ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հունվարի 2025 թվականի ք. Երևան |
թիվ 1-Ա |
«ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ուսումնասիրելով 2025 թվականի հունվարի 07-ին իր նախաձեռնությամբ հարուցված թիվ 1 վարչական վարույթի նյութերը՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) պարզեց.
Հանձնաժողովը «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով (այսուհետ` Օրենք) իրեն վերապահված վերահսկողական գործառույթներն իրականացնելիս լսողական մեդիածառայություն մատուցող «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ ընկերության (այսուհետ` Հեռարձակող) «ՌԱԴԻՈ ՋԱԶ ԷՖԷՄ» լսողական ծրագրի մշտադիտարկման արդյունքում հայտնաբերել է Օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի պահանջի խախտման փաստ։
Համաձայն Հանձնաժողովի ծրագրերի մոնիտորինգի և վերահսկողության վարչության զեկուցագրի՝ 2025 թվականի հունվարի 05-ի ժամը 21։30։57-ից սկսած Հեռարձակողը 24 ժամ շարունակ չի ապահովել «ՌԱԴԻՈ ՋԱԶ ԷՖԷՄ» լսողական ծրագրի միջոցով լսողական հաղորդումների հեռարձակումը:
Հանձնաժողովը, հիմք ընդունելով Օրենքի դրույթի պահանջի խախտման փաստը և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետով, 2025 թվականի հունվարի 07-ին Հեռարձակողի նկատմամբ հարուցել է վարչական վարույթ։
Հանձնաժողովը հարուցված վարչական վարույթի մասին 2025 թվականի հունվարի 09-ին ծանուցել է Հեռարձակողին և հայտնել, որ այս հարցի վերաբերյալ կարող է ներկայացնել պարզաբանումները և բացատրությունները:
Հեռարձակողը հարուցված վարչական վարույթի ընթացքում որևէ պարզաբանում և բացատրություն չի ներկայացրել։
Հանձնաժողովի հիմնավորումները (պատճառաբանությունը) և եզրահանգումը.
Վարչական վարույթի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության, ձեռք բերված ապացույցների ուսումնասիրության և գնահատման արդյունքում Հանձնաժողովն արձանագրում է․
2025 թվականի հունվարի 05-ի ժամը 21։30։57-ից սկսած Հեռարձակողն առանց որևէ հիմնավոր պատճառի 24 ժամ շարունակ չի ապահովել լսողական հաղորդումների հեռարձակումը։ Ավելին, լսողական հաղորդումների հեռարձակումը դադարեցնելու վերաբերյալ որևէ հիմնավորում Հանձնաժողով չի ներկայացրել և մինչ օրս չի հեռարձակում «ՌԱԴԻՈ ՋԱԶ ԷՖԷՄ» լսողական ծրագիրը։
Համաձայն Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի՝ Հայաստանի Հանրապետության տեսալսողական մեդիայի մասին օրենսդրությունը ներառում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, սույն օրենքը, «Զանգվածային լրատվության մասին», «Էլեկտրոնային հաղորդակցության մասին», «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին», «Լեզվի մասին», «Գովազդի մասին» օրենքները, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրքը, կարգավորող պետական մարմնի իրավական ակտերը, տեսալսողական մեդիայի ոլորտը կարգավորող այլ իրավական ակտեր և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը:
Համաձայն Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի՝ կարգավորող պետական մարմինը Օրենքի խախտման կամ իր որոշումները չկատարելու դեպքում կիրառում է պատասխանատվության միջոցներ։
Համաձայն Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի՝ Հանձնաժողովն իրականացնում է Հեռարձակողների և օպերատորների գործունեության մշտադիտարկում:
Համաձայն Օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի՝ կարգավորող պետական մարմնի կողմից տեսալսողական մեդիայի բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների խախտման դեպքեր հայտնաբերվելու, ինչպես նաև պետական այլ մարմինների կողմից իրենց իրավասությունների շրջանակում տեսալսողական մեդիայի բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների խախտման դեպքեր հայտնաբերվելու և դրանց մասին կարգավորող պետական մարմնին գրավոր տեղեկացվելու դեպքում կարգավորող պետական մարմինը կիրառում է հետևյալ վարչական տույժերը.
1) գրավոր նախազգուշացում.
2) տուգանք.
3) հեղինակազորման կամ լիցենզիայի գործողության կասեցում.
4) հեղինակազորման կամ լիցենզիայի գործողության դադարեցում:
Իսկ Օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ Հեռարձակողի հեղինակազորման կամ լիցենզիայի գործողությունը կասեցվում է, եթե` լիցենզիա ստացած Հեռարձակողն առանց որևէ հիմնավոր պատճառի 24 ժամ շարունակ չի ապահովել տեսալսողական հաղորդումների հեռարձակում։
«Լիցենզավորման մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է.
Լիցենզիայի գործողության կասեցումը որոշակի ժամկետով կամ որոշակի պայմաններով լիցենզավորված անձին լիցենզավորման ենթակա գործունեությունը կամ այդ գործունեության առանձին գործառույթները կամ լիցենզիայով վերապահված առանձին գործողություններն իրականացնելու իրավունքից ժամանակավորապես զրկումն է:
Հանձնաժողովն արձանագրում է, որ առկա է Հեռարձակողի լիցենզիայի գործողության կասեցման իրավական հիմքը, քանի որ Հեռարձակողն առանց որևէ հիմնավոր պատճառի 24 ժամ շարունակ չի ապահովել լսողական հաղորդումների հեռարձակումը։
Քննարկվող համատեքստում հատկանշական է, որ Հեռարձակողը 2017 թվականի հոկտեմբերի 06-ից (լիցենզիայի սերիան, համարը՝ N 245, գործողության ժամկետը՝ 06.10.2022թ.-06.10.2027թ.) հանդիսանում է լսողական մեդիածառայություն մատուցող, որը Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն կազմում և սպառողին է ներկայացնում տեսալսողական տեղեկատվություն և խմբագրական պատասխանատվություն կրում տեսալսողական մեդիա արտադրանքի բովանդակության համար և պարտավոր է պահպանել տեսալսողական մեդիայի բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջները, ինչպես նաև վերջիններս խախտելու դեպքում սահմանված կարգով կրել պատասխանատվություն։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով, 32-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ և 14-րդ կետերով, 55-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և հիմք ընդունելով 58-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, «Լիցենզավորման մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Կիրառել վարչական տույժ՝ կասեցնել «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ ընկերության լիցենզիայի գործողությունը 3 (երեք) օր ժամկետով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ ընկերությանը պատշաճ ձևով հանձնելու օրվան հաջորդող օրվանից:
3. Լիցենզիայի գործողությունը կասեցված է համարվում սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից:
4. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ |
Տ. ՀակոբՅԱՆ |
2025թ. հունվարի 17 ք. Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|