Գլխավոր տեղեկություն
Համար
N 549
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (-till now)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1993/10, հոկտեմբեր 1993
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.10.1993
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 հոկտեմբերի 1993 թ. N 549

Քաղ. Երևան

 

ՀԱՑԻ ՄԱՆՐԱԾԱԽ ԳՆԻ ԵՎ ՆԵՐՔԱՂԱՔԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հացահատիկի և վառելիքաէներգետիկ ռեսուրսների գների բարձրացման առնչությամբ, արտադրության վնասաբերության նվազեցման և ներքին շուկայի պաշտպանության նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. 1993 թվականի նոյեմբերի 1-ից սահմանել՝

ա) հացի մանրածախ գին՝ 1 կգ 100 ռուբլի, ալյուրի մանրածախ գին՝ 1 կգ 60 ռուբլի, ներառյալ 2 տոկոս առևտրական զեղչը։

Սահմանել, որ արտասահմանից վարկի հաշվին և մարդասիրական օգնության կարգով ստացված ցորենը հացի արտադրության համար օգտագործելու դեպքում ալրաղաց գործարանները յուրաքանչյուր մեկ տոննա ցորենի դիմաց բյուջե պետք է մուծեն 15 հազար ռուբլի, վարկի տոկոսների մարման կամ միջազգային պայմանագրերով նախատեսված այլ նպատակների համար։

Սահմանել, որ հացի և բնակչությանն իրացման ենթակա ալյուրի բեռնումն ու մինչև սպառողը փոխադրումը կատարվում են մատակարարի միջոցով և նրա հաշվին, իսկ բեռնաթափումը՝ ստացողի միջոցով և նրա հաշվին.

բ) ներքաղաքային տրանսպորտով (ավտոբուս, տրոլեյբուս, տրամվայ) և մետրոյով ուղևորների փոխադրման համար սակագին՝ յուրաքանչյուր անձից 25 ռուբլի։

2. Հայաստանի Հանրապետության պարենի և մթերումների նախարարությանը՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ համատեղ 15 օրը մեկ քննության առնել և լուծել բնակչությանն իրացվող հացի կարգավորվող գների կիրառման արդյունքում առաջացող արտադրության վնասների հատուցման հարցը։

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը՝

ա) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության առևտրի նախարարության և Հայկոոպի վարչության հետ համաձայնեցնելով, 1993 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ սահմանել հացի և ալյուրի մնացորդների վերագնահատման կարգ.

բ) հաստատել հացի մանրածախ գնի գնացուցակը և դրանով ապահովել բոլոր սպառող ձեռնարկություններին և կազմակերպություններին։

4. Ի լրումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի սեպտեմբերի 22-ի N 442 կարգադրության, 1993 թվականի նոյեմբերի 1-ից Իջևան, Ծաղկաձոր, Մեղրի, Սիսիան, Տաշիր, Մեծամոր, Քաջարան և Նոր Հաճըն շրջանային ենթակայության քաղաքների յուրաքանչյուր բնակչի համար նախնական պատվերների կտրոններով հացի վաճառքի նորմ սահմանել օրական 0,35 կգ։

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի ապրիլի 29-ի «Հացի մանրածախ գնի և ներքաղաքային տրանսպորտի սակագների փոփոխման մասին» N 199 որոշումը։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Լ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի
կառավարիչ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ