Գլխավոր տեղեկություն
Համար
N 382
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (-23.01.1993)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1992/6-7, հունիս, հուլիս 1992
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.06.1992
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնակատար

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հունիսի 1992 թ. N 382

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հիդրոօդերևութաբանության վարչության կանոնադրությունը (կցվում է):

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հիդրոօդերևութաբանության վարչությանն ունենալու վարչության պետի աշխատողների աշխատանքի վարձատրության ֆոնդը` տարեկան 500,9 հազ. ռուբլի (ներառյալ 65 տոկոսը):

3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հիդրոօդերևութաբանության վարչությանն ունենալու վարչության պետի մեկ տեղակալ և 7 անդամից բաղկացած կոլեգիա:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հիդրոօդերևութաբանության վարչության ենթակայությանը հանձնել նախկին ԽՍՀՄ հիդրոմետին ենթակա հիդրոօդերևութաբանության և էկոլոգիայի գիտակիրառական կենտրոնը և հիդրոօդերևութաբանական պրոցեսների վրա ակտիվ ներգործության ռազմականացված ծառայությունը:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՔՈԹԱՆՅԱՆ 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ կառավարության 1992 թ.
հունիսի 30-ի N 382 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հիդրոօդերևութաբանության վարչությունը (հիդրոօդերևութաբանության վարչություն) հանրապետական մարմին է, ենթարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը և պատասխանատվություն է կրում վարչության վրա դրված խնդիրների ու ֆունկցիաների կատարման համար:

 

II. Հիդրոօդերևութաբանության վարչության գլխավոր խնդիրներն ու ֆունկցիաները

 

2. Հիդրոօդերևութաբանության վարչության հիմնական խնդիրներն են`

ա) հանրապետության տարածքում հիդրոօդերևութաբանական երևույթների և ռադիոակտիվության վիճակի դիտարկումների իրականացումը, այդ բնագավառի վերաբերյալ փաստացի և սպասվող փոփոխությունների մասին տեղեկություններով, ինչպես նաև հնարավոր հետևանքների մասին տվյալներով ժողովրդական տնտեսության և բնակչության պահանջների բավարարումը.

բ) կարկտահարության և այլ վտանգավոր երևույթների կանխման նպատակով հիդրոօդերևութաբանական և բնական միջավայրի աղտոտվածության վերաբերյալ կիրառական գիտահետազոտական աշխատանքների իրականացումը և մեթոդների մշակումը.

գ) հիդրոօդերևութաբանական երևույթների և ռադիոակտիվության վիճակի դիտարկումների համակարգի հետագա զարգացումը.

դ) օդերևութաբանության համաշխարհային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության շահերը ներկայացնելը:

3. Հիդրոօդերևութաբանության վարչության ֆունկցիաներն են`

ա) պետական մարմիններին, կազմակերպություններին, ձեռնարկություններին, հիմնարկներին և բնակչությանը հիդրոօդերևութաբանական երևույթների և ռադիոակտիվության վիճակի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություններով ապահովումը.

բ) եղանակի, գետերի և ջրամբարների ջրայնության, հիմնական գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվության մակարդակի հիդրոօդերևութաբանական երևույթների վերաբերյալ կանխատեսումների կազմումը և դրանց ուղարկումը պետական մարմիններին, հիմնարկներին, ձեռնարկություններին ու կազմակերպություններին.

գ) շահագրգռված կազմակերպությունների հետ համատեղ խոշոր արդյունաբերական, տրանսպորտային, գյուղատնտեսական օբյեկտների նախագծման, շինարարության և շահագործման հիդրոօդերևութաբանական առումով ապահովության պլան-սխեմաների մշակումը, արդյունաբերական օբյեկտների ենթադրվող շինարարությունների շրջանում արշավախմբային ուսումնասիրությունների կատարումը, ռադիոակտիվության աղբյուրների հայտնաբերման նպատակով հանրապետության համապատասխան մարմինների հետ աշխատանքների իրականացումը.

դ) Հայաստանի պետական ջրային կադաստրի` մակերեսային ջրերի մասում վարումը, կլիմայական, ագրոկլիմայական, դիտակիրառական տեղեկագրերի և ռադիոակտիվության վիճակի տարեգրության նախապատրաստումը և հրապարակումը.

ե) Հայաստանի Հանրապետության ընդերքի պետական վարչության (ստորերկրյա ջրեր.) և գյուղատնտեսության նախարարության  հետ համատեղ հանրապետության տարածքում ջրերի պետական հաշվառումը` ըստ քանակական և որակական ցուցանիշների, և դրանց արդյունավետ օգտագործման ապահովումը.

զ) հիդրոօդերևութաբանական տվյալների պետական ֆոնդի կազմավորումը, ինչպես նաև տեղեկությունների կենտրոնացված հաշվառումը և դրանցով համապատասխան կազմակերպությունների սպասարկում.

է) հիդրոօդերևութաբանական և բնական միջավայրի աղտոտվածության գծով կիրառական գիտահետազոտական աշխատանքների կատարումը և մեթոդների մշակումը.

ը) օդային ավազանի, մակերեսային ջրերի ռադիոակտիվ նյութերի միջսահմանային տեղափոխման հսկողությունը,

թ) կարկտահարության և այլ վտանգավոր երևույթների կանխման նպատակով ժողովրդական տնտեսության կարիքների համար հիդրոօդերևութաբանական պրոցեսների և երևույթների վրա ակտիվ ներգործության ուղղությամբ աշխատանքների կատարումը.

ժ) տիեզերական միջոցների օգնությամբ ստացված տարածական չափումների տվյալներով շահագրգռված կազմակերպությունների ապահովումը.

ի) շահագրգռված նախարարությունների, գերատեսչությունների ու կազմակերպությունների հետ համատեղ հիդրոօդերևութաբանական ուսումնասիրությունների բնագավառում միասնական գիտատեխնիկական քաղաքականության մշակումը և ներդրումը.

լ) հիդրոօդերևութաբանական աշխատանքների վերաբերյալ եզրակացությունների նախապատրաստումը և հատկացումը շահագրգռված կազմակերպություններին.

խ) հիդրոօդերևութաբանական բնույթի աշխատանքներ կատարող բոլոր կազմակերպությունների նկատմամբ պետական հսկողության իրականացումը.

ծ) համապատասխան նախարարությունների, գերատեսչությունների և կազմակերպությունների հետ համատեղ հիդրոօդերևութաբանական երևույթների դիտարկումներին վերաբերող օրենսդրական և այլ նորմատիվ ակտերի նախագծերի նախապատրաստումը.

կ) իր իրավասության սահմաններում հիդրոօդերևութաբանական, կլիմայի և դրա փոփոխությունների վերաբերյալ միջազգային համագործակցությունը:

 

III. Հիդրոօդերևութաբանության վարչության աշխատանքի կազմակերպումը

 

4. Հիդրոօդերևութաբանության վարչությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ և օրենքներով, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի որոշումներով, Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրերով և կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով և կարգադրություններով, սույն կանոնադրությամբ:

5. Իր իրավասության սահմաններում վարչությունը հրապարակում է հրամաններ, հրահանգներ և տալիս մեթոդական ցուցումներ, որոնք պարտադիր են կատարման Հայաստանի Հանրապետության սահմաններում հիդրոօդերևութաբանական աշխատանքներ կատարող բոլոր նախարարությունների, գերատեսչությունների, կազմակերպությունների համար:

6. Վարչությունը սահմանված կարգով ստեղծում, վերակազմում և լուծարում է իր համակարգի հիմնարկները, ձեռնարկությունները և կազմակերպությունները ու հաստատում նրանց կանոնադրությունները:

7. Հիդրոօդերևութաբանության վարչությունը ղեկավարում է պետը, որին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Պետն ունի տեղակալ, որին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության կառավարությունը` վարչության պետի ներկայացմամբ:

8. Հիդրոօդերևութաբանական վարչության պետը`

ա) ղեկավարում է վարչության գործունեությունը.

բ) պատասխանատվություն է կրում վարչության վրա դրված խնդիրների ու ֆունկցիաների կատարման համար.

գ) կազմակերպում է վարչության բաժինների ու կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքը.

դ) հաստատում է վարչության կենտրոնական ապարատի կառուցվածքն ու հաստիքացուցակը.

ե) պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում վարչության կենտրոնական ապարատի և կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողներին: Վարչության աշխատողներին սահմանված կարգով ենթարկում է կարգապահական պատասխանատվության, իրականացնում օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:

9. Հիդրոօդերևութաբանության վարչությունում ստեղծվում է կոլեգիա, որի կազմի մեջ մտնում են վարչության պետը (կոլեգիայի նախագահ), վարչության պետի տեղակալը` ի պաշտոնե, ինչպես նաև վարչության համակարգի այլ ղեկավար աշխատողներ և մասնագետներ:

10. Վարչության կոլեգիայի կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` վարչության պետի ներկայացմամբ:

11. Կոլեգիան իր նիստերում քննության է առնում ճյուղի զարգացման հիմնական հարցերը և վարչության գործունեության այլ խնդիրներ, քննարկում է համակարգի հիմնարկների ու կազմակերպությունների գործնական ղեկավարման, կատարման ստուգման, կադրերի ընտրության և օգտագործման հարցերը, կարևորագույն հրամանների և հրահանգների նախագծերը, լսում է վարչության բաժինների, վարչության համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների հաշվետվությունները: Կոլեգիայի որոշումները կենսագործվում են, որպես կանոն, վարչության պետի հրամաններով: Վարչության պետի և կոլեգիայի անդամների միջև տարաձայնությունների դեպքում պետը կենսագործում է իր որոշումը` ծագած տարաձայնությունների մասին զեկուցելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը, իսկ կոլեգիայի անդամներն իրենց հերթին կարող են իրենց կարծիքը հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:

12. Հիդրոօդերևութաբանության վարչության կենտրոնական ապարատի աշխատողների աշխատանքի վարձատրության տարեկան ֆոնդը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

13. Վարչությունը հիդրոօդերևութաբանական աշխատանքների ֆինանսավորումը կատարում է պետական բյուջեի միջոցների, ինչպես նաև սահմանված կարգով վճարովի սպասարկումներից ստացվող միջոցների հաշվին:

14. Հիդրոօդերևութաբանության վարչության վերակառուցումը կամ լուծարումը կատարում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` օրենսդրությամբ սահմանված կարգով:

15. Հիդրոօդերևութաբանության վարչությունն իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
23.01.1993, N 14 23.01.1993, N 382
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան