ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 մայիսի 2024 թվականի |
թիվ 49 |
քաղ. Մոսկվա |
ԱԶԱՏ (ՀԱՏՈՒԿ, ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ) ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՌԵԶԻԴԵՆՏՆԵՐԻ (ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ, ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
«Մաքսային միության մաքսային տարածքում ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտիների և «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի հետ կապված հարցերի վերաբերյալ» 2010 թվականի հունիսի 18-ի համաձայնագրի 6-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Սահմանել, որ ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտիների ռեզիդենտների (մասնակիցների, սուբյեկտների) ընդհանուր ռեեստրը (այսուհետ՝ ընդհանուր ռեեստր) ընդհանուր տեղեկատվական ռեսուրս է, որը պարունակում է սույն որոշման 2-րդ կետում նշված տեղեկությունները, և որը ձևավորվում է Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցների օգտագործմամբ՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների գործադիր իշխանության մարմինների (այսուհետ՝ լիազոր մարմիններ) և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) միջև տեղեկատվական փոխգործակցության հիման վրա։
2. Սահմանել, որ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտիների ռեզիդենտների (մասնակիցների, սուբյեկտների) ռեեստրում ընդգրկված ռեզիդենտների (մասնակիցների, սուբյեկտների) վերաբերյալ տեղեկությունները (այսուհետ համապատասխանաբար՝ տեղեկություններ, անդամ պետությունների ռեեստրներ, ԵՏՄ, անդամ պետություններ) Հանձնաժողով ներկայացնելն իրականացվում է հետևյալ կարգով.
ա) տեղեկությունները Հանձնաժողով ներկայացնելն իրականացվում է հետևյալ լիազոր մարմինների կողմից.
Հայաստանի Հանրապետությունում՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից,
Բելառուսի Հանրապետությունում՝ Բելառուսի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից,
Ղազախստանի Հանրապետությունում՝ Ղազախստանի Հանրապետության արդյունաբերության և շինարարության նախարարության կողմից,
Ղրղզստանի Հանրապետությունում՝ Ղրղզստանի Հանրապետության նախագահին առընթեր ներդրումների հարցերով ազգային գործակալության կողմից.
Ռուսաստանի Դաշնությունում՝ Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության կողմից.
բ) լիազոր մարմինների կողմից ներկայացված տեղեկությունները պետք է պարունակեն հետևյալ տեղեկատվությունը.
անդամ պետության օրենսդրությանը համապատասխան ստեղծված իրավաբանական անձի (այսուհետ՝ իրավաբանական անձ) լրիվ և կրճատ (կրճատված) անվանումը կամ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան գրանցված անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում) (այսուհետ՝ անհատ ձեռնարկատեր).
իրավաբանական անձի գտնվելու վայրը կամ անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը.
հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)՝ Հայաստանի Հանրապետության հարկ վճարողների համար.
վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)՝ Բելառուսի Հանրապետության հարկ վճարողների համար.
բիզնես-նույնականացման համարը (ԲՆՀ)՝ Ղազախստանի Հանրապետության հարկ վճարողների համար.
հարկ վճարողի նույնականացման հարկային համարը (ՀՎՆՀՀ) կամ անձնական նույնականացման համարը (ԱՆՀ)՝ Ղրղզստանի Հանրապետության հարկ վճարողների համար.
հարկ վճարողի նույնականացման համարը (ՀՎՆՀ)՝ Ռուսաստանի Դաշնության հարկ վճարողների համար.
այն ԱՏԳ-ի անվանումը, որի տարածքում ռեզիդենտը (մասնակիցը, սուբյեկտը) գործունեություն է իրականացնում.
ԱՏԳ ռեզիդենտի (մասնակցի, սուբյեկտի) կողմից «ԱՏԳ տարածքում գործունեության իրականացման (վարման) մասին» համաձայնագրին (պայմանագրին) («ԱՏԳ-ում գործունեության պայմանների մասին» պայմանագրին, ներդրումային հայտարարագրին, ձեռնարկատիրական ծրագրին) (առկայության դեպքում) համապատասխան իրականացվող նախագծի կրճատ անվանումը.
անդամ պետության ռեեստրում որպես ԱՏԳ ռեզիդենտ (մասնակից, սուբյեկտ) գրանցման մասին գրառում կատարելու ամսաթիվը.
իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ՝ որպես ԱՏԳ ռեզիդենտի (մասնակից, սուբյեկտ) գրանցումն իրականացնող՝ անդամ պետության գործադիր իշխանության մարմնի անվանումը.
իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ՝ որպես ԱՏԳ–ի ռեզիդենտի (մասնակցի, սուբյեկտի) գրանցումը հաստատող վկայականի սերիան և համարը (առկայության դեպքում).
գ) լիազոր մարմինները տեղեկությունները Հանձնաժողով են ուղարկում անդամ պետությունների ռեեստրներում փոփոխություններ (իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ ընդգրկում կամ հանում, իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ վերաբերյալ տեղեկությունների փոփոխություն, այդ թվում՝ մաքսային գործի ոլորտում գործունեության դադարեցում (վերականգնում), անդամ պետության ռեեստրից իրավաբանական անձին կամ անհատ ձեռնարկատիրոջը հանելու մասին որոշման չեղարկում) կատարելու ամսաթվից ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում՝
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 163 որոշմամբ հաստատված՝ «Ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտիների ռեզիդենտների (մասնակիցների) ընդհանուր ռեեստրի ձևավորում, վարում և օգտագործում» ընդհանուր գործընթացն արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս տեղեկատվական փոխգործակցությունը կանոնակարգող տեխնոլոգիական փաստաթղթերին համապատասխան (ընդհանուր գործընթացին միացած անդամ պետությունների համար).
Հանձնաժողովի հետևյալ էլեկտրոնային հասցեներին ներկայացվող պաշտոնական նամակով՝ կցելով տեղեկությունները *.dос կամ *.xlsx ձևաչափով. cis@eecommission.org և info@eecommission.org (ընդհանուր գործընթացին չմիացած անդամ պետությունների համար).
դ) լիազոր մարմինների կողմից տրամադրված տեղեկությունների հիման վրա Հանձնաժողովը ձևավորում է ընդհանուր ռեեստր և ապահովում է դրա տեղադրումը Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում այդ տեղեկությունների ստացման ամսաթվից ոչ ուշ, քան 1 աշխատանքային օրվա ընթացքում։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Բ. Սագինտաև |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2025 թվական: