ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 մարտի 2025 թվականի N 293-Ն
ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՓՈՐՁԱՆՄՈՒՇՆԵՐԻ, ԼՐԱՄԱՍԵՐԻ ԵՎ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ժե» ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ռազմական կարիքների համար փորձանմուշների, լրամասերի և բաղադրիչների ֆինանսավորման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
13.03.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2025 թվականի մարտի 13-ի N 293-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՓՈՐՁԱՆՄՈՒՇՆԵՐԻ, ԼՐԱՄԱՍԵՐԻ ԵՎ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում է ոչ պետական միջոցներով ստեղծված ռազմական կամ երկակի նշանակության ապրանքի փորձանմուշների, լրամասերի և բաղադրիչների պետական փորձարկումների իրականացման համար անհրաժեշտ քանակության ապահովման նպատակով փորձանմուշների պատրաստման աշխատանքների (այսուհետ՝ ՓՊԱ) ֆինանսավորմանն առնչվող հարաբերությունները:
2. ՓՊԱ ձևավորման հիմք են հանդիսանում ռազմական կամ երկակի նշանակության ապրանքների մշակմամբ զբաղվող սուբյեկտների (այսուհետ՝ կատարող) կողմից ներկայացված ՓՊԱ հայտերը:
3. Կատարողները ՓՊԱ հայտերը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեին (այսուհետ` կոմիտե) են ներկայացնում համաձայն N 1 ձևի։ Այն դեպքում, երբ հայտի մասով դեռևս ներկայացման փուլում արդեն առկա է պետական կառավարման համակարգի որևէ մարմնի կողմից որպես փորձանմուշի մասով հավանական պատվիրատու հանդիսանալու վերաբերյալ դիրքորոշում, ապա ներկայացվում է նաև այդ դիրքորոշումը։
4. Հայտի հետ միաժամանակ կատարողը կոմիտեի ուսումնասիրմանն է ներկայացնում ՓՊԱ իրականացման համար մեկ նմուշի (կամ լրակազմի) մասով գնառաջարկ (լրացվում է համաձայն Կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 22-ի N 1355-Ն որոշմամբ (այսուհետ՝ որոշում) սահմանված նախնական գնահաշվարկին առաջադրվող ձևի, այն բացառությամբ, որ գնառաջարկը, իսկ հետագայում նաև ՓՊԱ իրականացման նախնական և փաստացի գնահաշվարկները շահույթ չպետք է նախատեսեն)։
5. Կոմիտեն 15 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է հայտը և գնառաջարկը, ըստ անհրաժեշտության ներկայացնում առաջարկություններ, դիտողություններ, ձևաչափին չհամապատասխանող հայտերը կամ գնառաջարկը համապատասխան հիմնավորմամբ հետ են վերադարձվում կատարողին՝ շտկելու և կրկին ներկայացնելու համար, իսկ ձևաչափին համապատասխանելու դեպքում փաստաթղթերն ուղարկում է՝
1) շահագրգիռ պետական կառավարման համակարգի մարմիններին՝ ռազմական նշանակության ապրանքի (բաղկացուցիչ մասի) կամ դրա փորձնական նմուշի (փորձանմուշի) վերաբերյալ կարծիք հայտնելու համար: Այն դեպքում, երբ որևէ պետական կառավարման համակարգի մարմնի կողմից որպես փորձանմուշի մասով հավանական պատվիրատու հանդիսանալու վերաբերյալ առկա է դիրքորոշում (որի տրամադրումից չի անցել 6 ամիս), հայտը պետական կառավարման համակարգի մարմիններին կարծիքի չի ուղարկվում.
2) Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն՝ որպես գործընթաց սկսելու վերաբերյալ տեղեկացում.
3) Ազգային անվտանգության ծառայություն՝ կատարողի և նրա աշխատակիցների վերաբերյալ դիրքորոշում ստանալու նպատակով։
6. Շահագրգիռ պետական կառավարման համակարգի մարմինները հայտի արդիականության, փորձանմուշների անհրաժեշտ քանակի վերաբերյալ կարծիքը կոմիտեին ուղարկում են հայտը ստանալու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում` համաձայն N 2 ձևի։
7. Ազգային անվտանգության ծառայությունը հայտի մասով կարծիքը (դիրքորոշումն) ուղարկում է այն ստանալուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում, որը կարող է երկարաձգվել 10 աշխատանքային օրով՝ լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու անհրաժեշտության դեպքում։ Ազգային անվտանգության ծառայության կողմից կատարողի վերաբերյալ բացասական դիրքորոշում ներկայացնելու դեպքում՝ հայտը մերժվում է, իսկ դիրքորոշումը կատարողին չի տրամադրվում։
8. Շահագրգիռ պետական կառավարման համակարգի մարմինների (կամ դրանցից որևէ մեկի) կողմից դրական գնահատված և Ազգային անվտանգության ծառայության կողմից կատարողի վերաբերյալ դրական դիրքորոշում ստանալուց հետո, կոմիտեն, 5 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է կատարողին՝ Կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 8-ի N 920-Ն որոշման համաձայն ռազմարդյունաբերական համալիրի գործունեության սուբյեկտների ամփոփ ցուցակում (այսուհետ՝ ռեեստր) գրանցվելու անհրաժեշտության մասին, եթե կատարողը ռեեստրում գրանցված չէ։
9. Եթե կատարողը գրանցված է ռեեստրում, կամ կատարողի՝ ռեեստրում գրանցվելուց հետո, հայտերը քննարկելու և ընդհանրացնելու նպատակով, կոմիտեի նախաձեռնությամբ 10 աշխատանքային օրվա ընթացքում Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի հրամանով կազմվում է հանձնաժողով, որտեղ ըստ անհրաժեշտության, համաձայնեցմամբ ներգրավվում են պետական կառավարման համակարգի մարմինների ներկայացուցիչներ և ըստ անհրաժեշտության այլ մասնագետներ։
10. Հանձնաժողովը 10 աշխատանքային օրվա ընթացքում հրավիրում է նիստ, քննարկում ներկայացված հայտը և բաց քվեարկությամբ, ընդհանուր ձայների պարզ մեծամասնությամբ հավանություն տալիս դրան կամ մերժում այն, եթե՝
1) փորձարկման ենթակա գույքը տվյալ պահին արդիական չէ.
2) տնտեսական իմաստով գույքի ստեղծման ծախսերը ողջամտորեն արդարացված չեն դրա կիրառելիության նպատակին և լուծելիք խնդիրների կարևորությանը.
3) կատարողի անձնակազմն ակնհայտորեն չունի համապատասխան որակավորում և կամ մասնագիտացում.
4) այլ հիմնավորված ողջամիտ պատճառով։
11. Հանձնաժողովը, իր եզրակացությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է (ներկայացնում) կոմիտեին և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը։
12. Դրական եզրակացությունը ստանալուց հետո, իսկ ռեեստրում դեռևս չգրանցված կատարողների դեպքում՝ ռեեստրում գրանցվելուց հետո կատարողը 10 աշխատանքային օրվա ընթացքում կոմիտեի համաձայնեցմանն է ներկայացնում որոշմամբ սահմանված նախնական գնահաշվարկ:
13. Կոմիտեն 10 աշխատանքային օրվա ընթացքում համաձայնեցնում է գնահաշվարկը, որից հետո պատրաստում Կառավարության որոշման համապատասխան նախագիծ և ներկայացնում Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը։
14. Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի համապատասխան սահմանված ժամկետներում «ՓՊԱ պետական պատվերը հաստատելու մասին» որոշման նախագիծը ներկայացնում է Կառավարության հաստատմանը:
15. Կառավարության որոշումը ստանալու պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում կոմիտեն գնման հայտը գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն՝ գնման գործընթացը կազմակերպելու նպատակով։
16. Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 10 աշխատանքային օրվա ընթացքում կատարողին ներկայացնում է ՓՊԱ գնման պայմանագիր կնքելու առաջարկ։ Պայմանագրով մտավոր սեփականության նկատմամբ իրավունքները չեն փոխանցվում պայմանագրի մյուս կողմին։
17. ՓՊԱ պայմանագրով սահմանված աշխատանքներն ավարտելու և փորձարկման պատրաստ լինելու վերաբերյալ կատարողը կոմիտեին ներկայացնում է ծանուցագիր:
18. Փորձանմուշի փորձարկումներն իրականացվում են «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
19. Փորձարկումների ավարտի վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը հանձնաժողովից ստանալուց հետո կոմիտեն 2 աշխատանքային օրվա ընթացքում դրանք ուղարկում է կատարողին։
20. Կատարողը, 10 աշխատանքային օրվա ընթացքում, որոշմամբ սահմանված կարգով կոմիտեին ներկայացնում է իրականացված ՓՊԱ մասով փաստացի գնահաշվարկ։
21. Կոմիտեն որոշմամբ սահմանված ժամկետում ուսումնասիրում և համաձայնեցնում է փաստացի գնահաշվարկը կամ հետ է ուղարկում ուղղման:
22. ՓՊԱ պայմանագրի ավարտից հետո, անհրաժեշտության դեպքում, կոմիտեի նախագահի հրամանով ձևավորվում է աշխատանքային խումբ, որն ուսումնասիրում է ավարտված պայմանագրի կատարման ընթացքում պետական միջոցների հաշվին ձեռք բերված այլ ապրանքների, գույքերի փաստացի առկայությունը և աշխատանքներն ավարտելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում դրանց մասով ներկայացնում առաջարկություն Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն՝ գույքի հետագա տնօրինման ուղղությունների մասով:
Ձև N 1
1. Հ Ա Յ Տ
ՓՈՐՁԱՆՄՈՒՇՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ
Կատարողի ընդհանուր տվյալները |
Անվանումը |
|
Իրավաբանական գրանցման հասցեն |
|
Գործունեության հասցեն |
|
ՀՎՀՀ/ ՀԾՀ (ֆիզ.անձի դեպքում) |
|
Պետական ռեգիստրի գրանցման համարը/անձնագիրը (ֆիզ.անձի դեպքում) |
|
Հեռախոսահամարը |
|
Էլեկտրոնային փոստի հասցեն |
|
Ղեկավարի Ա. Ա. Հ. |
ՓՊԱ անվանումը |
|
Կատարման ժամկետը (ամիսներով) |
|
Փորձանմուշների առկա քանակը |
|
Փորձանմուշների կանխատեսվող քանակը |
|
1 միավորի (լրակազմի) առաջարկվող գինը |
|
Ֆինանսավորման կանխատեսվող գումարը |
Կատարողի աշխատակիցների վերաբերյալ տվյալները |
Ազգանուն, անուն, հայրանուն |
|
ՀԾՀ |
|
Ծննդյան ամսաթիվը և ծննդավայրը |
|
Կրթությունը (ԲՈՒՀ, մասնագիտություն) |
|
Պաշտոնը |
|
Հեռախոսահամարը |
|
Էլեկտրոնային փոստի հասցեն |
Նախագծի ֆինանսական գծով պատասխանատուի տվյալները |
Ազգանուն, անուն, հայրանուն |
|
ՀԾՀ |
|
Պաշտոնը |
|
Հեռախոսահամարը |
|
Էլեկտրոնային փոստի հասցեն |
2. ՆԱԽԱԳԾԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
2.1․ Նախագծի`
1. Նկարագրությունը
2. Ակնկալվող արդյունքները
3. Կիրառության բնագավառները և նպատակները
4. Առկա և անհրաժեշտ նյութական ռեսուրսները
2.2․ Տեխնիկական բնութագիրը
2․3 Սերիական արտադրության դեպքում միավոր ապրանքի կողմնորոշիչ գնային միջակայք՝ կախված արտադրության ծավալներից։
2․4․ Պետական փորձարկումների ծրագիր և մեթոդիկա (առկայության դեպքում)
3. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ (ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ) ՄԱՍԻՆ*
NN ը/կ |
Հաստիքի (պաշտոնի, գործառույթի) անվանումը |
Քանակը |
Նախագծի շրջանակներում կատարողի կողմից իրականացվող աշխատանքների բնույթը |
*Անհրաժեշտ է ներկայացնել նախագծի բոլոր մասնակիցների (կատարողների) ինքնակենսագրականները (CV): Եթե հետագայում ներգրավելու են այլ աշխատակիցներ, ապա նշել թափուր հաստիքները համալրելու կանխատեսումով։
Ձև N 2
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՓՊԱ ՀԱՅՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Շահագրգիռ պետական կառավարման համակարգի մարմինները ՓՊԱ հայտի մասով եզրակացություն ներկայացնելիս անդրադառնում են հետևյալ հարցերին՝
1. ՓՊԱ արդիականության վերաբերյալ՝
1) արդյո՞ք ներկայացվող փորձանմուշն արդիական է ներկայացման դրությամբ.
2) արդյո՞ք փորձանմուշը կշարունակի արդիական մնալ նախատեսված ժամանակահատվածներում արտադրվելուց հետո:
2. ՓՊԱ փորձարկման իրատեսության վերաբերյալ՝
1) ի՞նչ քանակությամբ փորձանմուշ է անհրաժեշտ պետական փորձարկման համար.
2) արդյո՞ք ներկայացված փորձանմուշի փորձարկման համար անհրաժեշտ և վերաբերելի պահանջվող միջոցները կարող են տրամադրվել, թե՝ ոչ։
3. ՓՊԱ մասով պատվիրատու հանդիսանալու վերաբերյալ՝
1) արդյո՞ք փորձանմուշի պետական փորձարկման դրական արդյունքի դեպքում պետական կառավարման համակարգի մարմինը կհանդիսանա սերիական արտադրության հավանական պատվիրատու։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
13.03.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 մարտի 2025 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|