ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչ ականդատարանի որոշում |
Վարչական գործ թիվ ՎԴ/2409/05/24 2025 թ. | ||
Վարչական գործ թիվ ՎԴ/2409/05/24 |
|||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Հ. Բ եդևյան | |
զեկուցող |
Ա. Թովմասյան | |
Լ. Հակոբյան | ||
ք ․ ՄԿՈՅԱՆ |
2025 թվականի հունվարի 10-ին
գրավոր ընթացակարգով քննելով Վահրամ Վարդանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 20․05․2024 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Վահրամ Վարդանյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի` 30.07.2009 թվականի թիվ 7191-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա
Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Վահրամ Վարդանյանը պահանջել է անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետարանի 30.07.2009 թվականի թիվ 7191-Ա որոշումը։ Միաժամանակ ներկայացվել է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն։
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Մ․ Պետրոսյան) (այսուհետ` Դատարան) 13.03.2024 թվականի որոշմամբ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը և հայցադիմումի ընդունումը մերժվել են:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 20․05․2024 թվականի որոշմամբ Վահրամ Վարդանյանի վերաքննիչ բողոքը մերժվել է՝ Դատարանի 13.03.2024 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը և հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վահրամ Վարդանյանը (ներկայացուցիչ՝ Արմեն Վարոսյան)։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը կիրառել է «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» թիվ ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետը, որը չպետք է կիրառեր:
Բողոքաբերը նշված հիմքի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մերժել է բաց թողնված դատավարական ժամկետի վերականգնումը կապելով «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» թիվ ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետի հետ: Այնինչ, դեռևս ինքնակամ կառույցի օրինականացման վերաբերյալ լեգիտիմ ակնկալիք չունենալը չի նշանակում, որ դրանով պայմանավորված բաց են թողնվել դատավարական ժամկետները հայց ներկայացնելու համար։ Այլ կերպ ասած՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված իրավունքները որևէ կերպ փոխկապակցված չեն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված հայցային վաղեմության ժամկետների հետ, և հայցային վաղեմության ժամկետի սկիզբը պետք է հաշվարկել հայցվորի կողմից վարչական ակտի գոյության մասին իմանալու օրվանից, այլ ոչ թե 2023 թվականի համապատասխան օրենսդրական փոփոխություններն ուժի մեջ մտնելու օրվանից, ըստ այդմ՝ պայմանավորել դրանից հետո ցուցաբերած անգործությամբ։
Ավելին` թիվ ՎԴ/10524/05/20, թիվ ՎԴ/7439/05/21, թիվ ՎԴ/0395/05/20 և թիվ ՎԴ/9742/05/19 վարչական գործերով ՀՀ վարչական դատարանի կողմից կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասը կիրառվել է սույն գործով տվյալ նորմին տրված մեկնաբանությանը հակասող մեկնաբանությամբ։
Մասնավորապես՝ նշված վարչական գործերով ՀՀ վարչական դատարանը վիճարկման հայց ներկայացնելու ժամկետի հոսքը պայմանավորել է վիճարկվող վարչական ակտի գոյության մասին հայցվորի իմանալու օրով, մինչդեռ սույն վարչական գործով 20.05.2023 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշմամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառելիության և մեկնաբանության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևություններից բխում է, որ վիճարկման հայց ներկայացնելու ժամկետի հաշվարկի մեխանիզմում կիրառվել են ՀՀ քաղաքացիական օրենսդրության կարգավորումները՝ անտեսելով այն հանգամանքը, որ նշված ժամկետի հոսքը կախվածության մեջ չի գտնվում ինքնակամ կառույցն օրինականացնելու վերաբերյալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում առկա կարգավորումներից:
Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 20․05.2024 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ այլ գործով ստորադաս դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասը կիրառվել է հակասող մեկնաբանությամբ, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումը՝ վիճարկման հայց ներկայացնելիս բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու հարցի վերաբերյալ, կարող է էական նշանակություն ունենալ նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող անձի կողմից վարչական ակտի վերաբերյալ տեղեկացված չլինելու հիմքով վիճարկման հայց ներկայացնելու համար բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու առանձնահատկություններին, և այդ համատեքստում քննարկման առարկա դարձնել հայցադիմումի ընդունելության փուլում բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու հարգելիության պատճառների գնահատման որոշակի հարցեր։
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված դատական պաշտպանության իրավունքի և արդար դատաքննության էությունը ոչ միայն անձի իրավունքների և ազատության պաշտպանության համար դատարան դիմելու իրավունքի սահմանումն է, այլև այդ իրավունքի պատշաճ իրականացման համար պետության կողմից գործուն, կայուն մեխանիզմների և հնարավորինս հասանելի պայմանների ստեղծումն ու երաշխավորում է։ Ընդ որում՝ նշվածն անմիջականորեն բխում է Հայաստանի Հանրապետության կողմից վավերացրած միջազգային իրավական փաստաթղթերից, այդ թվում` «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» 1950 թվականի եվրոպական կոնվենցիայից (այսուհետ` Կոնվենցիա) և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) դատական նախադեպերից։
Մասնավորապես․ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Թեև դատարանի մատչելիության իրավունքն ուղղակիորեն ամրագրված չէ Կոնվենցիայի 6-րդ հոդվածում, սակայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (այսուհետ՝ Եվրոպական դատարան) այն ճանաչել է որպես արդար դատաքննության իրավունքի անբաժանելի տարր: Եվրոպական դատարանի կողմից դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ ձևավորված կայուն նախադեպային իրավունքի համաձայն՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է` դատարանում հայց հարուցելու իրավունքը, որը հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետում նախատեսված մյուս երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տե՛ս, Kreuz v. Poland (28249/95) գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, 52-րդ կետ):
Ընդ որում, Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի, և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե´ս, Ashingdane v. The United Kingdom, թիվ 8225/78 գանգատով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):
Մեկ այլ վճռով Եվրոպական դատարանը նշել է, որ ժամկետային սահմանափակումները, որոնք սահմանվում են պետության կողմից, հետապնդում են որոշակի կարևոր նպատակներ, մասնավորապես` իրավական որոշակիության երաշխավորումը, հավանական պատասխանողի պաշտպանությունը ժամկետանց հայցերից, որի դեպքում դժվար կլինի կանխել անարդարությունը, որը կարող է առաջանալ, եթե դատարաններից պահանջվի քննել այնպիսի դեպքեր, որոնք տեղի են ունեցել հեռավոր անցյալում այն ապացույցների հիման վրա, որոնք կարող են լինել ոչ արժանահավատ և ոչ ամբողջական` բավականաչափ ժամանակահատված անցած լինելու պատճառով: Ժամկետային սահմանափակումների առումով պետությունները նույնպես հայեցողական լիազորություն ունեն որոշելու, թե դատարանի մատչելիությունն ինչպես պետք է սահմանափակվի (տե՛ս, Stubbings and others v. The United Kingdom գործով Եվրոպական դատարանի 22.10.1996 թվականի վճիռը, կետեր 51, 55):
Եվրոպական դատարանը նշել է, նաև որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները` խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս, Dumitru Gheorghe v. Romania գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, 28-րդ կետ):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ՝ խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (...), միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար, չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով (...):
Օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:
Օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը (ներառյալ՝ զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները):
Օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայցը վարչական դատարան կարող է ներկայացվել` վիճարկման հայցի դեպքում՝ երկամսյա ժամկետում` վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից։
Օրենսգրքի 73-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` եթե հայցադիմումը ներկայացվել դատավարական ժամկետը լրանալուց հետո, ապա կարող է ներկայացվել հայցվորի միջնորդությունն այն վերականգնելու մասին` դրանում նշելով բացթողնման պատճառները։
Օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո դատավարության մասնակիցները կորցնում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը։
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումների ընդունումը մերժվում է նույն օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով, եթե բաց թողնված դատավարական ժամկետները վարչական դատարանի որոշմամբ չեն վերականգնվում։ Դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված այլ փաստաթղթերը վարչական դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը։ Նման միջնորդությունը բավարարվում է, եթե վարչական դատարանը համարում է, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:
Վերոշարադրյալի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված որևէ իրավունք և (կամ) ազատություն չի կրում բացարձակ բնույթ։ Ըստ այդմ՝ դատարան դիմելու (արդարադատության մատչելիության) իրավունքը, որպես, անձի միջազգային իրավական նորմերով ապահովված դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնարար իրավունքների կարևորագույն բաղադրիչ, վարչական դատավարությունում նույնպես ենթարկվում է որոշակի սահմանափակումների, այդ թվում՝ ժամկետային։
Զուգահեռաբար, օրենսդիրն ամրագրել է նշված հիմնարար իրավունքի սահմանափակման իրավաչափությունը երաշխավորող, ինչպես նաև այդ իրավունքն իր նպատակային իմաստով և բովանդակությամբ կիրառելուն ուղղված գործուն կառուցակարգեր, որոնցից մեկն էլ բաց թողնված դատավարական ժամկետի վերականգնման ինստիտուտն է։
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ վարչական դատավարությունում բաց թողնված դատավարական ժամկետի վերականգնման ինստիտուտը մեխանիզմ է, որն ապահովում է դատական պաշտպանություն հայցած անձի կողմից իր դատավարական իրավունքներն իրացնելու հնարավորություն այն դեպքում, երբ վերջինս օբյեկտիվ կամ սուբյեկիվ արդարացված պատճառներով չի կարողացել պահպանել սահմանված դատավարական ժամկետները: Ընդ որում, բաց թողնված դատավարական ժամկետի վերականգնման ինստիտուտը վարչական դատավարությունում ունի դրսևորման իրեն ներհատուկ առանձնահատկությունները, որոնք մեծապես պայմանավորված են Օրենսգրքով սահմանված հայցատեսակների ընտրությամբ։ Այսպես՝ անձը կարող է վիճարկման հայցի ներկայացմամբ ձեռնամուխ լինել իր իրավունքների դատական պաշտպանությանը, եթե դատարան է դիմել վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից սկսած երկամսյա ժամկետում։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գրավոր վարչական ակտն ուժի մեջ է մտնում այդ ակտի ընդունման մասին` նույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից, եթե օրենքով կամ այդ ակտով այլ բան նախատեսված չէ:
Օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը վարույթի մասնակիցներին վարչական ակտի ընդունման մասին իրազեկում է նույն հոդվածով նախատեսված հանձնման կամ հրապարակման եղանակով:
Օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի նորմը, որպես ընդհանուր կանոն, վարչական ակտի ուժի մեջ մտնելը պայմանավորելով տվյալ ակտի մասին վարույթի մասնակիցներին իրազեկելու հանգամանքով, միաժամանակ թույլատրում է օրենքով կամ տվյալ վարչական ակտով սահմանել վերջինիս ուժի մեջ մտնելու այլ կարգ։
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ «(…) ընդհանուր կանոնի համաձայն՝ օրենսդիրը վարչական ակտը վիճարկելու երկամսյա ժամկետի մեկնարկը ևս պայմանավորում է վիճարկվող վարչական ակտի մասին վարույթի մասնակիցների կողմից իրազեկվելու հանգամանքով։ Սակայն, այն դեպքում, երբ օրենքով կամ տվյալ վարչական ակտով սահմանվում է վերջինիս ուժի մեջ մտնելու այլ կարգ, քան սահմանված է Օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված ընդհանուր կանոնով, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված երկամսյա ժամկետի հոսքն սկսվում է օրենքով կամ տվյալ վարչական ակտով սահմանված կարգով վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի իրավակարգավորման բովանդակությունից հետևում է, որ օրենսդիրը վիճարկման հայց ներկայացնելու ժամկետի հոսքը պայմանավորել է վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահով, հետևաբար (…) երրորդ անձանց իրազեկվելու փաստը չի կարող ելակետ հանդիսանալ վիճարկման հայց ներկայացնելու սահմանված դատավարական ժամկետի հաշվարկման համար, այլ նշված փաստն ընդամենը կարող է դրվել վիճարկման հայց ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդության հիմքում (տե՛ս, Հակոբ Հակոբյանն ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի, Արթուր Սարգսյանի, Միթրա Էմամվիրդի Ղաֆֆարի Շահրիվարդիի թիվ ՎԴ/0360/05/22 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.03.2023 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը մի շարք որոշումներում անդրադարձել է նաև բաց թողնված դատավարական ժամկետի վերականգնման ինստիտուտին՝ բացահայտելով վերջինիս բովանդակությունը։ Այսպես․
ՀՀ վճռաբեկ դատարանի բնութագրմամբ․ «(…) բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքերը պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի` օբյեկտիվ և սուբյեկտիվ:
Օբյեկտիվ հիմքերի մեջ կարելի է դասել ֆորսմաժորային դեպքերը` տարերային աղետները, ինչպես նաև արտակարգ իրավիճակը և նմանատիպ այլ` անձանց կամքից անկախ հիմքերով առաջացող պատճառները: Սուբյեկտիվ գործոնը պայմանավորված է անմիջականորեն տվյալ անձի հետ կապված և գործնականում ավելի երկար ժամանակ պահանջող ողջամիտ խնդիրների լուծմամբ, առանց որի անհնար է դատավարական գործողության կատարումը: Օրինակ` երբ ֆիզիկական անձը զրկված է դատական պրոցեսին մասնակցելու կամ ներկայացուցչի միջոցով մասնակցությունն ապահովելու հնարավորությունից երկարատև հիվանդության պատճառով:
(…) Բոլոր դեպքերում էլ, բացի ֆորսմաժորային իրավիճակներից, բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու համար ընդհանուր կանոնն այն է, որ անձը պարտավոր է ապացուցել, որ օրենքով սահմանված ժամկետի ընթացքում ձեռնարկել է իրենից կախված ողջամիտ ու բավարար միջոցներ դատարան դիմելու, դատավարությանը մասնակցելու և այն հիմնավորող ապացույցները ներկայացնելու և այլ դատավարական գործողություններ իրականացնելու ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ պատճառներով բաց է թողել օրենքով սահմանված դատավարական ժամկետները (տե՛ս, Երևանի քաղաքապետարանն ընդդեմ Գայանե Մելքոնյանի թիվ ՎԴ/0059/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.07.2014 թվականի որոշումը):
Վերահաստատելով նշված իրավական դիրքորոշումները՝ ՀՀ Վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է նաև, որ «(…) հայցվորի կողմից դատարան դիմելու համար ձեռնարկված միջոցները պետք է անհրաժեշտ լինեն դատարան հայց ներկայացնելու համար․ այլ կերպ՝ եթե հայցվորը ձեռնարկել է այնպիսի միջոցներ, որոնք չձեռնարկելու պայմաններում ևս կարող էր իրացնել դատարան դիմելու իր իրավունքը, ապա այդ միջոցները չեն կարող համարվել անհրաժեշտ, հետևաբար նաև՝ գնահատվել որպես դատարան դիմելու ժամկետը բաց թողնելու հարգելի պատճառ։ Ըստ այդմ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անհրաժեշտ կարող են համարվել այն միջոցները, որոնք չձեռնարկելը խոչընդոտ է հանդիսանում ՀՀ վարչական դատարան հայց ներկայացնելու համար։ Ուստի, եթե հայցվորը որպես դատարան դիմելու համար սահմանված դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառ վկայակոչում է իր կողմից ձեռնարկված այս կամ այն միջոցը, ապա պետք է հիմնավորի նաև, որ առանց այդ միջոցը ձեռնարկելու հնարավոր չէր իրացնել ՀՀ վարչական դատարան հայց ներկայացնելու իրավունքը։ Համապատասխանաբար, ՀՀ վարչական դատարանը կարող է հայցվորի կողմից վկայակոչված պատճառը հարգելի համարել, եթե հավաստիանում է, որ առանց տվյալ միջոցը ձեռնարկելու՝ հայցվորի համար անհնարին էր դառնում ՀՀ վարչական դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացումը» (տե՛ս, Արմինե Պետրոսյանը և Սամվել Մուսինյանը ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի թիվ ՎԴ/5428/05/22 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 16.01.2024 թվականի որոշումը):
Միաժամանակ մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի իրավակարգավորմանը, գտել է․ «(…) միջամտող վարչական ակտը (զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները) վերացնելու պահանջով դատարան դիմելու իրավունքի ժամկետային եզրագիծն օրենսդիրը պայմանավորում է վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից (օրենքով սահմանված կարգով վարույթի մասնակիցներին իրազեկելուն հաջորդող օրվանից) երկամսյա ժամկետի լրանալու պահով։ Այնուամենայնիվ վերոնշյալ ժամկետը բաց թողնելու պարագայում օրենսդիրը հնարավորություն է տալիս վերականգնելու բաց թողնված դատավարական ժամկետն այն դեպքում, երբ ներկայացվել է դատավարական ժամկետների վերականգնման վերաբերյալ հիմնավոր միջնորդություն, այն է՝ բացի ֆորսմաժորային իրավիճակներից, անձն օրենքով սահմանված ժամկետի ընթացքում ձեռնարկել է իրենից կախված ողջամիտ ու բավարար միջոցներ դատարան դիմելու ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ պատճառներով բաց է թողել օրենքով սահմանված դատավարական ժամկետները (տե՛ս, Կարեն Մկրտչյանը ընդդեմ Երևանի քաղաքապետի թիվ ՎԴ/6389/05/23 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.12.2024 թվականի որոշումը)։
Վերահաստատելով մեջբերված իրավական դիրքորոշումները և անդրադառնալով սույն գործով բարձրացված հարցադրմանը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ հայցադիմումի ընդունելության փուլը վարչական գործի հարուցման առաջնային փուլն է, որի ընթացքում դատարանը ստուգում է դատական գործի մեկնարկին խոչընդոտող բոլոր իրավական և փաստական հիմքերը, այդ թվում՝ դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքի պահպանվածության հարցը։ Միաժամանակ, Օրենսգրքի «Դատավարական ժամկետները բաց թողնելը և վերականգնելը» վերտառությունը կրող 54-րդ հոդվածով սահմանված իրավակարգավորումների վերլուծությունից հետևում է, որ բաց թողնված դատավարական ժամկետի վերականգնմամբ «նորոգվում» են անձի իրավունքն իրականացնելու այն գործողությունները, որոնք չեն կատարվել օրենսդրությամբ սահմանված ժամկետներում:
Վճռաբեկ դատարանը նկատում է նաև, որ հայցադիմումի ընդունելության փուլում դատարանը «սահմանափակված» է հայցվորի հայտնած տեղեկությունների ծավալով։ Ուստի, բաց թողնված դատավարական ժամկետի վերականգնման հարցը քննարկելիս դատարանը պետք է իրականացնի միջնորդությամբ նշված պատճառների համակարգային վերլուծություն։ Այսպես, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող անձի կողմից վարչական ակտի վերաբերյալ տեղեկացված չլինելու հիմքով վիճարկման հայց ներկայացնելու համար բաց թողնված դատավարական ժամկետի վերականգնումը հնարավոր է այն դեպքերում, երբ դատարանը հանգամանալից գնահատում է հետևյալ երեք հիմնական բաղադրիչները.
1. տեղեկացված չլինելու փաստի հիմնավորվածությունը․ դատարանը պետք է պարզի, արդյոք անձի կողմից ներկայացված փաստարկներն իրապես վկայում են այն մասին, որ վերջինս օբյեկտիվորեն հնարավորություն չի ունեցել տեղեկանալու վարչական ակտի գոյության մասին,
2. տեղեկացման պահից անմիջապես հետո ձեռնարկված գործողությունների ծավալն ու ողջամտությունը․ դատարանը պետք է գնահատի, արդյոք վարչական ակտի գոյության մասին տեղեկացվելուց հետո անձը ձեռնամուխ է եղել իր իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու նպատակով ակտիվ և անհրաժեշտ գործողությունների իրականացմանը,
3. պատճառների հարգելիությունը․ դատարանը պետք է որոշի, արդյոք անձի կողմից դատավարական ժամկետի բացթողումը պայմանավորված է եղել օբյեկտիվ և վերջինիս վերահսկողությունից դուրս հանգամանքներով, թե նշված պատճառներն օգտագործվում են որպես դատավարական գործողությունների հետ կապված ժամկետային սահմանափակումները շրջանցելու միջոց:
Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջորդության մերժումը նմանատիպ դեպքերում հնարավոր է միայն այն պարագայում, երբ հայցադիմումի ընդունելության փուլում դատարանին հասու տվյալների (հայցադիմում, բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն և դրանց կից փաստաթղթեր) ընդհանրական ուսումնասիրությունը հիմք է տալիս դատարանին անվերապահորեն եզրակացնելու շահագրգիռ անձի կողմից վարչական ակտի գոյության մասին ավելի վաղ տեղեկացված լինելու, ձեռնարկված գործողությունների անբավարարության և ժամկետը բաց թողնելու պատճառների անհարգելիության մասին։ Հակառակ պարագայում, երբ ներկայացված տվյալներն իրենց ամբողջությամբ բավարար չեն նման աներկբա հետևության հանգելու համար, ապա գործի փաստական հանգամանքները դատարանի կողմից ի պաշտոնե պարզելու սկզբունքի իրացման միջոցով, հայցադիմումը պետք է վարույթ ընդունվի և նշված հանգամանքների բացահայտումը պետք է իրականացվի գործը դատաքննության նախապատրաստելու փուլում, ինչը բխում է անձի «դատարան դիմելու» և «դատարանի մատչելիության» իրավունքներից:
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն՝ Վահրամ Վարդանյանը հայց է ներկայացրել դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել 30․07․2009 թվականի թիվ 7191-Ա որոշումը։ Միաժամանակ ներկայացրել է միջնորդություն՝ բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու վերաբերյալ:
Դատարանը 13.03.2024 թվականին կայացրել է «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը և հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշում այն պատճառաբանությամբ, որ․ «(…) հայցվորը հայցի հիմքում դրել է այն հանգամանքը, որ վիճարկվող որոշմամբ օրինականացված ինքնակամ կառույցը կառուցվել է իր կողմից։ Մինչդեռ վերը նշված իրավական նորմերի ուժով ինքնակամ կառույցն օրինականացնելու և իրեն օտարելու հետ կապված իր իրավունքների իրացմանն ուղղված գործողությունները հայցվորը կարող էր իրականացնել մինչև 2023 թվականի հունվարի 1-ը։ Եվ հենց այդ ժամանակ էլ հայցվորը կարող էր իմանալ խնդրո առարկա որոշման գոյության մասին։ Հետևաբար սույն գործով վիճարկվող որոշման մասին 2024 թվականի հունվարին տեղեկանալը չի կարող դրվել բաց թողնված ժամկետը վերականգնելու հիմքում, քանի որ հայցվորի կողմից չի ներկայացվել որևէ հիմնավոր պատճառ՝ առնվազն 2023 թվականի հունվարի մեկից հետո դրսևորած անգործության համար»։
Վերաքննիչ դատարանը 20.05.2024 թվականի որոշմամբ մերժել է Վահրամ Վարդանյանի վերաքննիչ բողոքը՝ նշելով որ. «(…) հայցվորի կողմից վկայակոչած փաստարկները Վերաքննիչ դատարանը համարում է անարժանահավատ, ուստի Վերաքննիչ դատարանը հիմնավոր է համարում Դատարանի այն եզրահանգումը, որ ինքնակամ կառույցն օրինականացնելու և իրեն օտարելու հետ կապված իր իրավունքների իրացմանն ուղղված գործողությունները Հայցվորը կարող էր իրականացնել մինչև 2023 թվականի հունվարի 1-ը, և հենց այդ ժամանակ էլ կարող էր իմանալ խնդրո առարկա որոշման գոյության մասին, բացի այդ, անարժանահավատ է Հայցվորի այն դիրքորոշումը, որ 90-ական թվականներին ինքնակամ կառուցել է բնակելի տուն, որտեղ և ապրում է, սակայն 2024 թվականին է տեղեկացել, որ այն Երևանի քաղաքապետի 30.07.2009 թվականի թիվ 7191-Ա որոշմամբ օրինականացվել է այլ անձի կողմից: Միևնույն ժամանակ, վերոգրյալով պայմանավորված` Վերաքննիչ դատարանը փաստում է, որ Հայցվորը չի ձեռնարկել իրենից կախված անհրաժեշտ գործողությունները` օրենքով սահմանված ժամկետում իր դատական պաշտպանության իրավունքի իրացումն ապահովելու նպատակով (…)։
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն վարչական գործի փաստերին և Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Սույն գործով վիճարկման առարկան կազմում է Երևանի քաղաքապետի 30․07․2009 թվականի թիվ 7191-Ա որոշումը, որով ՀՀ, ք․ Երևան, Բագրևանդի փողոց թիվ 2/11 հասցեում գտնվող կառույցն ուղղակի եղանակով օտարվել է այն իրականացրած անձին՝ Սուսաննա Գալստյանին (հատոր 1-ին, գ․թ․ 12)։
Հայցվորը ներկայացված հայցադիմումով հայտնել է, որ․ «(…) հանդիսանում է վիճարկվող որոշամամբ օրինական ճանաչված ինքնակամ կառույցն իրականացրած անձը, հետևաբար այդ վարույթն անմիջականորեն վերաբերել է վերջինիս իրավունքներին և օրինական շահերին, մինչդեռ հայցվորը նշված վարույթով որպես կողմ հանդես չի եկել, որևէ այլ կերպ այդ մասին չի ծանուցվել, ուստիև վարույթն իրականացվել է օրենքի խախտմամբ, ավելին՝ ըստ վիճարկվող վեճի առարկա տարածքը ուղղակի եղանակով օտարվել է կառույցն իրականացրած անձին, որը փաստացի չի համապատասխանում իրականությանը։» (հատոր 1-ին, գ․թ․ 3-8)։
Միաժամանակ հայցադիմումին կից ներկայացված միջնորդությամբ հայցվորը նշել է, որ․ «(…) վիճարկվող որոշման մասին հայցվորը նախկինում տեղեկացված չի եղել, ընդ որում, նշված որոշման ուղղակի հասցեատեր չի հանդիսացել, սակայն վիճարկվող որոշումն առնչվում է հայցվորի իրավունքներին և օրինական շահերին, միևնույն ժամանակ, որոշման մասին տեղեկացել է Երևանի քաղաքապետարանին ուղարկված հարցմանն ի պատասխան ստացված փաստաթղթերից» (հատոր 1-ին, գ․թ․ 8-11)։
Վճռաբեկ դատարանը նախ արձանագրում է, որ ի հավաստում բաց թողնված դատավարական ժամկետի պատճառների հարգելիության՝ հայցվորի կողմից հայցադիմումին կից ներկայացվել են Երևանի քաղաքապետի 30․07․2009 թվականի թիվ 7191-Ա որոշման պատճենը, Երևանի քաղաքապետարանին ուղղված 17․01․2024 թվականի դիմումի և դրա պատասխանի (թիվ 19/12273-24 գրության) պատճենները։ Հարցումն իրականացվել է էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով, որում որպես դիմումատու նշվել է «Քրիստինե Մանվելի Հովհաննիսյան, ներկայացուցիչ՝ Արմեն Վահանի Վարոսյան)» անուն ազգանունը, իսկ որպես հարցման բովանդակություն նշվել է՝ «խնդրում եմ հայտնել Բագրևանդի փողոց հ․2/11 հասցեում գտնվող բնակելի տունը օրինական է թե ոչ, եթե այո, տրամադրել նաև Երևանի քաղաքապետի համապատասխան որոշումը և դրա ընդունման համար հիմք հանդիսացած փաստաթղթերի պատճենները» (հատոր 1-ին, գ․թ․ 12-14)։ Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը նկատում է, որ Երևանի քաղաքապետարանի թիվ 19/12273-24 գրությամբ տեղեկացվել է․ «Ի պատասխան Երևանի քաղաքապետին հասցեագրված Ձեր 18․01․2024 թվականի հ․Դ-7240-24 դիմումի՝ կից ներկայացվում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունում առկա Ձեր կողմից պահանջվող փաստաթղթերի պատճենները։ Առդիր 8 թերթ»։ Ընդ որում՝ նշված գրության բովանդակությունից պարզ չէ, թե այն երբ է տրամադրվել և որոնք են կից ներկայացված 8 թերթից բաղկացած փաստաթղթերը․ դրանք կից չեն ներկայացվել նաև հայցադիմումին։
Այսպիսով, ըստ հայցադիմումում և դրան կից ներկայացված տեղեկատվության՝ Վահրամ Վարդանյանը Երևանի քաղաքապետի 30․07․2009 թվականի թիվ 7191-Ա որոշման մասին իրազեկվել է միայն իրականացված հարցման արդյունքում։
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, թեև հայցադիմումի, միջնորդության և կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը հնարավորություն չի տալիս որոշակիացնել, թե հարցումն իրականացնող անձն ինչպիսի առնչություն ունի սույն գործով որպես հայցվոր հանդես եկող անձի հետ, ինչպես նաև հասկանալի չէ, թե արդյոք Երևանի քաղաքապետարանի պատասխան գրությունը հենց այդ հարցմանն է ուղղված եղել, այնուամենայնիվ առնվազն հայցադիմումի ընդունելության փուլում առկա չէ նաև որևէ հերքող ապացույց առ այն, որ Վահրամ Վարդանյանը Երևանի քաղաքապետի 30․07․2009 թվականի թիվ 7191-Ա որոշման մասին իրազեկվել է ոչ թե հենց այս հարցման շրջանակներում, այլ շատ ավելի վաղ։
Անդրադառնալով Վահրամ Վարդանյանի կողմից ինքնակամ կառույցն օրինականացնելու և իրեն օտարելու հետ կապված իր իրավունքների իրացմանն ուղղված գործողությունները մինչև 01․01․2023 թվականն իրականացնելու հնարավորության և հենց այդ պահից խնդրո առարկա որոշման գոյության մասին իրազեկվելու հավանականությանը, ինչպես նաև 90-ական թվականներից ինքնակամ կառույցն իրականացնելու և այնտեղ բնակվելու պայմաններում 2024 թվականին միայն այլ անձի կողմից կառույցն օրինականացնելու մասին տեղեկացվելու վերաբերյալ հայտնած դիրքորոշման անարժանահավատ լինելու մասին Վերաքննիչ դատարանի դատողությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը վիճարկման հայցադիմում ներկայացնելու երկամսյա ժամկետի մեկնարկը պայմանավորել է ինքնակամ կառույցի առնչությամբ օրենսդրական փոփոխությունների ուժի մեջ մտնելու պահով՝ առանց վերլուծելու այդ նույն ժամանակահատվածում վարչական ակտի գոյության վերաբերյալ հայցվորի իրազեկվածության իրատեսականությունը։ Այսինքն՝ Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ բաց թողնված դատավարական ժամկետը բավարարելու կամ մերժելու հարցը չի կարող կախման մեջ դրվել օրենսդրական փոփոխությունների ուժի մեջ մտնելու հանգամանքից, եթե այն ուղղակիորեն չի վկայում տվյալ վարչական ակտի գոյության մասին հենց այդ փոփոխության ուժի մեջ մտնելու պահից տեղեկանալու փաստի մասին։
Ինչ վերաբերում է հայցվորի հայտնած տեղեկություններն «անարժանահավատ» գնահատելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի եզրահանգմանը, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն կրում է վերացական բնույթ, և բացակայում է դրա կառուցման տրամաբանական ուղին։
Ըստ այդմ՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ տվյալ դեպքում Երևանի քաղաքապետի 30․07․2009 թվականի թիվ 7191-Ա որոշման վիճարկումը որևէ կերպ կապակցված և պայմանավորված չէ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» թիվ ՀՕ-397-Ն օրենքի և դրանում ամրագրված փոփոխությունների հետ, ուստի այս հիմքով չի կարող սահմանափակվել շահագրգիռ անձի դատարան դիմելու իրավունքը, որպիսի հանգամանքը, սակայն, անտեսվել է ստորադաս դատարանների կողմից։
Այսպիսով, հաշվի առնելով, որ սույն գործում առնվազն հայցադիմումի ընդունելության փուլում առկա չէ Վահրամ Վարդանյանի կողմից վիճարկվող վարչական ակտի գոյության մասին ավելի վաղ, քան Երևանի քաղաքապետարանին ուղղված հարցման պահը, տեղեկանալու վերաբերյալ որևէ ապացույց՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցվորն օրենքով սահմանված ժամկետի ընթացքում ձեռնարկել է իրենից կախված ողջամիտ ու բավարար միջոցներ դատարան դիմելու համար, այն է՝ խնդրո առարկա վարչական ակտի գոյության մասին տեղեկանալուց հետո ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված ժամկետում դիմել է դատարան։ Հետևաբար վիճարկման հայց ներկայացնելու համար բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին Վահրամ Վարդանյանի միջնորդությունը ենթակա է բավարարման, և բաց թողնված դատավարական ժամկետը ենթակա է վերականգնման, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
Տվյալ դեպքում բողոքաբերի կողմից, որպես իրավական փաստարկ, վկայակոչվել են թիվ ՎԴ/10524/05/20, թիվ ՎԴ/0395/05/20 և թիվ ՎԴ/9742/05/19 վարչական գործերով ՀՀ վարչական դատարանի կողմից կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը, որոնցով ՀՀ վարչական դատարանը, վերլուծության ենթարկելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասը, գտել է, որ վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող անձի կողմից վիճարկվող վարչական ակտի գոյության մասին ավելի վաղ տեղեկանալու մասին ապացույցների բացակայության պայմաններում պետք է բաց թողնված դատավարական ժամկտի հոսքը հաշվել միջնորդության մեջ նշված ժամկետից։ Մինչդեռ, սույն գործով Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Վահրամ Վարդանյանը Երևանի քաղաքապետի 30․07․2009 թվականի թիվ 7191-Ա որոշման, որպես վարչական ակտի, հասցեատեր չի հանդիսացել, ինչպես նաև գործում առկա չէ նշված վարչական ակտի մասին Վահրամ Վարդանյանի կողմից ավելի վաղ տեղեկանալու մասին որևէ ապացույց, որպիսի պայմաններում վերջինս ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով, այն է՝ չի իմացել նշված վարչական ակտի գոյության մասին, և օրենքով սահմանված ժամկետի ընթացքում ձեռնարկել է իրենից կախված ողջամիտ ու բավարար միջոցներ դատարան դիմելու համար՝ սույն որոշմամբ նշված դիրքորոշումների համատեքստում:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասը կիրառվել է սույն գործով տվյալ նորմին տրված մեկնաբանությանը հակասող մեկնաբանությամբ։
Իրացնելով օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու լիազորությունը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասը ենթակա է կիրառման սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ, 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու և նոր դատական ակտ կայացնելու համար:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 20.05.2024 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ՝ բավարարել բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ Վահրամ Վարդանյաի միջնորդությունը՝ դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառը համարել հարգելի և բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնել:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող |
Հ. Բեդևյան |
Զեկուցող |
ա. Թովմասյան |
Լ. Հակոբյան | |
Ք. ՄԿՈՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 փետրվարի 2025 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|