Գլխավոր տեղեկություն
Համար
N 255-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (07.03.2025-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.03.03-2025.03.16 Պաշտոնական հրապարակման օրը 06.03.2025
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.03.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.03.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.03.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 մարտի 2025 թվականի N 255-Ա

 

«ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐՈՎ ՀԱՎԱՍՏՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄՐՑՈՒՅԹԻ ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՓՈՒԼ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 954-959-րդ հոդվածներով, «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 7-ի N 515-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 2-րդ, 4-րդ և 9-րդ կետերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Ստեփանավանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության (գտնվելու վայրը՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, ք. Ստեփանավան, Սուրբ Վարդանի 1) Հայաստանի Հանրապետության 100 տոկոս սեփականությունը հանդիսացող 14656 հատ հասարակ (սովորական) անվանական բաժնետոմսերով հավաստված իրավունքները (մեկ բաժնետոմսի անվանական արժեքը կազմում է 10,000 դրամ) մրցութային եղանակով հանձնել հավատարմագրային կառավարման 25 (քսանհինգ) տարի ժամկետով:

2. «Ստեփանավանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ ընկերություն) ակտիվների հաշվեկշռային արժեքը 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմում է 256,625.0 հազ. դրամ, իսկ ընթացիկ և ոչ ընթացիկ պարտավորությունների հաշվեկշռային արժեքը՝ 129,645.0 հազ. դրամ:

3. Սահմանել հավատարմագրային կառավարման ներկայացվող նվազագույն պահանջները, որոնց համաձայն hավատարմագրային կառավարիչը պարտավոր է ապահովել հետևյալ ֆինանսական ցուցանիշները՝

1) ակտիվների շահութաբերությունը (ROA) պետք է մեծ կամ հավասար լինի 2%-ի.

2) սեփական կապիտալի շահութաբերությունը (ROE) պետք է մեծ կամ հավասար լինի 3%-ի.

3) ծախսերի վերականգնման ցուցանիշը (cost recovery) պետք է մեծ կամ հավասար լինի 1.3-ի.

4) պարտավորություններ/ ակտիվներ (Debt to Assets) հարաբերակցությունը պետք է փոքր կամ հավասար լինի 60%-ի․

5) պարտավորություններ/ սեփական կապիտալ (Debt to Equity) հարաբերակցությունը պետք է փոքր կամ հավասար լինի 1.2-ի.

6) պարտավորություններ/ EBITDA հարաբերակցության ցուցանիշը պետք է փոքր կամ հավասար լինի 3.5-ի.

7) տոկոսների ծածկման ցուցանիշը (interest coverage) պետք է մեծ կամ հավասար լինի 1.3-ի.

8) դրամական միջոցներով տոկոսների ծածկման ցուցանիշը (cash interest coverage) պետք է մեծ կամ հավասար լինի 1.5-ի.

9) պարտավորությունների ծածկման ցուցանիշը (Debt Coverage) պետք է մեծ կամ հավասար լինի 0.4-ի:

4. Հաստատել՝

1) մրցութային հանձնաժողովի կառուցվածքը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) նախաորակավորվող մասնակիցների նկատմամբ չափանիշները և նախաորակավորման գնահատման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի։

5. Մրցութային ընթացակարգը, նախաորակավորմանը և կառավարմանը ներկայացվող հնարավոր հավելյալ պահանջները, նախաորակավորման գնահատման չափանիշների կշիռները սահմանվում են մրցութային հանձնաժողովի կողմից։

6. Նախաորակավորման և առաջարկի հայտերի գնահատման նպատակով՝ անհրաժեշտության դեպքում մրցութային հանձնաժողովը կարող է անվճար հիմունքներով, առանց ձայնի իրավունքի՝ մրցութային հանձնաժողովի աշխատանքներում ներգրավել մասնագիտացած խորհրդատուների և համապատասխան ոլորտի փորձագետների (համաձայնությամբ)։

7. Սահմանել, որ հավատարմագրային կառավարչին են փոխանցվում «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 84-րդ հոդվածով սահմանված բաժնետիրական ընկերության տնօրենների խորհրդի իրավասությունները, բացառությամբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 7-ի N 515-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 36-րդ կետով նախատեսված սահմանափակումների, ինչպես նաև հավատարմագրային կառավարիչն իրավունք չունի առանց Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի համաձայնության օտարելու կամ գրավ դնելու ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող անշարժ և շարժական գույքը:

8. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 20-օրյա ժամկետում սահմանել մրցութային հանձնաժողովի անհատական կազմը.

2) մրցութային հանձնաժողովի անհատական կազմը սահմանելուց հետո 3-ամսյա ժամկետում՝ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպել և անցկացնել ընկերության Հայաստանի Հանրապետության 100 տոկոս սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման հանձնելու մրցույթի նախաորակավորման փուլը.

3) մրցութային գործընթացի նախաորակավորման փուլը կայանալու դեպքում՝ մրցութային հանձնաժողովի կողմից նախաորակավորված մասնակիցների ցուցակ կազմելու և բաց բանակցությունների արդյունքների մասին արձանագրությունը ստորագրելուց հետո 2-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման համապատասխան նախագիծ՝ մրցույթի առաջարկի փուլի կազմակերպման և անցկացման, նախաորակավորման փուլի արդյունքում ձևավորված հավատարմագրային կառավարման նվազագույն պայմանների, մրցույթի հաղթողի ընտրության պայմանների և սկզբունքների, հավատարմագրային կառավարչին ներկայացվող պարտադիր պահանջների վերաբերյալ։

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

06.03.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2025 թվականի

մարտի 6-ի N 255-Ա որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

1. Առողջապահության նախարարություն - 1 անդամ՝ հանձնաժողովի նախագահ

2. Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն - 1անդամ

3. Ֆինանսների նախարարություն - 1 անդամ

4. Էկոնոմիկայի նախարարություն - 1 անդամ

5. Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե - 1 անդամ

6. Լոռու մարզի Ստեփանավան համայնք - 1 անդամ

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

06.03.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2025 թվականի

մարտի 6-ի N 255-Ա որոշման

 

ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Մրցույթի նախաորակավորման մասնակիցների նկատմամբ չափանիշներ՝

1) Մրցույթի նախաորակավորման փուլի մասնակիցը՝

ա. պետք է ունենա առնվազն 3 տարվա առողջապահական կազմակերպության կառավարման գործունեություն (փորձ), ընդ որում՝ վերջինիս տարեկան շրջանառությունն առնվազն պետք է լինի «Ստեփանավանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տարեկան շրջանառության չափով,

բ. վերջին երեք տարիների համար չունենա վարկային ժամկետանց պարտավորություն,

գ. պետք է ունենա տեխնիկական միջոցներ, ֆինանսական միջոցներ, աշխատանքային ռեսուրսներ.

2) Մրցույթի նախաորակավորման փուլին մասնակցելու իրավունք չունեն այն անձինք՝

ա. որոնց գործադիր մարմնի ներկայացուցչի (անհատ ձեռնարկատիրոջ) վերաբերյալ առկա է անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկվելու վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած վճիռ կամ դատավճիռ,

բ. դատական կարգով ճանաչվել են սնանկ,

գ. ունեն ժամկետանց պարտքեր Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ,

դ. գործադիր մարմնի ներկայացուցիչը (անհատ ձեռնարկատերը) նախորդող երեք տարիների ընթացքում դատապարտված է եղել տնտեսական գործունեության կամ պետական ծառայության դեմ ուղղված հանցագործության համար, բացառությամբ այն դեպքերի, երբ դատվածությունն օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված է.

3) Մրցույթի նախաորակավորման փուլին չեն կարող մասնակցել միևնույն անձի (անձանց) կողմից հիմնադրված կամ ավելի քան հիսուն տոկոս միևնույն անձին (անձանց) պատկանող բաժնեմաս ունեցող կազմակերպությունները:

2. Մրցույթի նախաորակավորման գնահատման կարգ՝

1) Նախաորակավորման հայտարարությամբ սահմանված կարգով գնահատվում է մասնակցի հայտը` մրցույթին մասնակցելու իրավունքը և որակավորումը, կազմվում է նախաորակավորված մասնակիցների ցուցակ.

2) մրցութային գործընթացին հետագա մասնակցության իրավունք են ստանում նախաորակավորված մասնակիցները:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

06.03.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 մարտի 2025 թվական: