպքում հանդես է գալիս առանձին պետություններում արտագնա աշխատանքի մեկնման աննպատակահարմարության մասին հայտարարությամբ:

3. Աշխատուժի ներքին տեղաշարժը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, իսկ արտաքին տեղաշարժը՝ նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

(14-րդ հոդվածը փոփ. 22.12.10. ՀՕ-23-Ն)
 

Հոդված 15.

 Զբաղվածության պետական ծառայության հիմնական լիազորությունները


1. Զբաղվածության պետական ծառայությունն իրավունք ունի՝

1) գործատուներից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օտարերկրյա պետությունների համապատասխան մարմիններից ստանալու տեղեկություններ թափուր աշխատատեղերի, ինչպես նաև սպասվելիք կառուցվածքային փոփոխությունների և այլ միջոցառումների մասին, որոնց հետևանքով կարող են տեղի ունենալ աշխատանքից ազատումներ.

2) աշխատանք փնտրող անձանց ուղեգրելու գործատուների մոտ՝ համապատասխան թափուր աշխատատեղերի առկայության դեպքում.

3) օգտագործելու զբաղվածության ամենամյա պետական ծրագրերի համար հատկացված միջոցները.

4) անձանց ներկայացրած փաստաթղթերի հավաստիությունը պարզելու նպատակով իրավասու մարմիններից ստանալու տեղեկություններ նրանց զբաղվածության, կենսաթոշակ ստանալու և պարտադիր սոցիալական ապահովության վճարումներ կատարած լինելու մասին:

2. Զբաղվածության պետական ծառայությունը պարտավոր է՝

1) ստացված տեղեկատվության հիման վրա, կանխատեսել աշխատուժի առաջարկն ու պահանջարկը, զանգվածային լրատվության միջոցներով հրապարակել տեղեկություններ աշխատուժի շուկայի վիճակի մասին.

2) աշխատուժի առաջարկի ու պահանջարկի կանխատեսման արդյունքների վերլուծության հիման վրա լիազորված մարմին ներկայացնել նախնական (արհեստագործական), միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններում անվճար ուսուցանվող մասնագիտությունների վերաբերյալ առաջարկություններ.

3) իրականացնել աշխատուժի արտաքին և ներքին տեղաշարժի կարգավորմանն ուղղված ծրագրեր, օժանդակել աշխատանք փնտրող անձանց ընտրելու հարմար աշխատանք, իսկ գործատուներին ապահովել անհրաժեշտ մասնագիտություն և որակավորում ունեցող մասնագետներով.

4) զանգվածային լրատվության միջոցներով պարբերաբար հրապարակել տեղեկատվություն՝ թափուր աշխատատեղերի մասին.

5) իրականացնել աշխատանք փնտրող անձանց հաշվառումը.

6) տալ գործազուրկի կարգավիճակ և նշանակել գործազրկության նպաստ՝ սույն օրենքով սահմանած կարգով.

7) կասեցնել կամ դադարեցնել գործազուրկի կարգավիճակը, հանել նրան հաշվառումից՝ սույն օրենքով սահմանված դեպքերում.

8) կասեցնել կամ դադարեցնել գործազրկության նպաստի վճարումը՝ սույն օրենքով սահմանված դեպքերում.

9) վերականգնել անձի կասեցված գործազուրկի կարգավիճակը, վերականգնել և վերահաշվարկել գործազրկության նպաստի վճարումը՝ սույն օրենքով սահմանված դեպքերում.

10) ներկայացնել առաջարկություններ զբաղվածության ամենամյա պետական ծրագրերի վերաբերյալ և ապահովել դրանց իրականացումը.

11) իրականացնել աշխատանք փնտրող անձանց մասնագիտական կողմնորոշման խորհրդատվությունը.

12) կազմակերպել գործազուրկների մասնագիտական ուսուցումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.

13) կազմակերպել աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամների մասնագիտական ուսուցումը և աշխատանքային ունակությունների վերականգնումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.

14) կազմակերպել գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր հանդիսացող աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցումը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.

15) իրականացնել սույն օրենքի 20-րդ հոդվածով նախատեսված անձանց աշխատանքի տեղավորման աջակցության նպատակով աշխատավարձի փոխհատուցման ծրագրեր` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.

16) հատուցել այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկների և աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամների նյութական ծախսերը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.

17) տրամադրել ֆինանսական աջակցություն՝ գործազուրկներին և աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամներին ձեռնարկատիրական գործունեության պետական գրանցման համար՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.

18) կազմակերպել արտոնյալ պայմաններով, երկարամյա ծառայության և մասնակի կենսաթոշակ ստացող աշխատանք փնտրող չզբաղված անձանց վերամասնագիտացումը, որի կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

18.1) կազմակերպել աշխատանքի տոնավաճառներ` լիազորված մարմնի սահմանած կարգով.

18.2) կազմակերպել մասնագիտություն ունեցող, սակայն աշխատանքային փորձ չունեցող գործազուրկների և աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամների աշխատանքային պրակտիկայի կազմակերպումը գործատուի մոտ` լիազորված մարմնի սահմանած կարգով.

18.3) աջակցել աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամների համար աշխատատեղերի հարմարեցմանը գործատուի մոտ` լիազորված մարմնի սահմանած կարգով.

19) աջակցել վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպմանը` ապահովելով անհրաժեշտ աշխատուժով.

20) տալ առաջարկություն՝ իրավասու մարմնին սույն օրենքի 20-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով նախատեսված անձանց լրացուցիչ սոցիալական երաշխիքների տրամադրման մասին, որի կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

21) (կետն ուժը կորցրել է 26.12.08 ՀՕ-37-Ն)

22) վճարել թաղման նպաստ առնվազն մեկ տարվա ապահովագրական ստաժ ունեցող գործազուրկի մահվան դեպքում: Նշված գումարը վճարվում է դիմումը ներկայացնելուց հետո՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

23) զանգվածային լրատվության միջոցներով հրապարակել տեղեկատվություն՝ (տարեկան ոչ պակաս, քան երկու անգամ) զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրերի համար ծախսված ֆինանսական միջոցների մասին.

24) հանրապետական և տարածքային համաձայնեցման կոմիտեների ներկայացուցիչներին գրավոր հարցման հիման վրա տրամադրել տեղեկատվություն՝ զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրերի իրականացման մասին:

3. Զբաղվածության պետական ծառայության կողմից բնակչությանը և գործատուներին մատուցվող ծառայությունները տրամադրվում են անվճար:

4. Զբաղվածության պետական ծառայության ուղեգրերն աշխատանք փնտրող անձի և գործատուի միջև կրում են միջնորդային բնույթ: Զբաղվածության պետական ծառայությունն իր իրավասության շրջանակներում տրամադրում է տեղեկություն և իրականացնում խորհրդատվություն օտարերկրյա պետություններում աշխատանքային գործունեության ծավալման, մասնագիտական ուսուցման ցանկություն ունեցող անձանց, ինչպես նաև իրականացնում միջնորդություն նրանց և օտարերկրյա պետությունների գործատուների միջև:

(15-րդ հոդվածը փոփ. 24.10.07 ՀՕ-243-Ն,  26.12.08 ՀՕ-37-Ն, փոփ., լրաց., խմբ. 22.12.10. ՀՕ-23-Ն)
 

Հոդված 16.

 Համաձայնեցման կոմիտեները

 

1. Բնակչության զբաղվածության հանրապետական և տարածքային ծրագրերի մշակման և իրականացման հարցերում համաձայնեցված որոշումներ կայացնելու նպատակով զբաղվածության պետական ծառայության նախաձեռնությամբ ձևավորվում են հանրապետական և տարածքային համաձայնեցման կոմիտեներ:

2. Հանրապետական համաձայնեցման կոմիտեի կազմում հավասար թվաքանակով ընդգրկվում են աշխատողների շահերը ներկայացնող արհեստակցական կազմակերպությունների հանրապետական միության, գործատուների հանրապետական միության, գործադիր իշխանության հանրապետական մարմինների, ինչպես նաև զբաղվածության պետական ծառայության ներկայացուցիչները:

3. Տարածքային համաձայնեցման կոմիտեի կազմում հավասար թվաքանակով ընդգրկվում են աշխատողների շահերը ներկայացնող արհեստակցական կազմակերպությունների համապատասխան տարածքային միության, հասարակական կազմակերպությունների, գործատուների համապատասխան տարածքային միության, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև զբաղվածության պետական ծառայության ներկայացուցիչները:

4. Տարածքային համաձայնեցման կոմիտեները քննարկում են բնակչության զբաղվածության տարածքային ծրագրերի նախագծերը և դրանց վերաբերյալ համապատասխան եզրակացություն են ներկայացնում զբաղվածության պետական ծառայություն:

5. Հանրապետական համաձայնեցման կոմիտեն քննարկում է բնակչության զբաղվածության ամենամյա պետական ծրագրի նախագիծը և դրա վերաբերյալ համապատասխան եզրակացություն է ներկայացնում բնակչության զբաղվածության պետական կարգավորումն իրականացնող լիազորված մարմին:

6. Հանրապետական և տարածքային համաձայնեցման կոմիտեների ներկայացուցիչներն իրավունք ունեն զբաղվածության պետական ծառայությունից ստանալու տեղեկատվություն՝ զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրերի իրականացման մասին:

7. Հանրապետական և տարածքային համաձայնեցման կոմիտեների գործունեության կազմակերպման կարգը և լիազորություններն իրենց իրավասության շրջանակներում սահմանվում են նրանցում ներկայացված կողմերի փոխադարձ համաձայնությամբ` հիմք ընդունելով լիազորված մարմնի հաստատած օրինակելի կանոնադրությունը:

(16-րդ հոդվածը փոփ. 22.12.10. ՀՕ-23-Ն)
 

Հոդված 17.

 Գործատուների մասնակցությունը զբաղվածության պետական
 քաղաքականության իրականացմանը


1. Գործատուները զբաղվածության պետական քաղաքականության իրականացմանն աջակցելու նպատակով կարող են տեղեկություններ տալ զբաղվածության պետական ծառայություն` իրենց մոտ առկա թափուր աշխատատեղերի, սպասվող կառուցվածքային փոփոխությունների և նոր ստեղծվող աշխատատեղերի մասին:

2. Գործատուներն իրավունք ունեն՝

1) աշխատուժի ազատ ընտրության.

2) զբաղվածության պետական ծառայությունից ստանալու անվճար տեղեկատվություն աշխատուժի շուկայի վիճակի մասին.

3) աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորելիս աշխատավարձի փոխհատուցման` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Հոդված 18.

 Հասարակական աշխատանքների կազմակերպումը

 

1. Հասարակական աշխատանքներ են համարվում մասնագիտական որակավորում չպահանջող, սոցիալական օգտակար ուղղվածություն ունեցող համընդհանուր մատչելի ժամանակավոր աշխատանքները:

2. Փոխհատուցվող հասարակական աշխատանքների դիմաց վճարումը կատարվում է դրամային կամ բնաիրային ձևով:

3. Դրամային փոխհատուցմամբ կատարվող հասարակական աշխատանքը վարձատրվող հասարակական աշխատանք է:

4. Աշխատանք փնտրող անձանց ժամանակավոր զբաղվածությունն ապահովելու նպատակով տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման համար զբաղվածության պետական ծառայությունը տրամադրում է անհրաժեշտ աշխատուժ:

5. Վարձատրվող հասարակական աշխատանքներին մասնակցելու ցանկություն ունեցող անձանց հետ կնքվում է որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր:

6. Վարձատրվող հասարակական աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության պետական և համայնքային բյուջեների հաշվին:

7. Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման ոլորտները և իրականացման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(18-րդ հոդվածը փոփ. 22.12.10. ՀՕ-23-Ն)


 

Գ Լ ՈՒ Խ  4

ԻՐԱՎԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Հոդված 19.

 Աշխատանք փնտրող անձանց և գործազուրկների իրավական երաշխիքները

 

1. Աշխատանք փնտրող անձինք իրավունք ունեն՝

1) զբաղվածության պետական ծառայությունից անվճար ստանալու բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության և բնակչության զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրերի վերաբերյալ անվճար խորհրդատվության.

2) զբաղվածության պետական ծառայությունում գրանցված թափուր աշխատատեղերի վերաբերյալ անվճար տեղեկությունների ստացման, հարմար աշխատանքի ընտրության և տեղավորման անվճար միջնորդության.

2.1) վարձատրվող հասարակական աշխատանքներին մասնակցության.

3) զբաղվածության պետական ծառայության պաշտոնատար անձանց և գործատուների գործողությունների և անգործության վերադասության կամ դատական կարգով բողոքարկման:

2. Աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամ անձինք իրավունք ունեն նաև անվճար մասնագիտական ուսուցման, աշխատանքային ունակությունների վերականգնման և աշխատանքի տեղավորման, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու նպատակով ֆինանսական աջակցության, արտոնյալ պայմաններով, երկարամյա ծառայության և մասնակի կենսաթոշակ ստացող աշխատանք փնտրող չզբաղված անձինք` վերամասնագիտացման, իսկ գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր հանդիսացող աշխատանք փնտրող անձինք` մասնագիտական ուսուցման` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

3. (մասն ուժը կորցրել է 24.10.07 ՀՕ-243-Ն)

4. Գործազուրկները, սույն հոդվածի առաջին մասով նախատեսված իրավունքներից բացի, սույն օրենքով սահմանված կարգով իրավունք ունեն նաև՝

1) անվճար վերամասնագիտացման և որակավորման բարձրացման (մասնագիտական կրթություն և որակավորում ունեցողները), անվճար նախնական մասնագիտական պատրաստման և արհեստագործական ուսուցման (մասնագիտական կրթություն և որակավորում չունեցողները), որի կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

2) (կետն ուժը կորցրել է  22.12.10. ՀՕ-23-Ն)

3) ձեռնարկատիրական գործունեության պետական գրանցման համար ֆինանսական աջակցության, որի տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(19-րդ հոդվածը խմբ., փոփ. 24.10.07 ՀՕ-243-Ն, լրաց., փոփ. 22.12.10. ՀՕ-23-Ն)


 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՆՄՐՑՈՒՆԱԿ ԽՄԲԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ՏՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
 

Հոդված 20.

 Աշխատաշուկայում անմրցունակ խմբերը և նրանց տրվող
 լրացուցիչ երաշխիքները

 

1. Սոցիալական պաշտպանության լրացուցիչ երաշխիքների իրավունք ունեն աշխատանքի տեղավորման գործում դժվարություններ կրող և աշխատաշուկայում հավասար մրցակցության անընդունակ աշխատանք փնտրող չզբաղված անձանց հետևյալ խմբերը.

1) հաշմանդամները.

2) ազատազրկման վայրերից կամ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառող հիմնարկներից վերադարձած և վերադառնալուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, զբաղվածության պետական ծառայություն դիմած անձինք.

3) աշխատանքային տարիքի հասած առանց ծնողական խնամքի մնացած երեխաները և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձինք` առնվազն վեց ամիս անընդմեջ գործազուրկի կարգավիճակում գտնվելու դեպքում.

4) պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվելուց հետո` երեք տարվա ընթացքում, զբաղվածության պետական ծառայությունում հաշվառված անձինք` առնվազն վեց ամիս անընդմեջ գործազուրկի կարգավիճակում գտնվելու դեպքում.

5) առնվազն երեսունհինգ տարվա ապահովագրական ստաժ ունեցող գործազուրկները, որոնց տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքի լրանալուն մնացել է մինչև հինգ տարի.

6) առնվազն երեք տարի անընդմեջ գործազուրկի կարգավիճակում գտնվող անձինք.

7) փախստականները.

8) նարկոլոգիական ծառայությունում հաշվառված անձինք, որոնք դադարի (ռեմիսիայի) շրջանում են.

9) թրաֆիքինգի զոհ դարձած անձինք:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված անձանց զբաղվածությունն ապահովելու համար զբաղվածության պետական ծառայությունն իրականացնում է աշխատանքի տեղավորման աջակցության նպատակով աշխատավարձի փոխհատուցման ծրագիր:

3. Սույն հոդվածի երկրորդ մասում նշված ծրագիրն իրականացվում է սույն օրենքի 39-րդ հոդվածով նախատեսված միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափով և պայմաններով:

(20-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 22.12.10. ՀՕ-23-Ն)
 

Գ Լ ՈՒ Խ  6

 ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 21.

 Գործազրկության դեպքում բնակչության սոցիալական պաշտպանության
 պետական քաղաքականությունը

Գործազրկության դեպքում բնակչության սոցիալական պաշտպանության պետական քաղաքականությունն իրականացվում է սոցիալական ապահովության միջոցով:

(21-րդ հոդվածը փոփ. 22.12.10. ՀՕ-23-Ն)
 

Հոդված 22.

 Գործազրկության դեպքում սոցիալական ապահովությունը

 

(վերնագիրը խմբ. 22.12.10. ՀՕ-23-Ն)
 

1. Գործազրկության դեպքում սոցիալական ապահովությունը իրավունքների, պարտավորությունների և երաշխիքների համակարգ է, որն ապահովում է գործազրկության դեպքում իրավական և սոցիալական երաշխիքներ` սույն օրենքով սահմանված կարգով:

2. Այն անձինք, որոնց անվամբ կատարվել են առնվազն մեկ տարվա պարտադիր սոցիալական ապահովության վճարներ կամ 1992 թվականի հունվարի 1-ից մինչև 2008 թվականի հունվարի 1-ը` պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ (այսուհետ` սոցիալական վճար) կամ մինչև 1992 թվականի հունվարի 1-ը ունեն առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, գործազրկության դեպքում իրավունք ունեն ընդգրկվելու սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 6-9-րդ, 11-րդ և 14-րդ կետերում նշված ծրագրերում:

3. Այն անձինք, ովքեր մինչև 1992 թվականի հունվարի 1-ը չունեն առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ 1992 թվականի հունվարի 1-ից հետո նրանց անվամբ չեն կատարվել կամ մեկ տարուց պակաս են կատարվել սոցիալական վճարներ, գործազրկության դեպքում իրավունք ունեն ընդգրկվելու սույն օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ, 6-9-րդ և 11-րդ կետերում նշված ծրագրերում:

(22-րդ հոդվածը խմբ. 22.12.10. ՀՕ-23-Ն)
 

Հոդված 23.

 Գործազրկությունից պարտադիր սոցիալական ապահովագրության սկզբունքները


(հոդվածն ուժը կորցրել է 22.12.10. ՀՕ-23-Ն)



Հոդված 24.

 Գործազրկությունից պարտադիր սոցիալական ապահովագրության
 ենթակա անձինք

(հոդվածն ուժը կորցրել է 22.12.10. ՀՕ-23-Ն)



Հոդված 25.

 Գործազրկությունից պարտադիր սոցիալական ապահովագրության ոչ ենթակա անձինք
 

(հոդվածն ուժը կորցրել է 22.12.10. ՀՕ-23-Ն)



Հոդված 26.

 Գործազրկության դեպքում սոցիալական աջակցությունը
 

(հոդվածն ուժը կորցրել է 22.12.10. ՀՕ-23-Ն)


 

Հոդված 27.

 Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց
 գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության  իրավունքը

 

 Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության իրավունքն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան:

 

Գ Լ ՈՒ Խ  7

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ


Հոդված 28.

 Գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության երաշխիքները

 

1. Գործազուրկ անձանց երաշխավորվում է՝

1) առնվազն մեկ տարվա սոցիալական վճար կատարած լինելու կամ մինչև 1992 թվականի հունվարի 1-ը առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ ունենալու դեպքում գործազրկության նպաստի վճարում, որի կարգը և գործազրկության նպաստի չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

2) կրթաթոշակի վճարում՝ մասնագիտական ուսուցման դասընթացներում սովորելու ընթացքում:

2. Հաշմանդամներին երաշխավորվում է կրթաթոշակի վճարում մասնագիտական ուսուցման և աշխատանքային ունակությունների վերականգնման դասընթացներում սովորելու ընթացքում:

3. Սույն օրենքի 29-րդ հոդվածի չորրորդ մասով նախատեսված 12 ամիս գործազրկության նպաստ ստանալու իրավունք ունեցող այն գործազուրկները, ովքեր ունեն առնվազն երեսունհինգ տարվա ապահովագրական ստաժ, և որոնց տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքի լրանալուն մնացել է մինչև հինգ տարի, ունեն լրացուցիչ սոցիալական երաշխիքների իրավունք՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

4. (մասն ուժը կորցրել է 26.12.08 ՀՕ-37-Ն)

5. (մասն ուժը կորցրել է 26.12.08 ՀՕ-37-Ն)

(28-րդ հոդվածը փոփ. 26.12.08 ՀՕ-37-Ն, խմբ. 22.12.10. ՀՕ-23-Ն)

Հոդված 29.

 Գործազրկության նպաստի նշանակման պայմանները


1. (մասն ուժը կորցրել է 22.12.10. ՀՕ-23-Ն)

2. Զբաղվածության պետական ծառայությունը սույն օրենքի 28-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետում նշված անձանց գործազրկության նպաստ է նշանակում գործազուրկի կարգավիճակ ստանալու օրվանից:

3. Գործազրկության նպաստի վճարման նվազագույն տևողությունը սահմանվում է 6 ամիս:

4. Առնվազն մեկ տարվա ապահովագրական ստաժ ունեցող անձանց գործազրկության նպաստի վճարման ժամկետները երկարաձգվում են յուրաքանչյուր երեք տարվա համար մեկ ամսով:

5. Գործազուրկի կարգավիճակում գտնվելու յուրաքանչյուր ժամանակահատվածում գործազրկության նպաստի ստացման առավելագույն տևողությունը սահմանվում է 12 ամիս:

6. Եթե անձը գործազրկության նպաստ է ստանում մեկից ավելի անգամ, ապա յուրաքանչյուր հաջորդ անգամ նրան գործազրկության նպաստ է նշանակվում զբաղվածության պետական ծառայության կողմից հաշվառումից հանվելուց հետո նրա անվամբ առնվազն մեկ տարվա սոցիալական վճարներ կատարելու դեպքում, ընդ որում` գործազրկության նպաստի վճարման տևողությունը հաշվարկվում է զբաղվածության պետական ծառայության կողմից վերջին անգամ անձի հաշվառումից հանվելուց հետո ձեռք բերված աշխատանքային ստաժի չափին համապատասխան` սույն հոդվածի երրորդ և չորրորդ մասերով սահմանված կարգով:

(29-րդ հոդվածը փոփ., խմբ. 22.12.10. ՀՕ-23-Ն)

Հոդված 30.

 Գործազրկության նպաստի չափը

 

(հոդվածն ուժը կորցրել է 22.12.10. ՀՕ-23-Ն)

Հոդված 31.

 Կրթաթոշակի չափը
 

1. Զբաղվածության պետական ծառայության կողմից մասնագիտական ուսուցման ծրագրերում ընդգրկված գործազուրկ անձանց և գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր հանդիսացող աշխատանք փնտրող անձանց, մասնագիտական ուսուցման, աշխատանքային ունակությունների վերականգնման ծրագրերում ընդգրկված հաշմանդամներին ուսուցման ամբողջ ընթացքում յուրաքանչյուր ամիս վճարվում է կրթաթոշակ:

2. Ամսական կրթաթոշակի չափը սահմանվում է՝

1) գործազրկության նպաստ ստացող անձանց համար՝ նշանակված գործազրկության նպաստի 120 տոկոսի չափով.

2) գործազրկության նպաստ ստանալու իրավունք չունեցող անձանց համար՝ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով:

3. Կրթաթոշակը նշանակվում և վճարվում է սահմանված ամսական կրթաթոշակի նկատմամբ հաշվարկված տվյալ ամսվա ընթացքում իրականացված ուսումնական դասընթացների օրերի համար:

(31-րդ հոդվածը խմբ. 22.12.10. ՀՕ-23-Ն)

Հոդված 32.

 Գործազրկության նպաստի վճարումը լիազորագրով


Գործազրկության նպաստը լիազորագրով կարող է վճարվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
 

Հոդված 33.

 Անցած ժամանակահատվածի համար գործազրկության նպաստի վճարումը
 

1. Սույն օրենքի 38-րդ հոդվածի 4.1-ին մասով վերականգնված գործազրկության նպաստի գումարը սահմանված կարգով ենթակա է միանվագ վճարման:

2. Նշանակված, սակայն գործազրկության նպաստ նշանակող մարմնի մեղքով չվճարված գործազրկության նպաստը վճարվում է առանց ժամկետի սահմանափակման: Նշված դեպքում չստացած գործազրկության նպաստը վճարվում է միանվագ:

(33-րդ հոդվածը խմբ. 22.12.10. ՀՕ-23-Ն)
 

Հոդված 34.

 Կալանավորված անձի չստացած գործազրկության նպաստի վճարումը
 

Իրավասու մարմինների կողմից կալանավորված անձի մինչև կալանավորման կամ դատապարտման օրը չստացած գործազրկության նպաստը վճարվում է միանվագ՝ սույն օրենքի 32-րդ հոդվածում նշված լիազորագրի հիման վրա:

Հոդված 35.

 Բնակության վայրը փոխելու դեպքում գործազրկության նպաստի վճարումը
 

Հանրապետության տարածքում բնակության վայրը փոխած նպաստառու գործազուրկի գործազրկության նպաստի վճարումը կասեցվում է, և նոր բնակավայրում շարունակվում է նպաստի վճարումը կասեցման օրվանից:

Հոդված 36.

 Թաղման նպաստի վճարումը
 

(վերնագիրը խմբ. 22.12.10. ՀՕ-23-Ն)


1. Առնվազն մեկ տարվա սոցիալական վճարներ կատարած կամ մինչև 1992 թվականի հունվարի 1-ը առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ ունեցող գործազուրկի մահվան դեպքում հուղարկավորությունը կատարած անձին վճարվում է թաղման նպաստ` գործազրկության նպաստի եռապատիկի չափով` դիմումը և օրենսդրությամբ սահմանված կարգով անհրաժեշտ փաստաթղթերը գործազուրկի մահվանից հետո` վեց ամսվա ընթացքում, զբաղվածության պետական ծառայություն ներկայացնելու դեպքում:

(36-րդ հոդվածը խմբ. 22.12.10. ՀՕ-23-Ն)

 

Հոդված 37.

 Նպաստառու գործազուրկի մահվան պատճառով չստացած գործազրկության նպաստի վճարումը


1. Նպաստառու գործազուրկի մահվան դեպքում չստացած գործազրկության նպաստի գումարը վճարվում է ընտանիքի չափահաս անդամին կամ մահացածի կնոջը (ամուսնուն), ծնողներից որևէ մեկին կամ անչափահաս երեխաների օրինական ներկայացուցչին, խնամակալին կամ հոգաբարձուին:

2. Նպաստառու գործազուրկի մահվան դեպքում չստացած գործազրկության նպաստի գումարը վճարվում է, եթե սույն հոդվածի առաջին մասում նշված անձանցից որևէ մեկը գործազուրկի մահից հետո՝ վեց ամսվա ընթացքում, ներկայացրել է դիմում:

Հոդված 38.

 Գործազրկության նպաստի վճարման կասեցումը, վերականգնումը, վերահաշվարկումը և  դադարեցումը
  

(վերնագիրը լրաց. 22.12.10. ՀՕ-23-Ն)

 

1. Գործազրկության նպաստի վճարումը կասեցվում է, եթե անձը գործազրկության նպաստի ստացման ժամանակաշրջանում ընդգրկվում է վարձատրվող հասարակական աշխատանքներում, տեղավորվում է ժամանակավոր աշխատանքի կամ զբաղվածության պետական ծառայության ուղեգրով մասնակցում է մասնագիտական ուսուցման դասընթացներին` վարձատրվող հասարակական կամ ժամանակավոր աշխատանքի՝ մասնագիտական ուսուցման դասընթացների տևողությանը համապատասխան ժամկետով:

2. Եթե գործազրկության նպաստի վճարման կասեցման ժամանակաշրջանն ավարտվելուց հետո անձն ունի գործազրկության նպաստ ստանալու իրավունք, ապա զբաղվածության պետական ծառայությունը վերականգնում է գործազրկության նպաստի վճարումը կասեցման ժամկետն ավարտվելու հաջորդ օրվանից:

3. Զբաղվածության պետական ծառայության կողմից երկու ամիս ժամկետով կասեցվում է գործազրկության նպաստի վճարումը, եթե գործազուրկը մեկ անգամ հրաժարվել է հարմար աշխատանքի տեղավորման առաջարկից, իսկ ժամանակավոր աշխատանքի, մասնագիտական ուսուցման դասընթացներին մասնակցելուց հրաժարվելու դեպքում՝ դրանց տևողությանը համապատասխան ժամկետով:

3.1. Գործազրկության նպաստի նշանակման կամ վերահաշվարկի համար նոր հիմքերի ի հայտ գալու դեպքում զբաղվածության պետական ծառայության որոշմամբ նշանակվում է գործազրկության նպաստ, կամ կատարվում է վերահաշվարկ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

4. Զբաղվածության պետական ծառայությունը դադարեցնում է գործազրկության նպաստի վճարումը սույն օրենքի 8-րդ հոդվածի չորրորդ մասով նախատեսված դեպքերում, ինչպես նաև այն դեպքերում, երբ՝

1) գործազուրկը երկրորդ անգամ հրաժարվել է հարմար աշխատանքի տեղավորման առաջարկից.

2) գործազուրկը երկու անգամ անընդմեջ զբաղվածության պետական ծառայության հրավերով նախապես տեղեկացված ժամկետում չի ներկայացել աշխատանքի տեղավորման առաջարկ ստանալու համար.

3) գործազրկության նպաստի վճարումը կասեցնելիս պարզվում է, որ դրա ստացման ժամկետը լրանում է կասեցման ժամկետից ավելի շուտ կամ միաժամանակ.

4) գործազուրկը հեռացվել է ուսումնական հաստատությունից մասնագիտական ուսուցման ընթացքում ներքին կարգապահական կանոնները խախտելու պատճառով.

5) գործազուրկը հրաժարվել է զբաղվածության պետական ծառայության ուղեգրով մասնագիտական ուսուցումից հետո ձեռք բերած մասնագիտությանը համապատասխան հարմար աշխատանքից.

6) օրինական ուժի մեջ է մտել դատարանի դատավճռով գործազուրկին ազատազրկելու մասին դատարանի դատավճիռը, կամ գործազուրկը դատարանի դատավճռով ուղարկվել է հարկադիր բուժման.

7) գործազուրկը մահացել է:

Ազատազրկման կամ բժշկական բնույթի հարկադրական միջոցի կիրառման վայրից վերադառնալուց հետո գործազրկության նպաստը նշանակվում է ընդհանուր հիմունքներով:

4.1. Սույն հոդվածի չորրորդ մասի 2-րդ կետով դադարեցված գործազրկության նպաստը ենթակա է վերականգնման 6 ամսվա ընթացքում` հիվանդանոցից տրված ստացիոնար բուժման մեջ լինելու կամ ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպության ղեկավարի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված տեղեկանքի առկայության դեպքում: Նշված տեղեկանքը կարող են ներկայացնել նաև սույն օրենքի 37-րդ հոդվածի առաջին մասում նշված անձինք, եթե գործազուրկը այդ ընթացքում մահացել է:

5. (մասն ուժը կորցրել է 22.12.10. ՀՕ-23-Ն)

(38-րդ հոդվածը լրաց., փոփ. 22.12.10. ՀՕ-23-Ն)

 

Հոդված 38.1. Զբաղվածության կարգավորման ծրագրերին ուղղված և ոչ նպատակային օգտագործված ֆինանսական միջոցները վերադարձնելը

 

1. Զբաղվածության կարգավորման պետական ծրագրերի շրջանակում անձի ստացած ֆինանսական միջոցները ենթակա են վերադարձման, եթե անձը ծրագրում ընդգրկվելու պահին կամ ընթացքում եղել է զբաղված սույն օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված գործունեության որևէ տեսակով, ներկայացրել է ոչ հավաստի տվյալներ կամ խախտել է համապատասխան պայմանագրային պարտավորությունները:

2. Ֆինանսական միջոցները ենթակա են վերադարձման ամբողջությամբ` զբաղված դառնալու կամ խախտում թույլ տալու պահից սկսած:

3. Ֆինանսական միջոցները վերադարձվում են միանվագ կամ զբաղվածության պետական ծառայության և անձի միջև գրավոր համաձայնությամբ կազմված ժամանակացույցին համապատասխան, իսկ անձի չվերադարձնելու կամ ժամանակացույցը խախտելու դեպքում այդ գումարները բռնագանձվում են դատական կարգով:

(38.1-ին հոդվածը լրաց. 22.12.10. ՀՕ-23-Ն)

 

 

Հոդված 39.

 Բնակչության զբաղվածության կարգավորման պետական ծրագրերի ֆինանսավորումը

 

Սույն օրենքի 13-րդ հոդվածով նախատեսված զբաղվածության կարգավորման պետական ծրագրերը ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից` Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: 

(39-րդ հոդվածը խմբ. 24.10.07 ՀՕ-243-Ն, փոփ. 22.12.10. ՀՕ-23-Ն)


 

Գ Լ ՈՒ Խ  8

 

 ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲԱԶԱՆ


Հոդված 40.

 Զբաղվածության ոլորտի տեղեկատվական բազան
 

1. Զբաղվածության ոլորտի նպատակային կառավարման, բնակչության զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրերի հասցեականության ապահովման, աշխատաշուկայի վերլուծության և կանխատեսման արդյունավետ իրականացման նպատակով զբաղվածության պետական ծառայությունը ստեղծում է տեղեկատվական բազա:

2. Տեղեկատվական բազան ներառում է տեղեկատվություն՝ զբաղվածության ոլորտում իրականացվող պետական և ոչ պետական ծրագրերի վերաբերյալ:

3. Զբաղվածության պետական քաղաքականության իրականացման ընթացքում զբաղվածության պետական ծառայությունը համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների ու հասարակական կազմակերպությունների հետ` փոխանակելով համապատասխան տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Գ Լ ՈՒ Խ  9

 

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ


Հոդված 41.

 Պատասխանատվությունը սույն օրենքի խախտման համար
 

Սույն օրենքի խախտումն առաջացնում է պատասխանատվություն՝ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Գ Լ ՈՒ Խ  10

 

ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ


Հոդված 42.

 Օրենքի ուժի մեջ մտնելը
 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1996 թվականի դեկտեմբերի 26-ի «Բնակչության զբաղվածության մասին» ՀՕ-93 Հայաստանի Հանրապետության օրենքը:

3. Մինչև օրենքը գործողության մեջ դնելը ծագած հարաբերությունները շարունակվում են, և դրանց նկատմամբ կիրառվում են «Բնակչության զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները:

4. Մինչև զբաղվածության իրավունքի նորմեր պարունակող իրավական ակտերը սույն օրենքին համապատասխանեցնելը դրանք կիրառվում են այնքանով, որքանով չեն հակասում սույն օրենքին:

 

Հայաստանի Հանրապետության
  Նախագահ
    

Ռ. Քոչարյան

2005 թ. նոյեմբերի 25
      Երևան
    ՀՕ-206-Ն