Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 17964/14
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (06.02.2025-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում 04.04.2025
Ընդունող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Ընդունման ամսաթիվ
06.02.2025
Ստորագրող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
06.02.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.02.2025

Ներմուծեք նկարագրությունը_15382

 

ՀԻՆԳԵՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

գանգատ թիվ 17964/14

 

«Հասար» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի

 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Հինգերորդ բաժանմունք), 2025 թվականի փետրվարի 6-ին հանդես գալով Կոմիտեի հետևյալ կազմով՝

Անդրեաս Զունդ [Andreas ZՖnd]՝ Նախագահ,

Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan],

Միկոլա Գնատովսկի [Mykola Gnatovskyy]՝ դատավորներ,

և Մարտինա Կելլեր [Martina Keller]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալ,

հաշվի առնելով՝

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն «Հասար» ՍՊԸ-ի (դիմումատու ընկերություն) կողմից, որին ներկայացրել է Երևանում գործող իրավաբան տկն Մ. Ղուլյանը, ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ 2014 թվականի փետրվարի 15-ին Դատարան ներկայացված գանգատը (թիվ 17964/14),

մրցակցային լսումների և կողմերի հավասարության սկզբունքների ենթադրյալ խախտման վերաբերյալ բողոքի մասով Հայաստանի կառավարությանը (Կառավարություն), ի դեմս լիազոր ներկայացուցիչ, Միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ պրն Ե. Կիրակոսյանի, ծանուցելու, և գանգատը մնացած մասով անընդունելի ճանաչելու վերաբերյալ որոշումը,

Կառավարության կողմից ներկայացված դիտարկումները,

անցկացնելով խորհրդակցություն, որոշեց հետևյալը.

 

ԳՈՐԾԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Գործը վերաբերում է քաղաքացիական դատավարությունում մրցակցային լսումների և կողմերի հավասարության սկզբունքների ենթադրյալ խախտմանը՝ կապված դիմումատու ընկերության կողմից բնական գազի մատակարարից վնասի հատուցման պահանջի հետ: Դիմումատու ընկերությունը հիմնվել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի առաջին կետի վրա։

2. 2006 թվականին դիմումատու ընկերությունը պայմանագիր է կնքել իր կողմից շահագործվող ջերմոց բնական գազի մատակարարման վերաբերյալ (պայմանագիր):

3. 2008 թվականի հոկտեմբերի 10-ից նոյեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում ջերմոցի գազամատակարարումը դադարեցվել է դիմումատու ընկերության կողմից վճարումները չկատարելու պատճառով:

4. 2011 թվականի օգոստոսին դիմումատու ընկերությունը քաղաքացիական հայց է ներկայացրել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան (Վարչական շրջանի դատարան) ընդդեմ գազամատակարարող ընկերության (հակառակ կողմ)` պահանջելով փոխհատուցել ջերմոցին ջեռուցման բացակայության արդյունքում պատճառված վնասը: Հակառակ կողմը հակընդդեմ հայց է ներկայացրել՝ պնդելով, որ դիմումատու ընկերությունը բազմիցս չի կատարել վճարումները իր ծառայությունների դիմաց, և որ վերջինիս պահանջը հիմնավորված չէ։

5. 2013 թվականի մարտի 6-ի որոշմամբ Վարչական շրջանի դատարանը բավարարել է դիմող ընկերության հայցը և մերժել հակառակ կողմի հակընդդեմ հայցը:

6. Հակառակ կողմը բողոք է ներկայացրել՝ ի թիվս այլնի՝ պնդելով, որ պայմանագրի 2-րդ հավելվածում նշված ժամանակացույցի համաձայն՝ գազը պետք է մատակարարվեր հայտատու ընկերությանը` հունվար ամսից մարտ և նոյեմբեր ամսից դեկտեմբեր ամիսներն ընկած ժամանակահատվածում: Հետևաբար հակառակ կողմը հոկտեմբեր ամսին գազ մատակարարելու ոչ մի պարտավորություն չի ունեցել։

7. Հակառակ կողմի բողոքարկմանը պատասխանելիս դիմող ընկերությունը, inter alia (ի թիվս այլնի), նշել է, որ հակառակ կողմը չի բացատրել նոյեմբերի 1-ից գազի մատակարարումը չվերսկսելու պատճառը, ինչը համապատասխանում է հակառակ կողմի վկայակոչած պայմանագրի 2-րդ հավելվածում նշված ժամանակացույցին:

8. 2013 թվականի մայիսի 24-ին Քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը (Վերաքննիչ դատարան) բեկանել է Վարչական շրջանի դատարանի` 2013 թվականի մարտի 6-ի վճիռը (տես վերևում՝ 5-րդ պարբերությունը): Այդպիսով Վերաքննիչ դատարանը, ի թիվս այլնի, անդրադարձել է դիմումատու ընկերության կողմից ջերմոցի շահագործման նպատակով այդ տարածքների օգտագործման մասին պայմանագրի բացակայությանը և այն փաստին, որ դիմումատու ընկերությունը, նրա կարծիքով, չի կարողացել հիմնավորել ենթադրաբար ջեռուցման բացակայության արդյունքում պատճառված վնասի համար հակառակ կողմի մեղքը։ Վերաքննիչ դատարանը նաև կասկածի տակ է դրել դիմումատու ընկերության կողմից Վարչական շրջանի դատարանում ընթացող վարույթի ընթացքում ներկայացված փորձագիտական եզրակացությունների հավաստիությունը։ Ինչ վերաբերում է պայմանագրին (որը ներառված է գործի նյութերի 1-ին հատորում), Վերաքննիչ դատարանը հայտարարել է, որ այն միայն ապացուցում է դիմող ընկերության հակառակ կողմի հաճախորդ հանդիսանալու փաստը, սակայն միայն այդ փաստը բավարար չէ վերջինիս հայցը բավարարելու համար:

9. Դիմումատու ընկերությունը ներկայացրել է վճռաբեկ բողոք` inter alia, պնդելով, որ Վերաքննիչ դատարանը հակառակ կողմից ներկայացված նոր ապացույցներ է ընդունել (պայմանագրի թիվ 2 հավելվածի նոր տարբերակը, որը, նրա պնդմամբ, կեղծված էր), որոնք իր փաստաբանը հնարավորություն չի ունեցել ուսումնասիրել և մեկնաբանել վերաքննիչ վարույթի ընթացքում:

10. Ի պատասխան, հակառակ կողմը, inter alia, պնդել է, որ պայմանագիրը և դրա 2-րդ հավելվածը նախապատրաստական փուլում ներկայացվել են Վարչական շրջանի դատարան դեռևս 2011 թվականի նոյեմբերին, և որ դիմումատու ընկերությունը երբեէ որևէ առարկություն չի ներկայացրել պայմանագրի վերաբերյալ: Պայմանագրի միևնույն օրինակները (դրա 2-րդ հավելվածի հետ միասին) դատարաններ են ներկայացվել նաև դիմումատու ընկերության հետ այլ վեճերով (հակառակ կողմը Վճռաբեկ դատարանին է տրամադրել այդ դատարաններում ստացված համապատասխան փաստաթղթերի կրկնօրինակները):

11. 2013 թվականի օգոստոսի 7-ին Վճռաբեկ դատարանը դիմումատու ընկերության վճռաբեկ բողոքը հայտարարել է անընդունելի՝ հիմքերի բացակայության պատճառով:

 

ԴԱՏԱՐԱՆԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

 

12. Դիմումատու ընկերությունը բողոք է ներկայացրել կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հիման վրա առ այն, որ խախտվել է մրցակցային վարույթի իր իրավունքը և կողմերի իրավահավասարության սկզբունքը, քանի որ Վերաքննիչ դատարանն ընդունել է նոր փաստաթղթային ապացույցներ (պայմանագրի 2-րդ հավելվածի մեկ այլ օրինակ), որոնց վերաբերյալ մեկնաբանություն տալու հնարավորություն վերջինս չի ունեցել:

13. Մրցակցային սկզբունքին և կողմերի հավասարության սկզբունքին վերաբերող ընդհանուր սկզբունքները ներկայացվել են Ռեգներն ընդդեմ Չեխիայի Հանրապետության [Regner v. the Czech Republic] գործում ([ՄՊ], թիվ 35289/11, §§ 146-47, 2017 թվականի սեպտեմբերի 19):

14. Դատարանը վերահաստատում է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի առնչությամբ Դատարանի միակ խնդիրն է քննել այն դիմումները, որոնք վերաբերում են այն պնդմանը, որ ներպետական դատարանները չեն ապահովել այդ հոդվածով սահմանված հատուկ դատավարական երաշխիքները, կամ որ ընդհանուր առմամբ վարույթի իրականացման ընթացքում դիմումատուի համար չի երաշխավորվել արդար դատաքննության իրավունքը (տե՛ս, ի թիվս այլ վճիռների՝ Դոնաձեն ընդդեմ Վրաստանի [Donadze v. Georgia] թիվ 74644/01 գործը, §§ 30-31, 2006 թվականի մարտի 7)։

15. Դիմումատուն պնդել է, որ Վերաքննիչ դատարանն ընդունել է հակառակ կողմի ներկայացրած նոր ապացույցները, մասնավորապես՝ պայմանագրի 2-րդ հավելվածի մեկ այլ (փոփոխված) տարբերակ (տե՛ս վերևում՝ 2-րդ պարբերությունը), որի մասին ինքը տեղյակ չի եղել, ինչի արդյունքում նրա փաստաբանը զրկվել է քննվող փաստաթղթի վերաբերյալ մեկնաբանություն տալու հնարավորությունից։ Ավելին, փաստերը հաստատելով նոր ներկայացված փաստաթղթի հիման վրա (մասնավորապես այն փաստը, որ համաձայն 2-րդ հավելվածում նշված ժամանակացույցի՝ դիմումատու ընկերության ջերմոց պետք է գազ չմատակարարվեր մարտ ամսից հոկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում)՝ Վերաքննիչ դատարանը բեկանել է վարչական շրջանի դատարանի՝ 2013 թվականի հոկտեմբերի 6-ի որոշումը (տե՛ս վերևում՝ 5-րդ, 8-րդ, 9-րդ և 12-րդ պարբերությունները):

16. Այնուամենայնիվ, Դատարանը նկատում է, որ շրջանային դատարանի՝ 2013 թվականի մարտի 6-ի որոշման դեմ իր բողոքարկման մեջ (տե՛ս վերևում՝ 5-րդ պարբերությունը) հակառակ կողմն արդեն առարկել էր պայմանագրի 2-րդ հավելվածի առնչությամբ՝ նշելով, որ ինքը պարտավորված չի եղել գազ մատակարարել դիմումատու ընկերության ջերմոցին մարտ ամսից նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում (տե՛ս վերևում՝ 6-րդ պարբերությունը):

17. Դիմումատու ընկերությունը հնարավորություն է ունեցել պատասխանելու հակառակ կողմի փաստարկներին, որոնք շարադրված էին իր բողոքարկման մեջ, և վերջինս օգտվել է այդ հնարավորությունից (տե՛ս վերևում՝ 7-րդ պարբերությունը): Իր պատասխանում դիմումատու ընկերությունը չի վիճարկել հակառակ կողմի փաստարկն առ այն, որ վերջինս հոկտեմբեր ամսին ջերմոցին գազ մատակարարելու պարտավորություն չի ունեցել, և կասկածի տակ չի դրել հակառակ կողմի բողոքարկման մեջ նշված պայմանագրի 2-րդ հավելվածի բովանդակության իսկությունը: Փաստորեն, դիմումատու ընկերությունը պնդել է, որ հակառակ կողմը չի ներկայացրել այն պատճառները, որոնց համաձայն նոյեմբերի 1-ից գազի մատակարարումը չի վերսկսվել (նույն տեղում):

18. Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ պարզ չէ, թե դիմումատու ընկերությունն ինչ հիմքով է պնդել, որ Վերաքննիչ դատարանը հիմնվել է «նոր» ապացույցների վրա, որոնց մասով վերջինս մեկնաբանություն տալու հնարավորություն չի ունեցել:

19. Բոլոր դեպքերում Դատարանը վերահաստատում է, որ չնայած 6-րդ հոդվածը երաշխավորում է արդար դատաքննության իրավունքը, այն չի սահմանում որևէ կանոն՝ ապացույցների ընդունելի լինելու կամ ապացույցների գնահատման եղանակի վերաբերյալ, քանի որ տվյալ հարցերն անմիջականորեն կարգավորվում են ազգային օրենսդրությամբ և ազգային դատարաններով: Ընդհանուր առմամբ, այնպիսի հարցերը, ինչպիսիք են ազգային դատարաններին դիտարկման համար ներկայացված հատուկ ապացույցներին կամ եզրակացություններին կամ գնահատականներին վերջիններիս կողմից տրված նշանակությունը, Դատարանի կողմից քննության առարկա չեն: Դատարանը չպետք է հանդես գա որպես չորրորդ ատյանի մարմին և հետևաբար կասկածի տակ չի կարող դնել ազգային դատարանների գնահատականը՝ 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն, եթե դրանց եզրակացությունները չեն համարվում կամայական կամ ակնհայտորեն անհիմն (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Դե Թոմմասոն ընդդեմ Իտալիայի [De Tommaso v. Italy [ՄՊ]], թիվ. 43395/09 գործը, § 170, 2017 թվականի փետրվարի 23, հաջորդող հղումների հետ միասին):

20. Սույն գործում վարույթն իրականացվել է արդար դատաքննության պահանջներին համապատասխան: Ինչպես նշվել է վերևում՝ 17-րդ պարբերության մեջ, դիմումատուն կարողացել է վիճարկել հակառակ կողմի ներկայացրած փաստարկները, և վիճարկվող որոշման փաստացի և իրավական հիմքերը (տե՛ս վերևում՝ 8-րդ պարբերությունը) մանրամասն ներկայացվել են Վերաքննիչ դատարանի կողմից (տե՛ս Գարսիա Ռուիզն ընդդեմ Իսպանիայի [Garcվa Ruiz v. Spain] [ՄՊ], թիվ 30544/96 գործը, § 29, ՄԻԵԴ 1999-I)։

21. Հաշվի առնելով վերոգրյալը՝ Դատարանը որևէ պատճառ չի տեսնում եզրակացնելու, որ կողմերի իրավահավասարության սկզբունքը և մրցակցային դատավարության իրավունքը չեն հարգվել վիճարկելի վարույթում։

22. Դրանից հետևում է, որ սույն գանգատը ակնհայտորեն անհիմն է և պետք է մերժվի՝ համաձայն Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի և 4-րդ կետի։

 

Այդ հիմնավորմամբ Դատարանը միաձայն՝

Ճանաչում է գանգատն անընդունելի:

Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2025 թվականի մարտի 6-ին։

 

Մարտինա Կելլեր

 

Անդրեաս Զունդ

 

Քարտուղարի տեղակալ

Նախագահ