ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 մարտի 2025 թվականի N 249-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 956-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունիսի 20-ի «Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների՝ պետական սեփականություն դարձած նվերների տնօրինման կարգը, գույքի տնօրինման եղանակների ընտրության մեթոդաբանությունը, առանձին տեսակի գույքի տնօրինման առանձնահատկությունները, տնօրինման եղանակի վերաբերյալ «Պետական արարողակարգի մասին» օրենքով սահմանված եզրակացության տրամադրման կարգը, շուտ փչացող և պահպանման էական ծախսեր պահանջող գույքերի ցանկը, շուտ փչացող գույքի ոչնչացման դեպքերը, կարգը և տնօրինման եղանակները սահմանելու մասին» N 956-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) N 1 հավելվածում՝
1) ուժը կորցրած ճանաչել 3-րդ կետի 5-րդ ենթակետը.
2) 3-րդ կետի 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գույքը հրապարակային սակարկություններով իրացնելու կամ նվիրաբերելու մասին.».
3) 5-րդ կետում «մեկ» բառը փոխարինել «չորս» բառով.
4) 6-րդ կետից հանել «սույն որոշման N 4 հավելվածով սահմանված շուտ փչացող գույքերը,» բառերը.
5) 8-րդ կետում՝
ա. «անհապաղ, բայց ոչ ուշ, քան գույքը կոմիտեին հանձնվելուն հաջորդող օրը,» բառերը փոխարինել «գույքը կոմիտեին հանձնվելուց հետո չորս աշխատանքային օրվա ընթացքում» բառերով,
բ. ուժը կորցրած ճանաչել 1-ին ենթակետը.
6) 11-րդ կետում «անհապաղ, բայց ոչ ուշ, քան դիմումն ստանալուն հաջորդող օրը,» բառերը փոխարինել «երկու աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.
7) 12-րդ կետում «անմիջապես» բառը փոխարինել «մեկ աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.
8) 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«14. «Պետական արարողակարգի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետով սահմանված գույքը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից սահմանված կարգով կոմիտեին հանձնվելուց հետո ծառայությունը քառօրյա ժամկետում կոմիտեին է ներկայացնում գույքի տնօրինման վերաբերյալ եզրակացություն:».
9) 15-րդ կետում « հանձնվելու օրվան հաջորդող յոթերորդ աշխատանքային օրը՝» բառերը փոխարինել «հանձնվելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում» բառերով.
10) 16-րդ կետը «դիմումն ստացվելու օրվան հաջորդող» բառերից հետո լրացնել «երրորդ աշխատանքային» բառերով.
11) 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«22. Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների պետական սեփականություն հանդիսացող նվերները հանձնելու հետ միաժամանակ նվերն ստացած պետական մարմինը կոմիտեին է ներկայացնում նվերի տնօրինման եղանակի վերաբերյալ առաջարկություն: «Պետական արարողակարգի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետով սահմանված գույքը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից սահմանված կարգով կոմիտեին հանձնելուն զուգահեռ նվերն ստացած պետական մարմինը ծառայությանն է ներկայացնում նվերի տնօրինման եղանակի վերաբերյալ առաջարկություն:».
12) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 25-րդ, 26-րդ և 27-րդ կետերով.
«25. Սույն հավելվածով նախատեսված կարգավորումները չեն տարածվում հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների կողմից օրենքի 29-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա պետության սեփականություն դարձած և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից սահմանված կարգով պետությանը հանձնված սննդամթերք հանդիսացող նվերների տնօրինման և դրանից բխող գործողությունների իրականացման հետ կապված հարաբերությունների վրա:
26. Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից սահմանված կարգով հանձնված՝ պետական սեփականություն դարձած սույն հավելվածի 25-րդ կետով նախատեսված նվերը պետական սեփականություն համարվելու և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից սահմանված կարգով կոմիտեին հանձնվելու օրվանից հետո անհապաղ, բայց ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում կոմիտեն այն ի պահ է հանձնում նվերն ստացած հանրային պաշտոններ և հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց կամ պետական մարմնին՝ մինչև սույն հավելվածի 27-րդ կետով սահմանված որոշման կայացումը:
27. Կոմիտեն «Հանրային ծառայության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա պետության սեփականություն դարձած և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից սահմանված կարգով պետությանը հանձնված՝ սույն հավելվածի 25-րդ կետով նախատեսված նվերների տնօրինման նպատակով 5-օրյա ժամկետում կայացնում է սույն հավելվածի 3-րդ կետի 1-ին (բացառությամբ գույքը նվեր ստացած հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողի օգտագործմանը որոշակի ժամկետով, սակայն ոչ ավելի, քան մինչև վերջինիս պաշտոնից ազատվելը կամ ծառայությունը դադարեցնելը թողնելու մասին որոշման), 3-6-րդ ենթակետերով նախատեսված որոշումներից մեկը:»:
2. Որոշման N 2 հավելվածի 37-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«37. Անհրաժեշտության դեպքում՝ գույքի տնօրինման եղանակի վերաբերյալ եզրակացություն կազմելու համար ծառայությունը սույն որոշման N 1 հավելվածով սահմանված կարգով դիմում է սույն որոշման 4-րդ կետով սահմանված՝ տվյալ գույքի առնչությամբ լիազոր մարմնին՝ գույքի տնօրինման եղանակի վերաբերյալ եզրակացություն կազմելու նպատակով մասնագիտական խորհրդատվություն ստանալու համար:»:
3. Որոշման N 1 հավելվածի 12-րդ, N 2 հավելվածի 39-րդ, N 3 հավելվածի 2-րդ կետերում «գլխավոր քարտուղարը կամ այլ հավասարազոր պաշտոնատար անձը» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «գլխավոր քարտուղարը (այլ հավասարազոր պաշտոն զբաղեցնող անձը), Հանրապետության նախագահի և վարչապետի աշխատակազմում՝ աշխատակազմի գործերի կառավարիչը կամ լիազորված այլ պաշտոնատար անձը, Ազգային ժողովի աշխատակազմում՝ աշխատակազմի վարչատնտեսական վարչության պետը կամ լիազորված այլ պաշտոնատար անձը» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով։
4. Ուժը կորցրած ճանաչել որոշման N 4 հավելվածի 1-ին կետի 1-ին ենթակետը:
5. Որոշման «Ձև 1»-ից հանել «հետևյալ պատճառաբանությամբ» տողը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
06.03.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 մարտի 2025 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|