ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 495-Ա |
«18» փետրվարի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀՈՂԱՄԱՍԵՐ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «Հայաստանի ամերիկյան համալսարան» կորպորացիայի լիազորված անձ Գերասիմ Կարապետյանի դիմումը՝ Սոսեի փողոցի հ.32-38 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով «Հայաստանի ամերիկյան համալսարան» կորպորացիային պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.06052024-01-0217 վկայական) հողամասին կից՝ հողամասերը որպես ընդլայնում, կառուցապատման նպատակով, ուղղակի վաճառքի միջոցով տրամադրելու մասին:
Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ ընդլայնման նպատակով, լրացուցիչ տրամադրման համար քննարկվող հողամասերի փաստացի մակերեսները կազմում են 1,86քմ և 31,42քմ, որոնց ուրվագծային չափերն ու դիրքը թույլ չեն տալիս, որ դրանք դառնան առանձին հրապարակային սակարկությունների առարկա և համապատասխանում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի հ.550-Ն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետին, այն է՝ օտարվող հողամասերը արտաքին պարագծով առնվազն 60 տոկոսով պարփակված են ընդլայնվող հողամասով:
Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ հողամասերը գտնվում են բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գոտում։
Քննարկվող հողամասերն ընդգրկված չեն հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն գտնվում են Երևան քաղաքի հողերի տարածագնահատման համաձայնեցված սխեմայի 4-րդ գոտում /ծածկագրեր՝ 01-003-0113-0335 և 01-003-0113-0336, Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի h.259-Ն որոշում, տող՝ 3 և 4/:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ, հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի հ.550-Ն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ, Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի հ.259-Ն որոշման հավելվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության Դ-141754-24 և Ն/1960-25 եզրակացությունները.
1. Սահմանել, որ համայնքային սեփականություն հանդիսացող, Սոսեի փողոցի հ.32-38 հասցեին կից հողամասերի մակերեսները կազմում են 1.86քմ և 31.42քմ:
2. Հողամասերի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծերով։
3. Սոսեի փողոցի հ.32-38 հասցեին կից՝ 1.86քմ և 31.42քմ մակերեսներով հողամասերին տրամադրել «Սոսեի փողոց, հ.32/3» և «Սոսեի փողոց, հ.32/4» հասցեները:
4. Սոսեի փողոցի հ.32-38 հասցեում գտնվող, «Հայաստանի ամերիկյան համալսարան» կորպորացիային սեփականության իրավունքով պատկանող հողամասին կից՝ 1.86քմ և 31.42քմ մակերեսով հողամասերը, Երևան համայնքի անվամբ գրանցելուց հետո, որպես ընդլայնում, կառուցապատման նպատակով, սեփականության իրավունքով ուղղակի վաճառքի միջոցով օտարել (վաճառել) «Հայաստանի ամերիկյան համալսարան» կորպորացիային` որոշման ընդունման պահին գործող տարածագնահատման 4-րդ գոտու շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով, որը կազմում է 3 016 100 (երեք միլիոն տասնվեց հազար հարյուր) ՀՀ դրամ և փոխանցել Երևանի քաղաքապետարանի 900015211320 հաշվեհամարին (հողի օտարումից եկամուտներ):
5. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին.
1) ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերի նկատմամբ Երևան համայնքի անվամբ պետական գրանցման աշխատանքները.
2) հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի վճարումը և տեղական վճարը հավաստող փաստաթղթերը ներկայացնելուց և Երևան համայնքի անվամբ իրավունքի պետական գրանցում կատարելուց հետո, երեք աշխատանքային օրվա ընթացքում, Երևանի քաղաքապետի անունից, «Հայաստանի ամերիկյան համալսարան» կորպորացիայի հետ կնքել հողամասերի առուվաճառքի պայմանագիր:
6. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին՝ որոշման հիման վրա տրամադրված անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը երեք աշխատանքային օրվա ընթացքում առաքել ՀՀ կադաստրի կոմիտե և Հայաստանի Հանրապետության ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան բաժին, Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին:
7 Սահմանել, որ սույն որոշման ընդունման պահից հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը հողամասը ձեռք բերողի կողմից 15‑օրյա ժամկետում չվճարվելու դեպքում՝ որոշման 4-րդ կետը համարվում է ուժը կորցրած:
8. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշումից բխող բոլոր գույքային իրավունքների պետական գրանցման, հողամասի հատակագծի հաստատման, հասցեի տրամադրման, պայմանագրի նոտարական վավերացման, ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված միասնական տեղեկանք ստանալու համար ծախսերը և այլ անհրաժեշտ վճարումներն իրականացվում են «Հայաստանի ամերիկյան համալսարան» կորպորացիայի միջոցների հաշվին:
9. Ընդունել ի գիտություն, որ առուվաճառքի պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից ծագող իրավունքը՝ պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում՝ համաձայն կից ներկայացվող նախագծման թույլտվության /ճարտարապետահատակագծային առաջադրանքի/:
10. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
11. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա:
12. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ՝ Ա.Փամբուխչյանը:
Տ. Ավինյան |
