ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 ապրիլի 2025 թվականի N 392-Լ
«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-1025-12.03.2025 ՏՀ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Գովազդի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-1025-12.03.2025-ՏՀ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
10.04.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-1025-12.03.2025- ՏՀ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Գովազդի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությունն առարկություններ չունի:
Միևնույն ժամանակ, հարկ է նկատի ունենալ, որ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «ժգ» կետով սահմանվում է, որ շահումով խաղերի, խաղատների գործունեության կազմակերպիչը պարտավոր է չիրականացնել շահումով խաղի կամ խաղատան կամ խաղասրահի կամ դրանց կազմակերպիչների գովազդը, այդ թվում՝ հեռուստատեսությամբ կամ ռադիոյով կամ համացանցով, բացառությամբ իր պաշտոնական կայքի կամ խաղատների կամ շահումով խաղերի շենքերի, շինությունների կամ սրահների մեջ կամ վրա, Հայաստանի Հանրապետության սահմանային մուտքի կետերում, ինչպես նաև առնվազն չորսաստղանի կարգին համապատասխան որակավորման պահանջներին և չափանիշներին համապատասխան հյուրանոցներում տեղադրվողների:
«Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքը (այսուհետ՝ օրենք) ընդունվել է 2024 թվականի հուլիսի 1-ին, որի 58-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն.
«Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված օրվանից ուժը կորցրած ճանաչել «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» 2003 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-1-Ն օրենքը և «Վիճակախաղերի մասին» 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-3-Ն օրենքը:», իսկ օրենքի 58-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Սույն օրենքի՝ սույն հոդվածի 3-րդ մասում չնշված դրույթները գործողության մեջ են դրվում սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով օպերատոր սահմանելու օրվանից հետո՝ վեցերորդ ամիսը լրանալու հաջորդ օրը:»
Վերոգրյալը հաշվի առնելով՝ հարկ է նկատի ունենալ, որ մինչև նախագծի ուժի մեջ մտնելը «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքով սահմանված կարգով օպերատոր սահմանված չլինելու պարագայում կառաջանա հակասություն «Գովազդի մասին» օրենքի և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի միջև, հետևաբար առաջարկում ենք դիտարկել «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելու նպատակահարմարության հարցը:
