Գլխավոր տեղեկություն
Համար
N 101-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.02.2025-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.01.20-2025.02.02 Պաշտոնական հրապարակման օրը 31.01.2025
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.01.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.01.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.02.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հունվարի 2025 թվականի N 101-Ն

 

ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԵՎ ՄԱՐԿՇԵՅԴԵՐԱԿԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ, ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ, ՉԱՓԱԳՐԱԿԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» օրենքի 16.1-ին հոդվածի 6-րդ մասի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման գործունեության որակավորման հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի անդամների թեկնածուների ներկայացման և ընտրության կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

31.01.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2025 թվականի

հունվարի 30-ի N 101-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԵՎ ՄԱՐԿՇԵՅԴԵՐԱԿԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ, ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ, ՉԱՓԱԳՐԱԿԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ

 

1. Գեոդեզիական և մարկշեյդերական գործունեության, ինչպես նաև քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման գործունեության որակավորման անցկացումը կազմակերպում և իրականացնում է գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման գործունեության բնագավառներում հայտատուի մասնագիտական որակավորման մշտական գործող հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով): Հանձնաժողովի անդամների նշանակումը և հանձնաժողովի կազմում փոփոխությունները կատարվում են Կադաստրի կոմիտեի (այսուհետ` կոմիտե) ղեկավարի համապատասխան հրամանով:

2. Հանձնաժողովը կազմված է 7 անձից` նախագահից, քարտուղարից և անդամներից: Հանձնաժողովի նախագահը, քարտուղարը և երկու անդամները հանդիսանում են կոմիտեի աշխատակիցներ, մեկ անդամն ընտրվում է Հայաստանի Հանրապետությունում գործող գիտական հաստատություններից (այդ հաստատության ղեկավարության գրավոր համաձայնությամբ), իսկ մյուս երկուսը կոմիտեի հաշվառած՝ գեոդեզիստների և մարկշեյդերների, ինչպես նաև քարտեզագրողների, հողաշինարարների, չափագրողների և հաշվառողների ինքնակարգավորվող կազմակերպությունների (այսուհետ՝ ինքնակարգավորվող կազմակերպություն) առաջադրած անդամներից: Հանձնաժողովի նախագահը հանդիսանում է կոմիտեի աշխատակից և չի կարող լինել կոմիտեի աշխատակից հանդիսացող հանձնաժողովի անդամից ցածր պաշտոն զբաղեցնող։

3. Հանձնաժողովի կազմում ինքնակարգավորվող կազմակերպությունների կամ գիտական հաստատությունների թեկնածուներին ներգրավելու նպատակով՝ կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակվում է հայտարարություն: Հայտերը ներկայացնելու համար սահմանվում է հայտարարության հրապարակման օրվանից երկշաբաթյա ժամկետ:

4. Հայտարարությունը պետք է պարունակի առնվազն հետևյալ տվյալները`

1) հայտերը ներկայացնելու էլեկտրոնային փոստի հասցեն և հայտեր ընդունելու հետ կապված պատասխանատու անձի հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն.

2) հայտերի ընդունման օրերը և ժամերը.

3) սույն կարգով սահմանված պահանջները և հայտին կից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.

4) հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը:

5. Հանձնաժողովի կազմում գիտական հաստատության կամ ինքնակարգավորվող կազմակերպության թեկնածու ընդգրկվելու հայտ կազմակերպությունները կարող են ներկայացնել հետևյալ պայմանների ապահովմամբ՝

1) ինքնակարգավորվող կազմակերպությունների դեպքում հանձնաժողովի կազմում ներառելու նպատակով առաջադրվող թեկնածուն պետք է ունենա «Գեոդեզիական և մարկշեյդերական» կամ «Քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման» գործունեության որակավորում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.

2) գիտական հաստատությունների դեպքում հանձնաժողովի կազմում ներառելու նպատակով առաջադրվող թեկնածուն պետք է ունենա առնվազն գիտությունների թեկնածուի գիտական աստիճան և Հայաստանի Հանրապետության տարածքում վերջին 10 տարվա ընթացքում մասնագիտական գործունեության բնագավառում առնվազն 5 տարվա գիտական կամ կրթական աշխատանքային ստաժ.

3) առաջադրվող թեկնածուն համապատասխան բնագավառի քաղաքականությունը մշակող պետական կառավարման մարմնի աշխատակից չի կարող հանդիսանալ:

6. Հանձնաժողովի անդամության հայտի հետ միաժամանակ ներկայացվում են այն փաստաթղթերը (բնօրինակ կամ պատճեն), որոնք փաստում են սույն կարգի 5-րդ կետով ամրագրված պայմաններին համապատասխանությունը: Հայտում նշվում են հանձնաժողովի կազմում առաջադրվող թեկնածուի վերաբերյալ տվյալներ (անուն, ազգանուն, անձնագրային տվյալներ, հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե):

7. Հայտը և կից ներկայացվող փաստաթղթերը (այսուհետ` փաստաթղթեր) պետք է ներկայացվեն հայտարարության մեջ նշված էլեկտրոնային փոստի հասցեին` էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված կամ ստորագրված և սքանավորված, կամ Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի (e-request.am) միջոցով:

8. Փաստաթղթերն էլեկտրոնային փոստով ներկայացված լինելու պարագայում, դրանց ստացման վերաբերյալ կազմակերպությունը ծանուցվում է փաստաթղթերն ստանալուն հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում` վերջինիս կողմից ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեով:

9. Փաստաթղթերը թերի լինելու կամ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին չհամապատասխանելու դեպքերում հայտ ներկայացնողը դրա մասին ծանուցվում է փաստաթղթերը կոմիտեի քարտուղարությունում ստացվելու օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում (հեռախոսով կամ էլեկտրոնային փոստով), և նրան տրամադրվում է երկու աշխատանքային օր թերությունները շտկելու համար:

10. Սահմանված ժամկետում թերությունները չշտկելու դեպքում կազմակերպության ներկայացրած հայտին ընթացք չի տրվում:

11. Ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը սույն կարգի 5-րդ կետի պայմաններին որոշվում է կոմիտեի քարտուղարության կողմից` համապատասխան արձանագրություն կազմելու միջոցով: Արձանագրությունը ստորագրում է կոմիտեի քարտուղարության պետը:

12. Սույն կարգի 5-րդ կետով սահմանված պայմաններին համապատասխան հայտերի ներկայացման դեպքում կոմիտեի ընտրությամբ հանձնաժողովի կազմում ներգրավվում է գիտակրթական, գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման գործունեության բնագավառներում ավելի մեծ աշխատանքային ստաժ ունեցող թեկնածուն, իսկ հավասար աշխատանքային ստաժ ունենալու պարագայում՝ առավել վաղ հայտ ներկայացրած թեկնածուն։

13. Հանձնաժողովի` ինքնակարգավորվող կազմակերպությունները և գիտական հաստատությունները ներկայացնող անդամների թեկնածուներին ընտրելուց հետո հանձնաժողովի կազմը ներկայացվում է կոմիտեի ղեկավարի հաստատմանը:

14. Գիտական հաստատության և ինքնակարգավորվող կազմակերպության թեկնածուները հանձնաժողովի կազմում ներգրավվում են երկու տարի ժամկետով` նույն ժամկետով երկարաձգելու հնարավորությամբ, բայց ոչ ավելի, քան մեկ անգամ:

15. Հանձնաժողովի կազմում գիտական հաստատության և ինքնակարգավորվող կազմակերպության թեկնածուի ընդգրկվելու ժամկետի ավարտից երեք ամիս առաջ հանձնաժողովի քարտուղարը հանձնաժողովին տրամադրում է դրա վերաբերյալ տեղեկատվություն, որի պարագայում հանձնաժողովը 15-օրյա ժամկետում որոշում է կայացնում համապատասխան անդամի անդամությունը երկարաձգելու կամ նոր անդամ ընտրելու վերաբերյալ։ Նոր անդամ ընտրելու որոշում կայացնելու դեպքում որոշումը կայացնելուց հետո երկշաբաթյա ժամկետում կոմիտեն հրապարակում է հայտարարություն և սույն կարգի պահանջների համաձայն ներգրավում նոր անդամի:

16. Հանձնաժողովի կազմում անդամ ընտրված գիտական հաստատության կամ ինքնակարգավորվող կազմակերպությունների թեկնածուների անդամությունը դադարում է՝

1) հանձնաժողովի նիստին անհարգելի պատճառով առնվազն մեկ անգամ չմասնակցելու դեպքում.

2) գիտական հաստատության կամ ինքնակարգավորվող կազմակերպության գործունեությունը կասեցվելու կամ դադարեցվելու դեպքում.

3) համապատասխան թեկնածուի՝ հանձնաժողովի անդամ ընտրվելու չափանիշներին համապատասխանությունը դադարելու դեպքում.

4) գիտական հաստատության կամ ինքնակարգավորվող կազմակերպության կողմից անդամությունը դադարեցնելու մասին դիմում ներկայացնելու դեպքում.

5) գիտական հաստատությանը կամ ինքնակարգավորվող կազմակերպությանն անդամի առնչությունը դադարեցվելու դեպքում, որի պարագայում համապատասխան կազմակերպությունը պարտավոր է դադարեցման պահից եռօրյա ժամկետում սույն կարգի 7-րդ կետով սահմանված կարգով կոմիտե ներկայացնել անդամությունը դադարեցնելու մասին դիմում:

17. Հանձնաժողովում թափուր տեղ առաջանալու դեպքում կոմիտեն երկշաբաթյա ժամկետում հրապարակում է հայտարարություն և սույն կարգի պահանջների համաձայն ներգրավում նոր անդամի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

31.01.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 հունվարի 2025 թվական: