Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 06-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (23.01.2025-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.01.20-2025.02.02 Պաշտոնական հրապարակման օրը 22.01.2025
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
17.01.2025
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
17.01.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.01.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

«17» հունվար 2025 թ. 

թիվ 06-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԱՌՑԱՆՑ ՀԱՐԹԱԿԻ ՌԵՍՊՈՆԴԵՆՏԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԷՋՈՒՄ ԶԵՏԵՂՎՈՂ, ՌԵՍՊՈՆԴԵՆՏԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ԼՐԱՑՄԱՆ (ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ) ԵՆԹԱԿԱ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 8-րդ կետերի և 18-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է հաստատել.

1. Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի վիճակագրական հաշվետվությունների ներկայացման առցանց հարթակի ռեսպոնդենտի անձնական էջում զետեղվող, ռեսպոնդենտի կողմից պարտադիր լրացման (արդիականացման) ենթակա տեղեկությունների ցանկը՝ համաձայն հավելված 1-ի:

2. Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի վիճակագրական հաշվետվությունների ներկայացման առցանց հարթակի ռեսպոնդենտի անձնական էջում զետեղվող, ռեսպոնդենտի կողմից պարտադիր լրացման (արդիականացման) ենթակա տեղեկությունների ցանկի լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Նախագահ՝

Ս. Մնացականյան

 

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

խորհրդի 2025 թվականի

հունվարի 17-ի թիվ 06-Ն որոշման

 

ՑԱՆԿ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԱՌՑԱՆՑ ՀԱՐԹԱԿԻ ՌԵՍՊՈՆԴԵՆՏԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԷՋՈՒՄ ԶԵՏԵՂՎՈՂ, ՌԵՍՊՈՆԴԵՆՏԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ԼՐԱՑՄԱՆ (ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ) ԵՆԹԱԿԱ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

1. Ռեսպոնդենտի հիմնական տնտեսական գործունեության իրականացման վայրի վերաբերյալ տեղեկություններ.

1) մարզի անվանումը կամ քաղաք Երևան

2) համայնքի անվանումը

3) բնակավայրի կամ Երևան քաղաքի վարչական շրջանի անվանումը

4) հասցեն (փողոց, շենք (տուն), բնակարան)

5) փոստային դասիչը

6) պաշտոնական էլեկտրոնային փոստը

7) հեռախոսահամարը

2. Ռեսպոնդենտի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ.

1) օտարերկրյա իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանում, մասնաճյուղ կամ ներկայացուցչություն հանդիսանալու մասին տեղեկություն

2) իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանում, մասնաճյուղ, ներկայացուցչություն ունենալու մասին տեղեկություն

3) հիմնադրի (մասնակցի)՝ «պետություն», «համայնք», «իրավաբանական անձ», «քաղաքացի», «օտարերկրյա մասնակից (օտարերկրյա պետություն, համայնք, իրավաբանական անձ, քաղաքացի)» խմբերից որևէ մեկին պատկանելու մասին տեղեկություն

4) օտարերկրյա հիմնադիր (մասնակից) ունենալու մասին տեղեկություն

5) օտարերկրյա հիմնադրի (մասնակցի) ռեզիդենտության կամ քաղաքացիության երկրի մասին տեղեկություն

6) հիմնադրի (մասնակցի) (բացառությամբ՝ օտարերկրյա հիմնադրի (մասնակցի) և քաղաքացու) հարկ վճարողի հաշվառման համարը

7) օտարերկրյա ուղղակի, պորտֆելային և այլ ներդրումներ ունենալու մասին տեղեկություն

8) ծառայությունների արտահանում և (կամ) ներմուծում ունենալու մասին տեղեկություն

3. Ռեսպոնդենտի կողմից իրականացվող ընթացիկ տնտեսական գործունեության վերաբերյալ տեղեկություն:

 

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

խորհրդի 2025 թվականի

հունվարի 17-ի թիվ 06-Ն որոշման

 

ՀՐԱՀԱՆԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԱՌՑԱՆՑ ՀԱՐԹԱԿԻ ՌԵՍՊՈՆԴԵՆՏԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԷՋՈՒՄ ԶԵՏԵՂՎՈՂ, ՌԵՍՊՈՆԴԵՆՏԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ԼՐԱՑՄԱՆ (ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ) ԵՆԹԱԿԱ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԻ ԼՐԱՑՄԱՆ (ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ)

 

1. Սույն հրահանգը կարգավորում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի վիճակագրական հաշվետվությունների ներկայացման առցանց հարթակի (այսուհետ՝ ՀԱՐԹԱԿ) ռեսպոնդենտի անձնական էջի «Ընդհանուր տեղեկություններ (Պրոֆիլ)» բաժնի «Ռեսպոնդենտի մասին» ենթաբաժնում զետեղվող, ռեսպոնդենտի կողմից պարտադիր լրացման (արդիականացման) ենթակա տեղեկությունների ցանկի (այսուհետ՝ Ցանկ) լրացման (արդիականացման) հետ կապված հարաբերությունները:

2. Ցանկի տեղեկություններ ներկայացնող ռեսպոնդենտներ են համարվում վիճակագրական միավոր հանդիսացող ֆիզիկական և իրավաբանական անձինք, այդ թվում՝ օտարերկրյա իրավաբանական անձանց՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առանձնացված ստորաբաժանումները, անհատ ձեռնարկատերերը, պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական հիմնարկները, որոնք Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի կողմից տվյալների հավաքման շրջանակում տեղեկություններ են ներկայացնում իրենց և իրենց գործունեության մասին:

3. Ցանկի տեղեկությունները ենթակա են պարտադիր լրացման (արդիականացման)՝ հաշվետու տարում ՀԱՐԹԱԿ առաջին անգամ մուտք գործող ռեսպոնդենտի համար՝ ռեսպոնդենտին ցուցադրվող համապատասխան ձևաչափի (այսուհետ՝ Ձևաչափ) միջոցով:

4. Լրացված տեղեկություններում փոփոխությունների անհրաժեշտության առաջացման դեպքում ռեսպոնդենտը պետք է փոփոխի համապատասխան տվյալները:

5. Ցանկի 1-ին կետի 1-3-րդ ենթակետերի տեղեկությունները ռեսպոնդենտն ընտրում է Ձևաչափի համապատասխան տվյալների անվանացանկերից՝ հիմնական տնտեսական գործունեության իրականացման վայրին համապատասխան:

6. Ցանկի 1-ին կետի 4-7-րդ ենթակետերի տեղեկությունները ռեսպոնդենտը լրացնում է հիմնական տնտեսական գործունեության իրականացման վայրին համապատասխան:

7. Լրացնելով իր պաշտոնական էլեկտրոնային հասցեն՝ ռեսպոնդենտը համաձայնություն է տալիս առ այն, որ ստանալով նշյալ էլեկտրոնային հասցեին ծանուցում՝ համաձայնվում է համարվել ծանուցված՝ համաձայն «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի:

8. Օտարերկրյա իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանում, մասնաճյուղ կամ ներկայացուցչություն հանդիսանալու (չհանդիսանալու) դեպքում ռեսպոնդենտը Ձևաչափի համապատասխան հարցադրման դաշտում ընտրում է առաջարկվող տարբերակներից մեկը («Այո» կամ «Ոչ»):

9. Իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանում, մասնաճյուղ, ներկայացուցչություն ունենալու մասին տեղեկությունը ռեսպոնդենտը ներկայացնում է Ձևաչափի համապատասխան տվյալների անվանացանկում ներառված տարբերակներից մեկի ընտրության միջոցով:

10. Հիմնադրի (մասնակցի)՝ «պետություն», «համայնք», «իրավաբանական անձ», «քաղաքացի», «օտարերկրյա մասնակից (օտարերկրյա պետություն, համայնք, իրավաբանական անձ, քաղաքացի)» խմբերից որևէ մեկին պատկանելու մասին տեղեկությունը ռեսպոնդենտն ընտրում է Ձևաչափի «Հիմնադիր (մասնակից)» հարցադրման դաշտի ներքո բացվող անվանացանկից՝ համաձայն նշված հատվածներից որևէ մեկին պատկանելության: Ընդ որում, ընտրությունն իրականացվում է՝ հաշվի առնելով հետևյալ մեթոդաբանական պարզաբանումները.

1) ընտրվում է այն հիմնադիրը (մասնակիցը), որը (որոնց խումբը) ռեսպոնդենտի կանոնադրական կապիտալում ունի առնվազն 50% մասնաբաժին,

2) «պետություն» կամ «համայնք» և «իրավաբանական անձ» կամ «քաղաքացի» բաժնեմասերի հավասարության դեպքում ընտրվում է «պետություն» կամ «համայնք» տարբերակը,

3) «պետություն» կամ «համայնք» և «օտարերկրյա մասնակից (օտարերկրյա պետություն, համայնք, իրավաբանական անձ, քաղաքացի)» բաժնեմասերի հավասարության դեպքում ընտրվում է «պետություն» կամ «համայնք» տարբերակը,

4) «օտարերկրյա մասնակից» և «իրավաբանական անձ» կամ «քաղաքացի» բաժնեմասերի հավասարության դեպքում ընտրվում է «օտարերկրյա մասնակից» տարբերակը,

5) «պետություն» և «համայնք» բաժնեմասերի հավասարության դեպքում ընտրվում է «պետություն» տարբերակը,

6) «իրավաբանական անձ» և «քաղաքացի» բաժնեմասերի հավասարության դեպքում ընտրվում է «իրավաբանական անձ» տարբերակը,

7) Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անհատ ձեռնարկատիրոջ կողմից ընտրվում է «քաղաքացի» տարբերակը, իսկ օտարերկրյա քաղաքացի հանդիսացող անհատ ձեռնարկատիրոջ կողմից ընտրվում է «օտարերկրյա մասնակից» տարբերակը:

11. Օտարերկրյա հիմնադիր կամ մասնակից ունենալու (չունենալու) դեպքում ռեսպոնդենտն ընտրում է առաջարկվող համապատասխան տարբերակներից մեկը («Այո» կամ «Ոչ»):

12. Ձևաչափի՝ «Օտարերկրյա հիմնադրի (մասնակցի) ռեզիդենտության (քաղաքացիության) երկիրը» հարցադրման դաշտի ներքո բացվող անվանացանկից ռեսպոնդենտն ընտրում է համապատասխան երկրի անվանումը՝ սույն հրահանգի 10-րդ կետում ներկայացված պարզաբանմանը համապատասխանող օտարերկրյա հիմնադիր կամ մասնակից ունենալու դեպքում:

13. «Հիմնադրի (մասնակցի) հարկ վճարողի հաշվառման համարը» (ՀՎՀՀ) լրացվում է միայն սույն հրահանգի 10-րդ կետում նշված «իրավաբանական անձ», «պետություն» կամ «համայնք» հիմնադիր (մասնակից) ունենալու դեպքում:

14. Սույն հրահանգում օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստները.

1) կազմակերպություն՝ իրավաբանական անձ, իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանում, մասնաճյուղ, ներկայացուցչություն,

 

2) օտարերկրյա ներդրումներ՝ ոչ ռեզիդենտ տնտեսավարող սուբյեկտի կողմից իրականացված ներդրումները ռեսպոնդենտ կազմակերպությունում, մասնավորապես, բաժնետոմսերը, պարտատոմսերը, փայամասնակցությունը, վարկերը (այդ թվում՝ ապրանքների կամ ծառայությունների դիմաց վճարվելիք գումարներ, տրված կամ ստացված կանխավճարներ), ավանդները, բանկային հաշիվները, դեբիտորական, կրեդիտորական պարտավորությունները և այլն, անշարժ գույքի ձեռք բերումը, հաշվետու կազմակերպության կողմից ոչ ռեզիդենտ տնտեսավարող սուբյեկտներում իրականացված ներդրումները,

3) օտարերկրյա ուղղակի ներդրում՝ մի երկրի ռեզիդենտ տնտեսավարող սուբյեկտի (սուբյեկտների) կողմից այլ երկրի ռեզիդենտ կազմակերպության կապիտալում ուղղակիորեն կամ անուղղակիորեն ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի կամ բաժնեմասի 10%-ի և ավելիի ձեռք բերումը,

 

4) օտարերկրյա պորտֆելային ներդրում՝ օտարերկրյա ներդրումը որևէ կազմակերպության կապիտալում՝ մինչև 10% ձայնի իրավունք տվող բաժնետոմսերում և փայամասնակցությունում, ինչպես նաև կազմակերպված կամ այլ ֆինանսական շուկաներում շրջանառելի պարտքային արժեթղթերում (պարտատոմսեր, պարտամուրհակներ, դրամի շուկայի գործիքներ, այլ պարտքային արժեթղթեր):

 

5) այլ ներդրումներ՝ ոչ ռեզիդենտների հետ իրականացվող բոլոր տեսակի ֆինանսական գործարքները, որոնք չեն հանդիսանում ուղղակի, պորտֆելային ներդրումներ կամ ֆինանսական ածանցյալ գործիքներ (կանխիկ դրամական միջոցները, ավանդները և բանկային հաշիվները, վարկերը և փոխառությունները, ապրանքների և (կամ) ծառայությունների դիմաց վճարվելիք և (կամ) ստացվելիք գումարները, ինչպես նաև վճարման և (կամ) ստացման ենթակա այլ հաշիվները, որոնք հիմնականում ներառում են դեբիտորական և (կամ) կրեդիտորական պարտքերը, ժամկետանց պարտավորությունները կամ պահանջները, այլ սեփականությունը և հաշվեկշռից դուրս գրված պահանջները):

15. Օտարերկրյա ուղղակի, պորտֆելային և այլ ներդրումներ ունենալու մասին տեղեկությունը լրացնելիս ռեսպոնդենտն ընտրում է Ձևաչափի համապատասխան հարցադրման դաշտում առաջարկվող «Այո» տարբերակը, եթե կազմակերպությունն իրականացնում է գործարք, որի արդյունքում մի երկրի տնտեսավարող սուբյեկտի մոտ առաջանում են ֆինանսական պահանջներ կամ պարտավորություններ (ներառյալ կազմակերպության կանոնադրական կապիտալում մասնակցության մասով) այլ երկրի ռեզիդենտ տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ: Նշվածի բացակայության դեպքում ռեսպոնդենտն ընտրում է Ձևաչափի համապատասխան հարցադրման դաշտում առաջարկվող «Ոչ» տարբերակը:

16. Ծառայությունների արտահանում և (կամ) ներմուծում ունենալու մասին տեղեկությունը լրացնելիս ռեսպոնդենտը Ձևաչափի համապատասխան հարցադրման դաշտում առաջարկվող տարբերակներից ընտրում է «Այո» տարբերակը, եթե լրացման պահի դրությամբ իր գործունեությունում առկա են Հայաստանի Հանրապետության ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների միջև իրականացված գործարքներ՝ ծառայությունների արտահանման և ներմուծման վերաբերյալ (օր.՝ ապրանքների ներմուծման կամ արտահանման ժամանակ մատուցված բեռնափոխադրման և ապահովագրական ծառայությունները, ուսումնական հաստատություններում սովորող աշակերտների կամ ուսանողների վճարումների դիմաց մատուցված ծառայությունները, բուժական հաստատություններում ոչ ռեզիդենտներին մատուցված ծառայությունները և այլն): Հակառակ դեպքում, այսինքն՝ բացառապես Հայաստանի Հանրապետության ռեզիդենտների միջև համապատասխան գործարքներ իրականացնելու դեպքում՝ ռեսպոնդենտը ընտրում է Ձևաչափի համապատասխան հարցադրման դաշտում առաջարկվող «Ոչ» տարբերակը:

17. Ռեսպոնդենտի կողմից իրականացվող ընթացիկ տնտեսական գործունեության վերաբերյալ տեղեկությունը ենթակա է պարտադիր լրացման ՀԱՐԹԱԿ առաջին անգամ մուտք գործող ռեսպոնդենտի համար, իսկ դրանում փոփոխություն ռեսպոնդենտը կարող է իրականացնել համապատասխան դիմում ուղարկելու պարագայում:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունվարի 2025 թվական: