ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 մայիսի 2015 թվականի N 515-Ն
ՀԻՍՈՒՆ ԵՎ ԱՎԵԼԻ ՏՈԿՈՍ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐՈՎ ՀԱՎԱՍՏՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ. 16.03.23 N 321-Ն)
1. Հաստատել հիսուն և ավելի տոկոս պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման հանձնելու կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ հիսուն և ավելի տոկոս պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման հանձնելու մասին պայմանագրերը Հայաստանի Հանրապետության անունից կնքում է Պետական գույքի կառավարման կոմիտեն:
(2-րդ կետը փոփ. 10.01.19 N 2-Ն)
2.1. Սահմանել, որ հավատարմագրային կառավարման կարող են հանձնվել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված՝ մասնավորեցման ենթակա կազմակերպությունների ցանկերում չընդգրկված կազմակերպությունների բաժնետոմսերը:
(2.1-ին կետը լրաց. 10.01.19 N 2-Ն)
3. (կետն ուժը կորցրել է 13.02.25 N 159-Ն)
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. մայիսի 20 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2015 թվականիմայիսի 7-ի N 515-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԻՍՈՒՆ ԵՎ ԱՎԵԼԻ ՏՈԿՈՍ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐՈՎ ՀԱՎԱՍՏՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են հիսուն և ավելի տոկոս պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում (այսուհետ՝ կազմակերպություն) Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերով հավաստված իրավունքները (այսուհետ՝ բաժնետոմս) այլ առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնարկատիրոջ (այսուհետ` անձ) հավատարմագրային կառավարման հանձնելու հետ կապված հարաբերությունները:
2. Կազմակերպության բաժնետոմսերը հավատարմագրային կառավարման հանձնելու մասին որոշումն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Յուրաքանչյուր կազմակերպության բաժնետոմսերը հավատարմագրային կառավարման հանձնելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը մշակում է Պետական գույքի կառավարման կոմիտեն (այսուհետ՝ կոմիտե) իր նախաձեռնությամբ կամ կազմակերպության բաժնետոմսերը կառավարող պետական լիազորված մարմնի կամ ոլորտը կարգավորող լիազոր մարմնի առաջարկությամբ։ Կազմակերպության բաժնետոմսերը կառավարող պետական լիազորված մարմինը կոմիտեին տրամադրում է սույն կարգի 4-րդ կետի 1-ին, 2-րդ, 4-րդ և 6-րդ ենթակետերում նշված տեղեկատվությունը։
(2-րդ կետը խմբ. 13.02.25 N 159-Ն)
II. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
3. Կազմակերպության բաժնետոմսերը հավատարմագրային կառավարման են հանձնվում ուղղակի ձևով կամ մրցույթով: Ընդ որում, հավատարմագրային կառավարմանը կարող են մասնակցել առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերը: Օտարերկրյա անձինք Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց հետ ունեն հավատարմագրային կառավարմանը մասնակցելու հավասար իրավունքներ:
4. Կազմակերպության բաժնետոմսերը հավատարմագրային կառավարման հանձնելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը պետք է ներառի առնվազն հետևյալ տեղեկությունները՝
1) կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, հիմնադրի լիազորություններն իրականացնող պետական մարմնի անվանումը, պետական բաժնեմասի չափը, հավատարմագրային կառավարման հանձնվող բաժնետոմսերի թիվը, մեկ բաժնետոմսի անվանական արժեքը.
2) հավատարմագրային կառավարման ժամկետները.
3) (ենթակետն ուժը կորցրել է 13.02.25 N 159-Ն)
4) կազմակերպության ակտիվների և պարտավորությունների մեծության մասին տեղեկատվությունը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմանը նախորդող վերջին ժամանակահատվածի հաշվապահական հաշվառման հաշվետվության.
5) (ենթակետն ուժը կորցրել է 13.02.25 N 159-Ն)
6) սեփականատիրոջ այն լիազորությունները, որոնք նախատեսվում է փոխանցել հավատարմագրային կառավարչին.
7) հավատարմագրային կառավարման հանձնելու ձևը.
7.1) կազմակերպության բաժնետոմսերը հավատարմագրային կառավարման մրցույթի ձևով հանձնելու դեպքում՝ հավատարմագրային կառավարման ներկայացվող նվազագույն պահանջները՝ ներառյալ տեխնիկական և ֆինանսական առաջարկներին ներկայացվող նվազագույն պահանջները․
7.2) կազմակերպության բաժնետոմսերը հավատարմագրային կառավարման մրցույթի ձևով հանձնելու դեպքում՝ նախաորակավորվող մասնակիցների նկատմամբ նվազագույն չափանիշները, որոնք վերաբերում են մասնագիտական փորձառությանը, տեխնիկական կարողություններին և փորձառությանը, ինչպես նաև ֆինանսական և տնտեսական կարողություններին, նախաորակավորման գնահատման կարգը.
7․3) կազմակերպության բաժնետոմսերը հավատարմագրային կառավարման մրցույթի ձևով հանձնելու դեպքում՝ մրցութային հանձնաժողովի կառուցվածքը.
8) կազմակերպության բաժնետոմսերը հավատարմագրային կառավարման ուղղակի ձևով հանձնելու դեպքում՝ իրավաբանական անձի տվյալները՝ անվանումը, գտնվելու վայրը, պետական գրանցման համարը և/կամ հարկ վճարողի հաշվառման համարը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար՝ անհատ ձեռնարկատիրոջ տվյալները՝ անվանումը, պետական հաշվառման համարը և/կամ հարկ վճարողի հաշվառման համարը.
8.1) կազմակերպության բաժնետոմսերը հավատարմագրային կառավարման ուղղակի ձևով հանձնելու դեպքում՝ հավատարմագրային կառավարմանը ներկայացվող բոլոր պահանջները, այդ թվում՝
ա․ կազմակերպության աշխատողների աշխատանքային և սոցիալական երաշխիքներին վերաբերող պահանջները՝ ըստ ուղղությունների և ծավալի,
բ․ կազմակերպության բաժնետոմսերը հավատարմագրային կառավարման հանձնելու դիմաց պահանջվող ներդրումների չափը, թույլատրելի ձևերը, ուղղությունները և դրանց իրականացման ժամկետները,
գ․ տեխնիկական և ֆինանսական բոլոր պահանջները․
9) այլ պայմաններ:
(4-րդ կետը փոփ., լրաց., խմբ. 13.02.25 N 159-Ն)
5. Կազմակերպության բաժնետոմսերն ուղղակի ձևով հավատարմագրային կառավարման են հանձնվում՝ առնվազն մեկ անգամ մրցույթով հավատարմագրային կառավարման ներկայացվելուց և այն չկայանալուց հետո, եթե հավատարմագրային կառավարման հանձնելու համար ներկայացվել է մեկ հայտ, կամ այն դեպքում, եթե հավանական հավատարմագրային կառավարիչը Հայաստանի Հանրապետության կողմից ստեղծված և 50 տոկոս և ավել պետական մասնակցությամբ ընկերություն է, և հավանական հավատարմագրային կառավարչի կողմից ներկայացվել է սույն կարգի 19-րդ կետի պահանջներին համապատասխանող առաջարկ և հավատարմագրային կառավարման ծրագիր, որը հավանության է արժանացել կազմակերպության վերադաս կառավարման մարմնի, ինչպես նաև ոլորտը կարգավորող լիազոր մարմնի կողմից և բավարարում է սույն կարգի, ինչպես նաև նախորդ չկայացած մրցութային հայտարարության պահանջները, իսկ երկու և ավելի հայտերի առկայության դեպքում՝ կազմակերպության բաժնետոմսերը հավատարմագրային կառավարման են հանձնվում մրցութային եղանակով։ Ընդ որում, կազմակերպության բաժնետոմսերը հավատարմագրային կառավարման են հանձնվում ուղղակի ձևով կամ մրցույթով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման համաձայն։
(5-րդ կետը լրաց. 13.02.25 N 159-Ն)
6. Կազմակերպության բաժնետոմսերն ուղղակի ձևով հավատարմագրային կառավարման հանձնելու նպատակով հավանական հավատարմագրային կառավարիչը կոմիտե է ներկայացնում հայտ, որը պետք է ներառի հետևյալ փաստաթղթերը՝
1) եթե հայտատուն իրավաբանական անձ է (այդ թվում՝ օտարերկրյա առևտրային կազմակերպություն)՝ կազմակերպության պետական գրանցման համարը, կազմակերպության գտնվելու և գործունեության իրականացման վայրի մասին ու հիմնադիրների անվանացանկը, եթե հայտատուն անհատ ձեռնարկատեր է՝ անձնագրի տվյալները (ազգանունը, անունը, հայրանունը, քաղաքացիությունը և բնակության վայրը), անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը.
2) սույն կարգի 19-րդ կետի պահանջներին համապատասխան՝ առաջարկ և հավատարմագրային կառավարման ծրագիր.
3) առաջարկի և ծրագրի վերաբերյալ կազմակերպության վերադաս կառավարման մարմնի, ինչպես նաև ոլորտը կարգավորող լիազոր մարմնի դրական եզրակացությունը.
4) կառավարման տվյալ բնագավառում առևտրային կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ փորձի մասին վկայող փաստաթղթերը.
5) հավատարմագրային կառավարման վերցնելու նպատակով առաջարկվող ժամկետը.
6) ներդրումների իրականացման ժամկետը և ծավալը, եթե նշված չափանիշները համարվում են նախորդ չկայացած մրցույթին մասնակցելու նախապայման.
7) սույն կարգի 4-րդ կետով սահմանված Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման բոլոր պայմաններին համապատասխանությունը հավաստող փաստաթղթերը:
(6-րդ կետը լրաց., փոփ. 13.02.25 N 159-Ն)
7. Կոմիտեն սույն կարգի 6-րդ կետում նշված հայտն ստանալուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում կայացնում է որոշում այն ընդունելու կամ մերժելու մասին և 3 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին տեղեկացնում է հավանական հավատարմագրային կառավարչին: Ընդ որում, ներկայացված հայտը մերժվում է, եթե չեն ապահովվել սույն կարգի 6-րդ կետով նախատեսված պահանջները:
8. Կոմիտեն սույն կարգի 6-րդ կետում նշված հայտն ստանալուց հետո, եթե այն բավարարում է սույն կարգի 6-րդ կետով նախատեսված պայմանները, ապահովում է կազմակերպության բաժնետոմսերն ուղղակի ձևով հավատարմագրային կառավարման հանձնելու մասին որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնելը:
III. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
9. Կազմակերպության բաժնետոմսերը հավատարմագրային կառավարման հանձնելու հետ կապված գործառույթներն իրականացվում են երկփուլ մրցույթով՝ նախաորակավորման և առաջարկի փուլերի կիրառմամբ, մրցութային հանձնաժողովների միջոցով: Մրցութային հանձնաժողովների կառուցվածքը սահմանվում է կազմակերպության բաժնետոմսերը հավատարմագրային կառավարման հանձնելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, իսկ անհատական կազմը՝ կոմիտեի նախագահի հրամանով:
(9-րդ կետը խմբ. 13.02.25 N 159-Ն)
9.1. Յուրաքանչյուր մրցույթի համար մրցութային ընթացակարգը, ինչպես նաև նախաորակավորմանը և կառավարմանը ներկայացվող հնարավոր հավելյալ պահանջները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված լինելու դեպքում՝ մրցութային հանձնաժողովի կողմից:
(9.1-ին կետը լրաց. 13.02.25 N 159-Ն)
10. Կազմակերպության բաժնետոմսերը հավատարմագրային կառավարման հանձնելու մրցույթները (այսուհետ՝ մրցույթ) բաց են մրցույթի պայմանները բավարարող բոլոր անձանց համար: Նախաորակավորման փուլին մասնակցելու իրավունք ունի նախաորակավորման հայտարարությամբ սահմանված մասնակցության իրավունքին և որակավորման չափանիշներին բավարարող ցանկացած անձ։ Առաջարկի փուլին կարող են մասնակցել միայն նախաորակավորման փուլի արդյունքներով նախաորակավորված մասնակիցները։
(10-րդ կետը լրաց. 13.02.25 N 159-Ն)
11. Կազմակերպության բաժնետոմսերը հավատարմագրային կառավարման հանձնելու նպատակով ներկայացված նախաորակավորման և առաջարկի հայտերի գնահատման համար՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված լինելու դեպքում մրցութային հանձնաժողովը կարող է անվճար հիմունքներով, առանց ձայնի իրավունքի՝ մրցութային հանձնաժողովի աշխատանքներում ներգրավել մասնագիտացած խորհրդատուների և համապատասխան ոլորտի փորձագետների (համաձայնությամբ):
(11-րդ կետը փոփ. 13.02.25 N 159-Ն)
12. Նախաորակավորման հայտարարությունը նախաորակավորմանը մասնակցելու համար հայտերի ընդունման վերջնաժամկետից ոչ ուշ, քան 40 օրացուցային օր առաջ պարտադիր տեղադրվում է կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքում, http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, իսկ մրցութային հանձնաժողովի որոշմամբ՝ նաև օտարալեզու կայքերում:
(12-րդ կետը խմբ. 13.02.25 N 159-Ն)
13. Կազմակերպության բաժնետոմսերը հավատարմագրային կառավարման հանձնելու նախաորակավորման հայտարարության մեջ նշվում են՝
1) կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, հիմնադրի լիազորություններն իրականացնող պետական մարմնի անվանումը.
2) հավատարմագրային կառավարման առաջարկվող ժամկետը.
3) (ենթակետն ուժը կորցրել է 13.02.25 N 159-Ն)
4) հավատարմագրային կառավարմանը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ներկայացվող նվազագույն պահանջները․
4.1) նախաորակավորման մասնակիցների նկատմամբ չափանիշները, որոնք վերաբերում են մասնագիտական փորձառությանը, տեխնիկական կարողություններին և փորձառությանը, ինչպես նաև ֆինանսական և տնտեսական կարողություններին, նախաորակավորման գնահատման կարգը՝ ներառյալ չափանիշների կշիռները․
5) սեփականատիրոջ այն լիազորությունները, որոնք նախատեսվում է փոխանցել հավատարմագրային կառավարչին.
6) հավատարմագրային կառավարման ծրագրի ընդհանուր նպատակը և նկարագիրը.
7) կազմակերպության ակտիվների և պարտավորությունների մեծության մասին տեղեկատվությունը՝ համաձայն նախաորակավորման հայտարարությանը նախորդող վերջին ժամանակահատվածի հաշվապահական հաշվառման հաշվետվության.
8) կազմակերպության գույքի նկատմամբ բռնագանձում տարածելու վերաբերյալ հայցերի առկայության կամ կազմակերպության՝ սնանկության վարույթում գտնվելու մասին տեղեկատվությունը.
8.1) նախաորակավորման մասնակիցների` մրցույթին մասնակցելու իրավունքի մասին հայտարարությունը.
9) մրցութային հանձնաժողովի գործունեության վայրը.
10) լեզուն կամ լեզուները, որոնցով պետք է ներկայացվեն նախաորակավորման հայտերը, նախաորակավորմանը մասնակցելու համար հայտերի ընդունման վայրը, ժամանակահատվածը (նշելով ժամերը՝ ըստ օրերի) և վերջնաժամկետը.
11) (ենթակետն ուժը կորցրել է 13.02.25 N 159-Ն)
12) մրցույթի մասնակցության վճարի և մրցույթի նախավճարի չափը, վճարելու կարգը և ժամկետները.
13) նախաորակավորմանը մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.
14) նախաորակավորման հայտերը բացելու, ինչպես նաև նախաորակավորման հայտերն ամփոփելու նիստերի օրը և ժամը.
15) նախաորակավորման մասին լրացուցիչ տեղեկություններ և պարզաբանումներ ստանալու կարգը, մասնակցության համար բաց քննարկումների վայրը, օրը և ժամը, հարցումների ներկայացման ժամկետը.
16) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված այլ պայմաններ:
(13-րդ կետը փոփ., խմբ., լրաց. 13.02.25 N 159-Ն)
14. Մրցույթին մասնակցության վճարը սահմանվում է մրցույթի անցկացման համար կատարված ծախսերի փոխհատուցման նպատակով, իսկ մրցույթի նախավճարը մրցույթին մասնակցելու երաշխիքային վճար է:
15. Մրցույթին մասնակցության վճարի չափը սահմանվում է նախաորակավորման հայտարարության հրապարակման պահին Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 50-ապատիկի չափով և ենթակա չէ վերադարձման՝ անկախ մրցույթում հաղթելու կամ հաղթող չճանաչվելու հանգամանքից:
(15-րդ կետը փոփ. 13.02.25 N 159-Ն)
16. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն, թույլատրել գանձապետարանում բացել արտաբյուջետային (ավանդային) հաշիվ՝ կոմիտեի անվամբ:
(16-րդ կետը խմբ. 13.02.25 N 159-Ն)
16.1. Մրցույթին մասնակցության վճարը և մրցույթի նախավճարը փոխանցվում են կոմիտեի անվամբ գանձապետարանում այդ նպատակով բացված հաշվին:
(16.1-ին կետը լրաց. 13.02.25 N 159-Ն)
17. Մրցույթի նախավճարը սահմանվում է նախաորակավորման հայտարարության հրապարակման պահին Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 1000-ապատիկի չափով և ենթակա է վերադարձման՝ բացառությամբ մրցույթի հաղթող ճանաչված մասնակցի կողմից պայմանագիրն ստորագրելուց հրաժարվելու դեպքի։
(17-րդ կետը փոփ. 13.02.25 N 159-Ն)
17.1. Նախաորակավորմանը մասնակցելու համար հայտատուն մրցութային հանձնաժողովին փակ ծրարով ներկայացնում է գրավոր հայտ, որը պետք է ներառի հետևյալ փաստաթղթերը և տեղեկությունները՝
1) եթե հայտատուն առևտրային կազմակերպություն է՝
ա. կազմակերպության պետական գրանցման համարը, տեղեկատվություն կազմակերպության մասնակիցների, փայատերերի, կազմակերպության գտնվելու և գործունեության իրականացման վայրի մասին: Եթե կազմակերպությունն օտարերկրյա առևտրային կազմակերպություն է, ապա պետք է նշվեն նաև այն պետությունը, որի օրենքների հիման վրա ստեղծվել և գործում է տվյալ կազմակերպությունը, այդ օտարերկրյա առևտրային կազմակերպության՝ օրենքին համապատասխան ստեղծման և գործունեության դադարման, վերակազմակերպման՝ ներառյալ իրավահաջորդության, իրավունակության բովանդակության, քաղաքացիական իրավունքներ ձեռք բերելու և քաղաքացիական պարտականություններ կրելու կարգը, կազմակերպության ներսում ծավալվող հարաբերությունների՝ ներառյալ առևտրային կազմակերպության հարաբերություններն իր մասնակիցների հետ, պատասխանատվության հարցերի մասին տեղեկությունները,
բ. մրցույթին մասնակցության վճարի և մրցույթի նախավճարի՝ կոմիտեի անվամբ գանձապետարանում այդ նպատակով բացված հաշվին կատարված վճարման անդորրագրերի պատճենները,
գ. կառավարման բնագավառում առևտրային կազմակերպության փորձի մասին վկայող փաստաթղթերը,
դ. նախաորակավորման չափանիշներին համապատասխանությունը հիմնավորող փաստաթղթերը,
ե. նախաորակավորման հայտարարության մեջ նշված մյուս փաստաթղթերը.
2) եթե հայտատուն անհատ ձեռնարկատեր է՝
ա. անձնագրի տվյալները (ազգանունը, անունը, հայրանունը, քաղաքացիությունը և բնակության վայրը), անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը,
բ. մրցույթին մասնակցության վճարի և մրցույթի նախավճարի՝ կոմիտեի անվամբ գանձապետարանում այդ նպատակով բացված հաշվին կատարված վճարման անդորրագրերի պատճենները,
գ. կառավարման բնագավառում անհատ ձեռնարկատիրոջ փորձի մասին վկայող փաստաթղթերը,
դ. նախաորակավորման չափանիշներին համապատասխանությունը հիմնավորող փաստաթղթերը,
ե. նախաորակավորման հայտարարության մեջ նշված մյուս փաստաթղթերը:
(17.1-ին կետը լրաց. 13.02.25 N 159-Ն)
17.2. Մրցութային հանձնաժողովը նախաորակավորման հայտարարությունում նշված օրը և ժամին անցկացնում է հայտերի բացման նիստ, որին կարող են մասնակցել բոլոր հայտատուները։
(17.2-րդ կետը լրաց. 13.02.25 N 159-Ն)
17.3. Մրցութային հանձնաժողովը նախաորակավորման հայտարարության մեջ նշված ժամանակահատվածում գնահատում է հայտատուների հայտերը՝ նախաորակավորման չափանիշներին հրապարակված գնահատման կարգով համապատասխանությունը և նախաորակավորման հայտարարության մեջ նշված օրը և ժամին անցկացնում է գնահատման արդյունքների ամփոփման նիստ, որին կարող են մասնակցել բոլոր հայտատուները։ Գնահատման արդյունքների ամփոփման նիստը արձանագրվում է։ Արձանագրությունն ստորագրում են նիստին մասնակցող հանձնաժողովի բոլոր անդամները։
(17.3-րդ կետը լրաց. 13.02.25 N 159-Ն)
17.4. Գնահատման արդյունքների ամփոփման նիստում մրցութային հանձնաժողովը՝
1) որոշում է և հաստատում նախաորակավորված մասնակիցների ցանկը.
2) սահմանում է մինչև առաջարկների փուլի նախաձեռնումը նախաորակավորված մասնակիցների հետ բաց բանակցությունների կարգը, բանակցությունների անցկացման պայմանները, վայրը, օրը և ժամը: Նախաորակավորված անձի հետ առանձին բանակցություններն արգելվում են:
(17.4-րդ կետը լրաց. 13.02.25 N 159-Ն)
17.5. Ամփոփման նիստի օրվանից հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում մրցութային հանձնաժողովը բոլոր նախաորակավորված մասնակիցներին ուղարկում է ծանուցում-հրավեր բաց բանակցությունների՝ կցելով արդյունքների ամփոփման նիստի արձանագրության պատճենը։
(17.5-րդ կետը լրաց. 13.02.25 N 159-Ն)
17.6. Բաց բանակցություններում քննարկվում են մրցույթի և պայմանագրի պայմանները։ Բաց բանակցությունների յուրաքանչյուր նիստի վերաբերյալ կազմվում է գրավոր արձանագրություն, որն ստորագրում են բանակցությունների մասնակիցները։
(17.6-րդ կետը լրաց. 13.02.25 N 159-Ն)
17.7. Բաց բանակցությունների ամփոփման արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված նվազագույն պահանջները և չափանիշները հանձնաժողովի հիմնավորված առաջարկով կարող են փոփոխվել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ հավատարմագրային կառավարումն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով:
(17.7-րդ կետը լրաց. 13.02.25 N 159-Ն)
17.8. Նախաորակավորման գնահատման ամփոփման նիստից հետո հանձնաժողովի որոշմամբ սահմանվում է մրցույթի առաջարկի փուլը։ Հանձնաժողովի որոշմամբ կարող են սահմանվել բանակցությունների լրացուցիչ նվազագույն պայմաններ։ Առաջարկի փուլի վերաբերյալ հանձնաժողովի որոշմամբ սահմանվում է առնվազն՝
1) կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, հիմնադրի լիազորություններն իրականացնող պետական մարմնի անվանումը, պետական բաժնեմասի չափը, հավատարմագրային կառավարման հանձնվող բաժնետոմսերի թիվը, մեկ բաժնետոմսի անվանական արժեքը.
2) հավատարմագրային կառավարման ժամկետները.
3) կազմակերպության ակտիվների և պարտավորությունների մեծության մասին տեղեկատվությունը` համաձայն առաջարկի փուլի վերաբերյալ հանձնաժողովի որոշմանը նախորդող վերջին ժամանակահատվածի հաշվապահական հաշվառման հաշվետվության.
4) սեփականատիրոջ այն լիազորությունները, որոնք նախատեսվում է փոխանցել հավատարմագրային կառավարչին.
5) հավատարմագրային կառավարմանը և իրականացվող ծրագրին ներկայացվող բոլոր պահանջները, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված, ինչպես նաև կազմակերպության աշխատողների աշխատանքային և սոցիալական երաշխիքներին վերաբերող պահանջները՝ ըստ ուղղությունների և ծավալի.
6) առաջարկի փուլին մասնակցելու համար ներկայացված հայտերի գնահատման չափանիշները՝ ներառյալ՝
ա. մրցույթին մասնակցելու համար ներկայացված ծրագրերի յուրաքանչյուր բաղադրիչի գնահատման սկզբունքները,
բ. տեխնիկական ու ֆինանսական ցուցանիշների գնահատման սկզբունքները և սահմանված կշռային գործակիցները.
7) այլ պայմաններ:
(17.8-րդ կետը լրաց. 13.02.25 N 159-Ն)
17.9. Մրցութային հանձնաժողովն առաջարկի փուլի վերաբերյալ հանձնաժողովի որոշման օրվանից երկու աշխատանքային օրվա ընթացքում բոլոր նախաորակավորված մասնակիցներին ուղարկում է առաջարկի հրավերը՝ սահմանելով հայտերի ներկայացման ժամկետ, որը չի կարող պակաս լինել 30 օրացուցային օրվանից։
(17.9-րդ կետը լրաց. 13.02.25 N 159-Ն)
17.10. Առաջարկի հրավերի մեջ նշվում են՝
1) կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, հիմնադրի լիազորություններն իրականացնող պետական մարմնի անվանումը.
2) հավատարմագրային կառավարման առաջարկվող ժամկետը.
3) կազմակերպության ակտիվների և պարտավորությունների մեծության մասին տեղեկատվությունը` համաձայն առաջարկի փուլի վերաբերյալ հանձնաժողովի որոշմանը նախորդող վերջին ժամանակահատվածի հաշվապահական հաշվառման հաշվետվության.
4) սեփականատիրոջ այն լիազորությունները, որոնք նախատեսվում է փոխանցել հավատարմագրային կառավարչին.
5) հավատարմագրային կառավարմանը և իրականացվող ծրագրին ներկայացվող՝ առաջարկի փուլի վերաբերյալ հանձնաժողովի որոշման մեջ նշված բոլոր պահանջները.
6) առաջարկի փուլի մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը․
7) առաջարկի փուլի վերաբերյալ հանձնաժողովի որոշման մեջ նշված այլ պայմանները․
8) կազմակերպության գույքի նկատմամբ բռնագանձում տարածելու վերաբերյալ հայցերի առկայության կամ կազմակերպության՝ սնանկության վարույթում գտնվելու մասին տեղեկատվությունը.
9) մրցութային հանձնաժողովի գործունեության վայրը.
10) առաջարկի փուլին մասնակցելու համար հայտերի ընդունման վայրը, ժամանակահատվածը (նշելով ժամերը՝ ըստ օրերի) և վերջնաժամկետը.
11) առաջարկի փուլին մասնակցելու համար ներկայացված հայտերի գնահատման չափանիշները՝ ներառյալ՝
ա. մրցույթին մասնակցելու համար ներկայացված ծրագրերի յուրաքանչյուր բաղադրիչի գնահատման սկզբունքները,
բ. տեխնիկական ու ֆինանսական ցուցանիշների գնահատման համար սահմանված կշռային գործակիցները.
12) առաջարկի փուլի հայտերը բացելու, ինչպես նաև մրցույթի հայտերն ամփոփելու նիստերի օրը և ժամը.
13) առաջարկի փուլի մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու կարգը․
14) հանձնաժողովի որոշմամբ սահմանված այլ պայմաններ:
(17.10-րդ կետը լրաց. 13.02.25 N 159-Ն)
18. Առաջարկի փուլին մասնակցելու համար նախաորակավորված մասնակիցը մրցութային հանձնաժողովին փակ ծրարով ներկայացնում է գրավոր հայտ, որը պետք է ներառի հետևյալ փաստաթղթերը՝
1) եթե հայտատուն առևտրային կազմակերպություն է՝
ա. կազմակերպության պետական գրանցման համարը, տեղեկատվություն կազմակերպության մասնակիցների, փայատերերի, կազմակերպության գտնվելու և գործունեության իրականացման վայրի մասին: Եթե կազմակերպությունն օտարերկրյա առևտրային կազմակերպություն է, ապա պետք է նշվեն նաև այն պետությունը, որի օրենքների հիման վրա ստեղծվել և գործում է տվյալ կազմակերպությունը, այդ օտարերկրյա առևտրային կազմակերպության՝ օրենքին համապատասխան ստեղծման և գործունեության դադարման, վերակազմակերպման՝ ներառյալ իրավահաջորդության, իրավունակության բովանդակության, քաղաքացիական իրավունքներ ձեռք բերելու և քաղաքացիական պարտականություններ կրելու կարգը, կազմակերպության ներսում ծավալվող հարաբերությունների՝ ներառյալ առևտրային կազմակերպության հարաբերություններն իր մասնակիցների հետ, պատասխանատվության հարցերի մասին տեղեկությունները,
բ. (պարբերությունն ուժը կորցրել է 13.02.25 N 159-Ն)
գ. սույն կարգի պահանջներին համապատասխանող առաջարկը և հավատարմագրային կառավարման ծրագիրը,
դ. (պարբերությունն ուժը կորցրել է 13.02.25 N 159-Ն)
ե. առաջարկի փուլի հրավերի մեջ նշված մյուս փաստաթղթերը.
2) եթե հայտատուն անհատ ձեռնարկատեր է՝
ա. անձնագրի տվյալները (ազգանունը, անունը, հայրանունը, քաղաքացիությունը և բնակության վայրը), անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը,
բ. (պարբերությունն ուժը կորցրել է 13.02.25 N 159-Ն)
գ. սույն կարգի պահանջներին համապատասխանող առաջարկը և հավատարմագրային կառավարման ծրագիրը,
դ. (պարբերությունն ուժը կորցրել է 13.02.25 N 159-Ն)
ե. առաջարկի փուլի հրավերի մեջ նշված մյուս փաստաթղթերը:
(18-րդ կետը փոփ., լրաց. 13.02.25 N 159-Ն)
19. Սույն կարգի 18-րդ կետով պահանջվող առաջարկը և հավատարմագրային կառավարման ծրագիրը պետք է ներառի՝
1) ներդրումներ կատարելու վերաբերյալ տեղեկատվություն (այդ թվում՝ ներդրումների ուղղությունները և չափերը, ինչպես նաև ներդրումների իրականացման արդյունքում ակնկալվող արդյունքը (ներառյալ կազմակերպության սպասվելիք շահույթը` տարիների կտրվածքով), եթե ծրագրով ակնկալվում է իրականացնել համապատասխան ներդրումներ.
2) հավատարմագրային կառավարման հանձնվող կազմակերպության զարգացման համար իրականացվելիք միջոցառումները, դրանց կատարման ժամկետները, ուղիները, պահանջվող ֆինանսական միջոցները և աղբյուրները.
3) տեղեկություններ և փաստաթղթեր անձի տեխնիկական և մասնագիտական ապահովվածության մասին.
4) առաջարկություններ հավատարմագրային կառավարչի վարձատրության չափի վերաբերյալ.
5) հանձնաժողովի որոշմամբ սահմանված` մրցույթի այլ պայմանների և պահանջների վերաբերյալ առաջարկություններ:
(19-րդ կետը լրաց., խմբ., փոփ. 13.02.25 N 159-Ն)
20. Առաջարկի փուլին մասնակցելու համար հայտատուների կողմից մրցութային հանձնաժողովին ներկայացված հայտերում առկա տվյալներն ու տեղեկությունները (ներառյալ հավատարմագրային կառավարման ծրագրի բովանդակությունը) մինչև մրցույթի ավարտը հրապարակման ենթակա չեն:
(20-րդ կետը փոփ. 13.02.25 N 159-Ն)
21. Նախաորակավորված մասնակցի կողմից առաջարկի փուլին մասնակցելու համար հայտի ընդունման մերժումն արգելվում է:
(21-րդ կետը փոփ. 13.02.25 N 159-Ն)
22. (կետն ուժը կորցրել է 13.02.25 N 159-Ն)
23. Առաջարկի փուլի հրավերում նշված մրցույթի հայտերի բացման նիստի օրը մրցութային հանձնաժողովը բացում է բոլոր ներկայացված ծրարները, ստուգում ներկայացված պահանջներին հայտերի համապատասխանությունը և գնահատում առաջարկները:
(23-րդ կետը փոփ. 13.02.25 N 159-Ն)
23.1. Առաջարկի փուլի հրավերում նշված գնահատման ժամանակահատվածում մրցութային հանձնաժողովն իր կողմից սահմանված կարգի համաձայն գնահատում է ստացված հայտերը և առաջարկի փուլի հրավերում նշված օրը և ժամին հրավիրում է հայտերի գնահատման ամփոփման նիստը։ Հայտերի գնահատման ամփոփման նիստին որոշվում է մրցույթի հաղթողը։
(23.1-ին կետը լրաց. 13.02.25 N 159-Ն)
24. Մրցույթի հաղթող է ճանաչվում այն հայտատուն, որը, մրցութային հանձնաժողովի որոշմամբ, առաջարկել է լավագույն պայմանները: Լավագույն պայմաններ են համարվում մրցույթին մասնակցելու համար ներկայացված հայտերի գնահատման չափանիշներին համապատասխանող՝ առավելագույն միավորներով գնահատված առաջարկը և ծրագիրը:
(24-րդ կետը փոփ. 13.02.25 N 159-Ն)
25. Մի քանի հայտատուների կողմից հավասար լավագույն պայմանների առաջարկման դեպքում նախապատվությունը տրվում է այն անձին, որի ներկայացրած հավատարմագրային կառավարման ծրագրով նախատեսվում է նվազագույն ծախսերով կազմակերպության առավելագույն զուտ շահույթի ապահովումը:
26. Մրցութային հանձնաժողովի անդամներից յուրաքանչյուրն ունի մեկ ձայնի իրավունք: Մրցութային հանձնաժողովի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ:
27. Կողմ և դեմ քվեարկած մրցութային հանձնաժողովի անդամների ձայների հավասարության դեպքում մրցութային հանձնաժողովի նախագահն ունի վճռորոշ ձայնի իրավունք:
28. Մրցութային հանձնաժողովը առաջարկի փուլի հայտերն ամփոփելու օրը կազմում է առաջարկի փուլի արդյունքների մասին արձանագրություն, որտեղ նշում են`
1) առաջարկի փուլի հայտերի բացման, առաջարկի փուլի հայտերի ամփոփման վայրը, ամսաթիվը և ժամը, ինչպես նաև մրցութային հանձնաժողովի անդամների անուններն ու ազգանունները.
2) մրցույթի մասնակիցների անունները, ազգանունները (անվանումները) և գտնվելու (բնակության) վայրը.
3) տեղեկություններ մրցույթի հայտերի վերաբերյալ հարցումների և դրանց պատասխանների մասին.
4) մրցույթում հաղթող ճանաչված անձի անունը, ազգանունը (անվանումը).
5) այլ անհրաժեշտ տեղեկություններ:
(28-րդ կետը փոփ. 13.02.25 N 159-Ն)
29. Մրցույթի արդյունքների մասին ամփոփ տեղեկատվությունը մրցույթի արդյունքների ամփոփումից հետո ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում հրապարակվում է կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքում, http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև այն օտարալեզու կայքերում, որի միջոցով մրցույթին մասնակցելու համար հայտ ներկայացրած անձը տեղեկացել է մրցույթի մասին:
30. Հավատարմագրային կառավարման հիմնադիրը, ի դեմս կոմիտեի, մրցույթի արդյունքների հրապարակումից հետո մեկամսյա ժամկետում՝ մրցույթի հաղթող ճանաչված անձի հետ կնքում է հավատարմագրային կառավարման մասին պայմանագիր:
31. Մրցույթին մասնակցելու համար ստացված մեկ հայտը չի կարող մրցույթը չկայացած համարելու պատճառ համարվել:
32. Մրցույթին մասնակցելու համար հայտերի բացակայության կամ «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածով սահմանված այլ պատճառով մրցույթը չկայանալու դեպքում տվյալ կազմակերպության բաժնետոմսերը հավատարմագրային կառավարման հանձնելու վերաբերյալ նոր մրցույթի կազմակերպման մասին որոշումն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
33. Մրցույթի արդյունքները կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
IV. ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
34. Սույն կարգին համապատասխան մրցույթի հաղթող ճանաչված անձի հավատարմագրային կառավարման ծրագիրը համարվում է հավատարմագրային կառավարման մասին պայմանագրի անբաժանելի մասը:
35. Կոմիտեի և մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված անձի (այսուհետ՝ հավատարմագրային կառավարիչ) միջև կնքված հավատարմագրային կառավարման մասին պայմանագրում, բացի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 958-րդ հոդվածով սահմանված պայմանագրի էական պայմաններից, պետք է ներառվեն՝
1) կոմիտեի կողմից հավատարմագրային կառավարման մասին պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարման մոնիթորինգի կարգը՝ առանց միջամտելու հավատարմագրային կառավարչի գործունեությանը, ինչպես նաև հավատարմագրային կառավարչից կազմակերպության կառավարմանը վերաբերող ցանկացած փաստաթուղթ ստանալու իրավունքը.
2) հավատարմագրային կառավարման մասին պայմանագրի գործողության սկզբին հաջորդող յուրաքանչյուր տարի՝ մինչև տվյալ տարվա մարտի 1-ը՝ հավատարմագրային կառավարչի գործունեության ծրագրով ամրագրված գործողությունների ընթացքի վերաբերյալ կոմիտեի տարեկան հաշվետվություն (կոմիտեի հետ համաձայնեցված ձևաչափով և բովանդակությամբ), ինչպես նաև կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության արդյունքների վերաբերյալ անկախ աուդիտորական ծառայություններ մատուցող անձի եզրակացությունը ներկայացնելու պահանջը.
3) հավատարմագրային կառավարման մասին պայմանագրի գործողության սկզբին հաջորդող յուրաքանչյուր տարի՝ մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 1-ը՝ հավատարմագրային կառավարչի գործունեության ծրագրից բխող տարեկան գործարար ծրագիրը (եռամսյակային կտրվածքով), իսկ յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո՝ մինչև հաջորդ եռամսյակի երկրորդ ամսվա 1-ը՝ գործարար ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման մասին եռամսյակային հաշվետվությունը կոմիտե ներկայացնելու պահանջը:
36. Կոմիտեի և հավատարմագրային կառավարչի միջև կնքված հավատարմագրային կառավարման մասին պայմանագրում պետք է սահմանվի, որ հավատարմագրային կառավարիչը, առանց կոմիտեի համաձայնության, հավատարմագրային կառավարման ընթացքում իրավունք չունի՝
1) օտարելու հավատարմագրային կառավարման հանձնված բաժնետոմսերը, ինչպես նաև «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ խոշոր գործարք չհանդիսացող կազմակերպության սեփականությունը համարվող անշարժ գույքը.
2) հավատարմագրային կառավարման մասին պայմանագրով իրեն վերապահված իրավունքների և պարտականությունների կատարումը վերապահելու երրորդ անձանց.
3) սահմանելու կազմակերպության ղեկավար անձանց աշխատանքի վարձատրության չափերը.
4) իրականացնելու «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով խոշոր գործարքների մասին ընդունված որոշումները:
37. Սույն կարգին համապատասխան կնքված հավատարմագրային կառավարման մասին պայմանագրի գործողությունը կարող է վաղաժամկետ դադարեցվել հետևյալ հիմքերից յուրաքանչյուրով՝
1) հավատարմագրային կառավարման մասին պայմանագրի կողմերի փոխադարձ համաձայնությամբ.
2) եթե կոմիտեն խախտել է կամ չի կատարել հավատարմագրային կառավարման մասին պայմանագրով ստանձնած իր պարտավորություններից որևէ մեկը կամ խախտել է կառավարման հիմնադրի կամ իր կողմից տրված՝ երաշխիք պարունակող պայման, և նշված խախտման մասին հավատարմագրային կառավարչի ծանուցումն ստանալուց հետո 15 օրացուցային օրվա ընթացքում կառավարման հիմնադրի կամ կոմիտեի կողմից խախտումը չի վերացվել.
3) հավատարմագրային կառավարիչը խախտել է կամ չի կատարել հավատարմագրային կառավարման մասին պայմանագրով ստանձնած իր պարտավորություններից որևէ մեկը կամ խախտել է հավատարմագրային կառավարման մասին պայմանագրով իր կողմից երաշխիք պարունակող պայմանը, և նշված խախտման մասին կոմիտեի ծանուցումն ստանալուց հետո 15 օրացուցային օրվա ընթացքում հավատարմագրային կառավարչի կողմից խախտումը չի վերացվել:
38. Սույն կարգի 37-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում հավատարմագրային կառավարման մասին պայմանագրի կողմն իրավասու է վաղաժամկետ դադարեցնելու հավատարմագրային կառավարման մասին պայմանագրի գործողությունը՝ պայմանագրի մյուս կողմին երկու ամիս առաջ գրավոր ծանուցելով իր կրած վնասներն ու բաց թողնված օգուտները փոխհատուցելու անհրաժեշտության մասին:
39. Հավատարմագրային կառավարման մասին պայմանագրի գործողությունը վաղաժամկետ դադարեցվելու դեպքում կողմերը պետք է միմյանց վերադարձնեն տվյալ պայմանագրին առնչվող բոլոր փաստաթղթերն ու միջոցները` սահմանված ժամկետում և առանց վերապահումների:
40. Սույն կարգին համապատասխան կնքված հավատարմագրային կառավարման մասին պայմանագրերի պայմանների կատարման նկատմամբ հսկողությունն իրականացնում է կոմիտեն՝ կազմակերպության բաժնետոմսերը հավատարմագրային կառավարման հանձնելու մասին կնքված պայմանագրի դրույթներին համապատասխան:
41. Հավատարմագրային կառավարիչը պատասխանատվություն է կրում իր պատճառած վնասների համար:
42. Հավատարմագրային կառավարչի կողմից ստանձնած պարտավորությունների չկատարման դեպքում կիրառվող պատասխանատվության միջոցները, ինչպես նաև պարտավորությունները գրավով կամ երաշխիքով ապահովված լինելու վերաբերյալ պահանջները կարող են սահմանվել մրցութային հանձնաժողովի կողմից, որոնք էլ կներառվեն հավատարմագրային կառավարման մասին պայմանագրում:
(42-րդ կետը լրաց. 13.02.25 N 159-Ն)
(հավելվածը խմբ. 10.01.19 N 2-Ն, խմբ., փոփ., լրաց. 13.02.25 N 159-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
13.02.2025, N 159-Ն | 15.02.2025, N 515-Ն | |
16.03.2023, N 321-Ն | 17.03.2023, N 515-Ն | |
10.01.2019, N 2-Ն | 26.01.2019, N 515-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|