Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (17.12.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.01.20-2025.02.02 Պաշտոնական հրապարակման օրը 30.01.2025
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
17.12.2024
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
17.12.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.12.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/50182/02/22

2024 թ. 

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/50182/02/22

Նախագահող դատավոր`

 Ն Բարսեղյան

Դատավորներ`

 Ա Մխիթարյան

 Ն Կարապետյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Գ. Հակոբյան

զեկուցող

Է. Սեդրակյան

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս․ ՄԵՂՐՅԱՆ

Ա ՄԿՐՏՉՅԱՆ

Վ․ ՔՈՉԱՐՅԱՆ

 

2024 թվականի դեկտեմբերի 17-ին

գրավոր ընթացակարգով քննելով Գևորգ Ղալումյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.08.2023 թվականի որոշման դեմ՝ ըստ Գևորգ Ղալումյանի հայցի ընդդեմ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի՝ հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Գևորգ Ղալումյանը պահանջել է անվավեր ճանաչել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի 28.07.2022 թվականի «Գևորգ Ղալումյանի աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին» թիվ 717 հրամանը, իրեն վերականգնել նախկին աշխատանքում, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմից բռնագանձել միջին աշխատավարձը՝ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, ինչպես նաև 450.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար։

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ` Դատարան) 13.04.2023 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն՝ վճռվել է «անվավեր ճանաչել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար ՎՆարիբեկյանի կողմից կայացված Գևորգ Ղալումյանի աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին 28.07.2022թ. թիվ №717 հրամանը։ Գևորգ Արթուրի Ղալումյանին նախկին աշխատանքում վերականգնելու մասին պահանջը՝ մերժել: Պարտավորեցնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար Գևորգ Արթուրի Ղալումյանի վճարել հատուցում նրա միջին աշխատավարձի չափով՝ սկսած 28.07.2022թ. մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը։ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմից հօգուտ Գևորգ Արթուրի Ղալումյանի բռնագանձել 150.000 /հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար, իսկ մանցած մասով պահանջը՝ մերժել»:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 25.08.2023 թվականի որոշմամբ Գևորգ Ղալումյանի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի վերաքննիչ բողոքները մերժվել են, ու Դատարանի 13.04.2023 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գևորգ Ղալումյանը (ներկայացուցիչ Գևորգ Մարտիրոսյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածի 4-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ հրամանն անվավեր ճանաչելու պայմաններում Դատարանը պետք է ամբողջությամբ վերականգներ հայցվորի խախտված աշխատանքային իրավունքները և վերջինիս վերականգներ իր նախկին աշխատանքում, քանի որ հաստիքի կրճատված լինելը չի կարող խոչընդոտ հանդիսանալ աշխատանքում վերականգնելու համար։

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասի վերլուծությունից պարզ է դառնում, որ պարտադիր չէ, որ հայցվորն աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում ստանալու պահանջ ներկայացրած լինի, այլ բավարար է միայն աշխատանքում վերականգնելու անհնարինությունը։

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ աշխատանքում վերականգնելու անհնարինության դեպքում հատուցման գումար բռնագանձելու պահանջը ոչ թե հիմնական, այլ ածանցյալ պահանջ է, որին դատարանն անդրադառնում է իր նախաձեռնությամբ։

Ստորադաս դատարանները սխալ են գնահատել հայցվորի ներկայացուցչի կատարած աշխատանքի ծավալը, գործի բարդությունը, տևողությունը, ինչպես նաև նմանատիպ գործերով պրակտիկայում ընդունված փաստաբանական ծառայության մատուցման դիմաց վճարվող գումարների չափը և սխալ են որոշել փաստաբանի վարձատրության խելամտության չափը։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 25.08.2023 թվականի որոշումը՝ իր բողոքը մերժելու մասով, և այդ մասով գործն ուղարկել նոր քննության:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և հիմնավորումները

Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ։

Տվյալ դեպքում պատասխանողի վրա չէր կարող դրվել հայցվորին աշխատանքում վերականգնելու պարտավորություն, քանի որ դրա փաստացի կատարումն անհնար է։

Ստորադաս դատարաններն իրավաչափորեն քննության առարկա են դարձրել միայն այն պահանջները, որոնք ներկայացվել են հայցվորի կողմից, իսկ աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում վճարելու պահանջ հայցվորի կողմից չի ներկայացվել, հետևաբար դատարանն իր նախաձեռնությամբ նշված հարցը քննարկման առարկա չէր կարող դարձնել։

Ստորադաս դատարանները սահմանել են փաստաբանի խելամիտ վարձատրության չափ։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի՝ ի դեմս աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանի, մի կողմից, և Գևորգ Ղալումյանի, մյուս կողմից, միջև 18.02.2020 թվականին կնքվել է աշխատանքային պայմանագիր, որի 12-րդ կետի համաձայն՝ Գևորգ Ղալումյանն ընդունվել է աշխատանքի որպես Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի վարչատնտեսական վարչության ավտոտրանսպորտային բաժնի ինժեներ-մեխանիկ: Նույն պայմանագրի 5.2-րդ կետով նախատեսվել է, որ պայմանագրի գործողությունը դադարում է 29052020 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 34-36)

2) նույն կողմերի միջև 14.05.2020 թվականին կնքվել է համաձայնագիր, որի 1-ին կետի համաձայն՝ կողմերը փոխադարձ համաձայնությամբ որոշել են վերը նշված պայմանագրի 52-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ «Պայմանագրի գործողությունը դադարում է 2020 թվականի սեպտեմբերի 30-ին» (հատոր 1-ին, գ.թ. 37)

3) նույն կողմերի միջև 22.09.2020 թվականին կնքվել է համաձայնագիր, որի 1-ին կետի համաձայն՝ կողմերը փոխադարձ համաձայնությամբ որոշել են պայմանագրի 52-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ «Պայմանագրի գործողությունը դադարում է 2021 թվականի հուլիսի 30-ին» (հատոր 1-ին, գ.թ. 38)

4) նույն կողմերի միջև 16.07.2021 թվականին կնքվել է համաձայնագիր, որի 1-ին կետի համաձայն՝ կողմերը փոխադարձ համաձայնությամբ որոշել են պայմանագրի 52-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ «Պայմանագրի գործողությունը դադարում է 2022 թվականի հուլիսի 29-ին» (հատոր 1-ին, գ.թ. 39)

5) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության կադրային գործերի փաստաթղթավորման բաժնի պետը 14.02.2022 թվականի գրությամբ Գևորգ Ղալումյանին ծանուցել է, որ «Տեղեկացնում եմ, որ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 111-րդ հոդվածը, ժամկետը լրանալու պատճառով, Ձեր և Ազգային ժողովի աշխատակազմի միջև 2020 թվականի փետրվարի 18-ին կնքված թիվ 30 աշխատանքային պայմանագիրը լուծվելու է 2022 թվականի հուլիսի 29-ին» (հատոր 1-ին, գ.թ. 41)

6) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վ Նարիբեկյանը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 111-րդ և 130-րդ հոդվածները, 28.07.2022 թվականի «Գևորգ Ղալումյանի աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին» թիվ 717 հրամանով 29072022 թվականից լուծել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ու Գևորգ Ղալումյանի միջև 18.02.2020 թվականին կնքված թիվ 30 աշխատանքային պայմանագիրը (հատոր 1-ին, գ.թ. 42)

7) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 11.08.2022 թվականի թիվ Կ-225-Ա կարգադրության 1-ին կետի 4-րդ ենթակետի համաձայն՝ Ազգային ժողովի նախագահի 13072019 թվականի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի հաստիքացուցակը հաստատելու մասին» Կ-219-Ա կարգադրության 1-ին հավելվածում 181-րդ կետը, որով սահմանված է եղել ինժիներ-մեխանիկի հաստիքը, ուժը կորցրած է ճանաչվել (հատոր 1-ին, գ.թ. 75-87)

8) Գևորգ Ղալումյանը, դիմելով դատարան, պահանջել է անվավեր ճանաչել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի 28.07.2022 թվականի «Գևորգ Ղալումյանի աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին» թիվ 717 հրամանը, իրեն վերականգնել նախկին աշխատանքում, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմից բռնագանձել միջին աշխատավարձը՝ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, ինչպես նաև 450.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար (հատոր 1-ին, գ.թ. 3-9).

9) Գևորգ Ղալումյանի, մի կողմից, և «ԷՆՋԻ ԼԵՔՍ» ՓԲԸ-ի, մյուս կողմից, միջև 30072022 թվականին կնքված ծառայությունների վճարովի մատուցման թիվ 30-07/22 պայմանագրի համաձայն` նշված ընկերությունը պարտավորվել է Գևորգ Ղալումյանին մատուցել հետևյալ ծառայությունները` «կատարել ներկայացված փաստաթղթերի նախնական ուսումնասիրություն և խորհրդատվության տրամադրում, կազմել հայցադիմում (․․․) աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի 28072022 թվականի թիվ 717 հրամանը վիճարկելու վերաբերյալ և իրականացնել վստահորդի ներկայացուցչությունը դատարանում, անհրաժեշտության դեպքում կազմել նաև անհրաժեշտ այլ դատավարական փաստաթղթեր՝ դիմումներ, միջնորդություններ, հարցումներ և այլն»։ Նույն պայմանագրի 3.1 կետի համաձայն՝ պայմանագրի ընդհանուր գինը կազմել է 450.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 19-21).

10) գործում առկա 30072022 թվականի լիազորագրի համաձայն` Գևորգ Ղալումյանը «ԷՆՋԻ ԼԵՔՍ» ՓԲԸ-ի տնօրեն, փաստաբան Գևորգ Մարտիրոսյանին (փաստաբանական գործունեության արտոնագիր թիվ 1730) լիազորել է իր անունից հանդես գալ ՀՀ դատական բոլոր ատյաններում (․․․), նաև ստորագրել հայցադիմումը, ստանալ դատական ծանուցումներ և դատավարական փաստաթղթեր, բողոքարկել դատական ակտը (հատոր 1-ին, գ.թ. 18):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածի 4-րդ մասի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

 

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ աշխատանքային հարաբերությունների վերականգնման անհնարինության դեպքում աշխատողին դատական կարգով հատուցում վճարելու իրավական հնարավորությանն այն դեպքում, երբ վերջինիս կողմից ուղղակիորեն նման պահանջ չի ներկայացվել, ինչպես նաև փաստաբանի խելամիտ վարձատրության գումարների հարցին՝ վերահաստատելով նախկինում արտահայտված դիրքորոշումները։

 

Սահմանադրության 57-րդ հովածի 2-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր աշխատող ունի աշխատանքից անհիմն ազատվելու դեպքում պաշտպանության իրավունք: Աշխատանքից ազատման հիմքերը սահմանվում են օրենքով:

Մինչև 31072023 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատանքի պայմանների փոփոխման, գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու կամ աշխատանքային պայմանագիրը լուծելու հետ համաձայն չլինելու դեպքում աշխատողը համապատասխան անհատական իրավական ակտը (փաստաթուղթը) ստանալու օրվանից հետո` երկու ամսվա ընթացքում, իրավունք ունի դիմելու դատարան: Եթե պարզվում է, որ աշխատանքի պայմանները փոփոխվել են, աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվել է առանց օրինական հիմքերի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումով, ապա աշխատողի խախտված իրավունքները վերականգնվում են: Այդ դեպքում աշխատողի օգտին գործատուից գանձվում է միջին աշխատավարձը` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, կամ աշխատավարձի տարբերությունը այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում աշխատողը կատարում էր նվազ վարձատրվող աշխատանք: Միջին աշխատավարձը հաշվարկվում է աշխատողի միջին օրական աշխատավարձի չափը համապատասխան օրերի քանակով բազմապատկելու միջոցով:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ տնտեսական, տեխնոլոգիական, կազմակերպչական պատճառներով կամ գործատուի և աշխատողի հետագա աշխատանքային հարաբերությունների վերականգնման անհնարինության դեպքում դատարանը կարող է աշխատողին չվերականգնել իր նախկին աշխատանքում` պարտավորեցնելով գործատուին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարել հատուցում` միջին աշխատավարձի չափով, մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը, և աշխատողին աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում` ոչ պակաս, քան միջին աշխատավարձի, բայց ոչ ավելի, քան միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով: Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից աշխատանքային պայմանագիրը համարվում է լուծված:

ՀՀ վճռաբեկ դատարանը, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի մեկնաբանության արդյունքում նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք դատարանը պետք է աշխատողին վերականգնի իր նախկին պաշտոնում այն դեպքում, երբ ընկերության գործող վարչակազմակերպչական կառուցվածքում գոյություն չունի այնպիսի հաստիքային միավոր, որտեղ նախկինում աշխատել է հայցվորը, ըստ էության, դիրքորոշում է հայտնել այն մասին, որ հայցվորը դատարանին ներկայացրել է բավարար ապացույցներ, որոնք հաստատում են հայցվորի նախկին հաստիքի ստեղծման անհնարինությունը: Հետևաբար, տվյալ դեպքում կիրառելի է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված աշխատողին աշխատանքում չվերականգնելու դեպքը: Դատարանի կողմից Ընկերության վրա չի կարող դրվել այնպիսի պարտավորություն, որի փաստացի կատարումն օբյեկտիվորեն անհնար է: Նման դեպքերում դատարանի կողմից վերը նշված հոդվածը չկիրառելը կհանգեցնի գործատուի համար լրացուցիչ պարտավորության` ստեղծելու կառուցվածքային նոր միավոր, նոր հաստիք, իսկ նման պարտավորության սահմանումը կհանգեցնի գործատուի` ՀՀ սահմանադրության` իրավաբանական անձանց նկատմամբ կիրառելի երաշխիքային նորմերի և օրենքով նախատեսված իրավունքների սահմանափակմանը: Այդ իսկ նպատակով օրենսդիրը ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանել է աշխատանքում չվերականգնելու գործատուի իրավական հնարավորությունը` վերապահելով դատարանին այդ վարքագծի իրավաչափության գնահատման իրավասություն` որոշելու տնտեսական, տեխնոլոգիական, կազմակերպչական կամ այլ պատճառներով կամ գործատուի և աշխատողի հետագա աշխատանքային հարաբերությունների վերականգնման անհնարինությունը կոնկրետ` կոնկրետ գործի փաստերից ելնելով (տե՛ս Զոյա Ծատուրյանն ընդդեմ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի թիվ 3-496(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.03.2007 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը, մեկ այլ որոշմամբ անդրադառնալով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով աշխատանքային պայմանագիրը գործատուի նախաձեռնությամբ լուծված լինելու դեպքում ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով աշխատանքում վերականգնելու առանձնահատկություններին, արձանագրել է, որ.

1. ոչ բոլոր դեպքերում է, որ առանց օրինական հիմքերի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումով աշխատանքի պայմանները փոփոխելը, աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծելը կարող է հիմք հանդիսանալ աշխատողին նախկին աշխատանքում վերականգնելու համար.

2. այդ կանոնից բացառություն է այն դեպքը, երբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասը դատարանին իրավունք է վերապահում անգամ վերը նշված խախտումների փաստը հաստատված համարելու պայմաններում աշխատողին չվերականգնել նախկին աշխատանքում, եթե դա անհնարին է նաև տնտեսական, տեխնոլոգիական, կազմակերպչական պատճառներով: Այս դեպքում նախկին աշխատանքում վերականգնելու փոխարեն դատարանը գործատուին պարտավորեցնում է հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար աշխատողին վճարել հատուցում` նրա միջին աշխատավարձի չափով, մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը, և աշխատողին աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում` ոչ պակաս, քան միջին աշխատավարձի, բայց ոչ ավելի, քան միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով.

3. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասում խոսքը գնում է միայն նախկին աշխատանքում վերականգնվելու մասին, այսինքն` այն աշխատանքում, որն աշխատողը հրամանի կամ աշխատանքային պայմանագրի հիման վրա կատարել է աշխատանքից ազատվելու հրամանն արձակելու պահի դրությամբ (տե՛ս Քրիստինա Նեբիշի ընդդեմ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի թիվ ԵԱՔԴ/1879/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը, թիվ ՎԴ/2635/05/19 վարչական գործով 19112022 թվականին կայացված որոշմամբ անդրադառնալով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ աշխատողին դատական կարգով հատուցում տրամադրելու իրավական հնարավորությանը՝ վերջինիս կողմից նման հայցապահանջ ներկայացված չլինելու պարագայում, արձանագրել է, որ օրենսդիրը նախատեսել է աշխատանքային պայմանագրի վերաբերյալ վեճերով աշխատողի խախտված իրավունքները վերականգնելու երկու հնարավոր կառուցակարգ: Առաջին դեպքում աշխատողը վերականգնվում է նախկին աշխատանքում՝ ստանալով հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձ, իսկ երկրորդ դեպքում նախկին աշխատանքային հարաբերությունները չեն վերականգնվում, և աշխատողը ստանում է հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձ, ինչպես նաև աշխատանքում չվերականգնվելու դիմաց հատուցում: Ընդ որում, նշված կառուցակարգերը չեն կարող գործել միաժամանակ, քանի որ բացառում են միմյանց։ Այսինքն՝ աշխատանքում վերականգնվելու պահանջը չբավարարվելու պայմաններում ինքնաբերաբար սկսում է գործել աշխատողի՝ չվերականգնվելու դիմաց հատուցում ստանալու իրավունքը: Հետևաբար, հայցադիմումում հատուցում ստանալու վերաբերյալ պահանջի բացակայության պայմաններում դատարանի կողմից նշված խնդիրը պետք է դառնա պարտադիր քննության առարկա:

Սահմանադրական դատարանը 07.07.2010 թվականի թիվ ՍԴՈ-902 որոշմամբ նշել է, որ խախտված իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի անհրաժեշտ բաղադրատարրն է հանդիսանում անձի խախտված իրավունքի վերականգնումը: Վերջինս ենթադրում է այն բացասական հետևանքների վերացում, որոնք անձի համար առաջացել են իրավունքի խախտման արդյունքում: Որպես կանոն, այդ բացասական հետևանքների վերացումը տեղի է ունենում մինչև իրավունքի խախտումը գոյություն ունեցած վիճակի վերականգնմամբ: Սակայն, առանձին դեպքերում, մինչև իրավունքի խախտումը գոյություն ունեցած վիճակի վերականգնումը կարող է օբյեկտիվորեն անհնարին լինել: Այս դեպքում որպես խախտման բացասական հետևանքները վերացնելու իրավական միջոց է ծառայում, ինչպես նշվեց, անձի կրած վնասի դիմաց տրվող փոխհատուցումը: Այս մոտեցումն է արտահայտված նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքում (տե՛ս Վասիլեսկուն ընդդեմ Ռումինիայի գործով Եվրոպական դատարանի 22051998 թվականի վճիռը, կետ 61): Տվյալ դեպքում անօրինականորեն ազատված անձին աշխատանքում չվերականգնելու, այն է՝ մինչև իրավախախտման փաստը գոյություն ունեցած վիճակը վերականգնելու անհնարինության դեպքում անձի խախտված իրավունքի արդյունավետ իրավական պաշտպանությունը կարող է տեղի ունենալ նրան փոխհատուցում վճարելու միջոցով: Այս գաղափարն է ամրագրված նաև վերոհիշյալ ԱՄԿ թիվ 158 կոնվենցիայի 10-րդ հոդվածում:

Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նախկին աշխատանքում վերականգնելու պահանջը աշխատանքային հարաբերությունների վերականգնման անհնարինության հիմքով մերժվելու դեպքում աշխատողին դատական կարգով հատուցում տրամադրելու իրավական հնարավորությունն առկա է՝ անկախ աշխատողի կողմից ուղղակիորեն նման հայցապահանջ ներկայացված լինելու հանգամանքից։

 

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ գործի քննության հետ կապված այլ ծախսերն են` գործի քննության հետ կապված փաստաբանի խելամիտ վարձատրության գումարները։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածով նախատեսված ծախսերի փոխհատուցման չափը որոշելիս դատարանը հիմք է ընդունում ծախսերի ողջամիտ չափը, որը որոշվում է՝ ելնելով փաստաբանի կատարած աշխատանքի ծավալից, գործի բարդությունից, Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհրդի կողմից սահմանված փաստաբանական գործունեության վճարների միջին գնացուցակից, ինչպես նաև դատական ակտով բռնագանձման ենթակա գումարի և պահանջվող փաստաբանական վճարի չափերի հարաբերակցությունից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 108-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործին մասնակցող անձանց կրած, ինչպես նաև վճարման ենթակա դատական ծախսերի փոխհատուցման հարցը լուծելիս դատարանը հիմք է ընդունում միայն գործում առկա փաստաթղթերով հիմնավորված ծախսերը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ դատական ծախսերը կազմված են նաև գործի քննության հետ կապված այլ ծախսերից։ Նման ծախս են հանդիսանում նաև գործի քննության հետ կապված փաստաբանի խելամիտ վարձատրության գումարները, որոնց չափը որոշելիս դատարանը հիմք է ընդունում ծախսերի ողջամիտ չափը՝ այն որոշելիս հիմք ընդունելով փաստաբանի կատարած աշխատանքի ծավալը, գործի բարդությունը, Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհրդի կողմից սահմանված փաստաբանական գործունեության վճարների միջին գնացուցակը, ինչպես նաև դատական ակտով բռնագանձման ենթակա գումարի և պահանջվող փաստաբանական վճարի չափերի հարաբերակցությունը: Ընդ որում, գործին մասնակցող անձանց կրած՝ գործի քննության հետ կապված փաստաբանի խելամիտ վարձատրության գումարների փոխհատուցման հարցը լուծելիս դատարանը հիմք է ընդունում միայն գործում առկա փաստաթղթերով հիմնավորված ծախսերը՝ դրանք գործին մասնակցող անձանց միջև բաշխելով բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն (տե՛ս ըստ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի դիմումի թիվ ՍնԴ/3572/04/22 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02092024 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ օրենսդիրը դատական ծախսերի մեջ ընդգրկել է նաև փաստաբանի խելամիտ վարձատրությունը: Ուստի փաստաբանի խելամիտ վարձատրությունը նախևառաջ պետք է դիտել որպես դատական ծախս, և թե՛ հայցվորը, և թե՛ պատասխանողը դատական քննության ընթացքում կարող են ներկայացնել փաստաբանի մատուցած ծառայությունների համար կատարված կամ կատարվելիք վճարումը հավաստող ապացույց (տե՛ս անհատ ձեռնարկատեր Նարինե Ռոստոմյանն ընդդեմ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի թիվ ԵԱՔԴ/1401/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.06.2012 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ փաստաբանի վարձատրության խելամտության հարցը որոշելիս անհրաժեշտ է ամբողջության մեջ հաշվի առնել գործով փաստաբանի կատարած աշխատանքի ծավալը (ապացույցներ հավաքելու և ներկայացնելու անհրաժեշտությունն ու այդ գործողությունները փաստացի կատարելու հանգամանքը, գործի քննությանը մասնակցության աստիճանը), գործի բարդությունը (վիճելի իրավահարաբերության բնույթը, գործի քննության տևողությունը), նմանատիպ գործերով պրակտիկայում ընդունված փաստաբանական ծառայության մատուցման դիմաց վճարվող գումարի չափը, ինչպես նաև դատական ակտով բռնագանձվող գումարի և պահանջվող փաստաբանական վճարի չափի հարաբերակցությունը (տե՛ս Ֆերդինանտ Առաքելյանն ընդդեմ Հարություն Պետրոսյանի թիվ ԵԿԴ/1587/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.06.2012 թվականի որոշումը):

Դատական ծախսերի, այդ թվում նաև՝ փաստաբանի վճարների փոխհատուցման չափորոշիչներն անտեսելու պարագայում խոսք չի կարող լինել արդյունավետ դատական պաշտպանության մասին, քանի որ որոշ դեպքերում դատական պաշտպանության դիմած անձինք կհայտնվեն առավել անբարենպաստ վիճակում, քան մինչ այդ էին (տե՛ս Լիլիթ Մուսեյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/4084/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը):

 

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Սույն գործի փաստերի համաձայն՝ Գևորգ Ղալումյանը, դիմելով դատարան, պահանջել է անվավեր ճանաչել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի 28072022 թվականի «Գևորգ Ղալումյանի աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին» թիվ 717 հրամանը, իրեն վերականգնել նախկին աշխատանքում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմից բռնագանձել միջին աշխատավարձը՝ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, ինչպես նաև 450.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար։

Դատարանի 13.04.2023 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն՝ վճռվել է «անվավեր ճանաչել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար ՎՆարիբեկյանի կողմից կայացված Գևորգ Ղալումյանի աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին 28.07.2022թ. թիվ №717 հրամանը։ Գևորգ Արթուրի Ղալումյանին նախկին աշխատանքում վերականգնելու մասին պահանջը՝ մերժել: Պարտավորեցնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար Գևորգ Արթուրի Ղալումյանի վճարել հատուցում նրա միջին աշխատավարձի չափով՝ սկսած 28.07.2022թ. մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը։ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմից հօգուտ Գևորգ Արթուրի Ղալումյանի բռնագանձել 150.000 /հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար, իսկ մնացած մասով պահանջը՝ մերժել» նաև այն պատճառաբանությամբ, որ՝

- «Ազգային ժողովի նախագահի՝ 11.08.2022թ. թիվ Կ-225-Ա կարգադրության համաձայն՝ փոփոխություն է մտցվել Ազգային ժողովի աշխատակազմի հաստիքացուցակը հաստատող 13.07.2019թ. թիվ Կ-219-Ա կարգադրության մեջ, համաձայն որի, ի թիվս այլ հաստիքների, հայցվոր Գևորգ Ղալումյանի հաստիքը, այն՝ ինժիներ-մեխանիկ, կրճատվել է»,

- «հաստիքի կրճատումն ինքին չի կարող հանգեցնել գործատուի և աշխատողի հետագա աշխատանքային հարաբերությունների վերականգնման անհնարինության, սակայն հաշվի առնելով, որ հաստիքի բացակայությունը հանգեցնում է կազմակերպչական պատճառներով աշխատողին աշխատանքում վերականգնելու անհնարինության, գտնում է, որ աշխատողին աշխատանքում վերականգնելն անհնար է»,

- «ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասում նշված` աշխատողին աշխատանքում չվերականգնելու հիմքի առկայության պայմաններում Դատարանի կողմից գործատուի վրա չի կարող դրվել այնպիսի պարտավորություն, որի փաստացի կատարումն օբյեկտիվորեն անհնար է, և նման դեպքերում Դատարանի կողմից վերը նշված հոդվածը չկիրառելը կհանգեցնի գործատուի համար լրացուցիչ պարտավորության` ստեղծելու կառուցվածքային նոր միավոր, նոր հաստիք, իսկ նման պարտավորության սահմանումը կհանգեցնի գործատուի` ՀՀ Սահմանադրության` գործատուի նկատմամբ կիրառելի երաշխիքային նորմերի և օրենքով նախատեսված իրավունքների սահմանափակմանը»:

Վերաքննիչ դատարանը, քննելով նաև Գևորգ Ղալումյանի բերած վերաքննիչ բողոքը, 25.08.2023 թվականին որոշում է կայացրել նաև Գևորգ Ղալումյանի վերաքննիչ բողոքը մերժելու, Դատարանի 13042023 թվականի վճիռն անփոփոխ թողնելու մասին նաև այն պատճառաբանությամբ, որ՝

- «դատարանի կողմից ընկերության վրա չի կարող դրվել այնպիսի պարտավորություն, որի փաստացի կատարումն օբյեկտիվորեն անհնար է: Նման պայմաններում աշխատողին նախկին աշխատանքում վերականգնելը կհանգեցնի գործատուի համար լրացուցիչ պարտավորության` ստեղծելու կառուցվածքային նոր միավոր, նոր հաստիք, իսկ նման պարտավորության սահմանումը կհանգեցնի գործատուի` ՀՀ Սահմանադրության` իրավաբանական անձանց նկատմամբ կիրառելի երաշխիքային նորմերի և օրենքով նախատեսված իրավունքների սահմանափակմանը»,

- «գործատուի և աշխատողի հետագա աշխատանքային հարաբերությունների վերականգնման անհնարինության դեպքում հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը, միջին աշխատավարձի չափով հատուցում վճարելու և աշխատողին աշխատանքում չվերականգնելու դիմաց ոչ պակաս, քան միջին աշխատավարձի, բայց ոչ ավելի, քան միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով հատուցում վճարելու պահանջները թեև հանդիսանում են ածանցյալ պահանջներ, այդուհանդերձ, Դատարանը քննության է առնում հայցվորի կողմից այդպիսի պահանջներ ներկայացրած լինելու դեպքում, սակայն հիմք ընդունելով, որ հայցի առարկան այն նյութաիրավական պահանջն է, որը հայցվորը ներկայացնում է պատասխանողի դեմ, որոնց վերաբերյալ հետագայում դատարանը կայացնում է համապատասխան դատական ակտ: Տվյալ դեպքում հայցվորի կողմից աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում վճարելու պահանջ Դատարանին չի ներկայացվել, հետևաբար, Դատարանն իր նախաձեռնությամբ նշված հարցը քննարկման առարկա դարձնել չէր կարող»։

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները և դրանք համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունն այն մասին, որ տվյալ դեպքում հայցվորի կողմից աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում վճարելու պահանջ Դատարանին չի ներկայացվել, հետևաբար, Դատարանն իր նախաձեռնությամբ նշված հարցը քննարկման առարկա դարձնել չէր կարող, անհիմն է և չի բխում սույն գործով վկայակոչված իրավական դիրքորոշումներից, որի արդյունքում խախտվում է հայցվորի՝ նախկին աշխատանքում չվերականգնելու դիմաց իրեն հասանելիք՝ օրինական ակնկալիք հանդիսացող հատուցում ստանալու իրավունքը՝ խաթարելով արդարադատության բուն էությունը։

Անդրադառնալով բողոքաբերի այն փաստարկին, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ հայցվորը կարող էր վերականգնվել իր նախկին աշխատանքում, իսկ հաստիքի կրճատված լինելը չի կարող խոչընդոտ հանդիսանալ աշխատանքում վերականգնելու համար՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված փաստարկն անհիմն է, քանի որ դատարանի կողմից գործատուի վրա չի կարող դրվել այնպիսի պարտավորություն, որի փաստացի կատարումն օբյեկտիվորեն անհնար է, և նման դեպքերում դատարանի կողմից ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասը չկիրառելը կհանգեցնի գործատուի համար լրացուցիչ պարտավորության, իսկ նման պարտավորության սահմանումը կհանգեցնի գործատուի` Սահմանադրությամբ իրավաբանական անձանց նկատմամբ կիրառելի երաշխիքային նորմերի և օրենքով նախատեսված իրավունքների սահմանափակմանը։

Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի այն հիմքին, որ ստորադաս դատարանների կողմից սխալ է մեկնաբանվել ՀՀ քաղաքացիական դատվարության օրենսգրքի 107-րդ հոդվածի 4-րդ մասը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով փաստաբանի վարձատրության խելամտության հարցը որոշելիս անհրաժեշտ է ամբողջության մեջ հաշվի առնել գործով փաստաբանի կատարած աշխատանքի ծավալը (ապացույցներ հավաքելու և ներկայացնելու անհրաժեշտությունն ու այդ գործողությունները փաստացի կատարելու հանգամանքը, գործի քննությանը մասնակցության աստիճանը), գործի բարդությունը (վիճելի իրավահարաբերության բնույթը, գործի քննության տևողությունը), նմանատիպ գործերով պրակտիկայում ընդունված փաստաբանական ծառայության մատուցման դիմաց վճարվող գումարի չափը, ինչպես նաև վիճելի իրավահարաբերության բնույթը և պահանջվող փաստաբանական վճարի չափի հարաբերակցությունը:

 

Վերոգրյալ պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված՝ դատական ակտը Գևորգ Ղալումյանի վերաքննիչ բողոքը մերժելու մասով բեկանելու և բեկանված մասով գործը համապատասխան ստորադաս դատարան նոր քննության ուղարկելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը՝ որպես գործի նոր քննության ծավալ սահմանելով վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում աշխատանքում վերականգնելու անհնարինության դեպքում՝ հատուցման գումար բռնագանձելու պահանջի քննությունը։

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անդրադառնալով վճռաբեկ բողոքի՝ փաստաբանի խելամիտ վարձատրության գումարի չափի վերաբերյալ հիմնավորումներին, և ի նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում փաստաբանի խելամիտ վարձատրության բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ևս ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

 5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոններին համապատասխան։

Նկատի ունենալով, որ բեկանված մասով սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պայմաններում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.08.2023 թվականի որոշումը մասնակիորեն՝ Գևորգ Ղալումյանի վերաքննիչ բողոքը աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցման գումար բռնագանձելու պահանջի մասով, բեկանել և այդ մասով գործն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ սույն որոշմամբ սահմանված ծավալով նոր քննության մնացած մասով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.08.2023 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ։

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Գ. հակոբյան 

Զեկուցող

Է. Սեդրակյան

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս. Մեղրյան

Ա. Մկրտչյան

Վ․ ՔՈՉԱՐՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հունվարի 2025 թվական: