Գլխավոր տեղեկություն
Համար
N 199
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (-01.08.1996)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՍՍՀՄԻՆՍՈՎՈԵՎԿ 1969/մարտ
Ընդունող մարմին
Հայկական ՍՍՀ Մինիստրների Սովետ
Ընդունման ամսաթիվ
31.03.1969
Ստորագրող մարմին
Հայկական ՍՍՀ Մինիստրների Սովետի նախագահ Հայկական ՍՍՀ Մինիստրների Սովետի գործերի կառավարիչ
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.08.1996

հայկական սսհ մինիստրների սովետ

 

ո ր ո շ ու մ

 

31 մարտի 1969 թվականի N 199

Քաղ. Երևան

 

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՍՆՆԴԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՆԻՍՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետը որոշում է.

Հաստատել Հայկական ՍՍՀ Սննդի արդյունաբերության մինիստրության առդիր կանոնադրությունը:

 

Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ Սովետի նախագահ`

Բ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ
Սովետի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ`

Հ. ՄԵԼՔՈՆՅԱՆ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հայկական ՍՍՀ Մինիստրների

սովետի 1969 թ. մարտի 31-ի 

N 199 որոշմամբ

 

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄՍԵՂԵՆԻ ԵՎ ԿԱԹՆԵՂԵՆԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՆԻՍՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

1. Հայկական ՍՍՀ Սննդի արդյունաբերության մինիստրությունը Հայկական ՍՍՀ Սահմանադրությանը համապատասխան հանդիսանում է միութենական-հանրապետական մինիստրություն ու իր գործունեությամբ ենթարկվում է Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետին և ՍՍՀՄ Սննդի արդյունաբերության մինիստրությանը:

Հայկական ՍՍՀ Սննդի արդյունաբերության մինիստրությունը իրագործում է յուղա-ճարպային, պահածոների, գինու-կոնյակի, գարեջրի, ոչ ալկոհոլային խմիչքների, հացաթխման, մակարոնեղենի, հրուշակեղենի, ծխախոտի, աղի, եթերայուղի արդյունաբերության, ինչպես նաև Մինիստրության սիստեմում ունեցած գյուղատնտեսական արտադրության ղեկավարումը:

Հայկական ՍՍՀ Սննդի արդյունաբերության մինիստրությունը պատասխանատվություն է կրում հանրապետության սննդի արդյունաբերության վիճակի և հետագա զարգացման, գիտա-տեխնիկական առաջադիմության և արտադրության տեխնիկական մակարդակի, թողարկվող արտադրանքի որակի և Հայկական ՍՍՀ բնակչության ու ժողովրդական տնտեսության պահանջմունքը սննդի արդյունաբերության արտադրանքի բոլոր տեսակներով առավել լրիվ բավարարելու համար:

2. Սննդի արդյունաբերության մինիստրության գլխավոր խնդիրներն են.

սննդի արդյունաբերության, որպես Հայկական ՍՍՀ ժողովրդական տնտեսության բաղկացուցիչ մասի, ըստ ամենայնի զարգացման, գիտա-տեխնիկական առաջադիմության հիման վրա արտադրության և աշխատանքի արտադրողականության աճի բարձր տեմպերի զարգացման ապահովումը` մսեղենի և կաթնեղենի արտադրանքով բնակչության և ժողովրդական տնտեսության պահանջմունքը առավել լրիվ բավարարելու նպատակով.

պետական պլանի առաջադրանքների կատարումը և պետական կարգապահության խստիվ պահպանման ապահովումը.

հանրային աշխատանքի նվազագույն ծախսումներով բարձրորակ արտադրանքի թողարկման ապահովումը, արտադրության արդյունավետության բարձրացումը, հիմնական ֆոնդերի, աշխատանքային, նյութական և ֆինանսական ռեսուրսների օգտագործման բարելավումը.

գիտության, տեխնիկայի նորագույն նվաճումների, առաջավոր փորձի արմատավորումը և արտադրության բարձր տեխնիկա-տնտեսական ցուցանիշների ապահովումը.

կապիտալ ներդրումների ռացիոնալ օգտագործումը և նրանց արդյունավետության բարձրացումը, շինարարության արժեքի իջեցումը և ժամկետների կրճատումը, արտադրական կարողությունների և հիմնական ֆոնդերի ժամանակին գործարկումը, ինչպես նաև կարճ ժամկետներում արտադրական կարողությունների յուրացումը.

աշխատանքի և կառավարման գիտական կազմակերպման ներդրումը, Մինիստրության սիստեմի ձեռնարկությունների, կազմակերպությունների և հիմնարկությունների ապահովումը որակյալ կադրերով, աշխատողների գիտելիքների և փորձի լավագույն օգտագործման համար պայմանների ստեղծումը, իրենց լավ դրսևորած երիտասարդ մասնագետներին ղեկավար աշխատանքի առաջքաշումը.

Մինիստրության սիստեմի ձեռնարկությունների, կազմակերպությունների և հիմնարկությունների բանվորների ու ծառայողների բնակարանային և կուլտուր-կենցաղային պայմանների բարելավումը, արտադրության մեջ աշխատանքի անվտանգ պայմանների ստեղծումը:

3. Հայկական ՍՍՀ Սննդի արդյունաբերության մինիստրությունն ապահովում է ղեկավարման տնտեսական և վարչական մեթոդների ճիշտ զուգակցումը, տնտեսական այնպիսի ազդակների առավել արդյունավետ օգտագործումը, ինչպես` շահույթը, գինը, դրամական պարգևն ու վարկը, էլեկտրոնա-հաշվողական տեխնիկայի կիրառմամբ կառավարման արդյունավետ սիստեմների ներդրումը, կառավարման կառուցվածքի և կազմակերպական ձևերի կատարելագործումը:

4. Հայկական ՍՍՀ Սննդի արդյունաբերության մինիստրությունն ապահովում է ղեկավար, տնտեսական, ինժեներական և գիտական կադրերի ընտրությունն ու տեղաբաշխումը, իր ուշադրությունը կենտրոնացնում է ղեկավար կադրերի կողմից Կուսակցության և Կառավարության դիրեկտիվների ու որոշումների կատարման ստուգման ու վերահսկողության վրա, հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ աշխատանք է տանում կադրերին աշխատանքի նկատմամբ կոմունիստական վերաբերմունքի, պետական շահերի և կարգապահության խստիվ պահպանման ոգով դաստիարակելու ուղղությամբ, ապահովում է հասարակական արտադրության վերելքի նյութական ու բարոյական խթանների ճիշտ զուգակցումը և յուրաքանչյուր աշխատողի պատասխանատվության բարձրացումը նրան հանձնարարված գործի և կոլեկտիվի աշխատանքի ընդհանուր արդյունքների համար:

5. Հայկական ՍՍՀ Սննդի արդյունաբերության մինիստրությունը ղեկավարում է իրեն ենթակա ձեռնարկություններին, կազմակերպություններին և հիմնարկություններին:

6. Հայկական ՍՍՀ Սննդի արդյունաբերության մինիստրությունը իրեն վերապահված իրավունքների սահմաններում լուծում է ճյուղին վերաբերվող բոլոր հարցերը և իր իրավասության մեջ մտնող առանձին հարցերի լուծումը կարող է հանձնարարել գլխավոր վարչություններին, տրեստներին, ինչպես նաև իրավասության ենթակա ձեռնարկություններին, կազմակերպություններին ու հիմնարկություններին:

Հայկական ՍՍՀ Սննդի արդյունաբերության մինիստրությունը պարտավոր է խստիվ պահպանել Մինիստրության սիստեմի ձեռնարկությունների, կազմակերպությունների և հիմնարկությունների իրավունքները, որոնք նախատեսված են Սոցիալիստական պետական արտադրական ձեռնարկության կանոնադրությամբ և գործող օրենսդրության այլ ակտերով և ըստ ամենայնի օժանդակել նրանց տնտեսական ինքնուրույնության ու նախաձեռնության զարգացմանը:

Իր գործունեությամբ Մինիստրությունը մյուս մինիստրությունների և գերատեսչությունների հետ կոնտակտներ ու գործարար համագործակցություն է իրագործում միջճյուղային հարցերի մշակման և լուծման ասպարեզում:

7. Հայկական ՍՍՀ Սննդի արդյունաբերության մինիստրությունը, առաջատարը լինելով հանրապետության սննդի արդյունաբերության արտադրանքի արտադրության բնագավառում, մասնակցում է իր սիստեմի մեջ չմտնող ձեռնարկությունների արտադրության զարգացման և  նրանց կողմից սննդի արդյունաբերության արտադրանքի թողարկման պլանավորման գործին:

8. Հայկական ՍՍՀ Սննդի արդյունաբերության մինիստրությունն ապահովում է սոցիալիստական պետական սեփականության անվթարությունը Մինիստրության սիստեմի ձեռնարկություններում, կազմակերպություններում և հիմնարկություններում:

9. Հայկական ՍՍՀ Սննդի արդյունաբերության մինիստրությունը պայմաններ է ստեղծում, որպեսզի աշխատավորները և հասարակական կազմակերպությունները նախաձեռնություն և ակտիվ մասնակցություն հանդես բերեն արտադրությունը կատարելագործելու և Մինիստրության ու նրա իրավասության ենթակա ձեռնարկությունների, կազմակերպությունների ու հիմնարկությունների գործունեության թերությունները վերացնելու ուղղությամբ տարվող աշխատանքում:

Բանվորների և ծառայողների աշխատանքի ու կենցաղի հարցերը Մինիստրության կողմից լուծվում են սովետական և արհմիութենական մարմինների առաջարկությունները հաշվի առնելով, իսկ գործող օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` այդ մարմինների հետ համատեղ կամ նրանց հետ համաձայնեցնելով:

10. Հայկական ՍՍՀ Սննդի արդյունաբերության մինիստրությունն իր գործունեությամբ ղեկավարվում է ՍՍՀՄ և Հայկական ՍՍՀ օրենքներով, ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահության և Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության հրամանագրերով, ՍՍՀՄ Կառավարության և Հայկական ՍՍՀ Կառավարության որոշումներով ու կարգադրություններով և այլ նորմատիվ ակտերով, սույն Կանոնադրությամբ, ինչպես նաև ՍՍՀՄ սննդի արդյունաբերության մինիստրի հրամաններով ու հրահանգներով և ապահովում է գործող օրենսդրության ճիշտ կիրառումը Մինիստրության սիստեմի ձեռնարկություններում, կազմակերպություններում ու հիմնարկություններում:

Մինիստրությունը ընդհանրացնում է Հայկական ՍՍՀ սննդի արդյունաբերությունում օրենսդրության կիրառման պրակտիկան, մշակում է օրենսդրության կատարելագործման առաջարկություններ և դրանք մտցնում է Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի ու ՍՍՀՄ Սննդի արդյունաբերության մինիստրության քննարկմանը:

11. Հայկական ՍՍՀ Սննդի արդյունաբերության մինիստրությունը սահմանված կարգով ստեղծում, վերակառուցում ու վերացնում է ձեռնարկություններ, կազմակերպություններ, հիմնարկություններ և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններ:

12. Պլանավորման և արտադրության բնագավառում Հայկական ՍՍՀ Սննդի արդյունաբերության մինիստրությունը`

ա) ուսումնասիրում է պարենային ապրանքների նկատմամբ հանրապետության ժողովրդական տնտեսության պահանջմունքը և իրագործում է Մինիստրության սիստեմի գծով սննդի արդյունաբերության զարգացման պլանավորումը` Հայկական ՍՍՀ ժողովրդական տնտեսության զարգացման խնդիրներին համապատասխան և հաշվի առնելով արտադրության մասնագիտացումը, մշակում է Հայկական ՍՍՀ սննդի արդյունաբերության զարգացման և տեղաբաշխման սխեմաներ.

բ) ապահովում է բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործումն ու վերականգնումը, դրանց շահագործման ժամանակ հաշվի առնելով ժողովրդական տնտեսության մյուս ճյուղերի շահերը, անհրաժեշտ միջոցառումներ է իրագործում արդյունաբերական ու տնտեսական թափվածքներից կեղտաջրերից, ռադիոակտիվ նյութերից և արտադրության մնացուկներից օդի, հողի ու ջրամբարների պաշտպանման, բուսական և կենդանական աշխարհի պահպանության ուղղությամբ.

գ) կազմակերպում է Մինիստրության սիստեմի ձեռնարկությունների, կազմակերպությունների և հիմնարկությունների կողմից հեռանկարային ու տարեկան պլանների նախագծեր կազմելու աշխատանքը.

դ) ելնելով հանրապետության ժողովրդական տնտեսության զարգացման կոնտրոլ թվերից, որոշում և Մինիստրության սիստեմի ձեռնարկություններին, կազմակերպություններին ու հիմնարկություններին է հասցնում հեռանկարային և տարեկան պլանների կոնտրոլ թվերը:

Ժողովրդական տնտեսության զարգացման կոնտրոլ թվերի և Մինիստրության սիստեմի ձեռնարկությունների, կազմակերպությունների ու հիմնարկությունների կողմից ներկայացվող պլանների նախագծերի հիման վրա մշակում է Մինիստրության գծով հեռանկարային ու տարեկան պլանների նախագծեր և դրանք ներկայացնում է Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետ, ՍՍՀՄ Սննդի արդյունաբերության մինիստրություն և Հայկական ՍՍՀ Պետպլան:

Ձեռնարկությունների, կազմակերպությունների և հիմնարկությունների մասնակցությամբ քննության է առնում և հաստատում է նրանց հեռանկարային ու տարեկան պլաններն ըստ սահմանված ցուցանիշների` ժողովրդատնտեսական պլանի առաջադրանքներին համապատասխան, ապահովելով այդ պլանների բոլոր բաժինների ու ցուցանիշների համաձայնեցումը.

ե) մշակում և սահմանված կարգով հաստատման է ներկայացնում Մինիստրության սիստեմի ձեռնարկությունների ու կազմակերպությունների բեռների փոխադրման պլանները, ինչպես նաև կազմակերպում է հատուկ փոխադրամիջոցներով այդ բեռների փոխադրումը.

զ) մշակում և իրագործում է Մինիստրության սիստեմի ձեռնարկությունների արտադրած արտադրանքը նրանց կողմից իրացնելու հետ կապված միջոցառումներ:

Հաշվի առնելով շահագրգռված մարմինների առաջարկությունները, որոշում է Մինիստրության սիստեմի ձեռնարկությունների կողմից այն նոմենկլատուրայով արտադրանքի արտադրության ծավալը, որը չի նախատեսված ժողովրդատնտեսական պլանում: Միջոցներ է ձեռնարկում զարգացնելու Մինիստրության սիստեմի ձեռնարկությունների, կազմակերպությունների և հիմնարկությունների ռացիոնալ տնտեսական կապերը.

է) ապահովում է սահմանված պլանների կատարումը Մինիստրության սիստեմի բոլոր ձեռնարկությունների, կազմակերպությունների և հիմնարկությունների կողմից.

ը) մշակում և սահմանված կարգով հաստատում է տեխնիկա-տնտեսական նորմատիվներ և հումքի, վառելանյութի, նյութերի ծախսման ու պաշարների նորմաներ և արտադրական ու շահագործման կարիքների համար էլեկտրաէներգիայի ծախսման նորմաներ. ապահովում է հաստատված նորմատիվների և նորմաների ներդրումը.

թ) հաստատում է կամ գործող օրենսդրությանը համապատասխան հաստատման է ներկայացնում Մինիստրության սիստեմի ձեռնարկությունների ու կազմակերպությունների արտադրանքի և ծառայությունների գներն ու տարիֆները. վերահսկողություն է իրագործում Մինիստրության սիստեմի ձեռնարկությունների, կազմակերպությունների և հիմնարկությունների կողմից գների ու տարիֆների ճիշտ կիրառման նկատմամբ.

ժ) կազմակերպում է սկզբնական հաշվառումը Մինիստրության սիստեմի ձեռնարկություններում, կազմակերպություններում և հիմնարկություններում, ստանում է սահմանված կարգով վիճակագրական ու հաշվապահական հաշվետվություն, իրագործում է հաշվառման աշխատանքների կենտրոնացման և հաշվառման առաջադիմական մեթոդների արմատավորման միջոցառումներ. 

ի) Հայկական ՍՍՀ Գյուղատնտեսության մինիստրության և Հայկական ՍՍՀ մյուս մինիստրությունների ու գերատեսչությունների հետ համատեղ մշակում և իրագործում է Մինիստրության սիստեմի ձեռնարկությունների համար հումքի բազայի ստեղծման ու զարգացման միջոցառումներ.

լ) մասնակցում է գյուղատնտեսական կուլտուրաների սորտերի փորձարկման աշխատանքներին և խաղողի ու պտղի այգիների, բանջարանոցային, տեխնիկական և սննդի արդյունաբերության կողմից օգտագործվող մյուս կուլտուրաների շրջանցման ու դրանց գյուղատնտեսական սորտերի տեխնոլոգիական գնահատման և այդ կուլտուրաների ցանքերի տեղաբաշխման հետ կապված հարցերի լուծմանը.

խ) մասնակցում է գյուղատնտեսական մթերքների գնումների պետական պլանների մշակմանը, կազմակերպում է Մինիստրության սիստեմի ձեռնարկությունների համար առանձին տեսակների գյուղատնտեսական հումքի, վայրի պտուղների և հատապտուղների մթերում.

ծ) մշակում և սահմանված կարգով հաստատման է ներկայացնում սննդի արդյունաբերության հումքի և արտադրանքի հաշվեկշիռներն ու պլանները. ապահովում է տրված ֆոնդերին համապատասխան այն հումքի և արտադրանքի մատակարարումը, որոնք մտցված են բաշխման հաշվեկշիռների ու պլանների մեջ.

կ) Մինիստրության սովխոզներում կազմակերպում է առանձին տեսակի գյուղատնտեսական կուլտուրաների արտադրությունը` սննդի արդյունաբերության ձեռնարկությունների կողմից վերամշակելու և թարմ վիճակով մատակարարելու համար.

հ) մշակում է Մինիստրության սովխոզներում գյուղատնտեսական կուլտուրաների բերքատվությունը բարձրացնելու և անասնապահության մթերատվությունն ավելացնելու միջոցառումներ.

ձ) Մինիստրության սիստեմի ձեռնարկություններում վերահսկողություն է իրագործում արտադրանքի որակի և սանիտարական ռեժիմի պահպանման նկատմամբ. արտադրանքի որակին ներկայացվող պահանջները խախտվելու կամ սանիտարական ռեժիմը չպահպանվելու դեպքում դադարեցնում է արտադրանքի արտադրությունը և նրա առաքումը առևտրական կազմակերպություններին.

ղ) ապահովում է արտահանման համար արտաքին շուկայի պահանջներին համապատասխանող արտադրանքի արտադրության առաջադրանքների կուտակումը, միջոցներ է ձեռնարկում ընդլայնելու արտահանվող ապրանքների արտադրությունը, մասնակցում է արտադրանքի արտահանման հարցերի վերաբերյալ միջոցառումների մշակմանն ու իրագործմանը:

13. Գիտության և տեխնիկայի բնագավառում Հայկական ՍՍՀ Սննդի արդյունաբերության մինիստրությունը`

ա) սիստեմատիկ աշխատանք է տանում արտադրության ձեռք բերված տեխնիկա-տնտեսական մակարդակի և պարենային ապրանքների թողարկման գնահատման ուղղությամբ, որոշում է գիտական և տեխնիկական նվաճումների առավել արդյունավետ օգտագործման ուղիները և ապահովում է հայրենական ու արտասահմանյան գիտության ու տեխնիկայի նվաճումների հիման վրա սննդի արդյունաբերության զարգացման բարձր տեխնիկական մակարդակը.

բ) ապահովում է ճյուղում գիտա-տեխնիկական պրոբլեմների մշակումը` սկսած գիտական որոնումից և վերջացրած ստացված արդյունքները արտադրության մեջ ներդրումով, ինչպես նաև կատարում է միջճյուղային համալիր գիտա-տեխնիկական պրոբլեմների լուծման հետ կապված աշխատանքներ.

գ) ղեկավարում է Մինիստրության նախագծա-կոնստրուկտորական կազմակերպությունների աշխատանքը և միջոցառումներ է իրագործում գիտահետազոտական և նախագծա-կոնստրուկտորական աշխատանքների պլանավորումն ու կազմակերպումը կատարելագործելու և դրանց արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ.

դ) նախագծա-կոնստրուկտորական կազմակերպություններն ապահովում է արդի տեխնիկական մակարդակին համապատասխանող արտադրական-փորձարարական անհրաժեշտ բազայով.

ե) ապահովում է գիտության ու տեխնիկայի ժամանակակից նվաճումներին և ժողովրդական տնտեսության պահանջներին համապատասխանող արտադրանքի նոր տեսակների, բարձրարդյունավետ տեխնոլոգիական պրոցեսների և աշխատանքի կազմակերպման մեթոդների մշակումն ու ներդրումը արտադրության մեջ, ինչպես նաև ապահովում է նյութերի ու հումքի առավել խնայողական տեսակների օգտագործումը, անց է կացնում արտադրության կոմպլեքսային մեքենայացման և ավտոմատացման միջոցառումներ:

Հայկական ՍՍՀ համապատասխան մինիստրությունների և գերատեսչությունների հետ համատեղ լուծում է բնակչության պահանջարկը չվայելող ժողովրդական սպառման ապրանքները արտադրությունից հանելու հարցերը.

զ) մշակում և հաստատման է ներկայացնում պետական ստանդարտների նախագծեր. ապահովում է պետական ստանդարտների և արտադրանքի որակի չափումների ու փորձարկումների արդիական միջոցների և մեթոդների արմատավորումը, ինչպես նաև ստանդարտների պահպանման և չափումների ու փորձարկումների միջոցների վիճակի նկատմամբ վերահսկողությունը:

Հաստատում է պետական ստանդարտներ չունեցող արտադրանքի առանձին տեսակների համար ճյուղային նշանակության նորմատիվա-տեխնիկական փաստաթղթեր.

է) կազմակերպում է գիտական և գիտա-տեխնիկական ինֆորմացիան, ապահովում է ճյուղի գծով գիտական ու գիտա-տեխնիկական գրականության նախապատրաստումը և սահմանված կարգով հրատարակումը.

ը) ղեկավարում է գյուտարարության ու ռացիոնալիզացիայի գործի զարգացումը, մշակում է գյուտարարության ու ռացիոնալիզացիայի գծով հեռանկարային ու ընթացիկ թեմատիկ պլաններ, ապահովում է գյուտերի և ռացիոնալիզատորական առաջարկությունների ներդրումը: Գյուտարարության ու ռացիոնալիզացիայի զարգացման ուղղությամբ աշխատանքը Մինիստրությունը վարում է Սննդի արդյունաբերության բանվորների արհմիության հանրապետական կոմիտեի և Գյուտարարների ու ռացիոնալիզատորների համամիութենական ընկերության հայկական հանրապետական խորհրդի հետ համատեղ.

թ) նոր տեխնիկա ու տեխնոլոգիա մշակելու և հները կատարելագործելու ժամանակ ապահովում է հայրենական և օտարերկրյա պատենտային նյութերի լայն ուսումնասիրումն ու օգտագործումը, արտադրանքի և տեխնոլոգիական պրոցեսների պատենտունակությունը, ինչպես նաև սահմանված կարգով ձեռնարկությունների ու կազմակերպությունների կողմից հայտերի ներկայացումը հեղինակային վկայականներ տալու և գյուտերն արտասահմանում պատենտավորելու համար.

ժ) մշակում և սահմանված կարգով ներկայացնում է առաջարկություններ արտասահմանում տեխնիկա-տնտեսական առումով առավել առաջադիմական մեքենաների, սարքավորումների, նյութերի և տեխնոլոգիական պրոցեսների լիցենզիաներ գնելու մասին, և ապահովում է գնված լիցենզիաներով արտադրանքի ամենաարագ յուրացումը:

14. Կապիտալ շինարարության բնագավառում Հայկական ՍՍՀ Սննդի արդյունաբերության մինիստրությունը`

ա) իրագործում է կապիտալ շինարարությունը Մինիստրության սիստեմում, ապահովում է կապիտալ ներդրումների արդյունավետ օգտագործումը, նոր շինարարության ռացիոնալ տեղաբաշխումը, ճյուղի առաջադիմական արտադրությունների ավելի արագ զարգացումը, կապիտալ ներդրումների առաջնահերթ ուղղումը գործող ձեռնարկությունների տեխնիկական վերազինման նպատակին, միջճյուղային և ներճյուղային համամասնությունների բարելավումը, կապիտալ ներդրումների կենտրոնացումը գործարկման ենթակա կառույցներում և անավարտ շինարարության կրճատումը.

բ) մշակում և սահմանված կարգով հաստատում է կառույցների տիտղոսային ցուցակները, ինչպես նաև գալիք տարիների շինարարության համար նախագծա-հետախուզական աշխատանքների տիտղոսային ցուցակները: Ապահովում է անհրաժեշտ նախագծային և նախահաշվային փաստաթղթերի ժամանակին մշակումը, հաստատումը և հանձնումը կառույցներին:

Վերահսկողություն է իրագործում նախագծային ու նախահաշվային փաստաթղթերի որակի և շինարարության հաստատված նախահաշվային արժեքի պահպանման նկատմամբ, ինչպես նաև իրագործում է շինարարական-մոնտաժային աշխատանքների և կառուցվող օբյեկտների համար մատակարարվող սարքավորումների որակի տեխնիկական հսկողությունը. կազմակերպում է շինարարության նկատմամբ հեղինակային հսկողությունը.

գ) ապահովում է կառույցների ֆինանսավորումը և դրանց մատակարարումը պատվիրատուի պարտականության մեջ մտնող սարքավորումներով, նյութերով ու շինվածքներով:

Վերահսկողություն է իրագործում, որպեսզի իրավասության ենթակա ձեռնարկություններն ու կազմակերպությունները կապիտալ շինարարության համար սարքավորումների պատվերները տեղադրեն առանձնացված ֆոնդերին ու նրանց ձեռքբերման հատկացումներին համապատասխան:

Մշակում է շինարարությունում ներքին ռեսուրսների մոբիլիզացման միջոցառումներ և վերահսկողություն է իրագործում դրանց կատարման նկատմամբ.

դ) ապահովում է արտադրական կարողությունների և հիմնական ֆոնդերի ժամանակին գործարկումը, ինչպես նաև կարճ ժամկետներում արտադրական կարողությունների յուրացումը.

ե) իր իրավասության սահմաններում նշանակում է պետական հանձնաժողովներ` շինարարությունն ավարտված ձեռնարկությունները, շենքերն ու կառուցվածքները շահագործման ընդունելու համար, հաստատում է դրանց ընդունման ակտերը և որոշումներ է կայացնում ամփոփ նախահաշվա-ֆինանսական հաշվարկները փակելու մասին.

զ) կազմակերպում է հիմնական ֆոնդերի կապիտալ նորոգում, ապահովում է սարքավորումների մոդեռնացումը, տեխնիկական մակարդակի ու արտադրողականության բարձրացումը, ինչպես նաև շենքերի ու կառուցվածքների տեխնիկական և շահագործման վիճակի բարելավումը. իրագործում է նորոգման որակի բարձրացման և նրա էժանացման միջոցառումներ:

15. Նյութա-տեխնիկական մատակարարման բնագավառում Հայկական ՍՍՀ Սննդի արդյունաբերության մինիստրությունը`

ա) որոշում է Մինիստրության սիստեմի ձեռնարկությունների, կազմակերպությունների և հիմնարկությունների հումքի, վառելանյութի, սարքավորումների և այլ նյութական ռեսուրսների պահանջմունքը, տնօրինում է Մինիստրության համար առանձնացվող նյութական ռեսուրսները և պատասխանատվություն է կրում իրավասության ենթակա ձեռնարկությունների, կազմակերպությունների և հիմնարկությունների նյութա-տեխնիկական մատակարարման համար.

բ) Մինիստրության համար առանձնացված հումքի, վառելանյութի, սարքավորումների և մյուս նյութական ռեսուրսների ֆոնդերը բաշխում է գլխավոր վարչությունների, տրեստների, ինչպես նաև անմիջականորեն Մինիստրությանը ենթակա ձեռնարկությունների ու հիմնարկությունների միջև, նշված ֆոնդերը անհրաժեշտ դեպքերում վերաբաշխում է, հաշվի առնելով արտադրական ծրագրի և կապիտալ շինարարության պլանի կատարումն ու գերակատարումը.

գ) մշակում և հաստատում է արտադրանքի ներճյուղային կոոպերացված մատակարարման պլանները, հաշվի առնելով մյուս ճյուղերի սպառողներին արտադրանքի մատակարարումը.

դ) վերահսկողություն է իրագործում հումքի, վառելանյութի, սարքավորումների և մյուս նյութական ռեսուրսների ֆոնդերի իրացման, Մինիստրության սիստեմի ձեռնարկությունների, կազմակերպությունների ու հիմնարկությունների կողմից արտադրական-տեխնիկական նշանակության արտադրանքի և ժողովրդական սպառման ապրանքների մատակարարման պայմանագրերի ժամանակին կնքման, ինչպես նաև պայմանագրային պարտավորությունների կատարման նկատմամբ.

ե) ապահովում է հումքի, վառելանյութի, սարքավորումների և մյուս նյութական ռեսուրսների ճիշտ պահպանումն ու օգտագործումը Մինիստրության սիստեմի ձեռնարկությունների, կազմակերպությունների ու հիմնարկությունների կողմից և միջոցներ է ձեռնարկում իրացնելու ավելորդ և չօգտագործվող նյութական ռեսուրսները.

զ) մշակում և իրագործում է միջոցառումներ նյութերը, հումքը և վառելանյութը խնայողաբար ծախսելու, արտադրության մեջ կորուստները կրճատելու, արտադրական մնացուկները, երկրորդային հումքը և նյութական ռեսուրսները արդյունավետ օգտագործելու ուղղությամբ:

16. Ֆինանսների և վարկի բնագավառում Հայկական ՍՍՀ Սննդի արդյունաբերության մինիստրությունը`

ա) միջոցառումներ է անցկացնում տնտեսական հաշվարկի ամրապնդման, Մինիստրության սիստեմի ձեռնարկությունների և կազմակերպությունների եկամտաբերության բարձրացման ու կուտակումների առավելաչափ ավելացման, հիմնական ֆոնդերի, շրջանառու միջոցների և բանկային վարկերի` արդյունավետ օգտագործման ուղղությամբ:

Սահմանված կարգով ֆինանսավորում է Մինիստրության սիստեմի ձեռնարկությունները, կազմակերպությունները և հիմնարկությունները, ղեկավարում է դրանց ֆինանսական գործունեությունը: Վերահսկողություն է իրագործում Մինիստրության սիստեմում ֆինանսական ռեսուրսների օգտագործման նկատմամբ.

բ) ապահովում է Մինիստրության սիստեմի ձեռնարկությունների կողմից ֆինանսական պլանների կատարումը, սեփական շրջանառու միջոցների պահպանումը, բանվորների ու ծառայողների, բյուջեի, մատակարարների, կապալառուների, բանկերի հետ ժամանակին հաշվարկների կատարումը, ինչպես նաև կապիտալ շինարարության համար նախորոշված և ֆինանսական պլանով նախատեսված մյուս նպատակների համար սեփական միջոցների փոխանցումը ձեռնարկությունների և կազմակերպությունների կողմից.

գ) սահմանված կարգով ստեղծում է նոր տեխնիկայի յուրացման ֆոնդ, նոր տեխնիկայի ստեղծման ու ներդրման ֆոնդ և այլ կենտրոնացված ֆոնդեր, ինչպես նաև ռեզերվ` ձեռնարկություններին ու կազմակերպություններին ֆինանսական օգնություն ցույց տալու համար.

դ) բանկերի հիմնարկությունների հետ համատեղ կազմակերպում է հաշվարկների առավել ձեռնտու և առաջադիմական ձևեր, որոնք նպաստում են արագացնելու վճարումները, շրջանառու միջոցների շրջանառելիությունը և ամրապնդելու վճարային կարգապահությունը. մասնակցում է Մինիստրության սիստեմի ձեռնարկությունների, կազմակերպությունների և հիմնարկությունների փոխադարձ պարտքերի ստուգարքներ կազմակերպելու և անցկացնելու գործին.

ե) բանկերում հաշվարկային հաշիվներ է բացում ձեռնարկությունների և կազմակերպությունների միջև սեփական շրջանառու միջոցները, շահույթը, նոր տեխնիկայի յուրացման ֆոնդի գոյացման գումարները և մյուս միջոցները վերաբաշխելու համար, ինչպես նաև առանձին հաշիվներ` ձեռնարկություններին ու կազմակերպություններին ֆինանսական օգնություն ցույց տալու ռեզերվի միջոցները պահելու համար.

զ) տնտեսական պլանների փոփոխություններին համապատասխան փոփոխում է ըստ Մինիստրության գործունեության տեսակների պլանային շահույթի չափերը` եկամուտների և ծախսերի հաշվեկշռով Մինիստրության համար հաստատված շահույթի ընդհանուր չափի սահմաններում, առանց պակասեցնելու բյուջեին վճարումները, Հայկական ՍՍՀ Պետպլանին և Հայկական ՍՍՀ Ֆինանսների մինիստրությանը հետագա հաղորդումով.

է) հաստատում է Մինիստրության գլխավոր վարչությունների, տրեստների, անմիջականորեն Մինիստրությանը ենթակա ձեռնարկությունների ու կազմակերպությունների ամփոփ հաշվետվությունները և հաշվեկշիռները, կազմում է ամփոփ հաշվետվություններ ու հաշվեկշիռներ ըստ Մինիստրության գործունեության տեսակների.

ը) կազմակերպում է վերահսկման-վերստուգման աշխատանքը Մինիստրության սիստեմում, գերատեսչական վերահսկողության մասին գործող օրենսդրությանը համապատասխան ապահովում է վերստուգումների պարբերաբար անցկացումը, տնտեսության վիճակի համակողմանի վերլուծությունը, դրամական միջոցների և նյութական արժեքների պահպանման ստուգումը, խնայողության ռեժիմի պահպանումը. վերահսկողություն է իրագործում Մինիստրության սիստեմում հաշվառումն ու հաշվետվությունը ճիշտ վարելու և դրանց հավաստիության նկատմամբ, անց է կացնում պետական գույքի անվթարության և պատճառված նյութական վնասների բռնագանձման միջոցառումներ:

17. Կադրերի, աշխատանքի և աշխատավարձի բնագավառում Հայկական ՍՍՀ Սննդի արդյունաբերության մինիստրությունը`

ա) Մինիստրության սիստեմի ձեռնարկությունները, կազմակերպությունները և հիմնարկությունները ապահովում է աշխատողների որակյալ կադրերով, կազմակերպում է կադրերի պատրաստումը և նրանց որակավորման բարձրացումը, Մինիստրության սիստեմում ուսումնասիրում է կադրերը, պայմաններ է ստեղծում իրենց գործը լավ իմացող և կոլեկտիվում հեղինակություն ու վստահություն վայելող մասնագետներին ղեկավար աշխատանքի առաջքաշելու համար. միջոցներ է ձեռնարկում երիտասարդ մասնագետներին ռացիոնալ օգտագործելու համար և անց է կացնում Մինիստրության սիստեմում մշտական կադրերի ստեղծման միջոցառումներ.

բ) սահմանում է գլխավոր վարչությունների, տրեստների և արդյունաբերական ձեռնարկությունների ղեկավար աշխատողների պաշտոնների ցանկը, որոնց նշանակումները կատարվում են Մինիստրության կոլեգիայի որոշմամբ, ինչպես նաև սահմանում է այն ձեռնարկությունների ցանկը, որոնց ղեկավար աշխատողները նշանակվում են Մինիստրության գլխավոր վարչությունների և տրեստների կողմից.

գ) մշակում է ճյուղում աշխատանքի գիտական կազմակերպման կատարելագործման հիմնական ուղղությունները և ղեկավարում է Մինիստրության սիստեմի ձեռնարկություններում, կազմակերպություններում ու հիմնարկություններում աշխատանքի և կառավարման գիտական կազմակերպումը արմատավորելու գործը. ապահովում է աշխատանքի պայմանների հետագա բարելավման ու առողջացման միջոցառումների անցկացումը և անվտանգության տեխնիկայի կանոնների ու արտադրական սանիտարիայի պահանջների խիստ պահպանումը. 

դ) մշակում և սահմանված կարգով Մինիստրության սիստեմի ձեռնարկություններում ու հիմնարկություններում կիրառման է մտցնում արտադրանքի (սպասարկման) միասնական ու տիպային նորմաներ և աշխատողների թվաքանակի նորմատիվներ:

Սննդի արդյունաբերության բանվորների արհմիության հանրապետական կոմիտեի հետ համատեղ կազմակերպում է Մինիստրության սիստեմի ձեռնարկություններում և կազմակերպություններում արտադրանքի (սպասարկման) նորմաների վերանայման աշխատանքը և իրագործում է աշխատանքի նորմավորման կատարելագործման այլ միջոցառումներ.

ե) ապահովում է աշխատանքի վարձատրության ու պարգևատրության գործող պայմանների ճիշտ կիրառումը, ինչպես նաև աշխատանքի արտադրողականության աճի և աշխատավարձի աճի միջև ճիշտ հարաբերակցությունը, վերահսկողություն է իրագործում աշխատավարձի ֆոնդերի և խրախուսման ֆոնդերի ծախսման նկատմամբ.

զ) Սննդի արդյունաբերության բանվորների արհմիության հանրապետական կոմիտեի հետ համատեղ ղեկավարում է կոլեկտիվ պայմանագրերի կնքումը և վերահսկողություն է իրագործում դրանց կատարման նկատմամբ.

է) Սննդի արդյունաբերության բանվորների արհմիության հանրապետական կոմիտեի հետ համատեղ ապահովում է Մինիստրության սիստեմի ձեռնարկությունների, կազմակերպությունների և հիմնարկությունների աշխատողների համար բնակարանային և կուլտուր-կենցաղային պայմանների բարելավումը, ինչպես նաև առողջարարական միջոցառումների անցկացումը.

ը) Սննդի արդյունաբերության բանվորների արհմիության հանրապետական կոմիտեի հետ համատեղ կազմակերպում է սոցիալիստական մրցությունը, հաստատում է Մինիստրության սիստեմում հանրապետական մրցության պայմանները, սահմանված կարգով հիմնում է փոխանցիկ կարմիր դրոշներ` դրամական պարգևներով, օժանդակում է կոմունիստական աշխատանքի, արտադրության բարձր կուլտուրայի համար մղվող շարժման զարգացմանը:

Սննդի արդյունաբերության բանվորների արհմիության հանրապետական կոմիտեի հետ համատեղ ամփոփում է սոցիալիստական մրցության արդյունքները և հաղթանակ տարած կոլեկտիվներին հանձնում է փոխանցիկ կարմիր դրոշներ ու դրամական պարգևներ, շնորհում է կոմունիստական աշխատանքի ձեռնարկությունների ու կազմակերպությունների կոլեկտիվների կոչումներ, կազմակերպում է աշխատանքի առաջավոր մեթոդների և առաջավոր փորձի ուսումնասիրումը, ընդհանրացումն ու տարածումը.

թ) Սննդի արդյունաբերության բանվորների արհմիության հանրապետական կոմիտեի հետ համատեղ Մինիստրության սիստեմի աշխատողներին պարգևատրում է կրծքանշաններով և պատվոգրերով:

18. Հայկական ՍՍՀ Սննդի արդյունաբերության մինիստրությունը ճյուղի ղեկավարման բոլոր հարցերը քննարկելիս և լուծելիս իր աշխատանքը կազմակերպում է կոլեգիալությունն ու միանձնյա ղեկավարումը զուգակցելու հիման վրա, հանձնարարված աշխատանքի տեղամասում գործերի վիճակի և որոշված առաջադրանքների կատարման համար պաշտոնատար անձանց պատասխանատվության սահմանումով:

19. Հայկական ՍՍՀ Սննդի արդյունաբերության մինիստրությունը գլխավորում է մինիստրը, որը Հայկական ՍՍՀ Սահմանադրությանը համապատասխան նշանակվում է Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի կողմից, իսկ սեսիաների միջև ընկած ժամանակաշրջանում` Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության կողմից, Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի հաստատմանը հետագա ներկայացմամբ:

Հայկական ՍՍՀ սննդի արդյունաբերության մինիստրը ունի տեղակալներ, որոնց նշանակում է Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետը: Տեղակալների միջև պարտականությունների բաշխումը կատարում է մինիստրը:

20. Հայկական ՍՍՀ Սննդի արդյունաբերության մինիստրությունում կազմվում է կոլեգիա, որի կազմի մեջ մտնում են մինիստրը (նախագահ), մինիստրի տեղակալները` ըստ պաշտոնի, ինչպես նաև Մինիստրության այլ ղեկավար աշխատողներ:

Մինիստրության կոլեգիայի կազմը հաստատում է Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետը:

21. Հայկական ՍՍՀ սննդի արդյունաբերության մինիստրը անձնական պատասխանատվություն է կրում Մինիստրության վրա դրված խնդիրների և պարտականությունների կատարման համար, սահմանում է մինիստրի տեղակալների, Մինիստրության ստորաբաժանումների ղեկավարների պատասխանատվության աստիճանը Մինիստրության սիստեմի ձեռնարկությունների, կազմակերպությունների և հիմնարկությունների գործունեության համար:

22. Հայկական ՍՍՀ սննդի արդյունաբերության մինիստրը, Մինիստրության իրավասության սահմաններում, գործող օրենքների, ինչպես նաև ՍՍՀՄ Մինիստրների սովետի և Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի որոշումների ու կարգադրությունների, ՍՍՀՄ սննդի արդյունաբերության մինիստրի հրամանների և հրահանգների հիման վրա և ի կատարումն դրանց, հրատարակում է հրամաններ, հրահանգներ և տալիս ցուցումներ, որոնց կատարումը պարտադիր է Մինիստրության սիստեմի գլխավոր վարչությունների, տրեստների, ձեռնարկությունների, կազմակերպությունների ու հիմնարկությունների համար, և ստուգում է դրանց կատարումը:

Անհրաժեշտության դեպքերում Հայկական ՍՍՀ մյուս մինիստրությունների և գերատեսչությունների ղեկավարների հետ հրատարակում է համատեղ հրամաններ և հրահանգներ:

23. Հայկական ՍՍՀ Սննդի արդյունաբերության մինիստրության կոլեգիան իր պարբերաբար հրավիրվող նիստերում քննության է առնում սննդի արդյունաբերության զարգացման հիմնական հարցերը և Մինիստրության գործունեությանը վերաբերող այլ հարցեր, քննարկում է ձեռնարկությունների, կազմակերպությունների և հիմնարկությունների պրակտիկ ղեկավարման հարցերը, կատարման ստուգման, կադրերի ընտրման և օգտագործման հարցերը, կարևորագույն հրամանների և հրահանգների նախագծերը, լսում է Մինիստրության գլխավոր վարչությունների, տրեստների, բաժինների, ձեռնարկությունների և կազմակերպությունների ղեկավարների հաշվետվությունները:

Կոլեգիայի որոշումները, որպես կանոն, կենսագործվում են մինիստրի հրամաններով: Մինիստրի և կոլեգիայի միջև տարաձայնությունների դեպքում մինիստրը կենսագործում է իր որոշումը, ծագած տարաձայնությունների մասին զեկուցելով Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետին, իսկ կոլեգիայի անդամները, իրենց հերթին, կարող են իրենց կարծիքը հայտնել Մինիստրների սովետին:

24. Գիտության և տեխնիկայի զարգացման հիմնական ուղղությունների վերաբերյալ առաջարկությունները քննության առնելու, սննդի արդյունաբերության մեջ գիտականորեն հիմնավորված միասնական տեխնիկական քաղաքականություն սահմանելու, հայրենական և արտասահմանյան գիտության ու տեխնիկայի նորագույն նվաճումների և առաջավոր փորձի օգտագործման ու արտադրության մեջ ներդրման հանձնարարականներ մշակելու համար Հայկական ՍՍՀ Սննդի արդյունաբերության մինիստրությունում ստեղծվում է գիտա-տեխնիկական խորհուրդ` բաղկացած գիտնականներից, բարձրորակ մասնագետներից, արտադրության նորարարներից, ինչպես նաև գիտա-տեխնիկական ընկերությունների և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներից:

Գիտա-տեխնիկական խորհրդի կազմը և նրա կանոնադրությունը հաստատում է Հայկական ՍՍՀ սննդի արդյունաբերության մինիստրը:

25. Հայկական ՍՍՀ Սննդի արդյունաբերության մինիստրությունը կազմում է արբիտրաժ` Մինիստրության սիստեմի ձեռնարկությունների, կազմակերպությունների և հիմնարկությունների միջև տնտեսական վեճերը քննարկելու համար: Մինիստրության արբիտրաժին իրավունք է վերապահվում հրատարակելու հրամաններ` իր կողմից կայացված որոշումների հակադիր կատարման համար:

Արբիտրաժի կանոնադրությունը հաստատում է Հայկական ՍՍՀ սննդի արդյունաբերության մինիստրը:

26. Հայկական ՍՍՀ Սննդի արդյունաբերության մինիստրության կենտրոնական ապարատի կառուցվածքը, հաստիքային ցուցակը և աշխատողների թիվը հաստատում է Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետը` ՍՍՀՄ Սննդի արդյունաբերության մինիստրության հետ համաձայնեցնելով:

27. Հայկական ՍՍՀ Սննդի արդյունաբերության մինիստրությունը հաստատում է Մինիստրության վարչությունների, տրեստների, իրավասության ենթակա ձեռնարկությունների, կազմակերպությունների և հիմնարկությունների կանոնագրերը (կանոնադրությունները):

Մինիստրության գլխավոր վարչությունները, տրեստները մինիստրի կողմից կարող են փոխադրվել տնտեսական հաշվարկի:

28. Հայկական ՍՍՀ Սննդի արդյունաբերության մինիստրությունը սահմանված կարգով հրավիրում է հասարակական կազմակերպությունների հետ համատեղ ակտիվի խորհրդակցություններ, որոնցում լսվում և քննարկվում են Կուսակցության և Կառավարության որոշումների կատարման միջոցառումների մասին զեկուցումներ, ճյուղի զարգացման կարևորագույն պրոբլեմներ, ինչպես նաև, քննադատության ու ինքնաքննադատության ծավալման հիման վրա, քննարկվում են Մինիստրության ու նրա իրավասության ենթակա ձեռնարկությունների, կազմակերպությունների և հիմնարկությունների աշխատանքի բարելավման հետ կապված հարցեր:

29. Հայկական ՍՍՀ Սննդի արդյունաբերության մինիստրությունը կազմակերպում է աշխատավորների նամակների, գանգատների ու դիմումների ժամանակին և ուշադիր քննումը, հասնելով դրանց մեջ առաջ քաշված հարցերի ճիշտ լուծմանը, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում վերացնելու Մինիստրության սիստեմի ձեռնարկությունների, կազմակերպությունների ու հիմնարկությունների գործունեության թերությունները, որոնց մասին հաղորդվում են աշխատավորների նամակներում:

30. Հայկական ՍՍՀ Սննդի արդյունաբերության մինիստրությունն ունի Հայկական ՍՍՀ պետական գերբը պատկերող և իր անվամբ կնիք: