Գլխավոր տեղեկություն
Համար
N 642
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (-till now)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1993/11-12, նոյեմբեր, դեկտեմբեր 1993
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.12.1993
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 դեկտեմբերի 1993 թ. N 642

Քաղ. Երևան

 

ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾԱԴԻՐ ԿՈՄԻՏԵԻ ԵՐԵՎԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐԻ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24 հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել պատգամավորների Երևանի քաղաքային խորհրդի գործկոմի Երևանի էլեկտրական ցանցերի հատուկ նշանակության պետական ձեռնարկության կանոնադրությունը (կցվում է):

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀաՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ կառավարության 1993 թ.

դեկտեմբերի 22-ի N 642 որոշմամբ

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾԿՈՄԻ ԵՐԵՎԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐԻ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Պատգամավորների Երքաղխորհրդի գործկոմի Երևանի էլեկտրական ցանցերի պետական ձեռնարկությունը (այսուհետև` ձեռնարկություն) հատուկ նշանակության պետական ձեռնարկության կարգավիճակ է ստացել Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հուլիսի 13-ի N 399 որոշմամբ` հաշվի առնելով ձեռնարկության դերն ու նշանակությունը մայրաքաղաքի կենսագործունեության համար:

2. Ձեռնարկության լրիվ ֆիրմային անվանումն է` պատգամավորների Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի Երևանի էլեկտրական ցանցերի հատուկ նշանակության պետական ձեռնարկություն:

Ձեռնարկության կրճատ ֆիրմային անվանումն է` «Երէլեկտրացանց»:

3. Ձեռնարկությունը ենթարկվում է պատգամավորների Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեին, իսկ տեխնիկական վերազինման և տեխնիկական քաղաքականության մշակման հարցերում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարության համապատասխան ակտերով:

Ձեռնարկության դիսպետչերական ծառայությունն իր գործունեությունն իրականացնելիս օպերատիվ կառավարման հարցերով ենթարկվում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարության «Հայէներգոարդ» ՀՆՊՁ-ի կենտրոնական դիսպետչերական ծառայությանը:

4. Ձեռնարկությունն իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանը պատկերող և իր լրիվ անվամբ կլոր կնիք, բլանկ, և դրոշմակնիք` հայերեն, անգլերեն և ռուսերեն:

5. Ձեռնարկությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ, պատգամավորների Երևանի քաղաքային խորհրդի և նրա գործադիր կոմիտեի, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարության որոշումներով, հրամաններով ու կարգադրություններով, ինչպես նաև սույն կանոնադրությամբ:

6. Ձեռնարկության գտնվելու վայրն է Երևան քաղաքը:

 

II. Ձեռնարկության խնդիրները և ֆունկցիաները

 

7. Ձեռնարկության հիմնական խնդիրներն ու ֆունկցիաներն են`

ա) Երևան քաղաքի էլեկտրամատակարարումը` էլեկտրաէներգիայի ստացումը, փոխանցումը, բաշխումը և իրացումն ըստ ոլորտների բաշխված սահմանաքանակների շրջանակներում` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով հաստատված սակագներին համապատասխան.

բ) պրոֆիլակտիկ և վերանորոգման աշխատանքների կատարումը, ցանցի աշխատունակ վիճակի ապահովումը, վթարների կանխումն ու վերացումը.

գ) էլեկտրասարքավորումների նորոգման, համակարգող դետալների պատրաստման աշխատանքների իրականացումը.

դ) սպառիչներին հատկացված էլեկտրաէներգիայի դիմաց վճարումների գանձման ապահովումը.

ե) Երևան քաղաքի էլեկտրամատակարարման համակարգի հեռանկարային զարգացման պլանի մշակումը, դրա համաձայնեցումը Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարության հետ և պատգամավորների Երքաղխորհրդի գործկոմի կողմից հաստատվելուց հետո` իրականացումը.

զ) էլեկտրաէներգիայի լարման որակի բարձրացման և կորուստների նվազեցմանն ուղղված միջոցառումների իրականացումը.

է) էներգետիկական կարևորագույն օբյեկտների ռազմականացված պաշտպանության ապահովումը.

ը) նյութերի ու սարքավորումների վթարային-պահուստային ֆոնդի ստեղծումը.

թ) էլեկտրաէներգիայի և հզորությունների պակասի պայմաններում բնակչությանը տրվող էլեկտրաէներգիայի համամասնական բաշխման համար հովհարային  անջատումների գրաֆիկների մշակումը, իրականացումը և պատասխանատվությունը բարձրացնելու նպատակով զանգվածային լրատվության միջոցներով բնակչությանը պարբերաբար իրազեկումը.

ժ) էլեկտրաէներգիայի և հզորությունների պակասի պայմաններում սահմանված էլեկտրասպառման սահմանաքանակների հսկողության իրականացումը, առանց թույլտվության ցանցին միացումների հայտնաբերումը, կանխումը և վերացումը, ինչպես նաև Երևան քաղաքի համար հաստատված սահմանաքանակների պահպանման համար պատասխանատվությունը:

 

III. Ձեռնարկության գույքը և ֆինանսատնտեսական գործունեությունը

 

8. Ձեռնարկության գույքը պատկանում է ձեռնարկությանը` լրիվ տնտեսավարման իրավունքով: Գույքի կազմում տարբերակվում են նյութական և ոչ նյութական օբյեկտները:

9. Ձեռնարկության գույքի, այդ թվում ֆինանսական ռեսուրսների գոյացման աղբյուրներն են`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության և պատգամավորների Երքաղխորհրդի գործկոմի դրամական և նյութական ներդրումները, շենքերը, շինությունները, մեքենաները, սարքավորումները և ձեռնարկության հաշվեկշռում գտնվող հիմնական ու շրջանառու այլ միջոցները.

բ) աշխատանքների կատարումից, ծառայությունների մատուցումից և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ տնտեսական գործունեությունից ստացված եկամուտները.

գ) բանկային հիմնարկներից և այլ վարկատուներից ստացված վարկերը, սեփական միջոցները բանկային հիմնարկների հաշիվներում պահելու համար տոկոսները.

դ) կանոնադրական նպատակներն իրականացնելու համար բյուջեից հատկացվող միջոցները.

ե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ հատուկ նշանակության պետական ձեռնարկությունների համար չարգելված այլ աղբյուրներ:

10. Ձեռնարկության գույքը գտնվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ներքո, որի նկատմամբ բռնագանձում կարող է կատարվել միայն օրենսդրությամբ սահմանված կարգով:

11. Ձեռնարկության գործունեության հիմնական ֆինանսական ցուցանիշը կանոնադրական գործունեությունից ստացված շահույթն է:

Հարկեր և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ պարտադիր վճարումներ կատարելուց հետո մնացած շահույթը գտնվում է ձեռնարկության տրամադրության տակ և տնօրինվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

12. Ձեռնարկությունն իրականացնում է հաշվապահական հաշվառում և ներկայացնում է վիճակագրական ու օրենսդրությամբ նախատեսված այլ հաշվետվություններ, կազմում է հաշվեկշիռ և ներկայացնում պատգամավորների Երքաղխորհրդի գործկոմ:

13. Ձեռնարկությունն իր միջոցներից կազմավորում է պահուստային ֆոնդ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նորմատիվներին համապատասխան:

14. Ձեռնարկությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկային և այլ հաշիվներ է բացում Հայաստանի Հանրապետության բանկային հիմնարկներում` իր դրամական միջոցները պահելու և օգտագործելու համար:

15. Ձեռնարկությունը`

ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իր կանոնադրական խնդիրներն իրականացնելու համար հիմնադրում է դուստր ձեռնարկություններ, բաժանմունքներ, մասնաճյուղեր, ներկայացուցչություններ.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ հատուկ նշանակության պետական ձեռնարկությունների համար չարգելված կարգով ձեռք է բերում գույք, գույքային և ոչ գույքային իրավունքներ, այդ թվում` ֆինանսական միջոցներ` ցանկացած տարադրամով, տնօրինում, օգտագործում է դրանք և դրանց ստացված արդյունքը.

գ) ինքնուրույն կազմավորում է սեփական ֆինանսական ռեսուրսները, վճարումներն իրականացնելու համար բանկային հիմնարկներից և ֆինանսական հաստատություններից ստանում է վարկեր.

դ) ինքնուրույն պլանավորում և կազմակերպում է տնտեսական գործունեությունը, մատուցում է ծառայություններ, կատարում աշխատանքներ, օգտվում է մատուցված ծառայություններից և կատարված աշխատանքներից, կնքում է պայմանագրեր և կրում պարտավորություններ.

ե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օտարում, վարձակալության է տալիս և օրենսդրությամբ չարգելված այլ ձևերով փոխանցում է գույքը և գույքային իրավունքները.

զ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով որոշում է իր կողմից կատարվող աշխատանքների, մատուցվող ծառայությունների ծավալները և դրանց գները.

է) դատական և արբիտրաժային կարգով վիճարկում է իր շահերին վնաս հասցրած անձանց և մարմինների գործողությունները, հանդես է գալիս որպես հայցվոր և պատասխանող դատարանում, միջնորդ դատարանում և արբիտրաժում.

ը) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն է կրում և փոխհատուցում իր հասցրած վնասը` կնքած պայմանագրերը չկատարելու կամ ոչ պատշաճ կարգով կատարելու, այլ անձանց ու կազմակերպությունների օրենքով պաշտպանվող իրավունքները խախտելու համար.

թ) կատարում է սոցիալական և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ պարտադիր ապահովագրություն, ապահովում աշխատողների աշխատանքի և հանգստի պայմանները.

ժ) որոշում է իր աշխատողների վարձատրության եղանակը, հաստիքները, աշխատանքի վարձատրության ֆոնդը և վճարման կարգը:

16. Ձեռնարկությունը չի կարող իրականացնել այնպիսի կոմերցիոն գործունեություն, որն ուղղակիորեն կապված չէ իր կանոնադրական խնդիրների հետ:

17. Ձեռնարկությունում աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ:

 

IV. Ձեռնարկության կառավարումը

 

18. Ձեռնարկության ղեկավար մարմիններն են` վարչությունը և դրա տնօրենը:

19. Ձեռնարկության վարչությունը կազմված է 11 անդամից, այդ թվում` երեք պատգամավորների Երքաղխորհրդի գործկոմից, երկուսը ՀՀ էներգետիկայի և վառելիքի նախարարությունից:

20. Վարչության անդամներն իրենց գործունեությունն իրականացնում են հասարակական հիմունքներով:

21. Ձեռնարկության վարչության իրավասություններն են`

ֆինանսատնտեսական և սոցիալ-մշակութային զարգացման հիմնական ուղղությունների որոշումը և աշխատանքային պլանների հաստատումը.

ձեռնարկության կանոնադրության մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու, դուստր ձեռնարկությունների հիմնադրման, վերակազմավորման, լուծարման, դրանց կանոնադրությունների հաստատման վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը պատգամավորների Երքաղխորհրդի գործկոմ.

ձեռնարկության և դուստր ձեռնարկությունների ներքին կազմակերպական կառուցվածքի, կառուցվածքային ստորաբաժանումների ցանկի և դրանց լիազորությունների որոշումը.

ձեռնարկության և դուստր ձեռնարկությունների գործունեությունից գոյացած շահույթի բաշխումը և վերաբաշխումը` պատգամավորների Երքաղխորհրդի գործկոմի կողմից սահմանված կարգով:

22. Ձեռնարկության գործունեությունը վերահսկում է վերահսկիչ հանձնաժողովը, որը կազմվում է վարչության կողմից: Վերահսկիչ հանձնաժողովը հետևում է վարչության որոշումների կատարմանը, գույքի պահպանմանը, ստուգում է ձեռնարկության փաստաթղթերը, այդ թվում` հաշվեկշիռը:

Վերահսկիչ հանձնաժողովն իրավունք ունի ցանկացած տվյալներ և փաստաթղթեր պահանջել ձեռնարկության ղեկավարից և մյուս աշխատողներից ձեռնարկության գործունեության արդյունքների, շահույթի բաշխման, գույքի պահպանման ու այլ հարցերի մասին և իր հաշվետվությունը ներկայացնում է ձեռնարկության վարչությանը:

23. Ձեռնարկության տնօրենը նշանակվում է աշխատանքի պատգամավորների Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի ներկայացմամբ, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարության համաձայնությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից: Տնօրենը հանդիսանում է ձեռնարկության վարչության նախագահ և վերջինիս կողմից որոշումներ ընդունելիս ունի վճռորոշ ձայնի իրավունք: Տնօրենին նշանակելիս նրա և պատգամավորների Երքաղխորհրդի գործկոմի միջև կնքվում է կոնտրակտ, որտեղ սահմանվում են տնօրենի իրավունքները, պարտականությունները, պատասխանատվությունը և փոխհարաբերությունները  պատգամավորների Երքաղխորհրդի գործկոմի, ձեռնարկության վարչության և աշխատավորական կոլեկտիվի հետ, նրա աշխատանքի վարձատրման պայմանները, կոնտրակտի ժամկետը և այլ դրույթներ, որոնք չեն հակասում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությանը: Կոնտրակտում նշվում է նաև ձեռնարկության գործունեությունն արտացոլող հիմնական ցուցանիշների համակարգը, այդ թվում նաև կարևորագույն ցուցանիշը` էլեկտրաէներգիայի փոխանցման ժամանակ պլանային կորուստների չափի չգերազանցումը:

24. Տնօրենը կազմակերպում է ձեռնարկության գործունեությունը և դրա համար կրում է պատասխանատվություն: Տնօրենն առանց լիազորագրի գործում է ձեռնարկության անունից, ներկայացնում նրա շահերը, տնօրինում ձեռնարկության գույքը, այդ թվում ֆինանսական ռեսուրսները, կնքում է պայմանագրեր, ձեռնարկության բոլոր աշխատողների համար իրագործում է գործատուի ֆունկցիաներ, բանկային հիմնարկներում բացում է հաշվարկային և այլ հաշիվներ, հաստատում է հաստիքները, սահմանում է աշխատանքի վարձատրության եղանակը, աշխատավարձի չափերը և վճարման կարգը, արձակում է հրամաններ, աշխատողներին տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսանքի և կարգապահական տույժեր, կատարում է աշխատանքի բաշխում տնօրենի տեղակալների և ղեկավար այլ աշխատողների միջև ըստ բնագավառների, ինչպես նաև իրականացնում է ձեռնարկության ֆունկցիոնալ գործունեությունից բխող և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ լիազորություններ:

25. Ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվը կազմում են բոլոր այն աշխատողները, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված աշխատանքային պայմանագրի հիման վրա մասնակցում են նրա գործունեությանը:

Ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվը ձեռնարկության ղեկավար մարմինների հետ լուծում է կոլեկտիվ պայմանագիր կնքելու հետ կապված Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ իրեն վերապահված հետևյալ հարցերը`

կոլեկտիվ պայմանագրի նախագծի նախապատրաստում, իր ներկայացուցիչների միջոցով բանակցությունների վարում ձեռնարկության ղեկավար մարմինների հետ կոլեկտիվ պայմանագրի կնքման վերաբերյալ, վերջիններիս հետ կոլեկտիվ պայմանագրի հաստատում:

 

V. Ձեռնարկության գործունեության դադարեցումը

 

26. Ձեռնարկությունը կարող է վերակազմավորվել կամ նրա գործունեությունը կարող է դադարեցվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան