Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-215-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (09.01.2011-01.04.2011)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.11.07/54(578) Հոդ.1138
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
11.10.2007
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.10.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2008
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2007 թվականի հոկտեմբերի 11-ին

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1.

Օրենքի կարգավորման առարկան

 

Սույն օրենքը կարգավորում է կազմակերպությունների, պայմանագրային ներդրումային ֆոնդերի և ֆիզիկական անձանց հարկային մարմնում հաշվառման կանգնելու և հաշվառումից դուրս գալու, հարկ վճարողի հաշվառման համար ստանալու, կազմակերպությունների և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման միասնական ռեեստրի վարման, ինչպես նաև հարկ վճարողների հաշվառման հետ կապված այլ հարաբերություններ:

(1-ին հոդվածը լրաց. 22.12.10 ՀՕ-278-Ն)

 

Հոդված 2.

Կազմակերպությունների և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման մասին օրենսդրությունը

 

Կազմակերպությունների և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման կանգնելու և հաշվառումից դուրս գալու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով և այլ իրավական ակտերով:

 

Հոդված 3.

Օրենքի գործողության ոլորտը

 

Սույն օրենքը տարածվում է՝

1) Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած (կանոնները գրանցած) կազմակերպությունների, պայմանագրային ներդրումային ֆոնդերի, պետական կառավարչական և համայնքային հիմնարկների, օտարերկրյա կազմակերպությունների՝ Հայաստանի Հանրապետության տարածքում հաշվառված առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների) (այսուհետ՝ կազմակերպություն) վրա.

2) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վրա, բացառությամբ այն դեպքերի, երբ Կենտրոնական բանկը հանդես է գալիս որպես հարկային գործակալ՝ օրենքով նախատեսված դեպքերում և կարգով.

3) Հայաստանի Հանրապետության անհատ ձեռնարկատերերի վրա.

4) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց վրա:

(3-րդ հոդվածը փոփ. 22.12.10 ՀՕ-278-Ն)

 

Հոդված 4.

Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

1. Սույն օրենքում բերված հասկացություններն օգտագործված են հետևյալ իմաստներով՝

հարկային մարմին՝ «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով տրված սահմանված հարկային մարմին.

հարկ վճարող՝ օրենսդրությամբ սահմանված հարկեր և (կամ) այլ պարտադիր վճարներ վճարելու պարտավորություն կրող ֆիզիկական և իրավաբանական անձ (այդ թվում՝ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձ, օտարերկրյա իրավաբանական անձի հիմնարկ, օտարերկրյա իրավաբանական անձի մասնաճյուղ, ներկայացուցչություն), հիմնարկ, տեղական ինքնակառավարման մարմին, ինչպես նաև ներդրումային ֆոնդ: Ընդ որում, ներդրումային ֆոնդի` որպես հարկ վճարողի հետ կապված սույն օրենքով և դրա հիման վրա ընդունված այլ իրավական ակտերով կարգավորվող բոլոր հարաբերություններում նրա փոխարեն հանդես է գալիս տվյալ ներդրումային ֆոնդի կառավարիչը.

հարկ վճարողի հաշվառում՝ պետական գրանցում ստացած (կանոնները գրանցած) կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկ վճարողի հաշվառման համարների տրամադրում և հաշվառում.

հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ)՝ պետական գրանցում կամ հաշվառում ստացած (կանոնները գրանցած) կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց՝ հարկային մարմնում հաշվառման կանգնելիս տրամադրվող հաշվառման համար.

հարկ վճարողների վերաբերյալ տվյալների միասնական բանկ՝ Հայաստանի Հանրապետության հարկային մարմնում հաշվառված կազմակերպությունների և ֆիզիկական անձանց (այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերի) վերաբերյալ տվյալների միասնական բանկ.

անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ՝ հարկեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտավորություն կրող ֆիզիկական անձ, ում եկամուտները չեն ձևավորվում բացառապես հարկային գործակալ հանդիսացող անձանցից ստացվող եկամուտների հաշվին.

Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպություն՝ «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ռեզիդենտ կազմակերպություններ.

Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ կազմակերպություն՝ «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ռեզիդենտ չհանդիսացող կազմակերպություն.

Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆիզիկական անձ՝ «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ռեզիդենտ ֆիզիկական անձ.

Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձ՝ «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ռեզիդենտ չհանդիսացող ֆիզիկական անձ:

2. Սույն օրենքում այլ բան նշված չլինելու դեպքում, ֆիզիկական անձ հասկացությունը կիրառվում է նաև անհատ ձեռնարկատեր իմաստով:

(4-րդ հոդվածը լրաց. 22.12.10 ՀՕ-278-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

Հոդված 5.

Հարկային հաշվառումը

 

1. Հայաստանի Հանրապետությունում գործում է հարկ վճարողների հարկային հաշվառման միասնական համակարգ:

2. Հարկ վճարողների հարկային հաշվառումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության հարկային մարմինը:

3. Կազմակերպությունների հարկային հաշվառման միասնական ռեեստրի և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման միասնական ռեեստրի ձևը և վարման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը (այսուհետ՝ կառավարություն):

 

Հոդված 6.

Հարկ վճարողի հաշվառման համարները

 

1. Հարկ վճարողների հարկային հաշվառումն իրականացվում է հարկ վճարողի հաշվառման համարների (ՀՎՀՀ) տրամադրման միջոցով: Հայաստանի Հանրապետության հարկային մարմնում հաշվառման կանգնելու ժամանակ հարկ վճարողին տրամադրվող հարկ վճարողի հաշվառման համարը հանդիսանում է նրա նույնականացման կոդը:

2. Կառավարությունը կարող է սահմանել ավելացված արժեքի հարկ վճարողի հաշվառման համարների տրամադրման կարգ:

3. Հարկ վճարողի հաշվառման համարը միակն է և ենթակա չէ փոփոխման: Հարկ վճարողի հաշվառման համարը չի կարող տրամադրվել այլ հարկ վճարողների: Կազմակերպության վերակազմավորման դեպքում հարկ վճարողի հաշվառման համարը փոխանցվում է նրա իրավահաջորդին, իսկ վերակազմակերպման մյուս եղանակների դեպքում՝

1) կազմակերպությունների միացման եղանակով վերակազմակերպման դեպքում շարունակում է գործել այն կազմակերպության ՀՎՀՀ-ն, որին միանում է մեկ այլ կազմակերպություն, իսկ միացող կազմակերպության ՀՎՀՀ-ն համարվում է չեղյալ և հանվում է հաշվառումից.

2) կազմակերպությունների միաձուլման եղանակով վերակազմակերպման դեպքում ստեղծված նոր կազմակերպությանը տրամադրվում է նոր ՀՎՀՀ, իսկ միաձուլվող կազմակերպությունների ՀՎՀՀ-ները համարվում են չեղյալ և հանվում են հաշվառումից.

3) կազմակերպությունների առանձնացման եղանակով վերակազմակերպման դեպքում առանձնացված նոր կազմակերպությանը տրամադրվում է նոր ՀՎՀՀ, իսկ նախկին կազմակերպությունը (որից կատարվել է առանձնացումը) շարունակում է հաշվառվել իր ՀՎՀՀ-ով.

4) կազմակերպությունների բաժանման եղանակով վերակազմակերպման դեպքում ստեղծված նոր կազմակերպություններից յուրաքանչյուրին տրամադրվում է նոր ՀՎՀՀ:

4. Ֆիզիկական անձին տրամադրվող հարկ վճարողի հաշվառման համարը մնում է անփոփոխ վերջինիս տարբեր կարգավիճակներում, և´ որպես անհատ ձեռնարկատեր հանդիսացող, և´ որպես անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ համարվելու ժամանակ:

5. Նոտարների՝ հարկային մարմնում հաշվառման կանգնելու ընթացակարգերը սահմանում է կառավարությունը:

6. Դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, նրանց հավասարեցված միջազգային, միջկառավարական (միջպետական) կազմակերպությունների հարկային մարմնում հաշվառման կանգնելու ընթացակարգերը սահմանում է կառավարությունը:

7. Անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցումից հետո կրկին որպես անհատ ձեռնարկատեր պետական գրանցում ստանալու և հարկային մարմնում հաշվառման կանգնելու դեպքում նրան տրամադրվում է իր նախորդ հարկ վճարողի հաշվառման համարը: ՀՎՀՀ-ն չի փոխվում նաև այն ժամանակ, երբ անհատ ձեռնարկատերը գործունեության դադարեցումից հետո հարկային մարմին է ներկայացնում հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր՝ որպես ֆիզիկական անձ:

8. Հարկ վճարողի հաշվառման համարը կազմված է ութանիշ թվից: Առաջին յոթ նիշը հանդիսանում է հերթական համար, ութերորդ նիշը ստուգիչ է և հաշվառվում է նախորդ յոթ նիշերի հիման վրա: Հարկ վճարողների հաշվառման համարների մասնատումը, ըստ Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների, ինչպես նաև ստուգիչ նիշի հաշվառման բանաձևը սահմանում է հարկային մարմինը:

9. Հարկ վճարողի հաշվառման համարի առկայությունը պարտադիր է հարկ վճարողի կնիքի, կառավարության սահմանած ցանկում ներառված վճարահաշվարկային փաստաթղթերի վրա:

10. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար բանկային հաշիվներ բացվում են միայն հարկ վճարողի հաշվառման համարի առկայության դեպքում:

11. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար բանկային հաշիվների բացման վերաբերյալ հարկային մարմին տեղեկությունների տրամադրման կարգը սահմանում է կառավարությունը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ համատեղ:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

Հոդված 7.

Հարկային մարմնում հաշվառման կանգնելը

 

1. Կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գրանցում ստանալու (կանոնները գրանցելու) օրվանից հետո` մեկամսյա ժամկետում, պարտավոր են հաշվառման կանգնելու դիմում ներկայացնել հարկային մարմին:

2. Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք հարկային մարմնում կարող են կանգնել հաշվառման և ստանալ հարկ վճարողի հաշվառման համար՝ կամավորության սկզբունքով:

3. Նոր գրանցված կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը հարկային մարմնում հաշվառման են կանգնում իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանման տարածքը սպասարկող հարկային մարմնի ստորաբաժանումում (տեսչությունում):

4. Կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման հարկային մարմինը կարող է փոփոխվել հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ, եթե՝

1) կազմակերպության իրավաբանական (անհատ ձեռնարկատիրոջ գրանցման (բնակության)) և գործունեության փաստացի իրականացման հասցեները չեն համապատասխանում միմյանց.

2) կազմակերպությունը (անհատ ձեռնարկատերը) գործունեություն է իրականացնում մեկից ավելի հասցեներում:

Ընդ որում, հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումը մեկ հարկային մարմնից կարող է տեղափոխվել մեկ այլ հարկային մարմին հետևյալ հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում՝

1) գործունեության հիմնական վայրի փոփոխության.

2) համախառն հասույթի (եկամտի) կազմում որևէ մեկ վայրից ստացվող հասույթի (եկամտի) տեսակարար կշռի գերակայության.

3) գործարար շահերի կենտրոնի, կազմակերպության ղեկավար մարմնի գտնվելու վայրի փոփոխության.

4) գործունեության ոլորտային, սեզոնային, տարածքային կամ նմանատիպ այլ առանձնահատկությունների:

5. Կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը կարող է հաշվառվել սույն օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասից տարբերվող հարկային մարմնում, եթե դրանց կողմից իրականացվող գործունեության հարկային հսկողության համար կառավարության որոշումով ստեղծված են մասնագիտացված (ոլորտային) տեսչություններ:

6. Պետական ռեգիստրի կենտրոնական մարմնում պետական գրանցում ստացած կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք հաշվառման են կանգնում իրենց տարածքի հարկային մարմնում (տեսչությունում)՝ ըստ իրենց գտնվելու վայրի կամ ըստ իրենց բնակության վայրի:

(7-րդ հոդվածը լրաց. 22.12.10 ՀՕ-278-Ն)

 

Հոդված 8.

Հարկային հաշվառման կանգնելու համար ներկայացվող փաստաթղթերը

 

1. Պետական գրանցում ստացած (կանոնները գրանցած) կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք հարկային մարմնում հաշվառման կանգնելու և հարկ վճարողի հաշվառման համար ստանալու համար հարկային մարմին են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝

1) կազմակերպությունների հաշվառման դեպքում`

ա. պետական գրանցման վկայականի պատճենը,

բ. տնօրենի կողմից լրացված՝ ՀՎՀՀ-ի տրամադրման դիմում.

2) անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման դեպքում՝

ա. պետական գրանցման վկայականի պատճենը,

բ. անձնագրի և սոցիալական քարտի (առկայության դեպքում) պատճենները,

գ. անհատ ձեռնարկատիրոջ կողմից լրացված՝ ՀՎՀՀ-ի տրամադրման դիմում.

3) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հաշվառման դեպքում՝

ա. անձնագրի և սոցիալական քարտի (առկայության դեպքում) պատճենները,

բ. ֆիզիկական անձի կողմից լրացված՝ ՀՎՀՀ-ի տրամադրման դիմում:

2. Սույն հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերում նշված՝ ՀՎՀՀ-ի տրամադրման դիմումի ձևը և դրանում լրացման ենթակա տվյալների ցանկը սահմանում է կառավարությունը:

(8-րդ հոդվածը լրաց. 22.12.10 ՀՕ-278-Ն)

 

Հոդված 9.

Հարկ վճարողի վերաբերյալ տվյալների փոփոխության մասին տեղեկություններ ներկայացնելը

 

Սույն օրենքի 8-րդ հոդվածում նշված դիմումում հարկ վճարողից պահանջվող տվյալների փոփոխության դեպքում հարկ վճարողը պարտավոր է այդ մասին գրավոր տեղյակ պահել իրենց սպասարկող հարկային մարմին՝ փոփոխությունների տեղի ունենալուց հետո՝ հաշվարկների, հաշվետվությունների առաջիկա ներկայացման հետ միաժամանակ:

 

Հոդված 10.

Հարկային հաշվառման վերցնելը

 

1. Հարկային մարմինը հարկ վճարողների կողմից սույն օրենքի 8-րդ հոդվածով սահմանված բոլոր փաստաթղթերն ստանալուց հետո ոչ ուշ, քան հաջորդ աշխատանքային օրը կազմակերպություններին և ֆիզիկական անձանց հաշվառում, տրամադրում է հարկ վճարողի հաշվառման համար և հարկ վճարողի հաշվառման վկայական:

2. Հարկային մարմնում հարկ վճարողներին հաշվառման վերցնելուց և հարկ վճարողի հաշվառման համար տրամադրելուց հետո նրանց տրամադրվում է հաշվառման վկայական, որի ձևաթուղթը և դրանում պարունակվող տեղեկությունների ցանկը սահմանում է կառավարությունը:

3. Հարկային մարմնում ստուգվում է ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունն օրենքների պահանջներին: Նմուշային ձևեր ներկայացնելու դեպքում ստուգվում է միայն լրացված տեղեկությունների լիարժեքությունը և ճշտությունը:

4. Փաստաթղթերի ստուգումից հետո հարկ վճարողի հարկային հաշվառումը կասեցնելու հիմքեր չհայտնաբերելու դեպքում հարկային մարմնի ղեկավարը տրամադրում է հարկ վճարողի հաշվառման համարը, գրանցում է անհրաժեշտ տեղեկություններ հարկային հաշվառման ռեեստրում և հարկ վճարողին տրամադրում է հարկային հաշվառման վկայական:

(10-րդ հոդվածը փոփ. 08.12.10 ՀՕ-193-Ն)

 

Հոդված 11.

Հարկային հաշվառման կասեցումը

 

1. Հարկ վճարողների կողմից ներկայացված՝ հաշվառման կանգնելու մասին դիմումի ընթացքը կարող է կասեցվել հետևյալ հիմքերի առկայության դեպքում՝

1) եթե ներկայացված փաստաթղթերն ամբողջական չեն, լրացված են թերի կամ խախտումներով, չեն համապատասխանում սույն օրենքի 8-րդ հոդվածով սահմանված փաստաթղթերի ցանկին.

2) ներկայացված տեղեկություններում առկա են անճշտություններ կամ ներառված են կեղծ տվյալներ կազմակերպության կամ ֆիզիկական անձի (այդ թվում՝ անհատ ձեռնարկատիրոջ) վերաբերյալ:

2. Եթե հարկ վճարողի կողմից հաշվառման կանգնելու դիմումը ներկայացվել է ոչ այն հարկային մարմին, ապա դիմումն ստացած հարկային մարմինը ոչ ուշ, քան դիմումի ներկայացման հաջորդ աշխատանքային օրն այն վերահասցեագրում է իրավասու հարկային մարմին` այդ մասին ծանուցելով դիմողին:

3. Սույն հոդվածի 1-ին մասում բերված հիմքերով հաշվառման կանգնելու մասին հարկ վճարողների կողմից ներկայացված դիմումի ընթացքի կասեցման վերաբերյալ հարկ վճարողին գրավոր տեղյակ է պահվում դիմումն ստանալուց հետո` հաջորդ աշխատանքային օրը:

4. Հաշվառման կանգնելու մասին հարկ վճարողի դիմումի ընթացքի կասեցման հիմքերի վերաբերյալ դիմողին տեղյակ պահելուց հետո սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետի ընթացքը կասեցվում է մինչև դիմումի կասեցման հիմքերի վերացումը:

 

Հոդված 12.

Հարկ վճարողներին հաշվառումից հանելը

 

1. Օրենքով սահմանված դեպքերում կազմակերպությունները լուծարման (անհատ ձեռնարկատերերը` գործունեության դադարեցման) գործընթաց սկսելու մասին պետական ռեգիստրի մարմին դիմում ներկայացնելուց հետո՝ 15-օրյա ժամկետում, իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում`

1) դիմում.

2) պետական ռեգիստրի համապատասխան տարածքային ստորաբաժանման (հասարակական միավորումների և ոչ առևտրային կազմակերպությունների միությունների դեպքում` պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի) կողմից պետական գրանցամատյանում իրավաբանական անձի լուծարման (անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցման) գործընթացում գտնվելու մասին պետական գրանցման վկայականի հերթական ներդիրի պատճենը:

2. Լուծարվելու (գործունեությունը դադարեցնելու) վերաբերյալ հարկ վճարողի դիմումի համաձայն հարկային մարմինը լուծարային ստուգումն սկսում է հարկ վճարողից դիմումը և լուծարային հաշվարկները, հաշվետվությունները, հաշվեկշիռն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում:

3. Օրենքով սահմանված կարգով հարկ վճարողների մոտ իրականացված լուծարային ստուգման արդյունքներով հարկ վճարողներին տրամադրվում է տեղեկանք պետական բյուջեի հանդեպ հարկային (այդ թվում՝ հարկային մարմնի կողմից գանձվող պարտադիր այլ վճարների) պարտավորությունների վերաբերյալ:

4. Կազմակերպությունը համարվում է հանված հարկային հաշվառումից՝ այդ մասին հարկային մարմնում հաշվառված կազմակերպությունների վերաբերյալ տվյալների միասնական ռեեստրում համապատասխան գրառում կատարելու պահից:

5. Ֆիզիկական անձը համարվում է հանված հարկային հաշվառումից՝ այդ մասին հարկային մարմնում հաշվառված անհատ ձեռնարկատերերի և անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկային հաշվառման միասնական ռեեստրում համապատասխան գրառում կատարելու պահից:

6. Ֆիզիկական անձի մահվան դեպքում հարկային մարմինը սահմանված կարգով նրան հանում է հարկային հաշվառումից:

7. Պետական բյուջեի հանդեպ հարկային (այդ թվում՝ հարկային մարմնի կողմից գանձվող պարտադիր այլ վճարների) պարտավորությունների բացակայության վերաբերյալ տեղեկանքի ձևը, տրամադրման կարգը և ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության հարկային մարմնի ղեկավարը:

(12-րդ հոդվածը փոփ. 08.12.10 ՀՕ-193-Ն) 

 

Հոդված 13.

Հարկային մարմնում հարկ վճարողների հաշվառման փաստաթղթերի պահպանումը

 

1. Հարկային մարմնում պահպանվում են բոլոր կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի հաշվառման վերցնելու, ՀՎՀՀ-ների տրամադրման և նրանց հետագա հաշվառման վերաբերյալ փաստաթղթերը:

2. Կազմակերպության լուծարման, անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցման դեպքում նրանց արխիվային գործերը ենթակա են պահպանման հարկային մարմնի արխիվում 5 տարի, որից հետո սահմանված կարգով հանձնվում են պետական արխիվ:

3. Կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկային հաշվառման փաստաթղթերի պահպանման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության վերադաս հարկային մարմնի ղեկավարը:

 

Հոդված 14.

Հարկային հաշվառման վերցնելու կամ հաշվառումից հանելու դիմումի կասեցման բողոքարկումը

 

Հարկային հաշվառման վերցնելը կամ հարկային հաշվառումից հանելն անհիմն կասեցնելու դեպքում հարկային մարմնի պաշտոնատար անձանց գործողությունները կարող են բողոքարկվել հարկային այն մարմին, որին անմիջականորեն ենթակա են նրանք: Բողոքները հարկային մարմնի կողմից քննության են առնվում և դրանց մասին որոշումներ են ընդունվում ոչ ուշ, քան բողոքն ստացվելու օրվանից հետո՝ 3 օրվա ընթացքում: Ընդունված որոշումները կարող են բողոքարկվել վերադաս հարկային մարմին բողոքարկողի կողմից որոշման կրկնօրինակն ստանալու օրվանից հետո՝ մեկամսյա ժամկետում, կամ անմիջապես դատարան:

 

Հոդված 15.

Սույն օրենքի պահանջները խախտելու համար պատասխանատվությունը

 

Սույն օրենքի պահանջների խախտումն առաջացնում է պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 16.

Սույն օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2007 թ. հոկտեմբերի 29
Երևան
ՀՕ-215-Ն

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան